livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

Ի տարբերություն նախորդ տասնամյակների, հայ կնոջը իր բարձր առաքելության մեջ` մոր դերում տեսնելուց բացի այսօր կարող ենք տեսնել մեծ քաղաքականության մեջ, պատասխանատու ոլորտներում ու բարձր պաշտոններում, որոնց դերն ու նշանակությունը ոչ միայն կարեւոր է ու անհրաժեշտ, այլ նաեւ պահանջված է, քանի որ լինում են դեպքեր ու իրավիճակներ, երբ կնոջ լավ մայր, ընտանիքի լավ կին կերպարը խառնվելով մեծ քաղաքականությանը կամ այս կամ այն գործին` ավելի լուրջ արդյունքներ ու ցուցանիշներ է ապահովում` օգուտներ բերելով եւ հայ հասարակությանը, եւ հատկապես այն ոլորտին, որտեղ նա համեստորեն իր առաքելությունն է կատարում ու չի տրտնջում, որ այսօր էլ երեկվա նման ուշ տուն վերադարձավ, բայց կարեւորը` կիսատ չթողեց սեղանին դրված գործերը: Ինչեւէ, աշխարհում բոլոր մասնագիտություններն էլ ընկալելի են, բայց, ահա, կին ոստիկան, կին քննիչի կերպարը, այն էլ սրանից շատ ու շատ տարիներ առաջ, ուղղակի հայտնություն ու զարմանք էր, թեեւ հիմա էլ կնոջ այդ կերպարը այնքան էլ չի «մարսվել», քանի որ շատերին է հետաքրքրում այն հարցը, թե ինչու, ինչից ելնելով է կինը ընտրում այդ մասնագիտությունն ու տարիներ շարունակ նվիրվում դրան... Հենց այս հարցով էլ սկսվեց մեր զրույցը ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի հետ, որին, վստահ եմ, շատերն են ճանաչում թե գործի մեջ, թե ընտանիքում եւ թե ընկերական շրջապատում, քանի որ նրան չճանաչել ուղղակի հնարավոր չէ... Եվ թե ինչու տիկին Դուրյանը որոշեց ընտրել ոստիկանի մասնագիտությունը, ապա, իր իսկ համոզմամբ, երեւի թե այլ կերպ լինել չէր էլ կարող.

- Ես կարծես թե այդ համակարգի մեջ էի ծնվել: Փոքր հասակից աչքերս բացել էի, ու ինչ` եւ մայրս էր համազգեստով, եւ հայրս, եւ ես առաջին իսկ պահերից իսկապես շատ էի սիրում այդ համազգեստը: Հատկապես շատ էի սիրում, երբ այն կինն էր կրում, բայց եթե դա նրան սազում էր, ճիշտ էր կրում, գեղեցիկ էր կրում, իսկ մայրիկիս այն իսկապես շատ էր սազում, եւ նա շատ գեղեցիկ էր այդ համազգեստի մեջ: Հետո ես հաճախեցի մանկապարտեզ, որը էլի «միլիցիայինն» էր, հետո միջնակարգ կրթություն ստացա թիվ 114 անգլիական թեքումով դպրոցում, միեւնույն ժամանակ անընդհատ գնում էի ճամբար, որն էլի ոստիկանությանն էր, այսինքն` ես անընդհատ ինչ-որ մի ձեւով առնչվում էի ոստիկանության հետ: Ու թեեւ մայրս շատ էր ուզում, որ ես ուսումս շարունակեի լեզուների գծով` ինչպես քույրիկներս, որոնք այդ ժամանակ սովորում էին Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում, ես ինձ համար որոշում էի կայացրել եւ նպատակ էի դրել իմ առաջ, որ պիտի ոստիկան դառնամ ու վերջ...

- Որտեղի՞ց սկսվեցին Ձեր աշխատանքային առաջին քայլերը:

- Ես սկսել եմ ոստիկանության հերթապահ մասից, յոթ տարի շարքային «միլիցիոներ» եմ եղել: Շատ լավ հիշում եմ, կարմիր դիպլոմը ձեռքիս` չէի կարողանում սպայի կոչում ստանալ, դրա համար ուղղակի տարիներ էին պետք, բայց դե, իհարկե, ես իմ աշխատանքի շնորհիվ ստացա սպայի կոչում եւ նույն ջանասիրությամբ շարունակեցի իմ աշխատանքը համակարգում:

- Իսկ ի՞նչ ապրեցիք այն պահին, երբ «աստղեր» ստացաք»:

- Այն, որ ես ամուսնացել էի, ու ամուսնուս հետ պատրաստվում էինք գնալ հարսանեկան ճամփորդության, նույնիսկ արդեն մեր ուղեգրերն էին պատրաստ, երբ ինձ զանգահարեցին ու ասացին, որ իմ հերթը հասել է` սպա շնորհելու հարցն է մոտենում, եւ ես պետք է այն ժամանակ մտնեի ՆԳ նախարար Եվգենի Պատալովի մոտ, ու պատկերացրեք, թե ինչ զգացողություններ ունեցա, երբ հասկացա, որ չեմ կարողանալու գնալ ճամփորդության... Բայց ամուսինս ասաց` վերջ, խնդիր չկա, ոչինչ, միայն թե դու քո կոչումը ստանաս: Բայց հետաքրքիրն այն էր, որ Պատալովի մոտ չմտա, ու ինձ կադրերից զանգահարեցին ու ասացին, որ քո հրամանը եղել է, ստորագրվել է, ու դու էլ նախարարի մոտ չես մտնելու: Դե, պատկերացրեք, թե ինձ հետ ինչ կատարվեց, գոնե նախապես իմանայինք ու մեր ծրագրերը չխափանեինք:

- Տիկին Դուրյան, իսկ սպայի կոչումը ստանալուց հետո Ձեզ էլ ի՞նչ դժվարություններ էին սպասվում առջեւում:

- Դե, սպայից հետո աշխատեցի տեսուչ, ավագ տեսուչ, բաժնի պետ, հետո Սպանդարյանի բաժնում 8 տարի շարունակ աշխատել եմ որպես անալիտիկ, որը շատ հետաքրքիր ու դժվար աշխատանք էր: Երիտասարդ տարիքում` 23 տարեկանում աշխատել եմ կալանքից վերադարձածների հետ, որոնց մեջ կային դատապարտվածներ, ովքեր արդեն 6-7 անգամ պատիժ էին կրել: Միշտ համազգեստ էի կրում, որովհետեւ եթե ինձ քաղաքացիական համազգեստով էին տեսնում, հարցնում էին, թե Դուրյանին ինչպե՞ս կարող ենք գտնել, ես էլ պատասխանում էի, որ Դուրյանը ես եմ: Նորից հարցնում էին, թե` Դուրյանին ենք ուզում, ասում էի` ես եմ Դուրյանը... Դրա համար միշտ համազգեստ էի կրում, ու երբ արդեն գալիս էին, այլեւս հարցեր չէին առաջանում: Այդպես շարունակ մի շարք բարդ ու դժվարին էտապներ հաղթահարելուց հետո միայն 2006թ. նշանակվել եմ ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր 3-րդ վարչության պետի տեղակալ եւ երկրորդ` վարչության պետ, եւ հենց այդ տարի էլ ստացել եմ նաեւ իմ գնդապետի կոչումը եւ առաջին անգամ` այդ կոչումը ստանալուց հետո հուզվեցի այն պատճառով, որ ես գնահատվեցի ու բարձր գնահատականի արժանացա: Եվ հիմա ես ինձ առավել պարտավորված եմ զգում:

Ես հարգում եմ եւ սիրում եմ իմ աշխատանքը, քանի որ ես մեծ դժվարությամբ եմ հասել իմ պաշտոնին ու դիրքին: Ես գնահատում եմ իմ «աստղերը», որովհետեւ կարծում եմ, որ ես դրանց հասել եմ իմ աշխատանքով:

- Տիկին Դուրյան, զարմանալի է, որ ոստիկանության գնդապետին հանրությունը նաեւ որպես համեստ կին-պաշտոնյա է ընկալում, եւ դա իրականում էլ այդպես է: Ինչո՞վ է պայմանավորված այդ համեստությունը, այն էլ` Հայաստանի պայմաններում:

- Ես հպարտ եմ ներքուստ. երբ հետ եմ նայում, իսկապես հասկանում եմ, թե ինչ ճանապարհի միջոցով եմ անցել, որպեսզի կարողանամ հասնել այսօրվան. իսկապես շատ դժվար էր հասնել գնդապետի աստիճանին: Նամանավանդ` կանանց շատ դժվար էր մեկ աստիճանով բարձրացնելը, դա ուղղակի պատմություն էր, որովհետեւ այն ժամանակ կինն ու ոստիկանությունը անհամատեղելի բաներ էին համարվում, իսկ հիմա մենք շատ գնդապետ եւ փոխգնդապետ կանայք ունենք: Վոլգոգրադի քննչական բարձրագույն հաստատությունում սովորելու տարիներին, հիշում եմ, այնտեղ ինչքան շատ էր սովորող ռուս կանանց քանակը: Եթե ես մի կին էի` հայ տղամարդկանց մի խմբի մեջ, ապա այնտեղ հակառակ պրոցեսն էր գնում:

- Իսկ կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ ոստիկանի աշխատանքը անշնորհակալ գործերից մեկն է:

- Ոչ, դա այնքան էլ այդպես չէ: Կոնկրետ իմ աշխատանքը, քանի որ ավելի շատ անչափահասների հետ է կապված, շնորհակալ աշխատանք է: Հետո, ես ինքս փորձում եմ այնպես աշխատել, որպեսզի իմ աշխատանքների մեջ արդյունք տեսնեմ: Այնպես չէ, որ ես մի բան անեմ ու դա անհետեւանք թողնեմ, ես պետք է դրա արդյունքը տեսնեմ: Չէ՞ որ դու քո մի քայլով կարող ես ազդել ամբողջ բաժնի ցուցանիշների վրա: Բայց եթե տեսնում ես, որ կալանքից վերադարձած մարդը աշխատում է, հանցանք չի կատարում եւ փորձում է օրինապաշտ քաղաքացի դառնալ, ուրեմն դա մի տեղ էլ քո աշխատանքի արդյունքն է:

Եթե իմ անչափահասը, որն իրավախախտ էր կամ, ասենք, մուրացկան էր, որոնց հետ տարվող աշխատանքներում մենք իսկապես արդյունքներ ունեցանք, աշխատում է, նորմալ կյանքով է ապրում, ապա ինչպե՞ս կարող ենք այդ առաջքայլը չարձանագրել:

- Իսկ երբ որ այդ դարձի եկած անչափահասները դրսում ձեզ պատահաբար տեսնում են, ի՞նչ են անում` փորձում են արագ փախչե՞լ Ձեր տեսադաշտից, թե՞ ընդառաջ են գալիս:

- Շատ են պատահում դեպքեր, երբ նրանք դրսում ինձ տեսնում են, մոտենում ասում են. «Բարեւ, Նելլի քույրիկ», կան երեխաներ էլ, ովքեր մեկ-մեկ իմ տուն են գալիս: Երեխաներ էլ կան, որ դրսում ինձ տեսնելիս ծաղիկներ են նվիրում, ժպտում են ու էլի ջերմ բարեւում ու, մի քանի րոպե զրուցելուց հետո անկեղծանում, որ իրենց մոտ արդեն ամեն բան լավ է, ու որ իրենք սխալ ճանապարհից լիովին հետ են կանգնել, ու նորմալ կյանքով ապրում են: Դա ինձ համար մեծ ուրախություն է:

- Իսկ չե՞ք նեղվում, որ նախկին հանցանք կատարած անչափահասը Ձեր օջախ է մտնում եւ գուցե նաեւ Ձեր երեխաների հետ է շփվում:

- Ոչ, ես դրան շատ նորմալ եմ վերաբերվում, չէ որ նա էլ մարդ է եւ կարող է սխալվել: Յուրաքանչյուր մարդ կարող է սխալվել, թեեւ հանցագործությունների տեսակներ կան, որոնք ոչ մի կերպ ընդունելի չեն:

- Իսկ եղե՞լ են դեպքեր, երբ կին-ոստիկանը, մայր-ոստիկանը այս կամ այն անչափահասի գործի շրջանակներում դժվարացել է օբյեկտիվ որոշում կայացնել, քանի որ այդ պահին, այսպես ասած, Ձեր խիղճը սկսել է տանջել:

- Խանգարել է հետեւյալ առումով. ինձ է վնաս տվել, քանի որ այդ ամենի արդյունքում խառնվել է հոգեկան աշխարհս, բայց մնացած առումով ցանկացած որոշում կայացել է ի նպաստ տվյալ երեխայի: Դու պարտավոր ես օգնել տվյալ երեխային, դու պետք է մտնես նրա հոգեկան աշխարհը, որպեսզի նա քեզ վստահի. երեխաների հետ աշխատելը ավելի դժվար է, քան, օրինակ, այն տարիներին, երբ ես ավելի շատ աշխատում էի չափահասների հետ: Չափահասը գիտակցում է եւ հասկանում, թե ինքը ինչ հանցանք է կատարում, իսկ ահա անչափահասների դեպքում պատկերը բոլորովին այլ է, նրանք ինչ-որ բան անում են, հետո են սկսում հասկանալ, թե ինչ են արել: Բայց էլի եմ կրկնում. անչափահասը պետք է քեզ վստահի, որ նոր սկսի խոսել: Շատ դեպքերում, հ/կ-ները թափառաշրջիկ, մուրացիկ երեխաների մասին գալիս այնպիսի սուտ բաներ են պատմում, որ ուղղակի ինչ մտածես... Օրինակ` հայտնի նկար վաճառող երեխաների մասին այնպիսի բաներ էին պատմում, որ ընդհանրապես դա իրականության հետ ոչ մի կապ չունի. չէ՞ որ մենք շատ լավ գիտենք, թե նրանք ով են եւ ինչ կարգավիճակում են գտնվում, ամեն ինչ շատ լավ գիտենք:

- Իսկ չե՞ք հոգնում այդ վիճակից, երբ ամեն մեկի հետ ստիպված եք լինում վերապրել նրա գլխով անցած-գնացածը:

- Գիտեք ինչ, ամեն մեկը իր տեսակի մեջ առանձին մարդ է եւ իր ճակատագիրն ու իր կյանքն ունի, եւ երբ դու նրա հետ սկսում ես խոսել, ապա վերապրում ես նրա պատմածը, ու պատասխանատվությունդ այդ մարդու նկատմամբ ավելի է մեծանում, քանի որ երբ նա քեզ հետ կիսվում է, անկեղծանում, դու պարտավորվում ես նրան օգնել:

- Իսկ եղե՞լ են դեպքեր երբ այս կամ այն գործը քննելիս ավելի շատ Ձեր մեջ ծնողի` մոր ֆենոմենն է խոսել, եւ Դուք շատ վատ իրադրության ու անելանելի վիճակի մեջ եք հայտնվել:

- Ամեն տեսակի դեպքեր էլ եղել են, քանի որ դու երեխայի հետ գործ ունես, բայց ես ամեն ինչ արել եմ, որպեսզի ցանկացած որոշում օրինականության եւ օբյեկտիվության շրջանակներում բխի միայն ու միայն երեխայի շահերից:

- Տիկին Դուրյան, իսկ ձեր աշխատանքային գործունեության ընթացքում եղե՞լ են արտառոց դրվագներ` անչափահասների հետ կապված, որ երբեք չեք կարողանում մոռանալ...

- Իհարկե` կան: Դրանք հիմնականում ծանր դեպքերն են, որոնք իրոք հնարավոր չէ մոռանալ: Չեմ մոռանում, թե ինչպես էր մուրացկան մի կին իր տասը տարեկան աղջնակին բերել իմ առանձնասենյակ ու, աղջնակին հրելով, ասում էր. «Վերցրեք սրան, ես սրան չեմ ուզում պահել, ինչ ուզում եք` ասեք: Դա ուղղակի շատ ծանր դեպք էր, ես միշտ հիշում եմ այդ տասը տարեկան աղջնակի աչքերը, դրանք միշտ իմ աչքի առաջ են... Չեք պատկերացնի, թե երեխան ինչ ապրումների մեջ էր այդ պահին ու մորը խնդրում էր, որ իրեն չթողնի. դրանից ծանր բան չկա, երբ տեսնում ես երեխայի թշվառ աչքերը... Օրինակ` մի դեպք էլ եղավ այն ժամանակ, երբ աղջիկս ընդամենը մեկ տարեկան էր. Էջմիածնից մի կին եկավ ինձ մոտ ու «բարուրը» ձեռքին ասաց, որ իր երեխային չի կարողանում պահել, ու խնդրեց, որ երեխային մանկատուն տեղավորենք: Ես նայեցի այդ երեխային ու միանգամից հուզվեցի` նա այնքան իմ աղջկան նման էր... առանձնասենյակիցս դուրս եկա, գնացի դուրս, մի քանի րոպե հետո վերադարձա, ու հետո այդ կինը պատմեց, որ եւս երեք երեխա ունի, ու որ այդ փոքրիկին չի կարողանում պահել, ու խնդրեց, որ գոնե մինչեւ գարուն երեխային մանկատունը պահի, մինչեւ որ գարունը գա, իրենք կանաչի կհավաքեն, կվաճառեն ու ինչ-որ ձեւով կապրեն: Տիկնոջը լսելուց հետո որոշում կայացրեցի, որ մեր բաժանմունքի ուժերով պետք է օգնենք այդ կնոջը, մինչեւ որ նա ոտքի կանգնի ու երեխային ի վիճակի կլինի ինքնուրույն մեծացնել: Այդպես էլ արեցինք, մեզանից ով ինչով կարողացավ` տիկնոջը օգնեց, որպեսզի նա երեխային կարողանա իր ընտանիքում պահել ու մանկատուն չհանձնել: Ինձ համար շատ կարեւոր էր, որ երեխան ընտանեկան ջերմ մթնոլորտում մեծանար: Հիմա ժամանակներն ուրիշ են, ամեն ինչ շատ ավելի կանոնակարգված է, եւ երեխային անհրաժեշտության դեպքում մանկատանը տեղավորելը արագ կերպով կազմակերպվում է, իսկ մութ ու ցուրտ տարիներին իսկապես իրավիճակը շատ դժվար էր...

- Տիկին Դուրյան, մի փոքր Ձեր ընտանիքի մասին կպատմե՞ք: Եվ մի ճշտում էլ. ձեր ամուսինը երբեւէ չի՞ վախեցել իր ոստիկան կնոջից, թե՞ նման առիթներ ուղղակի չեն եղել:

- Ոչ, նման բան չի եղել: Ինչպես իմ հայրական օջախում, այնպես էլ ամուսնուս ընտանիքում տղամարդու կերպարը միշտ էլ արժեւորված է եղել, եւ մեր ընտանիքում էլ նույն ավանդույթները պահպանվել են: Երբ սիրում ես քո կողքի տղամարդուն, եւ ինքդ էլ սիրված ես լինում, ամեն ինչ գեղեցիկ ու համաչափ է, իսկ երբ չափը անցնում ես, դա արդեն ճիշտ չէ: Ես երբեք իմ աշխատանքի մեջ չեմ մոռանում, որ իմ ենթակաները տղամարդիկ են, եւ անգամ եթե նրանք ինչ-որ հարցով շեղվեն, էլի չեմ մոռանում, որ իմ դիմացը տղամարդ է կանգնած, ու երբեք ինձ թույլ չեմ տա նրանց նեղացնել, չէ՞ որ նա հետո իր ընտանիք է մտնելու, այնպես որ` չպետք է տղամարդու ինքնասիրությանը դիպչես: Ինչ վերաբերում է ամուսնուս, ապա երբեք այնպիսի բան չեմ ասել կամ արել, որը նրան ցավ կպատճառեր:

- Հաշվի առնելով Ձեր մասնագիտության բացառիկությունը` խանդի տեսարաններ չե՞ն եղել Ձեր ընտանիքում:

- Ամուսինս, իսկապես, առաքինի տղամարդ է եղել, բայց հիշում եմ, որ քննչականում սովորելու տարիներիս, երբ մեկ- մեկ գործի բերումով ուշ էր տուն վերադառնում, հարցնում էի` որտեղ էիր, ասում էր, թե քննչականդ որոշել ես իմ վրա պարապել: Ես անմիջապես վատ էի զգում, ու միանգամից իրավիճակը փոխվում էր: Եվ մեկ էլ լավ հիշում եմ. երբ արդեն քրեական հետախուզությունում էի աշխատում, ընկերների մոտ միշտ ասում էր. «Սենց բան կլինի՞, չես էլ կարողանում մի տեղ գնաս, մի բան անես, ախր հինգ րոպե հետո իմանալու է: Ասում էր ու ծիծաղում: Բայց եւ զգում էի, որ նա ներքուստ ուրախանում եւ հպարտանում էր իմ հաջողություններով: Ամուսինս իմ ամեն մի քայլին մասնակից է եղել, եւ ամեն մի րոպեն, պահը մենք միասին ենք ապրել, եւ դա է երեւի եղել պատճառը, որ նա միշտ ինձ ճիշտ է հասկացել: Բայց ամենակարեւորը ինձ համար նաեւ այն է եղել, որ ես իմ առաջին սիրո հետ եմ ընտանիք կազմել ու երկու հրաշք բալիկներ լույս աշխարհ բերել, որոնք իմ կյանքի ողջ իմաստն են. տղայիս որպես տղա եմ սիրում, աղջկաս` որպես աղջիկ: Տղայիս` Մարատին, որը Նաիրի քննչական բաժնում քննիչ է աշխատում, շատ եմ սիրում ու ուրախանում եմ նրա ցանկացած հաջողության համար, հատկապես շատ հանգիստ ու ապահով եմ ինձ զգում, որ նա շատ հասկացող ու խելացի կյանքի ընկեր է ընտրել իր համար: Հարսիկիս նույնպես շատ եմ սիրում, դաստիարակված, համեստ, լավ ընտանիքի զավակ է ու կարեւորը` շատ խելացի աղջիկ է, իսկ կինը իրավունք չունի խելացի չլինելու: Ես նրան շատ եմ սիրում, նա իմ աղջիկն է: Եվ իմ աստվածատուր դստերը` Մարիային, որը սովորում է Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, անչափ սիրում եմ ու գնահատում` իր ուժեղ ու ինքնատիպ բնավորության համար: Նա իսկապես հրաշք աղջիկ է, եւ ես մեծ հույսեր ունեմ աղջկաս հետ կապված, քանի որ նա լավ մարդ է մեծանում եւ ճիշտ ու հավասարակշռված քայլերով առաջ է շարժվում: Եվ աղջիկս, եւ տղաս, երկուսն էլ մեզ միշտ ուրախացրել են, եւ մենք միշտ հպարտ ենք մեր բալիկների համար: Ընդամենը մի քանի օր առաջ էլ, գիշերը ժամը 1:00-ին, տեսնեմ` դուռը բացվեց, տղաս ներս մտավ` յասամանի մեծ ծաղկեփունջը ձեռքին, շատ ուրախացա, որ այդ ուշ ժամին տղաս որոշել էր ինձ ուրախացնել. շատ հետաքրքիր տղա ունեմ ու դրա համար ամուսնուս եմ շնորհակալ, քանի որ հայրը մեծ նշանակություն ունի տղա երեխայի դաստիարակման ու կայացման հարցում: Ի վերջո տղան հոր արդյունքն է...

 

Հանդիպումը` ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում