livemarks sitemap
Կիրակի, Սեպտեմբերի 22, 2019

«Զարուհի» ամսագրի սիրելի ընթերցողներ, մեր ամսագրի ամեն համարում «Կինը քաղաքականության մեջ» խորագրի ներքո՝ փորձելու ենք ձեզ ներկայացնել քաղաքականության մեջ հայտնի ու ճանաչված կանանց, որոնց հետ մշտապես զրուցելու ենք քաղաքականությունից դուրս թեմաների շուրջ` նրանց ապրելակերպի, ընտանիքի ու նախասիրությունների և մասնավորապես՝ այն հարցերի մասին, որոնք երբևէ և ոչ մի առիթներով չենք կարող նրանց ուղղել և պատասխաններ ակնկալել: Այնպես որ, այսուհետ հայտնի քաղաքական կին գործիչներին կտեսնեք այլ իրավիճակներում` շատ հաճախ հենց իրենց տանը, և ձեր պատկերացումները կունենաք, թե նրանք իսկապես ինչպիսինն են կադրից դուրս։

«Զարուհի» ամսագրում առաջին մեր պատվավոր հյուրը ՕԵ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն է, որն էլ, ի դեպ, սիրով համաձայնեց մեզ ընդունել իրենց տանը և ներկայանալ ոչ որպես քաղաքական գործիչ, այլ որպես հայ կին, որն ապրում է իր ընտանիքի հոգսերով ու խնդիրներով` ծանրաբեռնված ու գերլարված աշխատանքի հետ մեկտեղ մնալով ուշադիր ու հոգատար մայր, տան կին, ով ջանք չի խնայում, որ իր սեփական հարկի տակ մշտապես խաղաղ ու ջերմ մթնոլորտ տիրի: Սկսենք նրանից, որ երբ Հեղինե Բիշարյանի տան դուռը բացվեց, առաջին իսկ հայացքից նկատվեց, որ այս տանը ամեն ինչ բիշարյանական է լինելու… Փաստորեն չսխալվեցինք, ինչպիսին որ Բիշարյանը խորհրդարանում է, նախ՝ կոկիկ ու կանացի, հետո՝ բծախնդիր ու միշտ գեղեցիկը գնահատող, այնպիսին էլ նա տանն էր. ամեն ինչ և ամեն բան համեստ, գեղեցիկ և ճաշակով: Իսկ հյուրասիրության ժամանակ մեզ զարմացրեց այն, որ Հեղինե Բիշարյանը մեզ հյուրասիրեց իր իսկ ձեռքով պատրաստած տեսականիով` հարուստ ու շատ համեղ չրերով, որը միշտ նրանց սեղանից անպակաս է, քանի որ ընկերները շատ հաճախ են ասում, թե. «Հեղինե, գալիս ենք ձեր տուն՝ չիր ուտելու»:

- Տիկին Բիշարյան, Ձեր պատրաստած չրերն իսկապես շատ համեղ էին, և տեսականին էլ բավականին հարուստ է: Ինչպե՞ս եք հասցնում զբաղվել մի գործով, որը մեծ ժամանակ և էներգիա է խլում ցանկացած կնոջից:

- Անկեղծ ասած, դրանք սիրով եմ պատրաստում և իսկապես շատ եմ սիրում զբաղվել նաև տնային գործերով: Իմ համոզմամբ՝ ցանակացած կնոջ համար իր տունն իր թագավորությունն է, իսկ այդ թագավորությունում յուրաքանչյուր կին անում է հնարավորը, որ ամեն բան տեղը-տեղին լինի, այլ խոսքով՝ բոլոր անկյունները լինեն «կոկիկ ու թափանցիկ»: Ինչ մնում է ժամանակին ու ամեն ինչ հասցնելուն, ապա չեմ թաքցնում` դժվար է, բայց եթե կնոջ մտքին տեղ լինի, բոլոր գործերն էլ հերթականությամբ կարող է հասցնել` լինի դա քաղաքականության մեջ, թե քաղաքականությունից դուրս:

- Անկեղծ ասած չրերի թեման մեզ շեղեց, բայց հարցերի հերթականությունը չենք ուզում խախտել, և մեր առաջին հարցը, որն ուզում էինք Ձեզ ուղղել, հետևյալն է. Ձեր բնակարանը միայն այս մե՞կն է, թե՞ էլի բնակարաններ ունեք, որոնց մասին տարբեր մարդիկ պարբերաբար խոսում են: Համ էլ ասում էին, որ Դուք առանձնատուն ունեք: Իսկ կարելի՞ է իմանալ, թե որտեղ է գտնվում Ձեր առանձնատունը:

- Ճիշտն ասած, ես էլ կուզենայի հարցնել այդ մարդկանց, թե որտեղ է այդ առանձնատունը, գուցե տեղը ասեին, ես էլ իմանայի: Բայց ես չեմ ափսոսում, որ առանձնատուն չունեմ, քանի որ ինձ համար շատ կարևոր է, որ այն, ինչ ունենք, մեր ընտանիքի արդար վաստակով ստեղծածն է, և հետո, իմ բնակարանը ինձ համար նաև առանձնատուն արժե: Մենք ամուսիններով աշխատել ենք, և այն ամենը, ինչ դուք տեսնում եք, դա մեր տարիների աշխատանքի արդյունքն է: Բայցևայնպես, չէր խանգարի առանձնատուն էլ ունենալ, սակայն դա հետագայի խնդիր է:

- Իսկ ինչո՞վ է զբաղվում Ձեր ամուսինը և ինչքա՞ն է վաստակում:

- Իմ ամուսինը շինարար-ինժեներ է և բավականին լավ է վաստակում: Մենք միշտ էլ համեստ ենք ապրել, շատ շքեղություններ մեզ թույլ չենք տվել, բայց այնպես ենք արել, որ մեր երեխաների համար կյանքում պակաս բաներ չմնան:

- Տիկին Բիշարյան, մենք, իհարկե, Ձեր խոսքին հավատում ենք և կասկածի տակ չենք դնում Ձեր ասածները, որ այն, ինչ դուք այսօր ունեք, ամուսիններով եք ստեղծել, բայց և Ձեր մեկնաբանությունը կուզենայինք լսել այն խոսակցությունների վերաբերյալ, ըստ որի՝ Հեղինե Բիշարյանի ֆինանսական վիճակը բարելավվել է այն բանից հետո, երբ նա դարձել է ՕԵ խմբակցության ղեկավար:

- Քանի որ մեր զրույցը անկեղծ է, ապա պետք է ասեմ, որ մինչ ՕԵ խմբակցության ղեկավար լինելը (ինչի համար շնորհակալ եմ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին, որն այդպիսի պատասխանատու աշխատանք է ինձ վստահել), իմ բոլոր ընկերները եղել են մեր տանը և շատ լավ գիտեն, որ այս ամենը բացարձակապես կապված չէ պատգամավոր և խմբակցության ղեկավար լինելու հետ: Կարծում եմ` բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց կյանքի ընթացքում աշխատել և արարել են, ունեն նույնպիսի բնակարաններ, ինչպիսին մերն է: Այն այնքան էլ մեծ չէ, ուստի, երբ տղաս ամուսնանա, հարկ կլինի նրա համար առանձին բնակարան գնել, քանի որ կարծում եմ՝ ճիշտ է, երբ հնարավորության դեպքում երիտասարդները առանձին են ապրում: Մենք մեր բոլոր ուժերն ու հնարավորությունները ներդրել ենք երեխաներիս դաստիարակության և կրթության համար: Բայց դա չի նշանակում որ երեխադ պետք է զրկված լինի ինքնուրույնությունից: Ընդհակառակը՝ հնարավորության դեպքում պետք է երիտասարդներին թույլ տալ ինքնուրույն ձևավորելու իրենց ընտանիքը և արժևորելու այն ամենը, ինչն իրենք կստեղծեն իրենց համար: Մյուս կողմից՝ հիմա նոր սերունդը այնքան էլ չի հավանում այն, ինչ որ մենք ենք ստեղծել. նրանք հավանում են այն, ինչ հիմա են տեսնում, և միշտ չէ, որ մեր ճաշակները համընկնում են: Այստեղ կա սերունդների պատկերացումների ու ընկալումների տարբերության խնդիր, ինչը նորմալ եմ համարում:

- Իսկ մի փոքր կպատմե՞ք Ձեր տղայի մասին և կասե՞ք՝ նա արդեն ընտրյալ ունի, թե ոչ:

-Տղաս` Կարեն Սարգսյանը, մասնագիտությամբ իրավաբան է, սովորում է Գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրայում, վերջին կուրսում է, և կարծում եմ, որ իր առաջադիմության արդյունքում կրթությունը կշարունակի: Իսկ ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին: Գիտե՞ք, միշտ փորձել եմ նման հարցերում պահպանել չեզոքություն: Շատ կարևոր է, որ հատկապես տղաները ինքնուրույն են լուծում իրենց անձնական հարցերը: Այնուամենայնիվ, հիմա տղաս, որքանով ինձ հայտնի է, ընտրած աղջիկ չունի, եթե լիներ, ինչ խոսք՝ կիմանայի:

-Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի Հեղինե Բիշարյանի տղայի հարսնացուն, որպեսզի նա Ձեր կողմից հավանության արժանանա: Ի վերջո, բոլոր մայրերը իրենց վերջնական խոսքը պիտի ասեն, չէ՞:

- Գիտեք, ես միշտ մտածել եմ, որ ընտրությունը պետք է թողնել երեխաներին: Նույնիսկ փոքր ժամանակ, երբ երեխաներիս համար հագուստ էի ընտրում, երբեք մենակ ընտրություն չէի կատարում: Ես միշտ թույլ եմ տվել նրանց ընտրելու այն, ինչն իրենց դուր է եկել: Ընդհանրապես իմ երկու երեխաների համար էլ միշտ նաև ընկեր եմ եղել: Դա նաև նրանից էր, որ գրեթե ամբողջ օրը միասին էինք, երեքս էլ երկար տարիներ նույն դպրոցում ենք եղել, ես աշխատել եմ, իսկ նրանք՝ սովորել: Միշտ ընկերներս լավ հիշում են, թե տասը տարի շարունակ ինչպես էինք միասին դասի գնում: Ու մինչև հիմա էլ երեխաներիս հետ ընկերական հարաբերությունների մեջ եմ: Ի վերջո տղաս ում էլ ընտրի, և եթե տվյալ դեպքում կլինի զգացմունք, սեր, ապա ես անպայման կհարգեմ նրա ընտրությունն ու զգացմունքները:

- Անգամ, եթե Ձեր հարսնացուն Ձեզ բոլորովին դուր չգա՞:

- Եթե իմ տղան ինչ-որ մեկին սիրի` հնարավոր չէ, որ այդ աղջիկը ինձ դուր չգա: Ես իմ տղայի ճաշակը գիտեմ, չէ՞ որ նա իմ տղան է:

- Իսկ Ձեր աղջկա դեպքում ինչպե՞ս եղավ, տանը փեսայի հետ կապված առարկություններ չեղա՞ն: Եվ եթե դեմ չեք, մեզ պատմեք նաև Ձեր աղջկա մասին:

- Աղջիկս ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսահաշվային ֆակուլտետը կարմիր դիպլոմով, ի դեպ, դպրոցն էլ ավարտել է ոսկե մեդալով: Այժմ էլ ասպիրանտ է: Նույն բուհն է ավարտել նաև փեսաս` Կարենը, ով այժմ նույնպես ասպիրանտ է:

- Իսկ ինչպիսի՞ն էր ապագա խնամիների հետ առաջին հանդիպումը:

- Շատ լավ, շատ հանգիստ, ամեն ինչ շատ բնական հունով գնաց: Իսկ հետո երբ բարեկամացանք, սկսեցին մեզ շրջապատի բամբասանքները պատմել, ու երբ ես ինքս էի սեղան գցում, ուտեստներ պատրաստում և նրանց հյուրասիրում, նրանք զարմանում էին, որ ես այսպիսի զբաղվածության հետ մեկտեղ տանը հասցնում եմ նաև գործ անել, ճաշ պատրաստել և ապրել սովորական հայ կնոջ հոգսերով:

- Կասե՞ք՝ ինչ հարաբերությունների մեջ եք այսօր Ձեր խնամիների և հատկապես փեսայի` Կարենի հետ:

- Գիտեք, ես նրան իմ տղայի պես եմ վերաբերվում, երկուսն էլ Կարեն են, ինձ համար ոչ մի տարբերություն չկա, որովհետև նրա հետ ապրում է իմ աղջիկը, որն իմ կյանքն է, և ես երբևէ չեմ կարող տարբերություններ դնել երկուսի միջև: Ես իմ ամբողջ կյանքը և հնարավորությունները բաժանել եմ երկու մասի. մի կողմում աղջիկս է եղել, իսկ մյուս կողմում՝ տղաս: Իսկ ինչ վերաբերում է խնամիներիս հետ հարաբերություններին, ապա կարող եմ հանգիստ խղճով ասել, որ մենք այսօր շատ լավ բարեկամներ ենք:

- Այդուհանդերձ, չե՞ն եղել դեպքեր, երբ նրանք այս կամ այն առիթով բախվել են Հեղինե Բիշարյան կին քաղաքական գործչի հետ, որովհետև այդ դեպքում նրանց գործը բավականին դժվար կլիներ:

- Կարծում եմ՝ իմ խնամիներն էլ կփաստեն, որ առաջին իսկ օրվանից նրանք երևի թե չեն զգացել, որ քաղաքական գործչի հետ գործ ունեն, քանի որ ես տանը այդ մասին մոռանում եմ, տանը այդ սկզբունքով առաջնորդվելը շատ սխալ է:

- Ակնհայտ է, որ Դուք որոշակի ճանապարհ անցաք` որպես կին քաղաքական գործիչ կայանալու համար, և կայացաք որպես այդպիսին: Իսկ ինչպե՞ս է Ձեզ հաջողվում քաղաքական գործչի կերպարի մեջ մտնելով՝ նաև որպես իսկական հայ կին մնալ, որը տիրապետում է կանացի բոլոր գաղտնիքներին:

- Չեմ սիրում, երբ կանայք նմանվում են տղամարդկանց` ոչ միայն իրենց բնավորությամբ, այլ նաև իրենց արտաքինով և հագուստով: Նկատած կլինեք, որ շատ քիչ եմ տաբատ հագնում, իսկ տաբատով երբեք խորհրդարան չեմ եկել, քանի որ իմ զգեստապահարանում աշխատանքային այդպիսի հագուստ պարզապես չկա, այլ բան, որ տաբատ երբեմն կարելի է կրել ոչ աշխատանքային պայմաններում կամ ընտանեկան հանգիստը կազմակերպելիս: Կարծում եմ՝ կինը պետք է այնպիսի հագուստ կրի, որը նրան դարձնում է ավելի նրբագեղ ու կանացի: Ես բնավորությամբ գուցե և խիստ եմ, էմոցիոնալ… (եթե քաղաքականության մեջ էմոցիաներ չեղան, աշխատանքը չի ստացվի), և հնարավոր է, որ շրջապատի մարդկանց մոտ դա այլ կարծիք է ստեղծում, բայց, այնուամենայնիվ, լինել կանացի, սիրել, լինել հանդուրժող, նվիրված, հավատարիմ ու սկզբունքային: Այս ամենով եմ միշտ ապրում և առաջնորդվում: Հակառակ դեպքում ամեն ինչ անիմաստ է:

- Տիկին Բիշարյան, Ձեր օրը բավականին հագեցած է, իսկ աշխատանքի մասին էլ չխոսենք, որ խիստ պատասխանատու գործով եք զբաղված: Չե՞ք հոգնում այդ անընդմեջ լարված ու զբաղված վիճակից:

- Իհարկե, օրս ծանրաբեռնված է անցնում: Մարդն ուղղակի պետք է իր ամբողջ օրը հստակ պլանավորի, աշխատանքային գրաֆիկ կազմի. ես, օրինակ, նախապես հստակ գիտեմ, որ այ, այս ժամին ես անպայման պետք է գնամ վարսավիրանոց, դրանից հետո պետք է գնամ այսինչ տեղը, հետո ԱԺ, դրանից հետո՝ կուսակցություն, հետո նոր վերադառնամ տուն: Ինչ խոսք, օրվա վերջում չի կարող հոգնածություն չլինել, բայց երբ ես տուն եմ գալիս, այդ ամենի մասին մոռանում եմ: Եվ եթե տանը բաներ կան, որոնք ես որպես կին պետք է անեմ, ուրեմն անպայման անցնում եմ նաև այդ գործերին: Տղաս` Կարենը, շատ է սիրում, երբ որ ես ինքս եմ սեղանը պատրաստում ու պարտադիր իր կողքին նստում: Նա մենակ հաց չի ուտում. տանը կամ հայրը, կամ ես պետք է պարտադիր իր կողքին լինենք, որպեսզի նա համ հաց ուտի, համ էլ մեզ հետ զրուցի: Բայց լինում են նաև օրեր, երբ տրամադրությունս տեղը չի լինում, կամ ինչ-որ բան այն չէ, որ միասին ճաշենք ու զրուցենք, փառք Աստծո, նրանք ինձ շատ լավ հասկանում են, որը շատ կարևոր է:

- Ձեր ամուսնու հետ հաճախակի վեճեր չե՞ք ունենում, ասենք, աշխատանքից ուշ վերադառնալու, գործուղման մեկնելու կամ էլ ամբողջ օրը աշխատանքի ընթացքում տղամարդկանցով շրջապատված լինելու պատճառով:

- Ամուսինս իր կրթությունը ստացել է Ռուսաստանում, նա և իր դաստիարակությամբ, և մենթալիտետով փոքր-ինչ տարբերվում է մեր ավանդական հայ տղամարդկանցից: Գիտեք, որ շատ հայ տղամարդիկ համաձայն չեն, որ կինը օրվա մեծ մասը դրսում լինի, ինչ-որ բան չհասցնի, որովհետև կինը աշխատում է, քաղաքականությամբ է զբաղվում և այլն, և այլն: Մեզ մոտ այլ է. ամուսինս ինձ միշտ օգնում է, ու ես իրոք չեմ հիշում մի օր, որ նա ինձ հասկացած չլինի: Դրանում է նաև իմ երջանկությունն ու հաջողությունը:

- Տիկին Բիշարյան, իսկ հարևանների հետ հասցնո՞ւմ եք շփվել և ընդհանրապես սիրո՞ւմ եք հարևանություն անել:

- Այո, իհարկե, սիրում եմ հարևանություն անել ու իմ հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ եմ, շատ ջերմ հարևանություն ենք անում: Առհասարակ մարդկանց հետ շփումը իմ ապրելակերպն է: Բայց որ ասեմ հարևաններիս շատ ժամանակ եմ տրամադրում, ճիշտ չի լինի, բայց որ մեր հարաբերությունները շատ ջերմ են, դրանում կասկած չկա:

- Աշխատանքի գնալիս կամ վերադառնալիս, երբ որ բակում ձեզ հանդիպում են տարբեր տարիքի մարդիկ, ինչու չէ՝ նաև Ձեր բակի երեխաները, ինչպիսի՞ն է լինում նրանց արձագանքը. բամբասո՞ւմ են, ջերմ բարևո՞ւմ են ձեզ, «քաշվո՞ւմ» են Ձեզանից, թե…

- Կարևոր և հետաքրքիր հարց եք տալիս. ամեն մեկը յուրովի է ինձ վերաբերվում: Բայց մեկ այլ բան նշեմ. երբ Երևան քաղաքի ընտրություններն էին, հարևաններս ասում էին, որ կողքիս կանգնած են և իրենց ձայնը ինձ տվեցին, որի համար ես նրանցից շնորհակալ եմ: Դա, ըստ էության, բարձր գնահատական է և շատ կարևոր է ինձ համար: Մեր բակում ունենք նաև շատ փոքրիկ երեխաներ, որոնց կողքով անտարբեր անցնել չեմ կարող: Եվ հենց այսօր էլ մեր բակում, երբ գնումներ էի կատարում, իմ սիրած փոքրիկներից մեկը անընդհատ ինձ էր նայում ու ժպտում, հասկացա, որ նրա համար ևս ինչ-որ մի բան պիտի գնեմ ու փորձեմ նրան ուրախացնել: Անկեղծ ասած, շատ եմ սիրում երեխաներին և անհամբեր սպասում եմ, երբ թոռնիկ կունենանք:

- Տիկին Բիշարյան, անդրադառնանք ՕԵԿ-ին: Ինչպե՞ս ստացվեց, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը վստահեց Հեղինե Բիշարյանին: Եվ երկրորդ, որքանով որ տեղյակ եմ, Դուք նաև ընտանիքներով եք ջերմ բարեկամություն անում: Շատ են եղել դեպքեր, երբ այս կամ այն թեմայի շուրջ խոսելիս, ակամայից խոսել եք Ա. Բաղդասարյանի ընտանիքի` մասնավորապես փոքրիկ աղջկա` Գաբիի մասին: Արդյոք մեծ քաղաքականությունը չի՞ խանգարում նաև լավ բարեկամներ լինելուն:

- Գիտեք, տարիներ առաջ ես հանդիպել եմ մի մարդու, որն ըստ արժանվույն գնահատեց իմ աշխատանքը: Ես շնորհակալ եմ Ա. Բաղդասարյանից, որ մանկավարժին հնարավորություն տվեց կայանալու նաև քաղաքական դաշտում: Երբ կուսակցությունը ունեցավ դժվարություններ, ես չէի կարող չկանգնել նրա կողքին, դա ես չէի լինի, որովհետև ես իմ ողջ կյանքի ընթացքում նվիրվել եմ իմ ընտանիքին, բարեկամներին ու ընկերներին: Ես ազնիվ եմ բոլոր հարաբերությունների մեջ, և եթե մարդը իր տեսակը օգտագործում է բոլոր առումներով, ապա նա չի կարող սխալվել: Եվ պատահական չէ, որ այսօր բոլորս ասում ենք, որ ՕԵԿ-ը մեր մեծ տունն է` մեր մեծ ընտանիքը: Իսկ այդ ընտանիքի անդամներից մեկը ես էի, և այդ ընտանիքը դժվարության մեջ էր, ինչն ինձ կրկնակի ուժ էր տալիս: Ես ընդհանրապես ելքային մտածողությամբ մարդ եմ. երբ դժվարություններ են լինում` թե տանը, թե դրսում և թե քաղաքականության մեջ, ես չեմ տրտնջում, հոգիս չեմ կործանում, այլ փնտրում եմ այդ իրավիճակից դուրս գալու ճանապարհներ: Եվ ահա այդ դժվարությունների ճանապարհին ես կանգնել եմ մի մարդու կողքին, որն ինձ դարձրել է Հեղինե Բիշարյան քաղաքական գործիչ… Իսկ մեր կուսակցությունը շատ դժվարությունների միջից իսկապես կարողացավ պատվով դուրս գալ, քանի որ գիտեք` նավապետը շատ գիտակ, խելացի և փորձառու քաղաքական գործիչ է: 20 տարեկան նորանկախ Հայաստանի պատմության մեջ պրն Բաղդասարյանը 16 տարվա քաղաքական կենսագրություն ունի, իսկ ՕԵԿ-ը՝ 14: Նրա առաջնորդությամբ ճանապարհ գնալը պատիվ է: Պրն Բաղդասարյանը այն «վարպետն» է, ով քաղաքականության մեջ կերտեց իմ կերպարը: Ինչ վերաբերում է մտերմությանը, ապա, այո, մենք շատ մտերիմ ենք Ա. Բաղդասարյանի ընտանիքի հետ, որը մեր ընտանիքի համար ձեռքբերում ու պատիվ է, իսկ Գաբին իմ ուրախությունն է: Գաբին երբ ծնվեց, մենք ընտրությունների փորձությունների մեջ էինք, և այդ ժամանակ նրան մենք մի անուն տվեցինք՝ մեր «գնդի որդին»: Նրա ծնունդը մեր թիմի համար մեծ ուրախություն էր, և մենք շատ կապվեցինք Գաբիի հետ: Նա երեք տարեկան դեռ չկա, բայց շատ տաղանդավոր երեխա է, օժտված խելացիությամբ և ֆենոմենալ հիշողությամբ` նման իր ծնողներին: Առանձնահատուկ կերպով ուզում եմ նշել պրն Բաղդասարյանի կնոջ` Աննայի մասին, ով առաջին հերթին գեղեցկուհի, է, խելամիտ կին, իսկ ընտանիքում՝ հրաշալի մայր: Նրա վերաբերմունքն ու ջերմությունը ոչ միայն իր ընտանիքի, այլև ՕԵԿ քաղաքական թիմի նկատմամբ յուրատեսակ է: Նա հրաշալի ընկեր է, դա է նաև պատճառը, որ ընտանիքներով մտերիմ ենք: Նույնիսկ ամռանը ընտանիքներով միասին գնում ենք հանգստանալու. որքան էլ որ դա թանկ է, որքան էլ որ դա դժվար է, կապ չունի՝ պրն Բաղդասարյանը իր ընկերների մասին մտածում է և առանց նրանց նույնիսկ հանգստանալու չի գնում: Օրինակ, անցյալ տարի մեզ անակնկալ մատուցեց` ընկերներով գնացինք հանգստանալու: Շատ են դեպքերը, երբ պարոն Բաղդասարյանը տարբեր առիթներով իր կուսակից ընկերներին, նրանց երեխաներին նաև թանկարժեք նվերներ է անում, օրինակ՝ բնակարան կամ մեքենա է նվիրում:

- Տիկին Բիշարյան, անկեղծորեն խոստովանեցիք, որ Գաբիին շատ եք սիրում, իսկ նա Ձեզ գիտի որպես…

- Ինքը ինձ անընդհատ տոտա, տոտա էր ասում, բայց հիմա որ մեծացել է, սովորեցրել եմ իմ անունը, հիմա նա ինձ Հեղինե է ասում, և ես դրանից շատ ուրախանում եմ: Բայց ինքը տոտան չի մոռացել: Եթե մենք բոլորով ինչ-որ մի տեղ ենք գնում, ինքը իմ մոտից չի հեռանում, ուզում է, որ միշտ ես իրենով զբաղվեմ, իր հետ խաղամ: Դա բոլորն են նկատել:

- Իսկ նվերներ հաճախակի՞ եք գնում Գաբիի համար:

- Առիթը բաց չեմ թողնում, երբ գնում եմ գործուղման, անպայման նրա համար նվերներ բերում եմ: Սիրում եմ երեխաներին նվերներ անել: Ես դրանից մեծ բավականություն եմ ստանում:

- Ընտանիք ասվածի մասին շատ խոսվեց, կպատմե՞ք մեզ Ձեր ծնողների մասին: Ովքե՞ր են եղել նրանք:

- Սկսեմ նրանից, որ իմ բնավորության ուժեղ գծերով ես նման եմ իմ ծնողներին՝ թե հայրս, թե մայրս իրենց տեսակով ուժեղ մարդիկ են եղել: Հայրս ներքին գործերի աշխատող է եղել, բավականին կիրթ և լուրջ անձնավորություն, ընդգծված խիստ բնավորությամբ, բայց և մեծ հայրենասեր: Շատ է սիրել երեխաներին: Ասեմ, որ մենք հինգն ենք` չորս աղջիկ, մեկ տղա: Հայրս վաղուց է մահացել, իսկ մայրս բոլորովին վերջերս մահացավ:

- Թեմայից անցում կատարենք և պարզենք, թե ինչպիսին է Հ. Բիշարյանի զգեստապահարանը: Իմիջիայլոց, որքանով որ նկատել ենք, հատուկ ուշադրություն եք դարձնում Ձեր կոշիկներին (ի դեպ, դրանք միշտ բարձրակրունկ են լինում, չե՞ք հոգնում այդ վիճակից), երիտասարդ տարիներին է՞լ էիք բծախնդիր, թե՞ այս պարագայում խորհրդարանական աշխատանքը իրենը թելադրեց:

- Փոքր տարիքից սկսած՝ ես շատ կարևորել եմ ճիշտ կոշիկ հագնելը, և ամեն կոշիկ չէ, որ հագել եմ: Իսկապես, միշտ բարձր եմ հագնում, և մեկ անգամ էլ ինձ այդ հարցը տվեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, ես նրան պատասխանեցի, որ ես կրունկների վրա եմ ծնվել, ինձ այդպես լավ եմ զգում: Միշտ հագնում եմ այնպիսի կոշիկներ, որոնք հարմարավետ են և ինձ դուր են գալիս:

- Իսկ ունե՞ք շատ թանկարժեք, բրենդային կոշիկներ և պայուսակներ:

- Ինձ համար թանկը նա է, որը գեղեցիկ է, հարմարավետ: Ես գերադասում եմ իտալական կոշիկները, քանի որ դրանք շատ հանգիստ են և որակյալ: Պայուսակների առումով նույնպես բծախնդիր եմ և շատ հաճախ նախապատվությունը տալիս եմ կոշիկն ու պայուսակը միասին գնելուն: ՈՒնեմ այդպիսի մի քանի տարբեր տեսակի կոշիկներ, որոնք իրենց պայուսակների հետ են, սակայն ամռանը նախապատվությունը տալիս եմ խայտաբղետ պայուսակներին և ամառային շունչ ունեցող աքսեսուարներին:

- Ճաշակով կոշիկներ, պայուսակներ, զգեստներ, որն անհնար է տեսքի բերել առանց գեղեցիկ ու ճաշակով զարդերի: Զարդերի հարցում ինչպիսի՞ն են Ձեր նախասիրությունները, և ո՞րն է պատճառը, որ վերջերս մարգարիտներ էլ չեք կրում: Ի դեպ, այն Ձեզ շատ սազում էր, ինչո՞ւ հրաժարվեցիք նրանից: Մոդան անցա՞վ, թե՞…

- Անշուշտ, ֆինանսից է կախված զարդեր ունենալը, բայց պետք է ասեմ, որ այդ մարգարիտի շարանը Երևանի ավագանու ընտրություններից հետո շատ ավելի քիչ եմ օգտագործում: Ընդհանրապես զարդեր կրելը պայմանավորված է տրամադրության, պահանջի ու իրավիճակի հետ: Միշտ չէ, որ կարող ես նույն զարդերը կրել: Հիմա էլ կրում եմ զարդեր ու առհասարակ զարդերին մեծ կարևորություն եմ տալիս. նրանք կարծես թե ամբողջացնում են կնոջ իմիջը:

- Իսկ ի՞նչ օծանելիք եք նախընտրում և որտեղի՞ց եք գնում դրանք:

- Արտերկիր մեկնելիս աշխատում եմ այնտեղից օծանելիք գնել, բայց Հայաստանում էլ կան բավականին լավ խանութներ, որտեղ լավ բրենդային ապրանքներ կան:

- Չասացիք, թե որ օծանելիքն եք նախընտրում ավելի շատ:

- Վերջին շրջանում օգտագործում եմ «Ժադող», որն ինձ շատ է դուր գալիս: Ամռանը, իհարկե, փորձում եմ օգտագործել այնպիսի օծանելիքներ, որոնք ծաղիկի նրբագեղ հոտեր ունեն: Բազմատեսակ են օծանելիքներս, քանի որ նայած երբ ինչ ես ուզում օգտագործել:

- Այս պահին ի՞նչ գրքեր կան Ձեր գրասեղանին դրված, և ո՞ր հեղինակին եք անընդհատ ուզում բացահայտել:

- Ճիշտն ասած, վերջին շրջանում Սերո Խանզադյանի գրքերն էի վերանայում, հատկապես «Արաքսի Ողբը», Համո Սահյան եմ կարդում, քանի որ նրա ստեղծագործությունները շատ հոգեհարազատ են ինձ, և եթե ասեմ, որ Սևակի երրորդ հատորը երբևէ սեղանիցս չեմ վերցնում, գուցե չհավատաք, բայց Սևակի ստեղծագործությունների մի ամբողջ բաժին զուտ փիլիսոփայական է, որից երբեք չես կարող բաժանվել: Վերջին տարիներին դիսերտացիա գրելու ընթացքում հասցրեցի նաև բավականին շատ պատմական գրքեր կարդալ:

- Տիկին Բիշարյան, ի՞նչ հարաբերություններ ունեք խորհրդարանի կին պատգամավորների հետ:

- 8 տարի պատգամավոր եմ և երբեք որևէ խնդիր չեմ ունեցել կին պատգամավորների հետ: Նրանց հետ շատ նորմալ հարաբերությունների մեջ եմ. ճիշտ է, շատ ժամանակ չի մնում շփումների համար, բայց անգամ փոքրիկ ժամանակն էլ օգտագործում ենք խորհրդարանում մի բաժակ թեյի կամ սուրճի շուրջ իրար հետ զրուցելու և մտքեր փոխանակելու համար: Մեր խորհրդարանի բոլոր կանայք էլ լավն են, բոլորն էլ աչքի են ընկնում աշխատասիրությամբ:

- Իսկ վերջում ի՞նչ կմաղթեիք հայ ժողովրդին և մեր ընթերցողներին:

- Հայ ժողովրդին մաղթում եմ տոկունություն և կամք` դժվար ժամանակներում դժվարությունները հաղթահարելու համար: Լինենք առողջ, լավատես, ուժեղ ու միասնական, որպեսզի կարողանանք առաջ շարժվել: Ուզում եմ` միշտ լինի խաղաղություն, որ յուրաքանչյուր հայի ամեն մի օրը բացվի խաղաղ ու լուսավոր …

Հանդիպումը՝
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում