livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 09, 2019

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ

Կենդանակերպի նշանը` Օձ:

Հորոսկոպի նշանը`  Ցուլ:

Սիրած թիվը` 9:

Սիրած գույնը` կարմիր:

Սիրած եղանակը` ամառ:

Սիրած ճաշատեսակը` բանջարեղենով սալաթ:

Կարգախոսը քաղաքականության մեջ եւ քաղաքականությունից դուրս. «Չդավաճանել սեփական սկզբունքներին»:

 

-Տկն Զոհրաբյան, համառոտ կպատմե՞ք Ձեր անցած ճանապարհի մասին:

- Ծնվել եմ Երեւանում, ավարտել Թատերական ինստիտուտի թատերագիտության ֆակուլտետը: Այնուհետեւ ուսումնական պրակտիկան անցկացրել եմ Մոսկվայի առաջատար թատրոններում՝ «Լենինյան Կոմերիտմիության» անվան թատրոն, «Սատիրայի» թատրոն, «Մայակովսկու անվան» թատրոն: Կարծում եմ` յուրաքանչյուր մարդու համար մեծ երջանկություն է շփվել այնպիսի արվեստագետների հետ, ինչպես Անդրեյ Միրոնովն էր, Օլեգ Յանկովսկին, Աբդուլովը, Կարաչենցովը, Մարկ Զախարովը, Արմեն Ջիգարխանյանը եւ այլք: Ես այդ երջանիկներից մեկն եմ եղել: Ուսանողական տարիներին հեղինակել եմ մի շարք թատերագիտական աշխատություններ, որոնք տպագրվել են թե՛ հայաստանյան, թե՛ արտերկրի մամուլում: Ավարտել եմ միջազգային ժուռնալիստիկայի երկամյա դասընթացները: Ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո սկսել եմ զբաղվել լրագրությամբ: Աշխատել եմ «ԱՐ», «Առավոտ», «Հայք», «Հայկական ժամանակ» թերթերում:

10 տարի անընդմեջ եղել եմ «Հայկական ժամանակի» քաղաքական մեկնաբանը: Մի կարճ ժամանակահատված աշխատել եմ «Կենտրոն» հեռուստաընկերությունում որպես «Վերելք» քաղաքական հաղորդաշարի հեղինակ-վարող:

2007 թվականին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով առաջադրվել եւ ընտրվել եմ ԱԺ պատգամավոր: Այժմ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն եմ:

- Ինչպիսի՞ն է կին քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը քաղաքականությունից դուրս:

- Այնպիսին, ինչպիսին քաղաքականության մեջ. չեմ հանդուրժում սուտն ու կեղծիքը, չեմ հանդուրժում քծնանքը եւ տանել չեմ կարողանում ստորաքարշներին: Եվ, ի դեպ, չեմ կիսում նաեւ այն թյուր կարծիքը, թե քաղաքականությամբ հիմնականում զբաղվում են անձնական կյանքում չհաջողված կանայք: Դա կատարյալ անհեթեթություն է, քանզի, եթե որպես կին քո ներքին հավասարակշռությունը խախտված է, եթե դու քո ընտանիքում երջանիկ չես, ապա վստահաբար նման կինը չի կարող իր աշխատանքում հաջողություն ունենալ՝ լինի այդ աշխատանքը մանկավարժի, վարսահարդարի, թե քաղաքական գործչի: Միայն անձնական կյանքում հավասարակշռություն եւ ներդաշնակություն ունեցող կինը կարող է իրեն վստահ զգալ իր մասնագիտության մեջ ու արձանագրել առաջընթաց եւ հաջողություն: Դա ինձ համար աքսիոմ է, եւ որեւէ մեկը չի կարող ինձ հակառակում համոզել:

- Ձեր մտերիմների, բարեկամների շրջապատում Դուք ավելի շատ ընկալվում եք որպես քաղաքական գործի՞չ, թե՞ հայ կին, որն իր հոգսերն ու խնդիրներն ունի…

- Երբ քո անունը հայտնի է հանրությանը, եւ ամենուր քեզ ճանաչում են, ապա, նկատել եմ, որ քո մտերիմների շրջապատում եւս քեզ սկսում են ընկալել մի քիչ այլ կերպ: Եվ միայն քո ամենամերձավոր հարազատների՝ քո ընտանիքի համար ես դու նույնը՝ անկախ նրանից, թե քո աշխատանքում ինչ բարձունքի կհասնես կամ չես հասնի: Միայն քո հարազատներն են, որոնց համար դու նույն աղջիկն ես, ինչ 10 կամ 20 տարի առաջ էիր, եւ նրանք են, որ տեսնելով ու հասկանալով իմ ծանրաբեռնվածությունը, աշխատում են մի քիչ ավելի մեծ բեռ վերցնել իրենց ուսերին՝ ինձ կենցաղային շատ հոգսերից ազատելու համար:

- Տիկին Զոհրաբյան, որպես ԱԺ Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ` հաճախակի գործուղումների մեջ եք լինում: Չհաշված, որ խորհրդարանում էլ բավականին լարված ու ծանրաբեռնված աշխատանք եք կատարում: Այս պարագայում դժվար չէ՞ աշխատանքն ու ընտանիքը համատեղելը: Եվ երկրորդ, ինչքանո՞վ է Ձեր ընտանիքը օգնում Ձեզ աշխատանքի մեջ հաջողությունների հասնելու համար:

- Մի բանում ես անվերապահորեն վստահ եմ՝ մարդ ինչքան զբաղված է լինում, օրդ ինչքան ծանրաբեռնված է լինում, այնքան ավելի ճշգրիտ են աշխատում ինքնակարգավորմանդ մեխանիզմներն, ու այնքան ավելի օպտիմալ ես տեղաբաշխում ժամանակդ, որ այսօրվա գործը վաղվան չթողնես: Ես երբեք ոչ մի գործ, որ ծրագրել եմ անել այսօր, չեմ թողնում վաղվան, եւ դա ինձ օգնում է առաջին հայացքից անլուծելի թվացող օրվա օրակարգը կիսատ չթողնել:

Ցավոք, այո՛, աշխատանքի բերումով շատ եմ լինում Եվրոպայում, քանզի Հայաստան-ԵՄ Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահն եմ, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում, «Եվրանեսթում», Ֆրանկոֆանիայի Վեհաժողովում, մի շարք այլ միջազգային կազմակերպություններում ներկայացնում եմ Հայաստանը: Եվ իմ ընտանիքն արդեն սովոր է, որ ամսվա մեջ առնվազն մեկ շաբաթ ես Հայաստանում չեմ լինում: Աղջիկս էլ արդեն մեծ է եւ հասկանում է, որ գործը, որը ես անում եմ միջազգային տարբեր կառույցներում, իրապես անչափ կարեւոր է: Ուստի իմ հարազատներն ինձ օգնում են առաջին հերթին իրենց ըմբռնումով, իրենց հոգատարությամբ, եւ անգամ այն ժամանակ, երբ ես անչափ հոգնած եմ լինում ու, երեւի թե, մի քիչ կտրուկ նրանց հետ, պատասխանում են իրենց մեծահոգությամբ եւ սիրով: Այդ սերը ինձ շատ է պետք, որովհետեւ, երբ գիտես, որ քեզ սիրում են, դա այնպիսի մի ջերմություն եւ ուժ է տալիս, որ պատրաստ ես ցանկացած, անգամ ամենաբարդ աշխատանքն անելու: Որովհետեւ, ի վերջո, աշխարհում ամեն ինչ հիմնված է սիրո վրա, ու եթե ուզում ես հաջողություն ունենալ, քո աշխատանքն էլ պիտի սիրով ու մեծ նվիրումով անես:

- Ժամանակին շատերը  բարձրաձայնում էին, որ լրագրող Նաիրա Զոհրաբյանը շատ առաջ կգնա, եւ շատ բանի կհասնի ճարպկության, համարձակության ու խելքի շնորհիվ, իսկ Դուք, երբ լրագրության մեջ լուրջ հաջողությունների հասաք , մտածում էի՞ք, որ դրանից հետո կզբաղվեք արդեն օրենսդրական գործունեությամբ, թե՞ այլ ծրագրեր ունեիք:

- Տարիներ առաջ, երբ զրուցում էի 20-րդ դարի մեծագույն հայ մտածողներից մեկի՝ Էդմոն Ավետյանի հետ, հիշում եմ նրա մի խոսքը՝ մարդ պետք է հեռանա եւ իր հաջորդ քայլն անի այն պահին, երբ դեռ առաջինների շարքում է: Ես հեռացա լրագրությունից այն ժամանակ, երբ, անհամեստ թող չհնչի, երկրի առաջատար լրագրողներից էի: Գալիս է մի պահ, երբ դու հասկանում ես, որ եկել է հաջորդ քայլն անելու ժամանակը: Իսկ հաջորդ քայլը միշտ պետք է անել այն ժամանակ, երբ դու դեռ հաղթողների մեջ ես, երբ քո անունը դեռ առաջինների շարքում է: Ու ես հետեւեցի իմ շատ սիրելի Էդմոն Ավետյանի՝ ժամանակին տված խորհրդին: Կարծում եմ՝ չեմ սխալվել:

- Ձեր պատկերացմամբ` ինչպիսի՞ն է պետք է լինի իսկական քաղաքական գործիչը, եւ արդյոք քաղաքականությամբ զբաղվող բոլոր կանայք ճիշտ եւ ճիշտ իրենց տեղո՞ւմ են:

- Քաղաքական գործիչները կարող են լինել տարբեր եւ տարբեր են: Սակայն եթե քաղաքական գործիչը չունեցավ բաց նյարդեր՝ ժողովրդի հոգսը լսելու եւ արձագանքելու համար, նման գործիչը քաղաքական ապագա չունի:

Ինչ վերաբերում է քաղաքականությամբ զբաղվող կանանց, ապա նրանցից յուրաքանչյուրն այսօր փորձում է մի ինչ-որ նիշ զբաղեցնել: Հաջողվում է, թե ոչ, դա Դուք պիտի ասեք: Բայց միայն այն, որ խորհրդարանում եղած բոլոր կանայք իրապես ակտիվ ու նախաձեռնող են, դա արդեն գնահատելի է: Իհարկե, բոլորին չէ, որ կարելի է համարել կայացած քաղաքական գործիչ, եւ վստահաբար բոլորը չէ, որ ունակ են դառնալու այդպիսին, սակայն, ինչպես արդեն ասացի, ինձ համար նրանք բոլորն էլ ընդունելի են, քանզի յուրաքանչյուրն իր ունակությունների եւ հնարավորությունների չափով փորձում է ինչ-որ բան անել: Իսկ դա պետք է գնահատել:

- Խորհրդարանական կանանց հետ ի՞նչ հարաբերությունների մեջ եք, եւ եղե՞լ են դեպքեր, երբ առողջ բանավեճը վերածվել է անձնական վեճի ու սկանդալի:

- Չնայած իմ մասին շրջող տարբեր լեգենդներին, որոնք երբեմն նաեւ ինձ են հասնում, ես աշխատում եմ բոլորի հետ պահպանել նորմալ հարաբերություններ: Անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, որ բոլորին նույն կերպ եմ վերաբերվում. այդպես հնարավոր էլ չէ, բայց փորձում եմ բոլորի հետ ունենալ քաղաքակիրթ հարաբերություններ: Իսկ կին պատգամավորներից մի քանիսի հետ ունեմ ջերմ, մարդկային հարաբերություններ:

- Տարբեր շրջանակներում հաճախակի կարծիքներ են հնչում, որ «չարժե բախվել Նաիրայի հետ, քանի որ, չգիտենք, թե դրանից ինչ դուրս կգա»: Դուք դա ինչո՞վ եք պայմանավորում, այդ տեսակետները վախի դրսեւորո՞ւմ են, թե՞…

- Երբեմն ինձ եւս հասնում են նման լուրեր, եւ դա ինձ անչափզվարճացնում է: Ուղղակի ես մեր օրերի համար, երեւի թե, մի քիչ ժամանակավրեպ բնավորություն ունեմ՝ մարդկանց երեսին ասել այն, ինչ մտածում եմ նրանց մասին: Եվ քանի որ մեր օրերում դա համարվում է, երեւի թե, «վատ տոն», ահա այդտեղից էլ ծնվում է տարատեսակ ժողովրդական, տվյալ դեպքում՝ խորհրդարանական բանահյուսությունը:

- Տիկին Զոհրաբյան, խորհրդարանում լավ ընկերներ ունե՞ք, եթե այո, կասե՞ք մեկ-երկուսի մասին, իսկ առհասարակ հետաքրքիր է, թե ինչպիսին պետք է լինեն Նաիրա Զոհրաբյանի ընկերները:

- Ես նախընտրում եմ շփվել մարդկանց հետ, որոնք սկզբունքային են, ինտելեկտուալ, հետաքրքիր եւ ոչ շատախոս: Անուներ եկեք չտամ, որպեսզի հանկարծ որեւէ մեկի անունը բաց չթողնեմ, եւ ինձ չմեղադրեն ընկերոջը դավաճանելու մեջ: Բայց թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանից դուրս ունեմ ընկերներ, որոնց հետ իմ հարաբերությունները միշտ անկեղծ ու բաց են:

- Ե՛վ աշխատանքի, ե՛ւ թե ընկերության մեջ ո՞ր դեպքում կարող է Ն. Զոհրաբյանը խախտել խաղի կանոնները:

- Երբե՛ք եւ ոչ մի դեպքում:

- Ըստ Ձեզ` այսօր շատե՞րն են «տասը մատի պես» ճանաչում Նաիրա Զոհրաբյանին:

- Իմ ընտանիքից բացի՝ երեւի թե ոչ մեկը:

- Տիկին Զոհրաբյան, անցյալ տարի, որքանով որ տեղյակ եմ Ձեր դստերը ամուսնացրեցիք: Գո՞հ եք Ձեր փեսայից, խնամիներից, եւ, ըստ Ձեզ, Ձեր փեսան ինչպե՞ս է ընկալում  զոքանչ, ժամանակին ռմբարկու լրագրող, այժմ հայտնի քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանին:

- Անկեղծ ասած, ես առանձնապես չեմ սիրում խոսել իմ անձնական կյանքի մասին, որովհետեւ քո կյանքը, քո ընտանիքը քո ամրոցն է, եւ որեւէ մեկն այնտեղ չպիտի մուտք ունենա: Այո, անցած ամռանը իմ միակ դուստրն ամուսնացավ, եւ ինձ համար ամենակարեւորն այն է, որ ինքը երջանիկ է: Եթե հարաբերություններում կա սեր եւ փոխադարձ հարգանք, մնացած ամեն-ինչ, հավատացնում եմ Ձեզ, լուծելի խնդիրներ են: Իսկ թե ինչպես է իմ փեսան վերաբերվում ինձ, ապա պատեհ առիթի դեպքում հարցրեք իրեն: Կարծում եմ՝ դժգոհելու պատճառ չպիտի ունենա:

- Արդյոք լավ մայր լինելու համար պետք է բազում զոհաբերությունների գնա՞լ, թե՞ առանց այդ էլ ամեն ինչ հնարավոր է:

- Ո՛չ, ոչ մի զոհաբերություն պետք չէ, եւ ես երբեք չեմ հասկացել այն մայրերին, որոնք իրենց մայր լինելը, իրենց երեխաների հանդեպ սեր ու պատասխանատվություն ունենալը ներկայացնում են որպես աննախադեպ երեւույթ եւ զոհաբերություն: Բնությունն ինքը անչափ ներդաշնակ կարգավորում է այդ հարաբերությունները, եւ մայր-զավակ հարաբերություներում ի սկզբանե ամեն-ինչ նախանշել է Աստված:

- Ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում, եթե կախարդական փայտիկ ունենայիք:

- Ես միշտ հավատացել եմ հրաշքների եւ այսօր էլ` ահա այս տարիքում, ամեն օր հավատում եմ հրաշքի: Եթե կախարդական փայտիկ ունենայի, անչափ կուզենայի, որ իմ հայրն այսօր մեզ հետ լիներ, որովհետեւ ես, մայրս, քույրերս, մենք բոլորս ամեն օր ավելի ու ավելի ենք զգում նրա կարիքը:

- Ձեր հաջողությունների, կարիերայի եւ անցած ճանապարհի ընթացքում ի՞նչ դժվարությունների ու խոչընդոտների եք հանդիպել, որոնց մասին, ընթերցողի խնդրանքով, կանկեղծանայիք:

- Կյանքում ինձ երբեք եւ ոչ մի բան հեշտ չի տրվել: Ես իմ կյանքում ամեն ինչի հասել եմ բացառապես իմ կամքի, աշխատասիրության եւ նպատակասլացության շնորհիվ: Ես անչափ շնորհակալ եմ իմ պահապան հրեշտակին, որ միշտ ինձ հետ է եղել, ինձ երբեք չի լքել, բայց եւ այնպես է արել, որ ես ինքս վաստակեմ այն, ինչ ունեմ այսօր:

- Տիկին Զոհրաբյան, ասում են, որ մինչեւ մարդը «տանիք» չունենա, ոչ մի բանի էլ չի հասնի: Դուք այդ «տանիք» ասվածը, ունեցե՞լ եք, թե՞ բանը դրան չի հասել: Եվ եթե դա չի եղել, ապա կա՞ն մարդիկ, որոնց Դուք այսօր երախտապարտ եք գուցեեւ հոգեկան աջակցության համար:

- Ինձ համար անհասկանալի եւ մերժելի են նման ձեւակերպումները: Եվ այն մարդկանց, որոնք իմ կյանքում ինձ օգնել են, ես «տանիք» չէի անվանի: Նրանք ինձ համար հարազատ եւ բարի կամեցողներ են, ովքեր հավատացին ինձ, վստահեցին եւ աջակցեցին: Եվ առաջին հերթին դա Գագիկ Ծառուկյանն է, որը հավատաց իմ ուժերին, հավատաց իմ նվիրվածությանն ու վստահ կանգնեց իմ թիկունքին:

- Ո՞վ է եղել եւ մնում Ձեր խորհրդատուն` չնայած որ այսօր Դուք ինքներդ եք շատերին ճիշտ եւ տեղին խորհուրդներ տալիս:

- Իմ բոլոր որոշումները կայացնում եմ ես եւ պիտի ասեմ, որ իմպուլսիվ որոշումներ երբեք չեմ կայացնում: Ընդհանրապես ցանկացած, անգամ ամենաանելանելի իրավիճակներում միշտ կա առնվազն երկու ելք, եւ ընդամենը պետք է ունենալ այնքան իմաստնություն եւ համբերություն, որ կարողանաս գտնել ճշգրիտ ելքը:

Ի դեպ, ժամանակին, երբ ողջ էր Հրանտ Մաթեւոսյանը, որին ես պաշտում եմ, մենք հաճախ էինք զրուցում, եւ նրա յուրաքանչյուր խոսքն ինձ համար ամենամեծ խորհուրդն էր: Հիմա էլ իմ գրասեղանին է Չարենցի «Գիրք ճանապարհի»-ն, որն ինձ նվիրել է Հրանտ Մաթեւոսյանն ու մակագրել՝ «Քաջ եւ խելացի աղջկան»: Ահա այդ գնահատականով ես իսկապես հպարտանում եմ:

 

Բլից հարցեր

- Դուք Ձեզ խանդոտ կին համարո՞ւմ եք:

- Այո՛:

- Վերջին անգամ նվերներ ե՞րբ եք ստացել:

- Վերջին նվերս Ջոյսի «Ուլիսեսն» էր, եւ, որպես հայ, ես անչափ հպարտ եմ, որ մենք արդեն նաեւ հայերենով կարող ենք կարդալ աշխարհի ամենամեծ գրականությունը:

- Սիրո՞ւմ եք թանկարժեք իրեր կրել: Եվ ի՞նչ բրենդային խանութներից եք օգտվում:

- Ինչպես եւ ցանկացած կին, սիրում եմ գեղեցիկ զարդեր կրել: Սիրում եմ հատկապես ադամանդ՝ մուգ կապտագույն սապֆիրի համադրությամբ: Իսկ հագուստ վերջին շրջանում գնում եմ հիմնականում Փարիզից, որտեղ գիտեմ մի քանի խանութներ, որտեղից կարելի է տրամաբանական գներով պատշաճ հագուստ գնել: Նախընտրում եմ «Դիոր», «Քլոե», «Սոնիա Ռաքել» եւ «Զապա» ֆիրմաների հագուստը:

- Ինչպիսի՞ն է Նաիրա Զոհրաբյանի զգեստապահարանը: Ձեզ համար կարեւո՞ր է հագուստի գինը:

- Գինը` ոչ, իսկ որակը եւ տեսքը՝ անպայման: Ցավոք, որակյալ եւ պատշաճ տեսք սովորաբար թանկ հագուստն է ունենում:

- Ո՞րն է Ձեր սիրած օծանելիքը:

- «Շանել»: Եվ ընդհանրապես ես նախընտրում եմ դասական բույրեր, եւ այդ առումով «Շանելն» անփոխարինելի է: Նրա բոլոր բույրերը, բացառությամբ «Շանել N 5»-ի, ինձ համար սիրելի են: Իսկ վերջերս էլ Ֆրանսիայից «Շանելի» ներկայացուցիչներն էին Երեւանում, որոնց հետ հանդիպեցի՝ որպես իրենց ֆիրմայի լավագույն հաճախորդներից մեկը:

- Վերջին անգամ ե՞րբ եք այցելել թատրոն, կինո, օպերա:

- Վերջին անգամ թատրոն այցելել եմ անցած ամիս, երբ երկու օրով Մոսկվայում էի: Գնացի իմ սիրելի «Լենինյան Կոմերիտմիության» անվան թատրոն, իսկ օպերան եղել է Երեւանում՝ «Աիդայի» բավականին հետաքրքիր բեմականացումը:

- Ձեր սեղանին հիմա ո՞ր գիրքն է դրված:

- Վերջին շրջանում ես նախընտրում եմ կարդալ հիմնականում ինքնակենսագրական գրքեր, հայտնի մարդկանց նամակագրությունները, հուշերը: Հիմա իմ սեղանին միանգամից մի քանի գիրք է՝ Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը»` ֆրանսերեն, Օգյուստ Ռոդենի կենսագրությունը, որը 15 տարի առաջ կարդացել էի ու հիմա մի քիչ այլ հայացքով եմ կարդում, եւ Բժեզինսկու վերջին աշխատությունը: Ի դեպ, անչափ սիրում եմ կարդալ բառարաններ, ինչպես նաեւ մեր հոմանիշների հրաշալի բառարանը:

- Ազատ ժամանակ ինչպես ե՞ք լիցքաթափվում: Ժամանցի վայրերը Ձեզ «ձգում» են, թե գերադասում եք ավելի հանգիստ միջավայրում կազմակերպել Ձեր հանգիստը:

- Ես տանել չեմ կարողանում աղմկոտ միջավայր եւ միշտ խուսափում եմ նման վայրերից: Ինձ համար լավագույն հանգիստը իմ տունն է եւ իմ գրքերը:

- Ձեր կարծիքով` ինչպիսի՞ն պետք է լինեն իդեալական կինը եւ իդեալական ամուսինը:

- Կինն ու տղամարդը, ամուսնական զույգը իդեալական կարող են լինել միայն մեկ դեպքում, եթե նրանք միմյանց սիրում են:

- Որտե՞ղ է բնակվում Նաիրա Զոհրաբյանը, ի՞նչ պայմաններում:

- Ես բնակվում եմ Արամ Խաչատրյան փողոցի, այսպես կոչված, «խրուշչովկայի» մեր երկու սենյականոց բնակարանում: Մի բնակարան էլ ունեմ Այգեձորում, որտեղ մարդ չի բնակվում:

- Առաջին իսկ հնարավորության դեպքում առանձնատուն կգնեի՞ք եւ ո՞ր թաղամասում:

- Եթե հնարավորություն ունենայի, ապա իմ երազանքն է ամառանոց ունենալ ծովափնյա որեւէ քաղաքում: Իմ ամենամեծ սերը ծովն է:

- Ընդհանրապես քաղաքական գործիչը կարո՞ղ է ապրել առանց «դիմակի»:

- Քաղաքական գործիչը եւ ընդհանրապես մարդը միշտ պիտի լինի առանց դիմակի: Միեւնույն է՝ Աստված միշտ տեսնում է եւ գիտի յուրաքանչյուրի իրական դեմքը:

 

Զրույցը` ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում