livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

Սեպտեմբերի 24-ից 25-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Կանանց առաջին Եվրասիական Համաժողովը, որը նվիրված էր ԱՊՀ տարածքում սոցիալական ապահովության եւ կայուն զարգացման, հանուն առաջընթացի ու վստահության միջազգային համագործակցության, փոփոխվող տնտեսության, քաղաքականության մեջ կանանց հնարավորությունների եւ մասնակցության ընդլայնման եւ սոցիալական ինտեգրացման խնդիրներին:

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում մեկնարկած համաժողովին մասնակցում էին տարբեր երկրների խորհրդարանների պատգամավորներ, գործադիր մարմինների, գործարար համայնքի, գիտակրթական եւ ոչ կառավարական կազմակերպությունների, միջազգային կանանց շարժման ազդեցիկ ու հեղինակավոր բազմաթիվ գործիչներ:

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ ՎԱԼԵՆՏԻՆԱ ՄԱՏՎԻԵՆԿՈՅԻ պաշտոնական հրավերով` Կանանց Եվրասիական համաժողովի աշխատանքներին մասնակցելու էր մեկնել Հայաստանից կանանց պատվիրակություն` ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ գլխավորությամբ: Կանանց հայկական պատվիրակության կազմում էին խորհրդարանական տարբեր կուսակցություններից ներկայացուցիչներ, այդ թվում` ԱԺ պատգամավորներ` ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ, ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ, այնպես էլ հասարակական, լրատվական, առողջապահական , մշակութային ոլորտի ականավոր կին գործիչներ` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար ՋԵՄՄԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, Երեւանի քաղաքապետարանի ֆինանսա-տնտեսական հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ, «Համալսարանական կրթությամբ կանանց» ասոցիացիայի նախագահ ՋԵՄՄԱ ՀԱՍՐԱԹՅԱՆԸ, «Գոլոս Արմենի» ռուսալեզու թերթի գլխավոր խմբագիր ՖԼՈՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԸ, «Երեւանի Շտապ բուժօգնության ծառայության» տնօրեն ԹԱԳՈՒՀԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, Արամ Խաչատրյան համերգասրահի գլխավոր տնօրեն ՌՈՒԶԱՆՆԱ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ եւ այլոք, ովքեր իրենց ելույթներով եւ ակտիվ մասնակցությամբ ներգրավվեցին համաժողովի տարբեր թեմատիկ քննարկումներին:

Համաժողովի բավական հագեցած օրակարգը ներառել է լիագումար նիստեր, բանավեճեր, կլոր սեղաններ , ցուցահանդեսներ, հումանիտար եւ բարեգործական նախագծերի շնորհանդեսներ:

Տավրիկյան պալատի Դումայի սրահում սեպտեմբերի 24-ին մեկնարկած` «Կանայք արդի աշխարհում. համագործակցության նոր հորիզոններ» խորագրով լիագումար նիստի բացմանը, որը վարել է ՌԴ-ի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես կարեւորել է կանանց սոցիալական, մշակութային եւ քաղաքական ակտիվությունը ժամանակակից կյանքում, քաղաքական կյանքում կանանց մասնակցության, իշխանության մարմիններում նրանց ներկայացվածության, կանանց նկատմամբ բռնության եւ սոցիալական անբարեկեցության դեմ համատեղ պայքարի կարեւորությանն առնչվող խնդիրներ ։

. Նաղդալյանը հատկապես ներկաների ուշադրությունն է հրավիրել եւ փոխանցել իր անհանգստությունը` պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանում եւ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինուժի շփման գծում լարվածության աճով, եւ որպես մայր, կին, կոչով դիմել` դադարեցնել գործողությունների ծավալումը. «Հավասարապես տառապում են ե՛ւ հայ, ե՛ւ ադրբեջանցի կանայք, մայրեր եւ երեխաներ»- նշել է Հերմինե Նաղդալյանն իր ելույթում` ընդգծելով, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել խաղաղության եւ իրավիճակը չսրելու քաղաքականությամբ, մինչդեռ հարեւան երկրում ամենեւին էլ դրա ականատեսը չենք:

Կանանց Եվրասիական համաժողովի մասնակիցները իրենց ելույթներում հիմնականում կարեւորել են Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ պետությունների եւ Շանհայի համագործակցության կազմակերպության ինտեգրացիոն գործընթացների խորացումը` համաժողովի ակտուալությունը պայմանավորելով Եվրասիական տարածքում կանանց դերի մեծացմամբ, ինչպես նաեւ` ներքին եւ միջազգային խնդիրներով:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ եւ համանուն խմբակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ էլ իր ելույթում անդրադարձել է կանանց ներդրմանը` աշխարհի ընդհանուր անվտանգության եւ կայունության ապահովման գործում, ԱԺ պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆՆ իր հերթին ընդգծել է կանանց դերի կարեւորությունը քաղաքականության եւ կառավարման մեջ` դիտարկելով այն որպես հասարակության կայուն զարգացման գործոն, իսկ ՀՀ փոքր ՀԷԿ-երի Միության նախագահ ՆԱԻՐԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՆ իր զեկույցում ուշադրությունը հրավիրել է կանանց տնտեսական գործունեության, ձեռնարկատիրության եւ փոքր բիզնեսի աջակցմանն ուղղված ծրագրերի անհրաժեշտության վրա: Իհարկե, ադրբեջանցի պատվիրակները անհաջող փորձ են կատարել իրավիճակի մեջ լարվածություն մտցնելու ` մեղադրանքներ հնչեցնելով , որոնց պատասխանը հնչեցվել է մեր պատվիրակների կողմից բոլոր չորս բանավիճային հարթակներում:

Համաժողովի չորս թեմատիկ բաժանմամբ քննարկումների ընթացքում մեր պատվիրակները բարձրացրել են ինչպես տնտեսական, առողջապահական, մշակութային առաջնահերթություն ներկայացնող խնդիրներ , այնպես էլ` տարածաշրջանային իրադրության, վտանգված խաղաղությանը, սահմանային իրավիճակի ամենօրյա դարձած սրացումներին առնչվող հարցեր:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, հանդես գալով որպես Կանանց Եվրասիական համաժողովի` «Կանայք եւ իշխանությունը. աշխարհի կայուն զարգացման օրակարգ» թեմայով բանավիճային հարթակի համակարգող, ներկայացրել է իր դիտարկումները` կապված անձի իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության, բռնության բոլոր տեսակների դեմ պայքարի, սոցիալական ապահովման, կրթության, առողջապահության, զբաղվածության առաջնայնության հիմնախնդիրների հետ:

«Մենք հասկանում ենք, որ մեր պետության մեջ կանանց հոգսերն ու չլուծված խնդիրները քիչ չեն, առաջնահերթ է այնպիսի պայմանների ստեղծումը, որպեսզի կանայք կարողանան լիարժեք իրացնել իրենց հնարավորությունները ընտանեկան եւ մասնագիտական կյանքի համատեղման ճանապարհով»-իր ելույթում կարեւորել է ԱԺ փոխխոսնակը` միաժամանակ նշելով, որ Հայաստանի Կառավարությունը հնարավոր ամեն ինչ անում է այդ խնդիրների լուծման համար:

«Եվրասիական միության քաղաքական կյանքում կանանց ակտիվ մասնակցությունը առարկայական անհրաժեշտություն է։ Մեր հասարակությունը չի կարող ներդաշնակորեն զարգանալ եւ առաջադիմել, եթե այնտեղ ցածր է կնոջ դերը», - ընդգծել է ԱԺ փոխխոսնակը, հավելելով, որ քաղաքականության մեջ տղամարդկանց եւ կանանց համագործակցությունը ավելի լիակատար եւ ներկայացուցչական ժողովրդավարության աղբյուր է:

Սեպտեմբերի 24-25-ը տեւած Կանանց թվով առաջին Եվրասիական համաժողովն իր երկօրյա աշխատանքներն ավարտեց եզրափակիչ փաստաթղթի ընդունմամբ, որտեղ համաժողովի մասնակիցները միահամուռ ընդգծում են խաղաղության եւ անվտանգության, կանանց դերի բարձրացման, կայուն զարգացման գլոբալ նպատակների իրագործման, Միավորված Ազգերի Կազմակերպության /ՄԱԿ/ 2015 թվականից հետո ընկած ժամանակահատվածում զարգացման ոլորտում նոր օրակարգի իրականացման , պետական կառավարմանը եւ բոլոր մակարդակի ընտրություններում, հասարակական-քաղաքական կյանքում, ինչպես նաեւ, տնտեսության զարգացման եւ արդիականացման մեջ կանանց համակողմանի եւ երաշխավորված մասնակցության անհրաժեշտությունը:

Համաժողովի մասնակիցները պարգեւատրվեցին «Կյանքի ծառ» միջազգային մրցանակով եւ Կանանց Եվրասիական համաժողովի պարգեւով: Ի դեպ, Կանանց Եվրասիական երկրորդ համաժողովը տեղի կունենա 2018 թվականին:

Հավելենք նաեւ, որ Կանանց Եվրասիական համաժողովի շրջանակներում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպումներ է ունեցել Սերբիայի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Կիրգիզիայի պատվիրակությունների եւ նրանց ղեկավարների հետ:

Ներկայացրեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում