livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

elena2«Զարուհու» հյուրն է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի բժիշկ-ակնաբույժ, էքսիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ ԵԼԵՆԱ ՄԱԼԱՅԱՆԸ:

- Մասնագիտության ընտրությունն ինչպե՞ս եղավ, հավանաբար, այլ ճանապարհ չէր էլ կարող լինել:

- Այո, իսկապես, այլ ճանապարհի մասին երբեւէ չեմ էլ մտածել: Բայց ոչ առաջնորդվելով այն պայմանով, թե տանը խոսակցություններ կային, որ անպայման երեխաներից մեկը պետք է բժիշկ դառնա կամ, որ բժշկի ընտանիքում երեխան պետք է շարունակի գործը:

Ինքս ինձ համար որոշել էի` բժիշկ եմ դառնալու, ու չկար կասկած, որ մեկ այլ մասնագիտություն պետք է ընտրեմ: Մանկուց սիրում էի բժշկությունը: Ե՛վ մայրս, ե՛ւ հայրս բժիշկ են, եւ ես շատ էի սիրում լսել նրանց մասնագիտական զրույցները:

- Ինչո՞վ էր փոքր հասակում արտահայտվում սերը դեպի ապագա մասնագիտությունը:

- Թեկուզ եւ առանց հասկանալու` սիրում էի բժշկական գրքեր թերթել: Ինձ դուր էին գալիս այդ գրքերում պատկերված բժիշկները, բժշկական գործիքները...

- Ինչո՞ւ ակնաբույժ:

- Ակնաբուժությունն ընտրել եմ արդեն ուսանողական տարիներին, երբ արդեն բոլոր մասնագիտությունների հետ մոտիկից ծանոթացել էի: Հասկացա, որ ակնաբուժությունը կնոջ համար ամենաճիշտ մասնագիտությունն է:

ՀԻՎԱՆԴԸ ՊԵՏՔ Է ՎՍՏԱՀԻ ԲԺՇԿԻՆ

- Ձեր մասնագիտությունն ավելի քան ամուր նյարդեր է պահանջում, ինչպե՞ս է հաջողվում դիմակայել:

elena- Ցանկացած աշխատանք, որտեղ մարդու հետ կա շփում, հատկապես բժշկությունը, անկախ նրանից` ակնաբո՞ւյժ ես, թե այլ մասնագետ, պահանջում է համբերություն… Եվ ամենակարեւորը` սեր մասնագիտությանդ հանդեպ: Պետք է կարողանաս աշխատել տարբեր խավի, բնավորության տեր մարդկանց հետ: Լավ բժիշկ դառնալու համար առաջին կարեւորագույն  նախապայմանը հոգեբան լինելն է: Հիվանդը պետք է վստահի քեզ: Միայն այս պարագայում հնարավոր կլինի հասնել դրական արդյունքի:

- Ձեր նման փխրուն կինը վիրահատարանում… Համարձակություն է պետք նաեւ:

- Միանշանակ պետք է, թեպետ, գուցե, մեր վիրաբուժությունն էլ շատ նուրբ է (Ժպտում է): Ցանկացած վիրաբույժ պետք է համարձակ լինի:

ԿԱՆԱՅՔ ԱՎԵԼԻ ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ ԵՆ

- Վիրահատարան մտնելիս լավ տրամադրություն ունենալու համար ի՞նչ է պետք:

- Գիտեք` բոլոր վիրաբույժներն ունեն մեկ բնորոշ հատկություն. թողնել վատ տրամադրությունը, կենցաղային հոգսերը վիրահատարանից այն կողմ, թեպետ կանանց մի փոքր ավելի դժվար է դա անել, քանի որ նրանք ավելի զգացմունքային են: Տղամարդկանց այդ առումով ավելի հեշտ է. նրանք կարողանում են զսպել զգացմունքները:

- Դուք զգացմունքայի՞ն մարդ եք:

- Կարծում եմ` շատ (Ժպտում է):  

ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ԿՐԵԼ ՄԱԼԱՅԱՆ ԱԶԳԱՆՈՒՆԸ

- Բժշկուհի Մալայան, հայրիկի հետ մասնագիտական տարաձայնություններ ունենո՞ւմ եք:

- Իհարկե: Առանց մասնագիտական տարաձայնությունների` հնարավոր չէ առհասարակ աշխատել, անկախ նրանից` հա՞յրդ է, գործընկե՞րդ, եւ դա նորմալ է:

- Ձեր պարագայում ո՞վ է հաղթողի դերում հայտնվում մասնագիտական վեճում:

- Հորս հետ չեմ վիճում. կան բաներ, որ իմ կողմից առաջարկվում են, եւ հայրս ընդունում է դա: Պատահում է` շտկումներ է անում… Նրա խոսքն ինձ համար շատ կարեւոր է, կշիռ ունեցող է: Մի կողմից շատ ծանր է` մյուս կողմից էլ շատ հաճելի, երբ հարազատիդ հետ, ինչպես ասում են,  միասին ես «եփվում» մեկ մասնագիտության մեջ:

- Ուստի չեմ կարող չհարցնել` Մալայան ազգանունը խանգարե՞լ է Ձեզ, թե օգնել:

- Մեծ պատասխանատվություն է կրել Մալայան ազգանունը: Յուրաքանչյուր աշխատանքային օր փորձում ես մնալ լավերի շարքում:

ԱԿՆՈՑ ԿԱՄ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՈՍՊՆՅԱԿ ԿՐԵԼՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՀԱՐՄԱՐ ՉԷ

- Դուք ղեկավարում եք էքսիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքը, ինչո՞վ է այն առանձնանում:

- Նախեւառաջ առանձնանում է նրանով, որ այս բաժանմունքում կատարվում են լազերային վիրահատություններ` կարճատեսությունը, աստիգմատիզմը, հեռատեսությունը շտկելու համար: Այսինքն` այդ վիրահատությունների շնորհիվ մարդիկ ազատվում են ակնոց կրելուց, որի արդյունքում ստանում են բարձր տեսողություն: Շատ են դիմում հատկապես երիտասարդները:

- Դա ի՞նչ է` մոդային տո՞ւրք:

- Ամենեւին: Ակնոց կամ կոնտակտային ոսպնյակ կրելն այնքան էլ հարմար չէ, հատկապես այսօրվա բավականին ակտիվ կյանք վարող մարդկանց համար: Այն դիսկոմֆորտ է առաջացնում, ու ոչ բոլոր դեպքերում է ակնոցն ու կոնտակտային ոսպնյակը ապահովում լիարժեք տեսողություն: Ամենակարեւորն այն է, որ այդ տեսողությունը վերականգնող լազերային վիրահատությունը շատ ապահով է: Այսինքն` բարդություն, որի պատճառով հիվանդը ունենա չշտկվող խնդիր այդ վիրահատության ընթացքում` բացառվում է: Կատարելագործված եւ ապահով վիրահատություն է:

- Որքան հասկացա` աշխատում եք նորագույն սարքավորումներով:

- Մեր բոլոր սարքավորումները «ԱԼԿՈՆ» ֆիրմայի նորագույն լազերային մոդելներն են, որն աշխարհում համար մեկն են:

- Ի դեպ, ձեր բաժանմունքը, որքան գիտեմ, ամենաերիտասարդ բաժանմունքն է: Տարիների ընթացքում, ի՞նչ ձեռքբերումներ ունի:

- Երբ նոր էր ստեղծվել այս բաժանմունքը, այստեղ կատարվում էր ընդամենը մեկ տեսակի լազերային վիրահատություն: Այսօր մենք հնարավորություն ունենք երեք տեսակի լազերային վիրահատություն իրականացնել, որը գոյություն ունի ամբողջ աշխարհում: Եվ շատ մեծ քայլ հանդիսանում է կերատոկոնուսի բուժումը, որն էլի սարքավորման շնորհքն է: Այն շատ տարածված խնդիր է Հայաստանում, եւ պետք է կանխել հիվանդության զարգացումը: Կերատոկոնուսը` ինքն իրենով հին ազգերին բնորոշ հիվանդություն է: 95-97 տոկոս դեպքերում հիվանդությունը կանխարգելվում է այն փուլում, որում որ հայտնաբերվել է` կրոսսլինկինգի (խաչվող կապերի) միջոցով:

-elena1 Իսկ ինչո՞վ է այն պայմանավորված, որ հատկապես հայերին է նաեւ բնորոշ:

- Դա գենետիկորեն եկող խնդիր է: Դա աչքի եղջերաթաղանթի` առաջին թաղանթի դիստրոֆիայի տեսակ է, որը աստիճանաբար բերում է տեսողության վատացմանը:

ՄԱՐԴԻԿ ԱՎԵԼԻ ՊԱՀԱՆՋԿՈՏ ԵՆ ԴԱՐՁԵԼ ԿՅԱՆՔԻ ՀԱՆԴԵՊ

- Ի դեպ, հայերը չեն սիրում կանխարգելիչ միջոցառումներ անել, բժշկի են դիմում, երբ, ինչպես ասում են, դանակը ոսկորին է հասել:

-  Գիտեք, ընդհանուր տենդենց կա, որ սկսել են ավելի ուշադիր լինել առողջության հանդեպ: Դա, իհարկե, գալիս է, ընդհանուր կյանքի որակի լավացման հետ, գուցե: Չեմ կարող ասել, որ նման մոտեցում մարդիկ ցուցաբերում էին 13 տարի առաջ, երբ ես նոր էի սկսել աշխատել: Մարդիկ ավելի պահանջկոտ են դարձել կյանքի հանդեպ, նրանք ուզում են ունենալ ամեն ինչի լավը, ու դա օգնում է շուտ հայտնաբերել սկսվող խնդիրը հիվանդին եւ բժշկին` եղածը պահպանելու ու հետագա բարդություններից խուսափելու հարցում:

- Բժշկուհի, զրույցներից մեկում ասել էիք, որ երազում եք գիտությամբ զբաղվել, հաջողվո՞ւմ է:

- Երազել ասվածը մի փոքր սխալ է: Ես շատ գնահատում եմ այդ աշխատանքով զբաղվող մարդկանց: Ինչո՞ւ, որովհետեւ, եթե իրենք չլինեին, մենք չէինք ունենա այդ նվաճումները` ցանկացած բնագավառում: Գիտությամբ զբաղվելը, կարծում եմ, տարիքի հետ է գալիս…

- Ո՞վ է Ձեր ուսուցիչը:      

- Միանշանակ հայրս: Թեպետ, հիվանդանոցում չկա մի մարդ, որից ես ինչ-որ մի բան սովորած չլինեմ: Եվ ընդհանրապես միայն մեկ մարդուց սովորելը սխալ է, քանի որ անկախ քեզանից` սկսում ես նմանվել այդ մարդուն, իսկ դա արդեն խանգարող հանգամանք է: Մի քանի վիրաբույժի աշխատանք պետք է տեսնես, մի քանի բժշկի` հիվանդի հետ խոսելու ձեւ լսես, գործիք բռնելու ձեւ սովորես:

ԿԻՆ, ՄԱՅՐ, ԸՆՏԱՆԻՔ

- Եթե դեմ չեք, խոսենք նաեւ կին, մայր, ընտանիք հասկացողությունից:        

- Կինը առաջին հերթին պետք է կին լինի իր ընտանիքում: Չգիտեմ, թե ինչքանով է ինձ մոտ դա ստացվում: Կարծում եմ` այդ հարցը  ընտանիքիս անդամներին է պետք տալ: Ունեմ ամուսին, դուստր, որը 20 տարեկան է: Ինձ մեկ-մեկ թվում է, թե որոշ դեպքերում գործիս մեջ լարված լինելը տուն եմ բերում, ինչը սխալ է. տան անդամները պետք է մինիմալ զգան, որ հոգնած ես կամ հիմա մտքերով բարդ հիվանդի հետ ես: Ցանկացած կին ունի իր պարտադիր կենցաղային պարտականությունները. ճաշ եփելը… Սիրով եմ անում… Տան մթնոլորտն ինձ համար շատ սիրելի է: Սիրում եմ ընկերներիս իրար գլխի հավաքել, թեպետ, միշտ չէ, որ դա ինձ հաջողվում է. ժամանակի սղություն կա:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում