darbinԱչքներս լույս. ԱԺ պաշտոնական շրջանառության մեջ իր հերթին սպասում է մի շատ տարօրինակ անվանումով օրենք` "Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին":

Ժամանակին սույն օրինագիծը հնարել էին ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւ նույն խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը, վերջերս էլ նմանատիպ օրինագիծ երկնեց հայրենի կառավարությունը, այդ երկուսը միախառնեցին, ու անգամ ԱԺ-ում այն առաջին ընթերցմամբ ընդունվեց: Չգիտենք` արդյոք կոճակ սեղմելիս մեր ժողընտրյալները ընդհանրապես տեղյա՞կ էին, թե ինչ են քվեարկում, սակայն փաստ է, որ հունվարի 19-ին ԱԺ եվրաինտեգրման եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հարցերի հանձնաժողովները այդ օրինագիծը դարձնելու են խորհրդարանական լսումների առարկա:

Այդ իրողություններով բավականին ոգեւորված է ՕԵԿ-ը, եւ մասնավորապես` ըստ Հեղինե Բիշարյանի. "Որոշակի հոդվածներ կան, որոնց վրա դեռ անհրաժեշտ է աշխատել: Մասնավորապես, ունենք հոդված, որով ամրագրում ենք, որ անկախ սեռից ու դիրքից, քաղաքական գործիչների մասին հեռուստատեսությամբ չպետք է հնչեն վարկաբեկող հայտարարություններ: Մտածում ենք, որ հարկավոր է այս հոդվածը լրամշակել ու ավելացնել` ոչ միայն հեռուստատեսությամբ, այլեւ մամուլում": Դե, գումարած դրան` նաեւ ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում կանանց քվոտաների հարցը, քանի որ, ըստ տիկին Բիշարյանի. "Կանանց դերն իսկապես անհրաժեշտ է բարձրացնել, առավել եւս` քաղաքականությունում, որովհետեւ նկատելի է, որ քաղաքական դաշտում կանայք քիչ են: Բայց միայն սրանից ելնելով չպետք է փոփոխություններ կատարել, դա ինքնանպատակ չպետք է դիտվի": "Պարզապես հարկ է կանանց ներուժը ճիշտ օգտագործել", ու ընդհանրապես, իբր կանայք ավելի լավ կարող են աշխատել հատկապես այն պաշտոններում, որոնք կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում: Անշուշտ, մեծագույն սոցիալական եւ քաղաքական անարդարություն է, որ կաշառք վերցնում են հիմնականում տղամարդիկ, իսկ կանայք սոսկ այդ կաշառքը ծախսող են, եւ դա շատ շտապ պետք է վերացնել:

Թե ինչու ՕԵԿ-ը նախընտրական այս շրջանում որոշեց խորանալ նաեւ ֆեմինիստական բնույթի քարոզչության մեջ, թերեւս հասկանալի է: Երեւի թե այդ կուսակցությունը վարկանիշային մեծ կորուստները, որ կրել է 2008-ի այն դժբախտ օրվանից, երբ ԼՏՊ-ն նրանց ճակատին դրոշմել է բավականին անբարեհունչ ու այնուհետ հրապարակային շրջանառության մեջ շատ տարածված պիտակը, որոշել է ինչ-որ չափով լրացնել` հրապուրելով կին ընտրողներին: Չնայած` անհասկանալի է, թե ինչու են ՕԵԿ-ում այդքան վստահ, որ հայուհիները պետք է ոգեւորվեն քաղաքական դարբնոցում կամ պետական տարբեր հիմնարկներում քվոտայով իրենց համար տեղեր ապահովելով այնպիսի գործերի համար, որոնք տղամարդու համար էլ են բավականին ծանր բեռ: Ինչեւէ, փորձը փորձանք չէ, միգուցե եւ, ասենք, գեղեցիկ սեռի որոշ ներկայացուցիչների իրոք դուր գա, որ իրենց համար աշխատատեղերի քվոտա պահեն նույնիսկ տրակտորի ղեկին կամ քարտաշական արտադրամասերում: Ինչեւէ, բայց եթե, իրոք, այդպիսի օրենքն ընդունվի, այն կդառնա իրական գլխացավանք շատ ու շատ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հիմնարկների ղեկավարների համար, քանի որ շատ ու շատ ոլորտներում այդ քվոտաներով աշխատել ցանկացող կանանց ճարելը բավականին բարդ խնդիր է լինելու:

Սակայն դիտարկենք, թե նախընտրական դարբնոցում, բացի կին ներմուծելուց, էլ ինչեր են կատարվում: Մանավանդ որ, հետխորհրդային տարածքում կարծես թե ֆեմինիստական շարժումը` որպես այդպիսին, բավականին տխուր վախճանի է արժանանում: Այսպես, ուկրաինական "Ֆեմեն՚" շարժման ակտիվիստուհիները, որոնք մերկ բարեմասնությունները ցուցադրելով բողոքի ցույցեր են արել Եվրոպայի տարբեր երկրներում եւ անգամ Մոսկվայի Փրկչի եկեղեցու մոտ, իրենց կենսագրությունն ավարտեցին Մինսկում, ուր Բելառուսի պետանվտանգության կոմիտեի շենքի առաջ մերկացույց անելուց հետո պարզապես անհետացան իզութոզով:

Բայց բոլոր դեպքերում մեր երկրի նախընտրական օրակարգում ֆեմինիստական թեմատիկան ընդամենը համեմունք է, եւ հիմնական ինտրիգը էլի մնում է ՀՀԿ-ԲՀԿ հարթությունում, եւ արդյոք լիելու է կամ չի լինելու կոալիցիոն միասնական նախընտրական ցուցակ: Այդ` քաղաքական հսկաների միջավայրում լուծվող խնդիրների ընթացքում շատ հնարավոր է` մոռանան ՕԵԿ-ին էլ, Հեղինե Բիշարյանին էլ, մանավանդ որ, ՕԵԿ-ի ամենահամարձակ երազանքը ԲՀԿ-ի հետ մրցակցելն է:

Անկասկած, ԲՀԿ-ն կոալիցիայից այլ տեղ գնացող չէ, առավել եւս` ընդդիմադիր դարձող չէ, ինչքան էլ դեմքի խելոք արտահայտությամբ խորիմաստ բաներ հնչեցվեն, որոնք ոչ ավելին են, քան քաղաքական ինտրիգների բաղկացուցիչ մաս: Իսկ իրականությունն այն է, որ ինչ-ինչ լարվածություն, այնուամենայնիվ, կա, եւ, ըստ երեւույթին, դա հիմնականում մանդատների եւ նախարարական պորտֆելների քվոտաների շուրջ է: Ե°վ ՀՀԿ-ն, ե°ւ ԲՀԿ-ն մտադրություն ունեն ստանալ ավելի լավ ցուցանիշ, քան 2007-ին: Ու այդ ձգտման ճանապարհին նաեւ լարումներ առաջացնող երեւույթներ էլ են նկատվում: Թեկուզ վերցնենք ՙՀայբուսակի՚ ռեկտոր Անահիտ Հարությունյանի այն հայտարարությունը, որ դուրս կգա ԲՀԿ-ից, եթե ԲՀԿ-ն չպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ճիշտ է, ԲՀԿ-ն հերքում է, որ դրա համար ռեկտորը նկատողություն է ստացել, քանզի կոալիցիոն հուշագրին համահունչ արտահայտության համար մարդուն կուսակցական տույժի ենթարկելը դժվար թե տեղավորվի ներկոալիցիոն էթիկայի շրջանակներում, սակայն սառնության ինչ-ինչ նկատելի դրսեւորումներ, կարծես թե, կան: Բայց դժվար թե առաջանա իրավիճակ, որ Գագիկ Ծառուկյանի ասած "հաջորդ դասը" լինի կոալիցիոն հուշագրի ուրացումը, ինչքան էլ մի կողմից ամերիկամետ ՀԱԿ-ը եւ "Ժառանգությունը՚" այդ ուղղությամբ բզեն, մյուս կողմից` Ռոբերտ Քոչարյանին համակրող քարոզչամիջոցները փորձեն հուշագիրը ներկայացնել որպես լրիվ արժեզրկված թղթի կտոր:

Բոլոր լարվածությունների լիցքաթափման ժամանակն էլ կգա, եւ դա կգա ՀՀԿ 13-րդ համագումարի հետ միասին` փետրվար կամ մարտ ամիսներին, երբ կոալիցիոն խոշորագույն կուսակցությունը լուծելու է նախընտրական ցուցակի հետ կապված բոլոր հարցերը: Հենց այդ ժամանակ պատասխան կստանան ինտրիգների եւ լարվածության աղբյուր այնպիսի հարցերը, թե ով է գլխավորելու ՀՀԿ ցուցակը, արդյոք կլինի կոալիցիայի միասնական ցուցակ, թե ոչ, ովքեր կընդգրկվեն ՙՀՀԿ+՚ ձեւաչափի մեջ, ովքեր կլինեն ֆավորիտ, իսկ ովքեր, ընդհակառակը, ենթակա են դուրս գրման: Դա վերաբերում է նաեւ օլիգարխներին եւ չինովնիկական բյուրոկրատիային, ու հասկանալի է նաեւ, թե ինչու նույն ՀՀԿ-ի առաջնորդ հանրապետության նախագահը չի շտապում վերջակետ դնել այդ հարցի վրա` ինչքան ուշ հայտնի դառնա պոտենցիալ "աբիժնիկների" ցուցակը, այնքան ուշ այդ կոնտինգենտը կհասցնի ինչ-ինչ քայլեր ձեռնարկել, համ էլ այդ քայլերն արդեն ուշացած կլինեն: Իսկ զուտ քաղաքական հոտառությամբ կամ քաղաքական կանխատեսումների հիման վրա ոչ ոք էլ չի կարող միանշանակ դրական շարունակություն ապահովող վարքագիծ կառուցել, համ էլ ՙպահեստային տարբերակներ՚ ստեղծելը նույնպես կարող է ազդել կոնկրետ ֆինանսատնտեսական, չինովնիկական կամ քաղաքական դեմքի հետագա ճակատագրի վրա:

Բայց նախընտրական պատկերի վրա էական ազդեցություն կարող են թողնել եւ արտաքին քաղաքական գործընթացները: Ու թերեւս շատ կարեւոր պետք է համարել հենց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների մոսկովյան հանդիպումը: Մասնավորապես, արդեն պայմանավորվածություն է ձեռք բերված, որ ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում երրորդ երկրների զինուժի տեղակայման համար չափազանց բարդ ընթացակարգ է մշակվելու, համաձայն որի` պահանջվելու է ՀԱՊԿ այլ երկրների համաձայնությունը: Նաեւ հայտարարություն է ընդունվել, որով մտահոգություն է հայտնվում ճգնաժամային իրավիճակներում տուժային միջամտության միտումի առնչությամբ, որը հաճախ զուգակցվում է միջազգային հանրաճանաչ նորմերի շրջանցման փորձերի հետ: Այսինքն` գնալով երեւում է ՀԱՊԿ-ՆԱՏՕ առճակատման գիծը, եւ մեր տարածաշրջանում դա հատկապես կարող է արտահայտվել Վրաստանի պարագայում: Եվ Վրաստանի` ՆԱՏՕ ընդգրկվելու ձգտումը կարող է լուրջ լարումներ առաջացնել Ջավախքի հարցում: Բայց միաժամանակ էլ Թբիլիսիում լուրջ մտահոգություն են հայտնում, թե Ռուսաստանը փորձելու է Վրաստանում անկայունություն հրահրել, ու բանը հասել է նրան, որ վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին մեղադրել են, թե վերջինս Ռուսաստանի փողերով փորձում է կաշառել Վրաստանի կուսակցություններին: Ոչ պակաս կարեւորություն է ստանում եւ հետեւյալ հարցը. արդյոք կսկսվի՞ արեւմտյան ագրեսիան` ընդդեմ Իրանի, եւ արդյոք կլինե՞ն փորձեր վերսկսել Ղարաբաղյան պատերազմը: Ի դեպ, հետաքրքիր միտումներ են երեւում եւ Իրան-Ադրբեջան հարաբերություններում. Թեհրանում արդեն բացահայտ խոսում են, որ չի բացառվում, որ անվավեր կճանաչվի Թուրքմենչայի պայմանագիրը, որով ներկայիս Ադրբեջանի տարածքները անջատվել են Իրանից 19-րդ դարի սկզբներին: Էլ չենք խոսում Սիրիայի եւ Թուրքիայի շուրջ զարգացող իրադարձությունների մասին: Ի վերջո, կա զրոյից տարբերվող հավանականություն, որ տարածաշրջանում մինչեւ ընտրությունները տեղի կունենան սուր իրադարձություններ, իսկ դա կարող է շատ էական շտկումներ մտցնել նախընտրական բոլոր գործընթացների մեջ:

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ