livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019
kar2Պաշտոնյա կանայք թեպետ փոքրամասնություն են կազմում ՀՀ կառավարությունում, սակայն կարեւոր դեր են կատարում ինչպես կառավարման գործում, այնպես էլ հայ իրականության մեջ` եւս մեկ անգամ ապացուցելով, որ գեղեցիկ սեռը նույնքան ուժեղ է իր մտավոր հնարավորություններով: «Կինն իշխանության մեջ» խորագրի ներքո «Զարուհին» զրուցեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար ԿԱՐԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ: Ծավալվեց անկեղծ ու բովանդակալի զրույց` ընտանիքի, սիրված աշխատանքի ու, ընդհանրապես, կնոջ մասին:

Տիկին Մինասյան, նախ անդրադառնանք այն ժամանակաշրջանին, երբ աշակերտուհի էիք, ապա` ուսանողուհի: Այն ժամանակ երազո՞ւմ էիք այսպիսի կարիերայի մասին, որն այժմ ունեք:

- Իհարկե ոչ, չէի երազում այսպիսի կարիերայի մասին, բայց ես Մոսկվայի Ս. Օրջոնիկիձեի անվան կառավարման ինստիտուտում սովորելով` միշտ համոզված էի, թե կառավարումն այն ոլորտն է, որն ինձ համար հետաքրքիր է, քանի որ ենթադրում է որոշումների փնտրտուք, նաեւ պատասխանատվություն: Ընդհանրապես, կառավարումն ու պատասխանատվությունն ինձ համար միշտ եղել են հիմնական ուղենիշներ: Իսկ ինչ վերաբերում է նպատակներին, որոնք ես ունեի ուսանողական տարիներին, իհարկե, ենթադրում էի, որ պետք է աշխատեմ եւ պատկերացնում էի, որ աշխատանքս կարեւոր դեր պետք է խաղա իմ կյանքում: Այդ թվում մտածում էի նաեւ  կարիերա ստեղծելու մասին, որը, ըստ իս, ցանկացած անձի ինքնահաստատման համար կարեւոր  հարց է, որովհետեւ բացի այն, որ պետք է լինես քո հասարակության անդամ, ընտանիքի անդամ, պետք է նաեւ ինչ-որ բան ստեղծես քո կյանքում եւ կարողանաս ստեղծածովդ հպարտանալ: Այդ ժամանակ է կյանքն իմաստավորվում:

- Տնտեսագիտությունից բացի, ունե՞ք հետաքրքրությունների մեկ այլ շրջանակ, որի մասին թերեւս գիտեն միայն Ձեր ընտանիքի անդամները:

- Հիմնականում իմ հետաքրքրությունը գիրք կարդալն է, որովհետեւ դա միակ զբաղմունքն է, որը հնարավորություն է տալիս շփվելու գլոբալ աշխարհի հետ, ընդ որում ոչ միայն եւ ոչ այնքան իրական, այլեւ անցյալ ու ապագա աշխարհների: Շատ եմ սիրում կարդալ ֆուտուրիստներին, այսինքն` գրողներին, որոնք խոսում են ապագայի մասին, կանխատեսում են, թե ինչպիսին է լինելու ապագան. գրեթե բոլորին կարդացել եմ: Կարծում եմ, որ եթե դու հատկապես պետական պաշտոնյա ես, ապա պետք է հասկանաս, թե ուր է գնում աշխարհը:

- Նախանձելի կրթություն ստանալով Ռուսաստանում` համոզված եմ, որ այնտեղ էլ ունեիք հնարավորություն հաջողությունների հասնելու, ինչո՞վ է պայմանավորված, որ ամեն դեպքում, վերադարձաք հայրենիք:

- Չնայած ապրել եմ Ռուսաստանում, բայց մեծացել եմ հայկական ընտանիքում:  Սովետական միության ժամանակաշրջանում մի նկար կար, որտեղ պատկերված էր «Օտար, ամայի ճամփեքի վրա» երգի մոտիվներով քարավանը (իմ տարեկիցները լավ կհիշեն այդ նկարը, այն կար բոլոր սփյուռքահայերի տներում), ես միշտ նայում էի այդ պատկերին ու մտածում, որ կուզեի ապրել իմ հայրենիքում, որովհետեւ չնայած որեւէ խնդիր չեմ ունեցել` ապրելով Ռուսաստանում, բայց, այնուամենայնիվ, որոշ չափով ինձ զգում էի օտարության մեջ: Վերադարձիս հիմնական պատճառը նաեւ այն էր, որ դաստիարակվելով հայկական ընտանիքում` միայն հայ ամուսին էի պատկերացնում իմ կողքին: Եվ հենց դա էլ եղավ առիթը` ինստիտուտն ավարտելուց հետո ամուսնացա եւ վերադարձա հայրենիք:

kar3- Քանի որ խոսեցինք ամուսնությունից, հետաքրքիր է, ամուսնու հետ նույն մասնագիտությունն ունե՞ք, թե այլ չափորոշիչներով եք ընտրել նրան:

- Տարբեր ենք, իմ ամուսինը բժիշկ է: Իմ սերնդակիցների շրջանում ընդունված չէր կյանքի ընկեր ընտրել որոշակի չափանիշներով: Կարծում եմ` Սովետական միության ժամանակաշրջանում շատ ավելի հեշտ էր ընտանիք կազմելու որոշում կայացնել, որովհետեւ սոցիալական ապահովվածության միջին մակարդակը գրեթե նույնն էր, եւ հիմնականում մենք առաջնորդվում էինք զգացմունքներով: Բայց պետք է խոստովանեմ, որ ամուսնուս մասնագիտությունը մեզ միշտ օգնել է. եւ այն ժամանակ, երբ երեխաները կռվում էին բակում, եւ երբ որեւէ մեկը հիվանդանում է` ամուսինս միշտ հեշտությամբ է լուծում ընտանիքում առողջության հետ կապված խնդիրները:

- Իսկ հաճա՞խ եք լինում խոհանոցում:

- Խոհանոցն իմ մյուս տարերքն է: Իհարկե, դա հաճախ չի լինում, բայց երբ ինչ-որ բան եմ պատրաստում` ապա ինձ հնարավոր չէ կանգնեցնել: Հատկապես երբ հնարավորություն է լինում փորձեր կատարել, «նորամուծություններ» անել տարբեր մթերքներով:

- Ձեր խոհանոցում գերիշխում են հայկակա՞ն ուտեստները, թե ռուսական:

- Ես ավելի շատ կոսմոպոլիտ եմ, դրա համար էլ երբեք նախապատվություն չեմ տվել որեւէ խոհանոցի: Բայց աշխարհում երեւի ոչ ոք չի կարող այնպես համեղ պատրաստել, ինչպես պատրաստում են մեր մայրերն ու տատիկները: Ես խոնարհվում եմ բոլոր հայ տնտեսուհիների առջեւ:

- Ձեր խոհարարական «փորձերից» համտեսողները գո՞հ են մնում:

- Այստեղ, կարծում եմ, կարելի է խոսել առանց կեղծ համեստության` միշտ գոհ են լինում, եւ առաջին հերթին` ընտանիքիս տղամարդիկ: Նույնկերպ նաեւ հյուրերը: Ընդհանրապես սիրում եմ հյուրեր ընդունել, համեղ ուտեստներ պատրաստել, երբ ժամանակ եմ գտնում: Իսկ երբ հաջողվում է ճանապարհորդել, անպայման վերադառնալիս փորձում եմ այդ երկրի խոհանոցից ուտեստներ պատրաստել, որպեսզի ուրախացնեմ ու զարմացնեմ ընտանիքիս անդամներին:

- Որպես փոխնախարար` չեք կարող խուսափել երբեմն մամուլում, հասարակության շրջանում հնչող չարախոսություններից, ինչպե՞ս եք դիմակայում դրանց:

- Չեմ կարդում այդ տեսակ հոդվածները: Բայց նաեւ ցանկանում եմ, որ այն մարդիկ, ովքեր բամբասանքով են զբաղված, երջանիկ լինեն, որպեսզի ժամանակ չունենան ուրիշի կյանքով զբաղվել, փոխարենը թող վայելեն իրենց երջանկությունը: Երբ լիարժեք ապրում ես քո կյանքով, ուրիշի կյանքն անհետաքրքիր է դառնում:

karine- Դուք քաղաքական դաշտում աչքի եք ընկնում Ձեր հանգիստ բնավորությամբ եւ լրագրողների հարցերի տարափից երբեւէ հավասարակշռությունից դուրս չեք գալիս` համբերատար պատասխանելով բոլորին: Սա «մարտավարությո՞ւն» է, թե բնավորություն:

- Դեռեւս քիչ փորձ ունեմ լրագրողների հետ շփվելու, նոր եմ սկսել ավելի ակտիվ հարցազրույցներ տալ եւ փորձում եմ հավասարակշռված լինել ու միշտ պատասխանել հարցերին ըստ էության` չգնալով սադրանքների հետեւից:

- Ավարտելով Ձեր ընտանեկան հետաքրքիր բացահայտումներով հարուստ զրույցը` որպես վերջաբան ի՞նչ խորհուրդ կտաք գործունյա կանանց, աղջիկներին, որպեսզի իրենք էլ կարողանան ընտանեկան երջանկությունը համատեղել սիրված աշխատանքի հետ:

- Առաջին հերթին կհորդորեի, որ բոլոր դեպքերում առաջնությունը տան ընտանիքին: Ինքս էլ հինգ տարի նստել եմ տանը եւ մեծացրել որդիներիս, կարծում եմ` չի կարելի թողնել նորածնին հանուն կարիերայի: Պետք է անպայման փոքրիկ երեխայիդ ինքդ պահես: Սա շատ կարեւոր է, որովհետեւ երեխաները պետք է մայրական քնքշանք եւ մայրական սեր զգան իրենց ծննդյան առաջին իսկ օրից: Եվ երկրորդ` կցանկանայի, որ հանուն կարիերայի, ընտանիքը, ընկերությունը ոչ ոք չզոհեր, որովհետեւ վաղ, թե ուշ` մնալու ենք ընտանիքում, որը կարող է մեզ այլեւս չընդունել այնպես, ինչպես սպասում ենք, նույնը վերաբերում է ընկերներին: Իսկ աշխատանքը, իհարկե, կարեւոր է նպատակների իրականացման ու ինքնահաստատման համար, բայց, միեւնույն է, ամենակարեւորը չէ այս կյանքում: Կարեւորն այն է, որ սիրով ու ջերմությամբ պահպանես հարաբերությունները բոլոր նրանց հետ, ովքեր քո կողքին են առանց վերապահումների:

Զրույցը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Լուսանկարիչ` ԳՐԻԳ ԱՍԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում