livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019
marg1- Երկար տարիների փորձառու, սիրված լրագրող Մարգարիտ Եսայանը, ում հարգում են թե իշխանական, թե ընդդիմադիր ուժերը, փաստորեն, որոշեց թողնել  տարիների սիրած աշխատանքը եւ մտնել մեծ քաղաքականություն: Ինչո՞ւ:

- Ոչինչ այս կյանքում հավերժ չէ ե՛ւ ցավոք, ե՛ւ բարեբախտաբար: Միակ հավերժականը Տիեզերքն է, որից ես դուրս չեմ գալիս, չեմ էլ կարող, մենք բոլորս Տիեզերքի մասնիկն ենք եւ, այն ամենը, ինչ կատարվում է մեզ հետ, միայն չնչին մասով է մեզնից կախված: Ճիշտ այնպես, ինչպես տարիներ առաջ, իմ կամքից անկախ, ես հայտնվեցի լրագրության աշխարհում, նույն տրամաբանութամբ, դարձյալ անսպասելի, հայտնվում եմ քաղաքականության մեջ: Կստացվի՞, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա, ինձ պարզապես պետք է հաջողություն մաղթել եւ հավատալ:

Ես լրագրության մեջ եմ (մի քիչ էլ սարսափելի է հնչում) դեռ անցյալ դարից. 1983-ից գրում եմ, անցել եմ եւ խորհրդային եւ հետխորհրդային, Հայաստանի անկախացման եւ անկախության տարիների լրագրության զիգզագներով: Եկել-հասել եմ մի հանգրվանի, որն ինձ հնարավորություն է տալիս փոխել իմ կյանքը: Լրագրությունը միշտ էլ ամենադինամիկ ու հարափոփոխ գործն է աշխարհում, բայց դա չի նշանակում, որ հաջողության հասնելու համար լրագրողը պիտի օրվա գույնը ընդունի: Հավանաբար իմ կյանքում հասունացել էր այն պահը, երբ  այլեւս չեմ ուզում հարցեր տալ, որոնց պատասխանները կանխավ գիտեմ: Ինքս ունեմ իմ  պատասխանները, իմ ասելիքը, իմ անելիքը: Ուստի երբ ինձ առաջարկվեց քաղաքական ասպարեզում շարունակել հետագա գործունեությունս, որոշեցի  փորձել: Բայց անպայման ուզում եմ ասել, որ «Առավոտը» ինձ համար միայն մեկնակետ չի եղել: Եթե Մարգարիտ Եսայան անուն-ազգանունն ինչ-որ բան նշանակում է, «Առավոտի» շնորհիվ է, եւ ես ինձ միշտ համարելու եմ առավոտցի ու շարունակելու եմ «Առավոտի» ավանդույթները, որովհետեւ «Առավոտը» միշտ եղել է եւ առաջամարտիկ լրագրության մեջ:

- Ինչպե՞ս է իրեն տեսնում պրոֆեսիոնալ լրագրողը խորհրդարանում, ի՞նչ հարցեր կբարձրացնես, ինչպե՞ս ես պատկերացնում հետագա անելիքներդ որպես օրենսդիր:

- Աստծուց առաջ չեն ընկնում, միանշանակ է, որ չեմ փոխելու իմ տեսակը, կարծում եմ` դա էլ ինձնից սպասում են, միանշանակ է, որ ոչինչ չեմ անելու, որի համար ես, իմ ընտանիքը, իմ ընկերները եւ ուսանողները կամաչեն: Լրագրության վարպետություն եմ դասավանդում Երեւանի Վ. Բրյուսովի անվան համալսարանում, սա եւս նորություն է իմ կյանքում եւ ինձ դուր է գալիս: Իմ ուսանողները տխրեցին, երբ իմացան` թողնելու եմ լրագրությունը, բայց եւ ընդունեցին իմ բացատրությունն ու հասկացան ինձ:

margarita- Հնարավո՞ր է, որ լինես ըմբոստ, կռվարար, հանդես գաս ընդդիմադիր ելույթներով:

- Կռվարար երբեք չեմ եղել, ո՛չ աշխատանքի մեջ, ո՛չ ընտանիքում, ո՛չ ընկերներիս հետ: Ըմբոստ գուցե, եթե կա դիրքորոշում եւ կա համոզմունք, ուրեմն կարող է եւ լինել կռիվ` հանուն այդ դիրքորոշման եւ համոզմունքի: Հայրական կողմից ես այլախոհ եմ, իմ հորեղբայրը` բանաստեղծ Ռաֆայել Բազիկյանը, հայտնի է որպես 60-ականների ամենաըմբոստ եւ անհաշտ գրող, այնքան անհաշտ, որ խորհրդային տարիներին Ռաֆայելի ոչ մի տող չի տպագրվել, մինչդեռ իր ժամանակակիցների վկայությամբ հենց Ռաֆիկն էր ամենատաղանդավորը, եւ հենց նա էր արժանի  տպագրվելու: Իսկ նա իր դժվար ժամանակներում մեն-մենակ պատերազմ է հայտարարել կաղապարվածությանն ու կեղծավորությանը, անճաշակությանը, անտաղանդությանը, քծնանքին ու փորձել է իր անչափանիշ ժամանակներում չափանիշ հաստատել իր գրականությամբ ու իր ապրելակերպով, իր մտածողությամբ, իր ըմբոստությամբ, իր տաղանդով:  Սա կա նաեւ իմ մեջ, բայց մյուս կողմից, մայրական գենս եղել է պետականամետ, մայրական պապս միլիցիայի մայոր էր եւ մայրական տատիս տանը պետության եւ պետականության հանդեպ կար հատուկ ընդգծված վերաբերմունք: Այս երկվության մեջ եմ մեծացել: Երկուսն էլ իմ մեջ ուժեղ գեներ են, եւ ճիշտը համարում եմ այս երկուսի խելամիտ ու հավասարակշիռ համադրումը:  

- Մարգարիտ Եսայանին լրագրողները կկարողանա՞ն կամ կփորձե՞ն ենթարկել սադրանքների:

- Իսկ ի՞նչ իմաստ ունի: Ես անցել եմ լրագրության բոլոր մութ եւ նեղ լաբիրինթոսներով եւ տեսնում եմ անգամ փակ աչքերով: Ճիշտը միմյանց աջակցելն է:  

- Ինչո՞ւ հատկապես ՀՀԿ, հավանաբար կոալիցիոն կամ  ընդդիմադիր մյուս ուժերը եւս կուզենային, որ իրենց հետ լինեիր:

- «Առավոտում» աշխատանքի բաժանում կա, բոլոր լրագրողները կցված են կոնկրետ քաղաքական ուժերի: Խմբագրի հանձնարարությամբ տարիներ շարունակ ես եմ լուսաբանել ՀՀԿ-ի գործունեությունը եւ  բացի աշխատանքային զրույցներից, շատ հանրապետականների հետ ունեցել եմ մարդկային, բարեկամական զրույցներ, տեսել եմ ու համոզվել, որ երկրի զարգացան, ապագայի մասին իրենք եւս ունեն մտահոգություններ, իրենք եւս ուզում են իրավիճակ փոխել ու բարելավել, բայց ոչ թե հեղափոխական աղմուկ-աղաղակով, այլ զարգացումների ճանապարհով:

- Խոսակցություններ կան, որ դեռեւս էն գլխից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ լավ հարաբերություններ ես ունեցել:

- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքի բերումով տարիներ շարունակ եմ շփվել, երբ նա դեռ նախագահ չէր, վարչապետ էլ չէր: Թե կարճատեւ ճեպազրույցներում, թե հարցազրույցներում, թե աշխատանքային ու պաշտոնական այցերը լուսաբանելիս ես նրա մեջ տեսել ու զգացել եմ հայի այն տեսակը, որ մերժում է նվնվոցն ու գերադասում է լուռումունջ իր գործն անել: Իսկ դա ամենակարեւորն է: Մերի պես երկրում հեշտ չէ նախագահ լինելը ու երկար տարիներ դեռ դժվար էլ մնալու է:   

- Ինչպիսի՞ կին եւ մայր է Մարգարիտ Եսայանն ընտանիքում:

- Ինչո՞ւ միայն կին եւ մայր: Կանայք խուսափում են իրենց տարիքը հիշեցնել, բայց ես սիրով եմ ասում` նաեւ տատիկ, ով շատ սիրում է իր առայժմ միակ թոռնիկին: Ճիշտ ասած` ընտանիքիս առաջ երբեմն մեղքի զգացում եմ ունեցել իմ չնորմավորված աշխատանքի պատճառով, որ փորձել եմ փոխհատուցել շաբաթ ու կիրակի օրերին: Ամուսնուս, աղջիկներիս, որդուս, փեսաներիս ու, ամենակարեւորը, թոռանս կարծիքով, կարգին տանտիկին եմ, լավ մայր ու տատիկ:

- Ո՞ր փեսայիդ ես ամենաշատը սիրում, ո՞ր խնամիներիդ հետ ես ավելի մտերիմ:

- Իմ փեսաների բախտը բերել է, որ Վարդուհուս ու Լիլիթիս են գտել: Իմ փեսաներն աշխարհի ամենալավ փեսաներն են,որովհետեւ նրանց բաժին է հասել աշխարհի ամենալավ զոքանչը: Իմ փեսաները հրաշալի մարդիկ են եւ շատ են սիրում իմ աղջիկներին` դա ամենակարեւորն է: Վահեն, ում հայրը միշտ էլ պաշտոններ է ունեցել, երբեք չի փորձել չարաշահել այն, ինչ ունի, միշտ աչքի է ընկել համեստությամբ, կրթվածությամբ, ինքնուրույնությամբ եւ տղամարդկությամբ: Համլետը դեռ նոր փեսա է, ու ինձ դուր է գալիս նրա շիտակությունը,  ինքնուրույնությունը:

margarita1- Դաշնակցական Աղվան Վարդանյանի հետ այսուհետ ինչպե՞ս է յոլա գնալու հանրապետական Մարգարիտ Եսայանը, հնարավո՞ր է` խնամիական ճակատում լինեն քաղաքական առճակատումներ, գաղափարական վեճեր:

- Խնամիությունը քաղաքական կատեգորիա չի, եթե չես դարձնում այդպիսին: Վահեի եւ Վարդուհու սերը իրենց անձնական կյանքն է: Աղվանը եւ ես համակուրսեցիներ ենք, ինչպես նաեւ Աղվանի կինը` Ցողիկը: Մեր կուրսն, ի դեպ, շատ հետաքրքիր կուրս է, եւ եթե ընտրությունների արդյունքում  խորհրադարան մտնեն նաեւ ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», մեր կուրսից չորս  պատգամավոր կլինի խորհրդարանում:

- Քեզ նայելով ու ճանաչելով, ոչ մեկի մտքով չի անցնում, որ արդեն տատիկ ես, կխնդրեի մի քանի դրվագներով ներկայացնեիր   տատիկի եւ թոռնիկի խաղը. բարի՞ ես, խի՞ստ, հանդուրժո՞ղ:

- Դստերս ասելով` ես երես տվող տատիկ եմ, անվերապահորեն կատարում եմ թոռնիկիս բոլոր հրամանները, միասին տունտունիկ ենք խաղում, դպրոց-դպրոց, մանկապարտեզ-մանկապարտեզ, իսկ ավելի շատ ինքը սիրում է, երբ միացնում եմ ձայնագրիչը եւ հայտարարում, թե հիմա կերգի կամ կարտասանի Ցողիկ Վարդանյանը: Վերցնում է ձայնագրիչը ձեռքիցս, խոշոր աչքերը փայլեցնելով` երգում է, հետո էլ ստիպում, որ միացնեմ, լսի: Հիմա մեր երկրորդ թոռնիկին ենք սպասում. տեխնիկան ասում է, թե էլի աղջիկ է լինելու, իմ տատիկական բնազդը` տղա, իսկ ճիշտը գիտի միայն Աստված:

- Լրագրողի դժվարին աշխատանքի թոհուբուհի մեջ Մարգարիտ Եսայանը լավ է պահպանվել, ինչպե՞ս է  դա քեզ հաջողվում:

- Անհամեստություն անեմ եւ ասեմ, որ այդ հարցն ինձ հաճախ են ուղղում, ես էլ կատակում եմ, թե պահպանվում եմ պետության կողմից: Իսկ երբ ասում եմ ամուսնուս ներկայությամբ, Լեւոնը հակադարձում է` իմ արածն ուրիշին մի վերագրի: Իրականում ոչինչ էլ չեմ անում, բնական վիճակների մեջ եմ, չեմ չարանում, չեմ չարախոսում, չեմ նախանձում, սիրում եմ ոչ միայն մերձավորին, այլեւ` մերձավորի մերձավորին, ուրիշի ունեցվածքին չար աչքով չեմ նայում: Իսկ ձեր հարցի առավել ճշգրիտ պատասխանը սա է` ես սիրված կին եմ, սիրված մայր եւ սիրված ընկեր: Իսկ սերը հրաշքներ է գործում:

- Ասում են, որ Մարգարիտ Եսայանը եւ իր ամուսին Լեւոն Եսայանը բավականին համերաշխ զույգ են, ո՞րն է ձեր համերաշխության գաղտնիքը: Տղամարդու համար դժվար է ե՛ւ լրագրող կին ունենալը, ե՛ւ համերաշխ ապրելը:

- Ես տեսակով պահպանողական եմ, դրա համար էլ արդեն 28 տարի ապրում եմ իմ ամուսնու (ինքը կուղղի եւ կասի` ոչ թե դու ես ինձ հետ ապրում, այլ` ես քեզ հետ) հետ, ունեմ երեք երեխա եւ հայկական ավանդույթներին հետեւող ընտանիք: Սա իմ հարստությունն է եւ իմ ամրոցը, մնացած աշխարհը կառուցել եմ այս ամրոցի շուրջ:

- Միշտ աչքի ես  ընկնում ճաշակով եւ յուրահատուկ ոճով, միշտ կոկիկ ես եւ հաճելի, այդ հարցում ինչպե՞ս ես կողմնորշվում, ունե՞ս  խորհրդատու:

- Շնորհակալություն, եթե այդպես ես  գնահատում իմ հագուկապը: Խորհրդատու չունեմ, աղջիկներս երբեմն ինձ հիշեցնում են, թե ինչն եմ շատ անում եւ ինչը չեմ անում: Սիրում եմ դասականի եւ սպորտային խառնուրդը, չեմ սիրում մշտապես բարձրակրունկների վրա լինելը: Սիրում եմ սեւի եւ սպիտակի համադրությունը, կարմիրը: Սիրում եմ տարբեր չափսերի եւ գույների շարֆիկներ:

- Բրենդայի՞ն են Մարգարիտ Եսայանի զգեստները, թե ոչ, բրենդին ինչքանո՞վ եք տեղ տալիս:

- Հիմնականում սիրում եմ հարմարավետ հագնվել: Բրենդ ասվածը շատ հարաբերական է, եթե հագուստը ճաշակով է, հարմարավետ եւ նայվում է, ուրեմն ամեն ինչ ճիշտ է:

- Ոսկյա զարդեր, ադամանդներ սիրո՞ւմ ես, ոսկեղենի ժառանգություն ստացե՞լ ես, թե ոչ:

- Ոսկյա զարդեր այնքան էլ չեմ սիրում, թեպետ վերջին տարիներին որոշ զարդեր կրում եմ: Ունեմ զարդեր, որ ինձ համար շատ թանկ են: Իմ Արամ պապը թոշակը մի քանի ամիս հավաքել էր, եւ երբ դպրոցն ավարտեցի, ինձ մարգարտե քարով մատանի նվիրեց: Իմ անունը վաղամեռիկ տատիս անուն է եւ իմ նկատմամբ պապս հատուկ վերաբերմուքն ուներ: Հետո ավելին ունեցա , նաեւ ձեր ասած` ադամանդները, հայրս այն ժամանակների համար հարուստ մարդ էր եւ մեզ երես էր տալիս զարդեր նվիրելով, սակայն պապիս նվիրած մատանին թալիսմանի պես եմ կրում: Զարդերը, բացի գեղեցկությունից, նաեւ հիշողություններ ամբարելու հատկություն ունեն, նրանց մեջ ապրած կյանք կա: Սկեսուրս մի հաստ ոսկե շղթա է նվիրել, երբ առաջին եւ վերջին անգամ այդ շղթայով աշխատանքի գնացի, լուսանկարիչ, իմ հին բարեկամ Գերման Ավագյանն ասաց. «Էդ ոսկի՞ ա», ասացի` «Հա», ասաց` «Ափսոս ա, պահի, կգողանան»: Պահել եմ: Իսկ այդ շղթան մեծ պատմություն ունի: Ամուսնուս տատիկը ցեղասպանությունից մազապուրծ, երբ հասնում է Ստամբուլ, այդ շղթան լինում է ութ անգամ ավելի երկար, հյուրանոցում թուրքը գողանում է հայերի ոսկիները եւ նրանց հետ փորձում է տանել եւ այս շղթան, ամուսնուս տատիկը` ճարպիկ մի կին, քաշում է եւ պոկելով ազատում է շղթայի մի մասը, որը հետո իր հերթին բաժանում է եւս չորս մասի եւ մեկ քառորդն էլ ինձ է հասնում:

- Օծանելիքների հարցում ինչպիսի՞ն ես, ի՞նչ ես սիրում օգտագործել:

- Սիրում եմ ամեն ինչի լավագույնը:

- Ծաղիկներ սիրու՞մ ես, թե՞ ոչ, եւ ի՞նչ ծաղիկներ:

- Վստահ եմ, որեւէ մեկը Ձեր զրուցակցուհիներից չի ասել կամ չի ասի, թե ծաղիկներ չի սիրում: Չգիտես ինչու` կանանց թվում է, որ եթե ասեն, թե ծաղիկներ այնքան էլ չեն սիրում, պակաս կանացի կթվան: Ես սիրում եմ ոչ մեծ, հսկայական եւ վառվռուն ժապավեններով կոմպոզիցիաները, որոնք որքան թանկարժեք են, այնքան անճաշակ: Իմ սիրածը փոքրիկ փնջեր են, նարգիզներ, վարդեր եւ առաջին հերթին` ձնծաղիկներ: Երբ երեխաներս փոքր էին, մենք` ավելի երիտասարդ, ամեն տարի, մարտի առաջին օրերին երեխաներին լցնում էինք մեքենան եւ գնում  ձնծաղիկ հավաքելու: Հողի տակից քո ձեռքերով ձնծաղիկ հանե՞լ ես, այ, դա ուրիշ հաճույք է:

- Վերջին անգամ ամուսնուցդ կամ փեսաներիցդ ի՞նչ ծաղիկ ես ստացել եւ ի՞նչ առիթով:

- Դե, կանանց միամսյակի շրջանակներում մեծ փեսաս` Վահե Վարդանյանը, կակաչներ նվիրեց, շատ margarita11սիրուն եւ ճաշակով էին, երկար էլ դիմացան, կրտսեր փեսաս` Համլետ Թադեւոսյանը` սպիտակ վարդեր, ճաշակով եւ սիրուն, որդիս` Ստեփան Եսայանը` նարգիզներ էր բերել: Այդ օրն ամուսինս ուշ տուն եկավ, աշխատանքը շատ էր եւ ասաց, թե մոռացել է ծաղիկների մասին: Ես ներեցի, տղաներս ինձ արդեն «երես էին տվել»: Սակայն առավոտյան արդեն ստացա ամուսնուս նվեր ծաղկեփունջը նույնպես:

- Խոհանոցում ինչպիսի՞ն է Մարգարիտ Եսայանը:

- Տատս կասեր` «վախտը գիտի», եթե ժամանակ ունեմ եւ հավես, համով, եթե շտապում եմ եւ հոգնած, մնում ենք կարտոֆիլի հույսին: Կամ Ստեփանս է հասնում օգնության, որդիս հրաշալի խոհարարական շնորհք ունի եւ ուզում էր խոհարար դառնալ, հազիվ համոզեցինք, որ ֆրանսիական համալսարան գնա: Բայց դեռ մտքին կա, իրեն դուր է գալիս հյուրանոցային բիզինեսը:

- Պատգամավոր դառնալուց հետո կշարունակե՞ս համեղ ուտելիքներ պատրաստել ամուսնու եւ ընտանիքի համար, թե՞ ժամանակ չի լինի:

- Նախ պատգամավոր պետք է դառնալ, հետո` մտածել:Թեպետ ընտանիքիցս ու՞ր եմ կորչելու, իհարկե կպատրաստեմ,  եթե մերոնք դեռ իմ եփած-թխածն ուզենան ուտել:  

- Մարգարիտ Եսայանի նոր գործունեությունը որեւէ բան կփոխի՞ Մարգարիտ Եսայանի կյանքում:

-Իհարկե: Բնականաբար, միշտ էլ հետաքրքիր է կյանքը նոր մեկնակետից սկսելը, եթե ունես ուժ, համբերություն, ձգտում ու, ամենակարեւորը, հնարավորություն:  Մարդու ամենադժվար կռիվը սեփական «ես»-ի հետ է: Երբ ինքդ քեզ հետ հաշտ ես, հաղթահարվում են  անգամ անհաղթահարելի դժվարությունները: Դա ապրված կյանքի ապրված հոգեվիճակ է:

Զրույցը` ԳԱՅԱՆԵ   ԶԱՐԳԱՐՅԱՆԻ  

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում