livemarks sitemap
Հինգշաբթի, Մարտի 30, 2017

silva2Ժամանակին մեր հասարակության մեջ արմատացած էր այն կարծրատիպը, որ գործարար ասելով` պատկերացնում էինք տղամարդու, ով իր սեռին բնորոշ հեղինակությամբ, խստությամբ ու ինչ-որ տեղ նաեւ իշխելու հատկությամբ կարող է հաջողակ կառավարել բիզնեսներ կամ ղեկավարել հիմնարկ-ձեռնարկություններ: Սակայն արդեն անկախ Հայաստանի տարիներին, այսինքն` 1990-ական թվականներից, քիչ-քիչ նկատելի դարձավ եւ նաեւ այլ տեսանկյունով սկսվեց կարեւորվել կինը: 

Եթե խորհրդային տարիներին հատկապես տղամարդիկ կնոջը պատկերացնում էին միայն տանը` երեխաների կողքին, կամ խոհանոցում, ապա այժմ այդ պատկերացումները, հուրախություն մեզ, փոխվել են, կանայք արդեն տեւական ժամանակ է ինչ ակտիվ հասարակության մաս են կազմում: Պատահական չէր, որ հիշատակեցինք 90-ական թվականները, քանի որ այն կնոջը, ում ՙԶարուհի՚ ամսագիրը մեկ անգամ արդեն անդրադարձել է` Սիլվա Համբարձումյան` հաջողակ կին գործարարին, իր բիզնես գործունեությունը սկսել է ծավալել այդ թվականներից: Տիկին Համբարձումյանն առաջիններից էր, ով Հայաստան է ներկրել սպիրտ, ձու, ցորեն եւ շաքարավազ:

Այս անգամ մեր զրույցը գեղեցիկ, հավասարակշռված, նրբաճաշակ եւ շատ խելացի կնոջ հետ կծավալվի տարվա ամենագեղեցիկ եւ ամենասպասված օրվա` Մարտի 8-ի մասին:

- Ի՞նչ տպավորություն եւ ի՞նչ զգացողություն եք ապրում, երբ մոտենում է Մարտի 8-ը:

- Որքան էլ զարմանալի լինի, բայց Մարտի 8-ի հետ կապված իմ ամենալավ հիշողությունները դեռեւս խորհրդային տարիներից են գալիս: Այդ ժամանակ երջանիկ էին բոլորը` անխտիր, սպասումներով լի: Իսկ հիմա, որքանով ես եմ նկատում, սպասումներն այնքան էլ մեծ չեն, հավանաբար հասկանալի պատճառներով:

- Խորհրդային շատ տոներ դուրս մղվեցին մեր տոնացույցերից, բայց Մարտի 8-ն ամուր մնաց թե° տոնացույցերի շարքում, եւ թե° մեր բոլորի սրտերում: Ձեր կարծիքով դրան ավելի շատ նպաստեցին կանա՞յք, թե տղամարդիկ:

- Իհարկե կանայք, որպեսզի այդ գեղեցիկ օրը վերականգնվի, մենք պայքարեցինք, մի ողջ պատմություն եւ հիշողություններ են կերտված` այդ օրվա հետ կապված: Մի պահ պատկերացրեք, միարժամանակ հետո հանկարծ մոռանանք անկախ Հայաստանի այս 25 տարիները, դա անհնարին կլինի: Ես անգամ վատ եմ զգում, որ փետրվարի 23-ը չի նշվում որպես տոն, բայց չէ՞ որ մի ողջ պատմություն էլ ունենք այդ օրվա հետ կապված:

- Ինչո՞վ կբացատրեք, որ Մարտի 8-ը, կարելի է ասել, ատամներով պահվեց, բայց Ձեր կողմից նշած Փետրվարի 23-ը դուրս մղվեց, չնայած շատերը հիշում եւ, ինչու չէ, նաեւ նվերներ ու անակնկալներ են անում տղամարդկանց:

- Թող չնեղանան տղամարդիկ, բայց կանայք ավելի ուժեղ են: Մենք անընդհատ պայքարեցինք, չդադարեցինք պահանջել, որ այս տոնն իսկապես մերն է, մեզ է նվիրված: Իսկ տղամարդիկ մի քիչ ավելի պասիվ էին այդ հարցում: Միեւնույն ժամանակ ցանկանում եմ ասել, որ ամեն ինչի

հիմքում սերն է` ընկերության, ընտանիքի, գործընկերների, հայրենիքի, ուսման նկատմամբ: Երբ մի տեղ կամ մի գործում առկա է սերը, ապա հավատացնում եմ ձեզ` ամեն բան լավ կլինի եւ հաջողված: Եթե մենք բոլորս սիրենք մեր հայրենիքը, կունենանք ավելի հզոր, գեղեցիկ, բարեկեցիկ ապրող մարդկանցով լեցուն Հայաստան: Որպես կին` ցանկանում եմ Մարտի 8-ի կապակցությամբ իմ խոսքն ուղղել մեր կառավարությանը եւ ասել` եկեք ավելի շատ սիրենք մեր երկիրն ու մեր ժողովրդին:

- Պարտադի՞ր է, որ հենց Մարտի 8-ին կանայք զգան, որ իրենք կին են:

- Ոչ իհարկե, կինը պետք է իր ողջ կյանքի ընթացքում դա զգա, իսկ Մարտի 8-ին սպասումներն այլ են, թե ինչքան եւsilva ովքեր քեզ կշնորհավորեն, մի քաղցր խոսք կասեն: Կոնկրետ ինձ համար այդքան էլ նշանակություն չունի, թե ինչ նվեր կստանամ, կամ կստանա՞մ, թե` ոչ: Ինձ համար Մարտի 8-ին հատկապես գերիշխում են սպասումները, այլ ոչ թե նյութական արժեքները:

- Կարելի՞ է ասել, որ այդ օրը քննություն հանձնելու նման մի օր է, ըստ որի, կանայք կարող են զգալ, թե իրենք ի՞նչ բարձունքի վրա են գտնվում` ողջ տարվա ընթացքում:

- Այո, կարելի է նաեւ այդպես ասել, չնայած կանայք պետք է ողջ տարվա ընթացքում լինեն իրենց բարձունքի վրա, իսկ Մարտի 8-ին հասկանան ու զգան, որ այն բարձունքը, որի վրա իրենք կանգնած են` ամուր է, անփոխարինելի ու գեղեցիկ:

- Ի՞նչ է պետք հատկապես սպասել գարնանային այս գեղեցիկ օրերին, քանզի հիմա նյութական նվերները կարծես ավելի են գերադասվում:

- Կանայք միշտ եւ միշտ պետք է սեր սպասեն, եւ ես վստահ եմ, որ հենց դա էլ սպասում են: Այսինքն, եթե մեզ այդ օրը թեկուզ զանգահարում եւ շնորհավորում են, կամ գուցե մեկ վարդ են նվիրում, նշանակում է` սիրում են (ժպտում է):

- Դուք, լինելով բավականին ճանաչված եւ հարգված կին, հետաքրքիր է, ո՞վ է Ձեզ համար կնոջ իդեալ:

- Քանի որ խոսք գնաց վարդերից, ապա պետք է նշեմ ռուսական շոու բիզնեսի պրիմադոննա Ալլա Պուգաչովային, նա ինձ դուր է գալիս թե° որպես կանացի կերպար, ում շուրջ անընդհատ տղամարդիկ են պտտվում, եւ թե° երգչուհի, ով անզուգական ձայն ու երգեր ունի` անգամ վարդերի մասին:

ՙՇԱՏ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՈՐ ՍԵՂՄԵՑԻ ԱՅԴ ԿՆՈՋ ՁԵՌՔԸ՚

- Իսկ ավելի երիտասարդ տարիներին կա՞ր Ձեզ համար կանացի մի կերպար, որ ցանկացել եք նմանվել նրան:

- Այո, բոլոր տարիքներում ես ցանկացել եւ իմ պատկերացումներում ունեցել եմ Մարգարետ Թետչերին, ով հայտնի է ՙԵրկաթյա տիկին՚ անվամբ, ունի բարոնուհու տիտղոս` ի տարբերություն Գերմանիայի Դաշնության քաղաքական գործիչ Անգելա Մերկելի, ով եւս փորձում է այդպիսին երեւալ, սակայն նրան այդպիսին չեմ ընկալում: Ես Մ. Թետչերի հետ հանդիպել եմ Շվեյցարիայում` 1998 թվականին: Նա բնակվում էր այնտեղ, որտեղ ես կանգ էի առել մի քանի օրով ու պատահաբար տեսա պատուհանից, թե ինչպես է թեյ մատուցում իր ամուսնուն: Պատկերացրեք` տեսնում եք Երկաթյա տիկնոջը` այդ դերում... ապշել էի ու հենց այդ պահին խնդրեցի ծանոթներիս, որպեսզի հանդիպում կազմակերպեն, եւ ես հասա իմ նպատակին ու շատ երջանիկ եմ, որ սեղմեցի նման կնոջ ձեռքը: Անգամ ձեռք եմ բերել իր անունը կրող մի հագուստ, որը մինչեւ հիմա պահում եմ:

- Կրկին ցանկանում եմ անդրադառնալ Մարտի 8-ի թեմային եւ հարցնել, Դուք ընդունո՞ւմ եք մեկամսյակ հասկացությունը, որը կարծես մոդայիկ է դարձել վերջին տարիներին:

- Ոչ, ես գտնում եմ, որ այս ամենն սկսվում է ապրիլի 7-ից ու ավարտվում մարտի 8-ին: Այսինքն ես 11-ամսյակի կողմնակիցն եմ (ժպտում է):

- Խոսեցինք կին իդեալների մասին, իսկ ո՞վ է հաջողակ կին Սիլվա Համբարձումյանի տղամարդու իդեալը:

- Այս պահին ինձ համար որպես կատարելատիպ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն է, ում մեջ ես տեսնում եմ խրոխտություն, խստություն, խելացի քայլեր եւ այլն: Իսկ երիտասարդ կամ ավելի պատանի տարիներին երկրպագում էի ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիին: Սակայն ցանկանում եմ առանձնացնել իմ կյանքում մեծ հեղինակություն վայելող լուսահոգի Կարեն Դեմիրճյանին եւ հպարտ եմ, որ ծանոթ եմ եղել նրա հետ: Ամեն անգամ նրա հետ շփվելիս զգում էի, որ

ինչ-որ վեհ բան կա նրա մեջ, որից ելնելով էլ շատերը զգաստանում էին նրա կողքին, ինչը հարգանքի, այլ ոչ թե քծնանքի արդյունք էր: Կարող եմ ասել, որ ես նրանից շատ բան եմ սովորել, որն էլ ինձ ուղեցույց է դարձել ողջ կյանքիս համար:

- Անշուշտ շատերին կհետաքրքրի, թե ինչպիսի՞ն է կին գործարարը` խոհանոցում:

- Ինձ ամեն օր կարելի է տեսնել խոհանոցում, պատրաստում եմ ամեն ինչ` ընթրիքներ, աղցաններ, թխվածքներ, տարատեսակ ճաշատեսակներ եւ ի դեպ նշեմ, որ այլ ազգի խոհանոցներին եւս տիրապետում եմ: Ինձ համար ավելի մեծ բավականություն է պատրաստած ուտեստները հյուրասիրել իմ հյուրերին:

- Ո՞ր երկրի խոհանոցին եւ խմիչքին եք նախապատվություն տալիս:

- Կոնկրետ երկիր չկա, բայց հայկական խոհանոցը շատ եմ սիրում` հատկապես մեր տոլման: Երբ գտնվում եմ հայրենիքից դուրս օգտվում եմ օտար խոհանոցներից, սակայն մեծ կարոտով վերադառնալով տուն` սկսում եմ համտեսել մեր ճաշատեսակները: Իսկ խմիչքներից նախընտրում եմ մեր տեղական, տնական օղին (ժպտում է), երբ Ֆրանսիայում եմ` իրենց կարմիր գինին, Շվեյցարիայում` սպիտակ գինին եւ այլն:

- Տիկին Համբարձումյան, կտրուկ անցում կատարենք դեպի գործարար աշխարհ: Դուք հայտնի կին գործարար եք, գիտեք ու տեսնում եք, թե որտեղ է հնարավոր ավելի լայն գործունեություն ծավալել, շահույթ ստանալ, ապրանք իրացնել եւ այլն: Հայաստանն արդեն համարվում է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է հեռանկարային խոշոր տնտեսվարողների համար տնտեսական այս Միությունը:

- Պետք է անկեղծ ասեմ, որ կողմնակից եմ այդ Միությանը: Բավականին լավ հեռանկարներ եմ տեսնում, եթե ճիշտ աշխատաոճ ձեռք բերենք: Ես 1989-1993 թվականներին աշխատել եմ Մոսկվայում, ունեի օղու հզոր արտադրություն: Նորից եմ ասում, եթե մշակենք ճիշտ տնտեսական ռազմավարություն, ապա կունենանք այն, ինչ մեզ անհրաժեշտ է:

Եվրոպական եւ ամերիկյան շուկա մտնելը բավականին դժվար է, հատկապես թղթաբանության առումով: Մեզ Եվրոպայում 6-րդ կարգի մարդ են համարում, իսկ Ռուսաստանի դեպքում գոնե հավասարը հավասարին ընթանում ենք: Ես եւս արդեն ունեմ որոշակի պլաններ` ԵՏՄ-ի հետ կապված: Բոլորովին վերջերս եմ վերադարձել Իրանից եւ հիմա մտածում եմ սննդամթերք արտահանեմ դեպի այդ շուկա, իսկ հետո կմտածեմ, թե Հայաստանից ինչ կարող եմ արտահանել այդ հզոր շուկա:

- Շատ տնտեսվարողների շրջանում ինչ-ինչ մտավախություն է առաջացել, որ ռուբլին գնալով` արժեզրկվում է եւ դժվարություններ կառաջանան, Դուք մտավախություն չունե՞ք:

- Ես մեծ ցանկություն ունեմ, որպեսզի Ռուսաստանն ու Չինաստանը միասին ստեղծեն մեկ վալյուտա եւ աշխատեն: Ինչպես գիտեք, վերջերս Ռուսաստանն օրենք է ընդունել եւ ամեն ինչ վաճառում է ռուբլով` անգամ գազը:

- ՙԶարուհի՚ ամսագրի նախորդ հարցազրույցում նշել էիք, որ բիզնեսում առաջ գնալու համար պետք է շատ խելացի լինել: Սակայն շատերը պնդում են, որ դրա հետ մեկտեղ հաջողակ պետք է լինել: Ընդունո՞ւմ եք, որ գործի լավ ընթացքի համար կա նման նախապայման:

- Այո, ես նորից եմ կրկնում, որ պետք է շատ խելացի լինել, իսկ դրանից հետո պետք է լավ հոտառություն ունենալ, որն էլ հենց հաջողակ լինելու գրավականն է: Այնպես է ստացվում, որ ես Հայաստանում ինչ գործ սկսում էի, հետո նկատում էի, որ այն կրկնօրինակում են: Օրինակ, առաջինը ես եմ ներկրել շաքարավազ եւ այլն: Հետաքրքիրն այն է, որ ավելի շատ ինձ կրկնօրինակում են տղամարդիկ, քան կանայք:

ՙԲԻԶՆԵՍՈՒՄ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ՌԻՍԿԻ ԳՆԱԼԸ՚

silva1- Ստացվում է, որ կնոջ միտքը, անգամ բիզնեսի ոլորտում, ավելի ճկո՞ւն է:

- Այո, իհարկե, բացի այդ, կնոջ մոտ շատ մեծ է կանխազգացումը ինչ-որ բանի նկատմամբ: Կանայք ավելի ռիսկային են, քան տղամարդիկ, իսկ բիզնեսում եթե չդիմես ռիսկի հաջողություն էլ չես ունենա: Ավելին, բիզնեսում հետաքրքիրը հենց ռիսկի գնալն է:

- Դուք նաեւ նախորդ զրույցում, իսկ դա 2012 թվականն էր, ասել էիք, որ մեծ ցանկություն ունեք Հայաստանում եզակիությամբ աչքի ընկնող ախտորոշման մի կենտրոն բացել, որտեղ մարդիկ կկարողանան շուտ հետազոտվել եւ ժամանակին տեղեկանալ հնարավոր հիվանդությունների մասին: Ի՞նչ փուլում է այն:

- Այդ ծրագիրը դեռ ուժի մեջ է, ես անպայման դա կառուցելու եմ: Աղքատների համար լինելու է լրիվ անվճար, իսկ հարուստների համար` շատ թանկ:

- Տիկին Համբարձումյան, մենք տեղյակ ենք, որ Դուք նաեւ բարեգործությամբ եք զբաղվում, սակայն հասարակ մարդիկ անգամ չգիտեն դրա մասին: Մեր օրերում շատերը մի ասեղ են նվիրում եւ սկսում են ԶԼՄ-ներով ամբողջ օրը խոսել դրա մասին: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր համեստությունը` այդ հարցում:

- Բարեգործություն երբ անում են, պետք չէ հայտարարել, իսկ եթե արդեն բարձրաձայնում են կատարածի մասին, սա արդեն բարեգործություն չէ, այլ ինքնագովազդ է: Ինչո՞ւ են հենց նախընտրականի շեմին այցելում ծերանոցներ կամ մանկատներ, օգնություններ բաժանում եւ խոստումներ միայն այդ ժամանակ են տալիս: Ինձ համար բարեգործությունը հոգեկան դրական մի վիճակ է: Միեւնույն է, մարդիկ, պատմությունն ու կյանքը տալիս են իրենց ճիշտ գնահատականը` կատարած գործերի մասին:

- Տիկին Համբարձումյան, գուցե տարօրինակ թվա հարցս, բայց ովքե՞ր են Ձեզ հիմնականում նախանձում:

- Տղամարդիկ: Միգուցե նաեւ կանայք, բայց քիչ են: Եվ հետո մաքուր մարդուն կեղտը չի կպչում, ես այս քաղաքում քայլում եմ գլուխս բարձր, բաց ճակատով, ոչ մեկից չեմ վախենում եւ թիկնապահների կարիք էլ չունեմ:

- Ասում են` կինը լիարժեք կին է համարվում, երբ ունի ընտանիք: Սակայն այս աշխարհ ամեն մեկս գալիս ենք մի ինչ-որ առաքելություն կատարելու նպատակով: Այնպես է ստացվում, որ շատերը կամ չեն գտնում իրենց երկրորդ կեսին, կամ երեխաներ չեն ունենում եւ տվյալ պարագայում արդյո՞ք նման մարդիկ երջանիկ լինել չեն կարող:

- Ոչ, իհարկե ոչ: Ընտանիքը, երեխաները շատ լավ բան են, բայց հիմա երբ նայում ենք մեր շուրջբոլորը, նկատում ենք այնպիսի ընտանիքներ, որտեղ շատ կանայք հարգանք չեն վայելում, կամ հենց նույն ծնողներն

անտեսված են իրենց զավակների կողմից: Ավելին, կան երեխաներ, որոնք հնարավորություն չունեն իրենց ծնողներին պահել, կամ մահանալուց հետո պատվով հողին հանձնել: Այնպես որ, պետք է յուրաքանչյուր մարդ այս կյանքում երջանիկ լինի յուրովի, գտնի իրեն հոգեհարազատ միջավայր, աշխատանք, դարձնի այն կյանքի իմաստ եւ շարունակի ապրել: Զրույցի վերջում կցանկանայի մեր կանանց մաղթել, որ սիրեն ու սիրվեն: Երբ կինը մտածում է, որ պետք է միայն իրեն սիրեն, նա այդ դեպքում միայն իր վրա է աշխատում: Հարկավոր է նաեւ սեր տալ:

Զրույցը` ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում