livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

kgn-3Այս  անգամ «Զարուհի» ամսագրի «Կինը` իշխանության  մեջ» խորագրի  շրջանակներում ներկայացնում  ենք  ՀՀ  կրթության եւ գիտության  նախարարության  Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանին, ով  ոչ միայն երկար տարիների մանկավարժական  փորձ ունի, այլեւ դիրք եւ կարողություն` կրթության բնագավառում իր խոսքն ասելու համար: Իսկ ծանրաբեռնված ու հոգսերով լի աշխատանքին  զուգահեռ, տկն Հովհաննիսյանը հասցնում է նաեւ ժամանակ տրամադրել իր սիրելի ընտանիքին` մասնավորապես իր շատ սիրելի թոռնիկին`Հայկին, ում նա անչափ սիրում է, եւ նրանով ապրում…

- Մինչ կխոսենք ձեր ընտանիքի, հայ կնոջ կերպարի ու նրա հոգսերի մասին` ընդհանրապես, նախ կխնդրեի անդրադառնալ  կրթական  համակարգում առկա հիմնախնդիրներին, ու, ինչո՞ւ չէ, նաեւ ձեռքբերումներին: Ըստ Ձեզ` ի՞նչ վիճակում է գտնվում այսօրվա կրթական համակարգը…

- Միանշանակ, կրթության որակի բարձրացումը գերակա խնդիր է մեր պետության համար, եւ մեր քաղաքականությունն  է այսօր այդպիսին` որպեսզի  կրթության որակը բարձրանա, մատչելիության խնդիրը լուծվի, եւ ասեմ, որ այդ առումով բավականին կրթական բարեփոխումներ են իրականացվում, սկսած նախակրթական հիմնարկից`մինչեւ ավագ դպրոց: Այսինքն` սկզբից մինչեւ վերջ. մուտք եւ ելք ենք ապահովում: Նշեմ, որ  նախադպրոցական  կրթության ռազմավարական ծրագիր է մշակվել, որի արդյունքում 2015թ-ին   նախադպրոցական տարիքի բոլոր երեխաները,համոզված  եմ, որ   99 տոկոսով ընդգրկված կլինեն նախադպրոցական կրթության մեջ: Այսինքն, օրենքով նախադպրոցական կրթությունը պարտադիր չէ, բայց, իհարկե, ցանկալի է, հատկապես 5-6 տարեկան երեխաների համար, որպեսզի  նրանք նախապատրաստվեն դպրոցին: Որովհետեւ  մենք ունեինք վիճակ, երբ երեխան գալիս էր ե՛ւ մանկապարտեզից, ե՛ւ տնից: Իսկ այդ երեխաների տարբերությունը բավականին  մեծ է. եթե երեխան տնից  գալիս էր անգամ շատ գիտելիքներով, միեւնույն է` կապված կյանքի հմտության, հարաբերվելու, հանդուրժողականության եւ մի շարք այլ խնդիրներ հետ, պրոբլեմներ կային: Այսինքն, երեխային կրթվելու հետ միասին` անհրաժեշտ են նաեւ շփումներ, իսկ մանկապարտեզում երեխաների հետ շփվելով` երեխան ավելի հեշտ է մտնում դպրոց: Մի խոսքով, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ  իրոք ճիշտն այն է, որ երեխան մանկապարտեզից գա դպրոց:

- Տկն Հովհաննիսյան, երբ դեռ կրթության  ոլորտում բազում անելիքներ ու ծրագրեր կան իրագործելու, արդյո՞ք ճիշտ էր ավագ դպրոցներ ստեղծելու գաղափարը, եւ ինչքանո՞վ այն իրեն արդարացրեց, թեեւ հասկանում ենք, որ շուտ է  արդյունքների մասին խոսելը:

- Դե գիտեք, որ 2008թ.-ին հաստատվեց ավագ դպրոցներ ստեղծելու ռազմավարական ծրագիրը, որից հետո սկսվեցին աշխատանքները. 2009-ին ունեցանք  10 դպրոց, հետո` 38, իսկ այս տարվա  դրությամբ`սեպտեմբերի 1-ին, մենք արդեն 107 առանձին ավագ դպրոցով մտանք  համակարգ: Ամենակարեւորն այն է, որ առանձին ավագ դպրոցներն իրականացնում են հոսքային ուսուցում, այսինքն` երեխան հնարավորություն է ստանում 9-րդ դասարանը ավարտելուց հետո դուրս գալ իր դպրոցից եւ իր ուսումը  շարունակել  հոսքային դպրոցում: Այսօր երեխան ընտրել է, օրինակ, հումանիտար հոսքը, ապա նա այդ 3 տարիների ընթացքում հնարավորություն է ստանում  շատ ժամաքանակով  իր կրթությունը ստանալու: Երեխան այլեւս դասախոսի կարիք  չունի, որովհետեւ նա 12-րդ  դասարանում ամեն օր շատ ժամաքանակով (օրինակ, հումանիտարի դեպքում) հայոց լեզու եւ գրականություն կանցնի եւ  կգնա բանասիրական ֆակուլտետում սովորելու:

- Հաճախ ծնողները տրտնջում են  այն բանի համար, որ իրենց երեխան եւ ավագ դպրոց է գնում, եւ էլի շարունակում է լրացուցիչ պարապել դասախոսի մոտ, որպեսզի բուհ ընդունվելու համար խնդիրներ չունենա: Սրան ի՞նչ կասեք: Այսուհետ ծնողները կարո՞ղ են հանգիստ լինել, որ  ավագ դպրոցում լավ պատրաստվելուց հետո, իրենց երեխաները  կարող են առանց բարդությունների բուհ ընդունվել:

- Այսօր, այս պահին արդյունքների մասին չեմ կարող խոսել, քանի որ այսօր 12-րդ դասարանցին, այո, կարող է լրացուցիչ պարապմունքների գնալ, որովհետեւ ծրագիրը նոր է, բայց գալիք եռամյա ավագ դպրոցում, հստակ  կարող եմ  ասել, որ շոշափելի արդյունքներ  կարձանագրենք:Բայց եթե էլի երեխաներ կլինեն, ովքեր կորոշեն լրացուցիչ  պարապել, դա մեզ չի անհանգստացնում, որովհետեւ քննությունը մնում է քննություն, եւ այսօր նույնիսկ շատ մեծահասակ մարդիկ շատ տեղերում քննություն տալու համար եւ ինքնուրույն  են պարապում, եւ միեւնույն ժամանակ  հարմարեցնում են, որ ինչ-որ մեկը իրենց հետ պարապի: Իսկ քննական շեմին միշտ էլ մարդը  անհանգիստ է, քանի որ նրա  սիրտը տրոփում է քննությունից առաջ,  եւ դա ամբողջ  աշխարհում է այդպես:

kgn-4- Խոսենք Ձեր կին տեսակի եւ ղեկավարի մասին: Ի՞նչ հարաբերությունների մեջ է ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը  դպրոցի տնօրենների հետ, նամանավանդ որ, համակարգում շփումն ավելի շատ կանանց հետ է լինում:

 

լինել: Ինքը պետական մտածողության տեր կին է, եւ ես կարող եմ համոզված ասել, որ նա պետության համար ցավացող ու մտահոգվող մարդ է, անչափ կարեւորում եմ, որ մենք համերաշխ ու կազմակերպված աշխատանք ենք տանում` հանուն մեր պետության, մեր ժողովրդի, եւ մեր երեխաների համար:

- Առիթից օգտվելով` հարցնեմ, թե ի՞նչ հարաբերությունների մեջ եք  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ, քանի որ, ինչքանով որ տեղյակ ենք, նախարարը  բավականին  բծախնդիր   է իր գործի մեջ:

- Ես շատ հպարտ եմ, որ  Արմեն Աշոտյանի նման մարդու հետ եմ աշխատում, որովհետեւ, երբ որ ինքը դեռեւս խորհրդարանում Կրթության եւ գիտության  հանձնաժողովի նախագահն էր, արդեն այնտեղից ես նրան տեսնում էի որպես շատ ուժեղ եւ հասուն երիտասարդի: Այն ժամանակ իր հետ շփումը չէր ստացվում, բայց հետո, բախտի բերմամբ, այնքան շփվեցինք  իրար հետ, որ  հանգիստ խղճով  ամեն օր կարող եմ գնալ իր հետ խոսելու, կիսվելու եւ մեր ընդհանուր գործերը առաջ տանելու...Ընդամենը երկու օր առաջ, երբ մենք գնացել էինք Վեհափառի մոտ, որտեղ  կայանալու էր «Լավագույն  ուսուցիչ»  մրցույթի ամփոփումը, պիտի տեսնեիք, թե այդ օրը ինչ անպատմելի ելույթ ունեցավ Արմեն Աշոտյանը. այդ ելույթը եւ մշակութային էր, եւ կրթական էր, մեծ գնահատանք էր ուսուցչին, չգիտեմ, թե  որտեղից  էին  այդ բառերը… Դա մի ուրիշ բառապաշար ու հասկացողություն էր… Ամենակարեւորը գիտեք որն է, որ մարդը կարողանում է արագ կողմնորոշվել. թեման ասում ես, ու մարդը արագ դրա մեջ է մտնում. միջին մասնագիտական, ավագ դպրոց, բարեփոխումներ ու ցանկացած բան կրթական թեմային վերաբերող. ամեն հարցում նա արագ կողմնորոշվել ու խելացի որոշումներ կայացնել գիտի: Սա շատ կարեւոր  ու անգնահատելի բան է պետական պաշտոնյայի համար: Ես վստահ եմ, որ Ա. Աշոտյանը համակարգում սկսած բարեփոխումները կարող է հաջողությամբ իր ավարտին  հասցնել:

- Տկն Հովհաննիսյան, տարածված կարծիք կա, որ առանց ամուր «մեջք» ունենալու, ոչնչի չես կարող հասնել: Ձեր դեպքում ինչպե՞ս է եղել:

- Ես լիովին անկեղծ եմ. ոչ մի հովանավոր, ոչ մեկը չեմ ունեցել: Ես ոչ քույր ունեմ, ոչ եղբայր, ոչ մեկը, ունեի հայր, մայր, շատ բարեկամներ  բայց նրանց մեջ պաշտոնավորներ չկային: ՈՒղղակի իմ բախտը մի բանում բերեց, դա երեւի մի քիչ էլ  Աստծու տված մի բան է, որ միշտ  նկատվել եմ: Միշտ գնահատված եւ ուժեղ եմ եղել իմ ղեկավարներով: Այսօր իմ ծանոթը`իմ նախարարն է:

-Վերջապես խոսենք  Նարինե Հովհանիսյանի ընտանիքի  մասին: Նախ  կխնդրեի պատմել, թե ինչպես ծանոթացաք ձեր ամուսնու` Հակոբ  Մարուխյանի  հետ, ով  եթե չեմ սխալվում, Հանրային հեռուստաընկերությունում է  աշխատում:

- Ամուսնացա իմ համադասարանցու հետ, որի հետ սովորում էինք  այն ժամանակվա Կրուպսկայայի անվան դպրոցում: Շատ լավն էր իմ դպրոցական աշխարհը, նաեւ  նրանով, որ ես գնում էի պիոներների պալատ`գրական  խմբակ` Սուսաննա Բաբայան անունով մի կնոջ մոտ, որին, ի դեպ հիշատակում է նաեւ Պարույր Սեւակը` իր հիշողություններում (որպես իր համակուրսեցի), եւ հենց Սեւակն էլ օգտվում էր նրա գրադարանից, քանի որ նա շատ հարուստ գրադարան ուներ: Նա իսկապես շատ հրաշալի եւ զարգացած մի կին էր, որը  մեզ կարդալ եւ գրել էր սովորեցնում: Ու մենք ստեղծագործում էինք. ես պատմվածքներ, բանաստեղծություններ էի գրում, ու ինձ  իմ դպրոցի տնօրենը` Պետրոսյան Օֆելյան շատ  էր  սիրում ու մշտապես ոգեւորում էր. միջոցներ էր ձեռնարկում, որ իմ ստեղածագործությունները տպվեին «Պիոներ Կանչ»-ում, կամ էլ դպրոցի միջոցառումների ժամանակ անպայման առիթ էր ստեղծում, որ ես դրանք կարդայի: Եվ ես ինձ իրոք վստահ ու հպարտ էի զգում, ու այդ տարիներից էլ արդեն անհանգիստ ու ակտիվ աղջիկ էի… իսկապես շատ լավ օրեր էին դրանք: Եվ ստացվեց այնպես, որ իմ  դպրոցի տնօենը ինձ առաջարկեց մնալ իմ հարազատ դպրոցում եւ աշխատել` որպես ջոկատավար:  Հետո, ամեն ինչ կամաց-կամաց  իր հունով գնաց, ինչպես նաեւ այդ ժամանակահատվածում, այսպես ասած, դասավորվեց  նաեւ  իմ անձնական կյանքը: Հակոբը`ամուսինս, ով  շատ վաղուց աշխատել է Հանրային ռադիոյում, եւ հիմա էլ  պայմանագրային հիմունքներով շարունակում է այնտեղ  աշխատել` որպես ռեժիսոր, արդեն ասացի, իմ  համադասարանցին է եղել, եւ անընդհատ մենք միասին ենք եղել: Նա միշտ իմ կողքին է եղել` ե՛ւ որպես լավ ընկեր, ե՛ւ որպես ամուսին: Հակոբը ամբողջ կյանքում եւ հիմա  էլ 15 րոպեն մեկ զանգում է ինձ, կարող է հարցնի` «ո՞նց ես», ու անջատի հեռախոսը: Այդպես  սիրով ու համերաշխ ապրում ենք իրար հետ:

kgn-2- Իսկ քանի՞սն են Ձեր զավակները:

- Երկուսը`աղջիկ, տղա, որոնցից ամեն մեկը ընտրել է իր ճանապարհը: Տղաս` Արամը, մշակութային  պրոդյուսերական կյանք է վարում. նրա համար ամենալավագույն մարդը դերասանն է, եւ ինքը իրականում էլ  ապրում է դերասանի աշխարհով: Հենց հիմա  էլ նա ներկայացում է դրել. «Ամեն ինչից` մի քիչ, մի քիչ»: Տեսնենք, թե հետագայում ինչպես կստացվի, բայց համոզվել եմ, որ իր աշխարհը դա է: Աղջիկս` Աննան, անգլերեն է դասավանդում  Պուշկինի անվան դպրոցում, ուր, ի դեպ,  առաջին անգամ ոտք է դրել մեր սիրելի, ու պաշտելի թոռնիկը` Հայկը: Պիտի խոստովանեմ, որ այս տարին ինձ համար  իրոք շատ

բարդ ու պատասխանատու տարի էր նրանով, որ թոռնիկիս նույնպես դպրոց էի ճանապարհելու, դա իսկապես աննկարագրելի զգացողություն էր իմ եւ ընտանիքիս անդամների համար: Ամեն րոպե, երբ Հայկը ինձ հետ է, ես անընդհատ  ուզում եմ նրան դեպի գիտելիքը տանեմ…

- Իսկ կրթական համակարգում մեծ փորձառություն ունեցող տատիկը փոքրիկ Հայկի  մեջ  ապագա ի՞նչ մասնագետ է տեսնում:

- Կարեւորն այն չէ, թե ինչ կդառնա, կարեւրոն այն է, որ նա լավ մասնագետ լինի իր գործի մեջ: Կարեւորը`գիտելիքն ու  պատրաստվածությունն է, մնացյալը լուծվող հարցեր են:

- Իսկ Հայկը դպրոցում իրեն արտոնյալ է զգում `կարեւորելով  տատիկի այսօրվա դիրքը, քանի որ  երեխաները  սովորաբար շատ շուտ են գլխի ընկնում, թե ինչն ինչոց է:

- Դեռ  փոքր է  չեմ, կարծում, որ նման  բաների մասին կմտածի,   բայց տատիկին կարեւորում է. վերջերս, երբ ես մեր նախարարի` Ա. Աշոտյանի կողմից  մեդալ ստացա Ուսուցչի տոնի առթիվ, ու երբ որ ինքը հեռուստացույցով այդ ամենը տեսել էր, երբ տուն վերադարձա` ասաց. «Տատիկ, ես քեզ բեմում տեսա», մինչդեռ ես ոչ թե բեմում, այլ դահլիճում էի գտնվում: Այսինքն, իր մեջ արդեն ինչ-որ բան խոսում է, եւ այդ հպարտությունը ապրում է:

- Հաճախակի՞ եք նվերներ գնում Հայկի համար, եւ վերջին անգամ ի՞նչ նվեր եք արել նրան:

- Աշխատում եմ նվերների հարցում ուշացումներ չլինեն, իսկ վերջին անգամ նրան մեքենա եմ գնել: Աշխատում եմ, որ այն, ինչ կարեւոր է, եւ առաջին անգամ է, ես անեմ Հայկի համար: Այն, ինչ մի քիչ ծանր գործ է ու հիշվող :

- Ինչպիսի՞ն է Նարինե Հովհաննիսյանը խոհանոցում:

- Սիրում եմ խոհանոցը, բայց  խմորեղեն պատրաստելուց վատ եմ, միայն էկլեր եմ լավ պատրաստում: Իսկ աղցաններ, ճաշեր շատ լավ եմ պատրաստում. տղաս ասում է, որ խաշլաման, բորշչը, տոլման եւ մյուս ճաշատեսակները շատ համեղ եմ պատրաստում:

- Ամանորի սեղանը Դո՞ւք եք պատրաստում:

- Անպայման, ոչ մի պատրաստի բան չեմ սիրում, ամեն ինչ ես իմ ձեռքով եմ պատրաստում:

- Ազատ ժամանակ ինչո՞վ է զբաղվում  Նարինե Հովհաննիսյանը:

- Եթե ժամանակ լինում է, անպայաման ընթերցում եմ` իսկ, Պարույր Սեւակը միշտ պետք է ձեռքիս տակ լինի: Ամեն անգամ նրան կարդում եմ, ու իրեն ավելի խորն եմ  ընկալում ու տեսնում:  

- Կինո, թատրոն հասցնո՞ւմ եք  գնալ:

- Դե, երկու օր առաջ տղայիս թատրոնը գնացի ու շատ հավանեցի ընդգրկված դերասանների խաղը: Ժամանակ գտնելու դեպքում անպայման գնում եմ սիմֆոնիկ երաժշտություն լսելու, վերջերս Ֆլորա Մարտիրոսյանի համերգին եմ գնացել, ում շատ սիրում եւ գնահատում եմ:

Իսկ ամենակարեւոր հատվածն այն է`որ ամուսնուս հետ դուրս ենք գալիս զբոսնելու, հիմա թոռնիկս`Հայկն էլ է մեզ միանում, ու դա  արդեն մի ուրիշ հետաքրքրություն է:

- Եթե դեմ չեք մի քանի գաղտնիք էլ իմանանք Ձեր զգեստապահարանի մասին: Հիմնականում բրենդի՞ն եք նախապատվություն տալիս, թե՞kgn-1 դա Ձեզ համար այնքան էլ կարեւոր չէ:

- Բրենդային չեմ հագնվում, բայց աշխատում եմ գործուղումների ժամանակ շոպինգի գնալ, որտեղ ես  միանգամից շատ հագուստներ եմ գնում: Բայց մի բան էլ կա. ամուսնուս քույրը Իսպանիայում է ապրում, եւ նա էլ է ինձ  հագուստներ ուղարկում: Դժգոհ չեմ, ամեն ինչ նորմալ է, կարեւորն այն է, որ ճաշակով հագնվես` պահպանելով համադրությունը:

- Տկն Հովհաննիսյան, Դուք է՞լ եք համաձայն այն մտքի հետ, որ կանայք ավելի շատ պետք է ներկայացված լինեն իշխանության մեջ:

- Այո, միանշանակ: Ես հավատում եմ կանանց աշխատանքին, իրենք նվիրվելու մեծ ընդունակություններ ունեն, իրենց նվիրումը` նվիրում է, եւ չեմ խուսափի ասել, որ կանայք թող շատ պաշտոններ զբաղեցնեն, եւ խորհրդարանում էլ նրանց թիվը ավելի շատանա: Խոսքս, իհարկե, իմաստուն եւ խելացի կանանց մասին է:

- Եվ որպես  վերջաբան` ի՞նչ կմաղթեք մեր հայ կանանց Ամանորի նախաշեմին եւ ի՞նչ ցանկություններ ունեք, որ կուզենայիք ի կատար ածվեին:

- Նախ, ես կուզենայի, որ մեր կանայք  միշտ լինեին վեհ կեցվածքով, գեղեցիկ ու խնամված: Լինեն հանդուրժող ու համբերատար, այդ հանդուրժողականությունն ու համբերատարությունը մաղթում եմ մեր բոլոր ուսուցիչներին` լինել համբերատար, հանդուրժող, եւ մեծ սեր ունենան մեր երեխաների նկատմամբ: Նրանք, ովքեր չեն սիրում մեր երեխաներին, պարզապես կոչ եմ անում թողնել դպրոցը, չի ստացվի, եթե չես սիրում, չես կարող աշխատել: Ես ուզում եմ, որ մեր դպրոցը շատ հզոր լինի, որովհետեւ դպրոցի հզորացումը միանշանակ բերելու է պետության հզորացման, ես ուզում եմ, որ եւ մեր դպրոցը հզորանա, եւ մեր պետությունը: Իսկ որպես Ամանորյա մաղթանք` ուզում եմ, որ մեր պետությունը լինի հզոր ու խաղաղ, որ մեր սոցիալական խնդիրները հեշտությամբ ու շուտ լուծվեն, եւ որ յուրաքանչյուր ընտանիք կարողանա ուրախ Ամանոր անցկացնել եւ ունենա  բարձր  տրամադրություն:  


Հանդիպումը`

ԳԱՅԱՆԵ  ԶԱՐԳԱՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում