livemarks sitemap
Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2020

nadyaԵրգչուհի, պրոդյուսեր, մշակույթի Վաստակավոր գործիչ ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ բազմիցս ենք անդրադարձել ու ներկայացրել նրա երգարվեստը ու պրոդյուսերական գործունեությունը, բայց ոչ որպես ղեկավար կին: «Զարուհին» լրացնելով այդ բացը` նախ հետաքրքրվեց նրա առողջությամբ, ապա զրույցը ծավալվեց երգչուհու ղեկավար կին լինելու ձիրքի շուրջ:

- Տիկին Նադյա, բոլորը մտահոգված են Ձեր առողջությամբ:

- Առանց կասկածելու, մեծ հույս ունեմ, որ պետք է լավ լինի, քանի որ իմ Աստվածն ինձ շատ է օգնում: Միայն կարող եմ ասել, որ ինքն է ինձ այսպես ուժ տվել, որ կարողանամ աշխատել: Շնորհակալ եմ Աստծուն եւ, իհարկե, բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ օգնել են իմ բուժման հարցում: Մեր երկրի նախագահին եմ ուզում շնորհակալությունս հայտնել, վարչապետին, որ իմ կողքին այդպիսի մարդիկ կան: Այսօր եւս բուժումս շարունակվում է եւ հուսով եմ` շուտով էլի կլսեմ լավ լուր, որ ամեն ինչ լավ է, փառք Աստծո: Շնորհակալ եմ մեր եւ Գերմանիայի իմ բժիշկներին: Հիվանդության անունը չեմ էլ ուզում տալ, որովհետեւ պիտի «թքած ունենաս» այդ հիվանդության վրա: Ուզում եմ մեր ժողովրդին ասել, որ պետք է ավելի ուժեղ լինել, հավատալ լավին, եւ ամեն ինչ լավ կլինի: Հիվանդանոցներում տեսնում եմ մարդկանց` հիասթափված, ընկճված. պետք չէ ընկճվել, մեր Աստծո շնորհիվ կկարողանանք առաջ գնալ: Պետք է ավելի մոտ լինենք Աստծուն, եկեղեցի գնալ, աղոթել...

- Ավելի շատ երգչուհի՞, թե՞ սերունդ կրթող եք Ձեզ համարում:

- Երգչուհին որպես Նադեժդա Սարգսյան կայացած էր, բայց հետո ինչ-որ տեղ Նադեժդան կանգ առավ` որպես երգչուհի եւ սկսեց արդեն սերունդ կրթելու գործով զբաղվել: Դա է իմ կոչումը:

- Սովորաբար արտիստները դադար են առնում, երբ զգում են, որ ժամանակն է, բայց Ձեր դեպքում վաղ հեռացաք բեմից:

- Ինչո՞ւ 45 տարեկանում իմ դադարը սկսվեց, որովհետեւ ես նախագիծ էի ուզում անել, որտեղ ինձ պետք էին երգիչ-երգչուհիներ: Երազել եմ մյուզիքլ անել, խումբ ստեղծել: Այո, որպես երգչուհի` դադարս վաղ սկսվեց, բայց չեմ ասի, որ լրիվ եմ դադարել, տարեկան մեկ-երկու անգամ երգ եմ ձայնագրում, եթե, իհարկե, ժամանակ է լինում ինձ համար: Բայց, ի տարբերություն ինձ, ես ունեմ երգչուհի Էմմի, բայց միայն էմմիին չէ, որ Նադեժդա Սարգսյանը դարձրել է երգչուհի: Միայն իմ սեփականաշնորհված դստերս` Էմմիի հետ չէ, շատ երգիչների հետ եմ աշխատել, սիրել եմ այդ գործը, այլապես ինչո՞ւ պիտի 45 տարեկանում դադարեցնեի երգարվեստի իմ կարիերան:

- Սովորաբար ասում են, կինը թույլ էակ է ու չի կարող շատ ծանրություն իր վրա վերցնել: Փաստորեն, այնքան ուժեղ կին եք, որ միանգամից երկու հաստատություն եք ղեկավարում:

- Չգիտեմ` դա ուժեղության, թե աշխատանքը սիրելու մեջ է, բայց եթե աշխատանքս չսիրեի, չէի կարող ղեկավարել: Աշխատանքի հանդեպ սերը բերեց մի շարք երեխաների դաստիարակության, դրա համար էլ երկու հաստատությունն էլ անմիջապես կապ ունի երեխաների հետ: Հինգից մինչեւ ամենաբարդ տարիքային խմբերի երեխաներ, հատկապես, հետաքրքիր է աշխատել անցումային տարիքի երեխաների հետ: Երեւի, այդ սերն է, որ ինձ ուժ է տալիս` ղեկավարելու երկու հաստատություն: Պաշտոնի խնդիր չէ, եւ չեմ էլ ձգտել ինչ-որ պաշտոնի, քանի որ երգչուհի Նադեժդա Սարգսյանը կարող էր ավելի երկար երգել:

- Իսկ փոխհարաբերություններն ինչպե՞ս են աշխատակիցների հետ, խիստ ե՞ք, թե՞ ընկերական:

- Իհարկե, խստություն էլ կա, բայց այդ խստության հետ նաեւ լավ բարեկամներ ենք: Նրանք գիտեն, որ մի սխալի համար կարող է իմ կողմից շատ խիստ վերաբերմունք լինել, բայց աշխատանքից դուրս էլ` կարող ենք լավ ընկերներ լինել: Կարեւորը խստությունս գիտեն, ընդունում են, ու դա է բերում լավ արդյունքի: Իրենք էլ են ուրախանում, որ արդյունքում այդ նույն դասախոսը լավ աշակերտ է տալիս, ինչո՞ւ պիտի չուրախանան: Միշտ ասել եմ, որ 2 թվանշանը չեմ ընդունում` չեմ ստուգում, ստուգում եմ նրան, ով հինգ է նշանակում: Որ դասախոսը հինգ է նշանակում, պետք է պատասխան տա, թե ինչի համար է նշանակել, որ այդ երեխաները որտեղ էլ գնան` բարձր թվանշանները արդարացված լինեն:

- Իսկ որպես ղեկավար` ի՞նչը կարող է Ձեզ հունից հանել:

- Շատ բաներ կան, նախ աշխատանքի, երեխաների հանդեպ սխալ վերաբերմունքը, որովհետեւ վտանգավոր տարիքային շրջանում են լինում երեխաները: Լինելով մոտ 60 տարեկան` ինձ թույլ չեմ տա երեխայի հետ այլ կերպ խոսել, նրա հետ պետք է շատ զգույշ լինել, քանի որ նրանք շատ են, իսկ մենք` միայնակ:

nadya2- Որ հաստատությունն է հեշտ ղեկավարել, «Դո-Ռե-Մի» վոկալ ստուդիա՞ն, թե՞ «Երեւանի մշակույթի պետական քոլեջը»:

- Երկուսն էլ հավասար է ինձ համար: «Դո-Ռե-Մի» վոկալ ստուդիան արդեն վաղուց ստեղծված էր, իսկ «Երեւանի մշակույթի պետական քոլեջն» արդեն տասը տարի է, որ ղեկավարում եմ: Երկուսն էլ կարծես իմ երեխաները լինեն, ինչպե՞ս կարող ես մի երեխային լավ վերաբերվել, մյուսին` վատ: Ինձ շատ են հրավիրում այլ երկրներ աշխատելու` լավ վարձատրությամբ, լավ պայմաններով, բայց չեմ կարող, շատ եմ սիրում իմ երկիրն ու իմ աշխատանքը: Ուրիշ երկրներից գալիս են ինձ մոտ պարապելու, դա ինձ համար մեծ առավելություն է, ամեն արձակուրդներին` ամռանն ու ձմռանը, ունենում եմ դրսից աշակերտներ: Հիմա երկու աշակերտ ունեմ Ռուսաստանից, մեկը` Գերմանիայից: Գերմանիայի սանը արդեն երրորդ գլխավոր դերն է ստանում Բեռլինում «Ֆրիդրիխ Շտատ Պալաս» շոուներում: Իսկ Մոսկվայի սաներս` մասնակցում են «Մոսկվայի ձայնը» մրցույթին:

- Ասում են` ղեկավար կինը նաեւ տանն է ղեկավար լինում:

- Հիմա արդեն տանն էլ եմ ղեկավար, իսկ մինչ այդ, իհարկե, մեր տանը միշտ ամուսինս է ղեկավար եղել: Նշանակություն չուներ, որ հաստատության ղեկավար եմ, ուրեմն` տանն էլ պետք է ղեկավար լինեմ: Ցավոք, այսօր, Դավիթից` ամուսնուցս հետո ես ու Էմմին ենք միասին ղեկավարում տունը: Էմմին արդեն մեծ աղջիկ է, արդեն կարողանում է տարբեր պրոդյուսերական աշխատանքներ անել: Նույնիսկ դասավանդում է Երեւանի մշակույթի պետական քոլեջում: Այսօր արդեն Էմմին է սաներ տալիս, որի համար ուրախ եմ:

- Իսկ տանը որոշումներ կայացնելիս վերջնական խոսքն ո՞ւմն է լինում:

- Պարտադիր միասին քննարկում ենք, նույնիսկ վեճեր են լինում: Այդ վեճերը նույնիսկ Դավիթի` ամուսնուս ժամանակ էլ էր լինում: Եթե դա չլինի, վերջնական եզրակացության չենք գա: Ասում են` խոսի՛ր, վիճի՛ր եւ կգտնես իրականությունը: Վիճաբանությունը բերում է ճիշտ լուծման: Մենք ավելի շատ իրար հետ նստում ենք, խոսում այս կամ այն հարցի շուրջ, վիճում եւ գալիս ենք վերջնական արդյունքի:

- Ասում են` կանայք բոլոր ոլորտները գրավել են, Դուք էլ ժամանակին Ազգային ժողովում պատգամավոր էիք: Ճի՞շտ է, որ կինը մտնում է նաեւ այդ դաշտ:

- Իսկ ինչո՞ւ ոչ, ի վերջո, կինն իր էությամբ ունի պաշտպանվածություն` ինքն իր բնության մեջ է, տղամարդուց ավելի շուտ է ինտուիցիան աշխատում: Մեծ հարցերում ճիշտ լուծումը կինն է տալիս: Շատ եմ վիրավորվում, որ ասում են` կինն ո՞վ է, որ կարողանա ղեկավարել: Ինչո՞ւ ոչ, այսքան ղեկավար կանայք ունենք, որ չեն ասում` ինչո՞ւ է Ազգային ժողովում... Կինը կարող է նաեւ զորամասում աշխատել: Տարբեր հաստատություններում խնդիրներ կան, որտեղ կինը ավելի սրտացավ է վերաբերվում, քան` տղամարդը: Տղամարդը կարող է օրենքով առաջնորդվել, իսկ կինը զգացմունքներով կարող է այդ օրենքին ուրիշ լուծում առաջարկել եւ ընդունվի:

- Այսինքն` տղամարդիկ սառնասի՞րտ են:

- Այո, թող չվիրավորվեն, նրանք կարող են մի օրենք գրել` չմտածելով, որ այստեղ կարող է մի մասնիկ լինել, ինչը մարդուն ավելի օգտակար կլինի:

nadya1- Ասում են` կնոջ մազը երկար է, խելքը` կարճ, դրա համար չի կարող ղեկավարել:

- Եկեք հայացք գցենք անցյալին, դարերից եկած քանի՞ խելացի կին է եղել երկար մազերով, որոնք թագավորել են, աշխարհ են տիրել: Հիմա էլ, մազերը երկար որքա՞ն ղեկավար կանայք կան: Հիմա էլ կանայք սկսել են շատ կարճ կտրել մազերը: Երեւի, այդ արտահայտությունից հետո են որոշել, որ կառավարության կանայք պետք է կարճ մազերով լինեն (ծիծաղում է- Լ.Ե.):

- Իսկ հաջորդ խորհրդարանական ընտրություններում կուզենա՞ք վերադառնալ Ազգային ժողով:

- Հիմա չէի ուզենա: Իհարկե, շատ գործեր, խնդիրներ կան, որոնցով կուզենայի զբաղվել ԱԺ-ում, բայց հիմա իմ սիրած աշխատանքով եմ տարված, իսկ Աժ-ն արդեն իսկ ժամանակիցս կտանի: Երկու տարբեր աշխատանք չի կարելի անել` հիմա իմ սիրած աշխատանքով եմ զբաղվում եւ երկրորդի համար արդեն ուժ չունեմ:

- Ի՞նչ խորհուրդ կտաք տարբեր հաստատություններ ղեկավարող կանանց:

- Բոլոր ղեկավար կանայք էլ սիրով են անում իրենց աշխատանքը ու իմ խորհուրդները, երեւի թե ավելորդ կլինեն: Ուրախ եմ, որ այսօր ունենք լավ ղեկավար կանայք` աշխատասեր, խելացի, երիտասարդ աղջիկներ ու կանայք, որոնք շատ լավ են աշխատում: Ինչո՞ւ ոչ, կարող է մի օր էլ կին նախագահ մենք էլ ունենանք: Կին նախարարներ ունենք, օրինակ` մշակույթի նախարարը, լավ է աշխատում, տեսեք ինչ արվեց, նախ մեր դասական ժանրը ոտքի կանգնեց, տարբեր փառատոներ ստեղծվեցին` կինոյի, թատրոնի, երաժշտության ասպարեզներում: Այսօր ամենավատ վիճակը մեր ժանրն է` էստրադան: Բայց չեմ կասկածում, որ շուտով դա էլ ոտքի կկանգնի: Սա պետք էր, երեւի մաքրման շրջանն է: Միշտ ասում էի, որ պիտի լինի, հիմա եկել է այդ մաքրման ժամանակը: Ուրախ կլինեմ, որ մաքրված դուրս գանք այս շրջանից:

- Առիթ եմ ունեցել ճաշակելու Ձեր համեղ ուտեստները, ժամանակ ունենո՞ւմ եք հաճախակի խոհանոցում լինել:

- Այո, միշտ ժամանակ գտնում եմ, ուղղակի, քիչ է այդ ժամանակը: Միշտ էլ պատրաստել եմ, պատրաստում եմ եւ կպատրաստեմ, որովհետեւ, ի վերջո, եթե չպատրաստեմ, մենք ինչպե՞ս պետք է սնվենք: Շատ եմ սիրում, որ մեր տունը լիքն է լինում հյուրերով: Ինձ համար ուրախալի է, որ մեր տանն իրենց զգում են, ինչպես իրենց տանը: Հանգիստ կարող են սառնարանը բացել կամ ասել` Նադյա, ի՞նչ ունես պատրաստած... այդպես եղել է եւ կշարունակվի:

- Իսկ Էմմին «ժառանգե՞լ» է համեղ ճաշատեսակներ պատրաստելը:

- Այո, շատ համեղ բաներ է պատրաստում, կարելի է ասել մերը տարբեր ուղղվածություններ են: Էմմին` ավելի շատ բուսական սննդի կողմնակից է, իսկ ես` ավելի մսային, հայկական, ավանդական ուտեստների կողմնակիցն եմ:

- Եղե՞լ է, որ Էմմին ինչ-որ բան պատրաստի ու Դուք կողքից խորհուրդներ տաք:nadya4

- Իհարկե, խորհուրդներ, բնականաբար, լինում են: Պիտի ասես, որ սովորի, նախկինում ասում էի, բայց հիմա ինքնուրույն ուտեստներ է պատրաստում, նույնիսկ չեմ խառնվում: Ասում է` մամա, սա օգտակար է, քեզ պետք է, դու պիտի սա ուտես, նա ուտես... Իմ միակ մտածմունքն այն է, որ Էմմին ինձ շատ է ուշադրություն դարձնում, դրա համար իր աշխատանքը մի քիչ հետ է ընկնում, նեղվում եմ, որ երիտասարդ աղջիկ իր ուշքը, միտքը աշխատեցնում է, թե ինչ անի, որ մայրն իրեն լավ զգա: Ես դրա համար ե՛ւ ուրախանում եմ, ե՛ւ տխրում, որ ինքն իրեն ավելի քիչ է ժամանակ տրամադրում:

- Հիմա թեժ քննարկվում են Էմմիի հնարավոր ամուսնության լուրերը:

- Որպես մայր եւ որպես պրոդյուսեր` կարող եմ ուղղակի մի բան ասել. Էմմին եւ ես ընդհանրապես չենք սիրում մեր անձնականը հրապարակային դարձնել: Հատկապես Էմմին, նա երբեք չի սիրել խոսել այդ մասին, ինձ էլ թույլ չի տալիս եւ իրավունք ունի, քանի որ արդեն հասուն աղջիկ է: Իսկ թե երբ կամուսնանա, առաջ Աստված, ես նրան չեմ ստիպի երբեւիցե միայն ամուսնության համար ամուսնանալ: Չի կարելի այդպես, ամեն ինչն իր ժամանակն ու տեղն ունի: Երբ կցանկանա` կամուսնանա: Իհարկե, ուրախ կլինեմ, շատ կուզենամ թոռնիկներիս տեսնել ու մեծացնել նույն կերպ խստորեն ու լավ մարդ դարձնեմ:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում