«Զարուհի» ամսագրում մի շարք հետաքրքիր ու բովանդակալից խորագրերի ու հանդիպումների շարքում որոշեցինք տեղ գտնել նաև այն կանաց համար, ովքեր տարիներ շարունակ ապրել, ընտանիք են ստեղծել և մինչ այսօր էլ մեր լավ ու վատ իշխանավորների կողքին են: Կարծում ենք, այս թեման իսկապես շատերին կհետաքրքրի, քանզի երբեւէ հնարավորություն չի լինում մեր պետական չինովնիկների, օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչների, նրանց ընտանիքի և մասնավորապես նրանց կանանց մասին ավելին իմանալու:
Եվ այսպես` «Զարուհի» ամսագրի առաջին հանդիպումը տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանի տիկնոջ` Հասմիկ Մինասյանի հետ, որն առաջին իսկ հայացքից աչքի ընկավ իր համեստությամբ ու կանացիությամբ, և ամենակարեւորը` ընտանիքի լավ մայր, իսկ թոռնիկների համար լավ տատիկ լինելու կարողությամբ, քանի որ նրա երկու թոռնիկներն էլ` Հասմիկը և կրտսեր Մկրտիչը, ինչից որ պատմում էին, անպայման տատիկի անունն էին տալիս, նշելով, որ տատիկը իրենց համար ամեն ինչի պատրաստ է, միայն թե, ինչպես տիկին Հասմիկն ինքն է ասում` «թոռնիկներիս համար թող ամեն ինչ լավ լինի, նրանք մեր կյանքն են»…
Իսկ ամենաառաջին հարցին, թե ինչպես է տիկին Հասմիկն իրեն զգում Մկրտիչ Մինասյանի կողքին, ապա.
- Անշուշտ շատ լավ, քանի որ նա լավ ընտանիքի հայր է եղել, ինձ համար` ուշադիր և սրտացավ ամուսին և ամենակարևորը` լավ պապիկ, որին թոռները անսահման սիրում են:
- Տիկին Հասմիկ, կպատմե՞ք, թե ինչպես, ինչ պայմաններում ծանոթացաք Մկրտիչ Մինասյանի հետ:
- Մկրտիչ Մինասյանի հետ ծանոթացել ենք նրա հորաքրոջ միջոցով. հորաքույրը ծանոթ էր ինձ հետ, հետո բերեց, ինձ ծանոթացրեց նաև Մկրտիչի հետ, որից հետո սկսեցինք շփվել, ընկերություն անել, դե, բնականաբար, հետո էլ ամուսնացանք:
- Առաջին հայացքից Ձեզ ի՞նչը դուր եկավ Մ. Մինասյանի մեջ:
- Նրա լրջությունը, հավասարակշռվածությունը և զսպվածությունը: Երիտասարդ տարիքում նա արդեն կայացած անձնավորություն էր. հիշում եմ, թե նա ինչպես էր իրենից տարիքով մարդկանց հետ հավասարը-հավասարի պես շփվում ու իր հետ հաշվի նստեցնում… Ես այսօր էլ իսկապես հպարտ եմ, որ նրա կինն եմ, քանի որ նա իսկապես հրաշալի մարդ է, ամեն տեղ ես նրա մասին միայն լավ բաներ եմ լսում:
- Իսկ վատ բաներ երբևէ չե՞ք լսել:
- Անկեղծ ասած` ոչ: Ես մինչև այսօր որևէ վատ բան չեմ լսել ամուսնուս մասին: Օրինակ, հարսներս էլ` Աննան և Սիրանույշը, տարբեր կոլեկտիվներում են աշխատում, բայց անընդհատ ինձ պատմում են, որ մամ, գիտես, էս ինչ մարդը պապայի մասին լավ բաներ էր պատմում ու հիշում:
- Իսկ շա՞տ են լինում դեպքեր, երբ Մկրտիչ Մինասյանը Ձեզ վրա բարկանում է, նամանավանդ որ հայ տղամարդիկ սովորություն ունեն իրենց զայրույթը այս կամ այն առիթով կանանց գլխին թափել:
- Կարծում եմ, ցանկացած տղամարդ այս կամ այն առիթով կարող է իր կնոջ վրա բարկանալ, պարզապես կարևոր է, որ այդ դիտողությունը այնքան ճիշտ և հավասարակշռված ձևով արվի, որ կինը դրանից չնեղանա ու չվիրավորվի: Կոնկրետ մեր ընտանիքում, փառք Աստծո, ամեն ինչ չափի ու զսպվածության մեջ է եղել, և ես շատ ուրախ եմ, որ ամուսինս` Մկրտիչ Մինասյանը, այս տարիների ընթացքում ընտանիքի այնպիսի հայր և ամուսին է եղել, որը միայն արժանի է սիրո ու հարգանքի:
- Խորհրդային տարիներին, երբ պրն Մինասյանը շրջկոմի առաջին քարտուղարն էր, այդ ժամանակ ի՞նչ զգացողություններ ունեիք` որ դուք բարձր պաշտոնի իշխանավորի կի՞ն եք, որ հավասարակշռված մարդու հե՞տ գործ ունեք, թե՞ մտածում էիք, որ դրանք անցողիկ բաներ են, կարևորը որ ձեր երեխաները կարգին, խելքը գլխին հայր ունեն:
- Ես որևէ փոփոխություն իմ ներսում չեմ զգացել, ամուսինս այս պաշտոնին է, այն գործին է. մեր հարաբերությունները միշտ նույն ձևով շարունակվել են, և մեր ընտանիքում մշտապես ջերմություն է եղել:
- Իսկ Ձեզ մինչ այսօր էլ լա՞վ է պահում, պրն Մինասյանը, գո՞հ եք նրանից:
- Իհարկե գոհ եմ, ամուսինս միշտ էլ ուշադիր է եղել իմ, մեր ընտանիքի նկատմամբ, և ինչ-որ մեզ անհրաժեշտ է եղել, առանց վարանելու ամեն բան արել, որ ընտանիքը պակաս բանի կարիք չունենա:
- Իսկ հաճախակի՞ է նա աշխատանքից ուշ վերադարձել, և հարցրե՞լ եք նրան, թե որտեղից է եկել, ինչո՞ւ է ուշացել, և նա նման դեպքերում ի՞նչ կերպ է արձագանքել Ձեր հարցերին:
- Ինչու չէ, շատ են եղել: Դե հարցրել եմ, թե ուր է եղել, բայց նա պարտաճանաչ է, ամեն ինչ ինձ նախօրոք էր ասում:
- Եվ Դուք միշտ հավատացե՞լ եք նրա ասածներին:
- Նա լուրջ անձնավորություն է, ինչպե՞ս կարող էի նրա խոսքին չհավատալ:
- Երբևէ չե՞ք խանդել Ձեր ամուսնուն:
- Ոչ, խանդի տեսարաններ չեն եղել: Նույնիսկ մեզ փորձել են կռվեցնել, բայց չի ստացվել:
- Իսկ ուշանալու դեպքում, հայ կնոջ «խասիաթի» համաձայն հաճախակի՞ էիք զանգահարում պրն Մինասյանին:
- Անընդհատ չէ, բայց զանգահարում էի, զուտ անհանգստությունից ելնելով, բայց ոչ խանդի հողի վրա: Ես իմ բնավորությամբ հանգիստ մարդ եմ և ամեն ինչ ընդունում եմ այնպես, ինչպես կա:
- Ասում են` եթե չես խանդում, ուրեմն չես սիրում:
- Չէ, ես սիրում եմ, բայց չեմ խանդում:
- Անցնենք առաջ: Կասե՞ք, թե լավ մայր, կին լինելուց բացի, Ձեզ հաջողվե՞լ է նաև Ձեր դստեր` Զարուհու ամուսնու` փեսա Կարենի համար լավ զոքանչ լինել: Նրա հետ ի՞նչ հարաբերությունների մեջ եք, ստանդարտ զոքանչ-փեսա՞, թե՞ դրանից մի քիչ այն կողմ:
- Նա ինձ Հասո է ասում, ես էլ նրան ասում եմ փեսա Կարեն: Մի առիթով էլ ասաց, որ ինձ մամա չի ասում, բայց մոր պես սիրում է:
- Իսկ Ձեր հարսների` Սիրանույշի և Աննայի հետ վեճեր ունենո՞ւմ եք, թե՞ գործը դրան չի հասնում: Եվ մի հարց էլ. հայ ընտանիքում ինչքանո՞վ եք հնարավոր համարում հարս-սկեսուր ընկերությունը: Եվ եղե՞լ են արդյոք դեպքեր, երբ մեծ հարսը փոքրին է խանդել, կամ հակառակը:
- Երկու հարսիկներս էլ իրարից շատ տարբեր են, բայց երկուսին էլ հավասար եմ սիրում: Կարևորն այն է, որ ե՛ւ Աննան, ե՛ւ Սիրանույշը բարի ու կամեցող աղջիկներ են, և հետո նրանք ինձ շատ լավ թոռնիկներ են պարգևել, ո՞նց կարող եմ նրանց չսիրել: Թոռնիկներս հինգն են, և ես նրանց ամենաշատն եմ սիրում, նրանք մեր կյանքն են: Ինչ վերաբերում է ձեր ասած այդ ընկերությանը, ապա այն շատ հնարավոր է, եթե ընտանիքում փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտ կա: Իսկ մեր դեպքում, կարող եմ ասել, որ այդ ընկերությունը նույնպես ստացվել է:
- Ասացիք, Ձեր երկու հարսիկներն էլ տարբեր են, բայց լավն են, իսկ ամեն մեկին յուրովի ինչպե՞ս կներկայացնեիք, բնավորության ո՞ր գծերով են առանձնահատուկ Աննան և Սիրանույշը:
- Մեծ հարսիկս` Սիրանույշը, Վահրամիս կինը, ինձ նման հանգիստ է, զուսպ ու շատ հավասարակշռված: Իսկ փոքր հարսիկս` Աննան, Մինասիս կինը, շիտակ, ուղղամիտ ու անմիջական աղջիկ է: Բայց էլի եմ կրկնում, նրանք երկուսն էլ յուրովի լավ մարդ են: Դե տղանեիս մասին էլ միայն կարող եմ ավելացնել, որ նրանք իրենց հոր արժանի զավակն են...
- Իսկ Ձեր աղջկա` Զարուհու դեպքում ստացվե՞լ է ընկերություն ասվածը, որովհետև շատ հաճախ հարազատ մոր և աղջկա ընկերությունը միշտ չէ, որ լավ է ստացվում: Շատ հաճախ հայր ու աղջիկ ավելի լավ են լեզու գտնում իրար հետ:
- Աղջիկս` Զարուհին, շատ լավ մարդ է, կամեցող ու սրտացավ հորաքույր է, ուշադիր ու սրտացավ մարդ, որին չի կարելի չսիրել: Իսկ ընկերության առումով պետք է ասեմ, որ նա ընկերություն է արել և անում ե՛ւ հոր, ե՛ւ ինձ հետ, որովհետև մենք ամուսիններով միշտ աշխատել ենք այնպես դաստիարակել մեր երեխաներին, որ նրանք հարգանքի հետ մեկտեղ, մեզանից չկաշկանդվեն ու կարողանան հարկ եղած դեպքում կիսվել ու անկեղծանալ…
- Հետաքրքիր է, Զարուհու մոտ խանդի տեսարաններ չե՞ն եղել, երբ դուք ձեր հարսների հետ «ջան ասել, ջան լսել եք»:
- Ես` որպես մայր, ինձ այնպես եմ պահել, որ հարսներիս ու աղջկաս մոտ այդ առումով տարաձայնություններ չլինեն: Ես ամեն կերպ փորձել եմ նպաստել, որ միշտ հարսներս ու աղջիկս լավ հարաբերությունների մեջ լինեն, որ մեկը մյուսի նկատմամբ սրտացավ ու հոգատար լինեն:
- Իսկ երբ որ ձեր հարսիկները «խռովում» են ձեր տղաներից, այդ ժամանակ ո՞ւմ եք պաշտպանում` հարսների՞ն, թե՞ տղաներին, և ընդհանրապես հարսիկները այդ հարցով ձեզ անհանգստացնո՞ւմ են:
- Գիտեք, ամեն ընտանիքում էլ խոսակցություն լինում է, բայց կարևոր է, որ այդպիսի իրավիճակում անգամ էլի փոխադարձ հարգանք ու վստահություն լինի: Իսկ եթե տղաներիցս մեկն ու մեկի ընտանիքում հանկարծ ինչ-որ բան այնպես չի լինում, մենք աշխատում ենք նրանց գործերի մեջ չխառնվել, բայց որպես ծնող ե՛ւ Մկրտիչը, ե՛ւ ես այնքան նրբորեն ենք այդ հարցի վերաբերյալ խոսում, բացատրում, որ նրանք գլխի էլ չեն ընկնում, որ մենք ինչ-որ բան արդեն գիտենք:
- Ամփոփելով մեր զրույցը, այնուամենայնիվ, փորձենք ևս մեկ անգամ ճշտել. հե՞շտ գործ է իշխանավորի կին լինելը, թե՞…
- Կարևորը ոչ թե իշխանավորի կին լինելն է, այլ կարևորն այն է, թե ով է կողքիդ տղամարդը, եթե առանց իշխանություն ունենալու էլ կողակիցդ հասկացող է, խելացի ու ըմբռնող, ապա հավատացած եղեք, որ դա հաջող ընտանիք ունենալու ամենալուրջ գրավականն է:
Զրույցը`
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ