livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

hermineԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ ուղղված հարցերն առնչվում էին ինչպես կոալիցիային,  խորհրդարանական ընտրություններին, այնպես էլ կանանց հիմնախնդիրներին:

ՍԱ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՎԱՐՏԸ ՉԷ

( - ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պաշտոնապես հայտարարեց, որ իրենք նպատակահարմար չեն գտնում մաս կազմել կոալիցիային: ՀՀԿ-ն կկազմի՞նոր կոալիցիա, թե՞միայնակ կկազմի կառավարությունը. չէ՞որ այդ հնարավորությունն ունի (Սարգիս Գրիգորյան):

-Կոալիցիան ստեղծվել է նախորդ խորհրդարանական ընտրություններից հետո, եւ փետրվարին էլ դրա գործունեության ժամկետը երկարաձգվել է: Այս պահին ստեղծվում է իրավիճակ, երբ կոալիցիայի անդամ երեք կուսակցություններից մեկը դադարեցնում է իր մասնակցությունը կոալիցիային:

Կարծում եմ, որ սա կոալիցիայի ավարտը չէ, որովհետեւ երկու կուսակցություններ այսօր ի զորու են եւ հնարավորություն ու ցանկություն  ունեն շարունակելու իրականացնել իրենց կոալիցիոն ծրագրերը: Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ի` միայնակ կառավարություն կազմելու վերաբերյալ հարցին, ուզում եմ ասել, որ, ըստ իս, Հանրապետական կուսակցությունն ունի այսօր այնքան ռեսուրս, այնքան ներուժ, որը իրեն թույլ է տալիս նաեւ ինքնուրույն իրականացնել այն խնդիրները, որոնք դրել է իր նախընտրական ծրագրերի մեջ, որոնք եղել են նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում եւ իրագործվել են այս տարիների ընթացքում: Սա ասելով նկատի ունեմ եւ քվեն, որ ստացավ ՀՀԿ-ն 2012 թվականի ընտրությունների ժամանակ. կուսակցությունը էականորեն  ավելացրեց իր ներկայությունը խորհրդարանում` համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով ունենալով ճնշող մեծամասնություն: Եթե դրան էլ գումարում ենք կադրային պոտենցիալը, որն ունի կուսակցությունը, ու նաեւ ծրագրերը, որոնք արդեն ե°ւ փորձարկում են անցել, ե°ւ սկսված են ու իրագործվում են, ապա պարզ է դառնում, որ ՀՀԿ-ն կարող է ինքնուրույն իրականացնել այն պատասխանատվությունը, որ ստանձնել է ընտրողների առջեւ: Անցած  ընտրություններից հետո կոալիցիայի ստեղծումը ՀՀԿ-ի կողմից եղել է քայլ, որի նպատակն էր քաղաքական ուժերի միաբանությունը, երկրում քաղաքացիական համաձայնության ու հանրային համերաշխության մթնոլորտի ստեղծումը, բոլոր արդյունավետ, հայրենասեր ուժերի ընդգրկումով երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծումը մոտեցնելը: Սրանով է բացատրվում, որ մենք գնացինք կոալիցիայի ու այսօր էլ պատրաստ ենք թե° շարունակել կոալիցիայի գործունեությունը, եւ թե° քննարկել Ազգային Ժողովի մեր բոլոր գործընկերների յուրաքանչյուր ողջամիտ առաջարկ` ուղղված ապագա համագործակցությանը:

ԳՈՂԸ ԳՈՌՈՒՄ Է` ԲՌՆԵ'Ք ԳՈՂԻՆ

( - Ըստ Ձեզ, ինչպես ընթացան ընտրությունները: Շատերը խոսում են ընտրակաշառքների մասին, ընդ որում, նաեւ նրանք, ովքեր կաշառել են ընտրողներին (Անահիտ):

-Ընդհանրապես ՀՀԿ-ն խնդիր էր դրել, որ մենք անցկացնենք  օրինակելի, արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ, եւ մեր երկրի քաղաքացին վստահ լինի, որ ինքն իրականում արդար ընտրության ճանապարհով քվե է տվել այս կամ այն ուժին: Սա ոչ միայն միջազգային կառույցների, միջազգային հանրության պահանջն էր, այլ նաեւ մեր երկրի համար խիստ անհրաժեշտ եւ մեր կողմից խորապես գիտակցված իրողություն, որովհետեւ, եթե մենք ուզում ենք իսկապես մեր երկիրը արդյունավետ զարգացման ճանապարհով ընթանա, պիտի իմանանք, որ լեգիտիմ իշխանություն է, որ այս ընտրությունները ամեն հայ քաղաքացու սրտով են, նրա մտքին ու ընտրությանը համապատասխան իշխանություն է ձեւավորվել: Այդ գործընթացն սկսեցինք շատ ավելի խորքից` նախաձեռնելով ՙԸնտրական օրենսգրքի՚ արմատական փոփոխություններ, դրանով իսկ գնացինք լուծելու այն բոլոր հիվանդոտ խնդիրները, որոնք նախկին ընտրությունների ժամանակ միշտ եղել են խնդրահարույց, եղել են բոլոր մասնակիցների դժգոհության առարկան: Սկսել ենք նրանից, որ վստահված անձանց տվել ենք առավելագույն իրավունքներ` նրանց հավասարեցնելով հանձնաժողովի անդամներին: Այսինքն` հանձնաժողովի աշխատանքը դարձրել ենք առավելագույն թափանցիկ բոլոր ցանկացողների համար: Եվ հանձնաժողովի ներսում կատարվող բոլոր ընթացակարներն ու երեւույթները եղել են բաց ու թափանցիկ: Բացի դրանից, այսօրվա կոմունիկացիաների, կապի միջոցների պայմաններում ընթացիկ հսկողությունը ընտրության ողջ գործընթացի, ձայների հաշվարկի գործընթացի նկատմամբ նույնպես դարձել էր համարյա թափանցիկ երեւույթ, եւ ուղիղ եթերով բազմաթիվ ընտրատեղամասերից հետեւել ենք ե°ւ ընտրության, ե°ւ հաշվարկի ընթացքին: Այսինքն` այս ամենը քաղաքականություն է եղել, որի նպատակն էր իրականում ունենալ լավ ընտրություններ, որ կբավարարեին մեր ողջ բնակչությանը, մեր բոլոր քաղաքացիներին: Եվ սրա վերջին ակորդը, կարծում եմ, նաեւ այն էր լինելու, որպեսզի ընտրակաշառք կոչվածը կարողանայինք հնարավորինս վերացնել: Բայց սա մի երեւույթ է, որի դեմ պայքարում պետք է բոլոր քաղաքական ուժերը ու նաեւ քաղաքացիները իրենք` իրենց ձայնի տերերը, մասնակցեն: Շատ գյուղերում, քաղաքներում հանդիպումների եմ մասնակցել, շփվել եմ մարդկանց հետ ու տեսել, որ մարդը գիտակցում է իր քվեի ուժը, արժեքը ու երբեք իր ձայնը չի վաճառի, երբեւիցե ինչ-որ մեկի քմահաճույքով կամ գայթակղության ենթարկվելով չի քվեարկի: Նա լրջորեն մտածում է, թե ինքն ում է գերադասում տեսնել իշխանության ղեկին: Կարծում եմ, որ այսօր երկրում բազմաթիվ այդպիսի արժանապատիվ քաղաքացիներ կան, եւ վստահ եմ, որ ժողովրդավարացման ճանապարհը, որով արդեն քսան տարի ընթանում ենք, անպայման բերելու է իրավագիտակցության բարձրացմանը: Դրա հետ մեկտեղ, իհարկե, կյանքի սոցիալական պայմանները կբարելավվեն, ու կունենանք այն քաղաքացին, որն իրականում ժողովրդավարական հասարակության անդամ է, քաղաքացի եւ հասկանում է իր ձայնի արժեքը, իր քվեի ուժը ու երբեք չի գայթակղվի ու չի վաճառի իր ձայնը: Իմիջիայլոց, ամենաշատը բարձրաձայնում են ընտրակաշառքի մասին հենց նրանք, ովքեր այդ ընտրակաշառքը բաժանում են...

- Գողն է գոռում` բռնե'ք գողին:

- Այո°, գողն է գոռում` բռնեք գողին: Կաշառքն ընդհանրապես հանցագործությունների այն տեսակն է, որն առավելապես դժվար է բացահայտվում, որովհետեւ ե°ւ կաշառատուն, ե°ւ կաշառք ստացողը շահագրգիռ չեն բարձրաձայնելու կամ բացահայտելու այն: Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները, պատժի խստացումը եւս ճանապարհներ են, որ տանում են դեպի այդ երեւույթի կանխումը, եւ մենք հետեւողական ենք լինելու նաեւ այդ ՙաղտի՚ դեմ Պայքարում:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԷԼ ԱՅՆ ԵՐԿԻՐԸ ՉԷ

( - Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայացուցիչների պահվածքն ինչպե՞ս կգնահատեք (Աշոտ):

-Առաջին հերթին ուզում եմ, որ ուշադրություն դարձնեք մի շատ ցայտուն կոնտրաստի վրա: Բոլորովին վերջերս մի միջազգային կազմակերպության հավաք տեղի ունեցավ Բաքվում, եւ Ադրբեջանի նախագահը հանդես եկավ այլատյացություն, հայերի նկատմամբ թշնամանք եւ ատելություն սերմանող մի բացառիկ ելույթով, որը, վստահ կարող եմ ասել, ՙնոնսենս՚ էր ոչ միայն հայկական պատվիրակության անդամների, այլեւ այդտեղ ներկա  եվրոպական  երկրների մասնակիցների համար: Եվ այսօր այդ վարքագիծը Ադրբեջանի ղեկավարն իրականացնում է  ընդհանրապես բոլոր միջազգային հարթակներում եւ  կազմակերպություններում: Շփվելով այդ կազմակերպություններում տարբեր երկրների ներկայացուցիչների հետ` տեսնում ենք, որ իրենց համար սա նույնպես անընդունելի է: Մի օրինակ կարող եմ բերել. երբ Եվրախորհրդում մի քանի ամիս առաջ լսվում էր Հայաստանի մոնիտորինգի զեկույցը, ըստ ՙհին, բարի ավանդույթի՚, Հայաստանի զեկույցի վերաբերյալ ամբողջ կազմով ելույթի էին հերթագրվել Ադրբեջանի պատվիրակները: Եվ բոլորի ելույթների մեջ նույն հնչերանգն էր` Հայաստանի նկատմամբ նույն թշնամանքը, ՙգրավյալ տարածքները՚, որ Հայաստանը ոչ ժողովրդավար երկիր է, որ... Եվ շատ հետաքրքիր մի պոռթկում եղավ. Եվրոպայի խորհրդի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահն իր ամփոփիչ խոսքի մեջ ասաց. ՙԴուք չեք պատկերացնում, թե ինչքան եք բոլորին հոգնեցրել, երբ դուք մտածում եք, որ աշխարհի ամենաժողովրդավար պետությունն եք եւ շատ ամոթ է, որ մի հատ էլ ուրիշներին անուններ եք կպցնում, գնահատականներ եք տալիս կամ ինչ-որ բաներ եք պահանջում՚: Եվ այդ նույն ձեւով խոսեց նաեւ Հայաստանի համազեկուցողը, որ Ադրբեջանը բոլորովին էլ այն երկիրը չէ, որի ներկայացուցիչներն իրավունք ունեն այս ամբիոններից ինչ-որ մեկին դաս տալու կամ ինչ-որ մեկի թերությունները ի ցույց հանելու: Այնպես որ` միջազգային կազմակերպությունների, նրանց ներկայացուցիչների վերաբերմունքը մենք զգում ենք ե°ւ ներքին քննարկումների ժամանակ, ե°ւ կուլիսային հանդիպումների ժամանակ: Եվ բոլորդ տեսաք, թե Երեւանում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ժողովի ժամանակ ինչպես հանդես եկավ Հայաստանի նախագահը: Նրա ելույթն ամբողջությամբ  տոգորված էր հանդուրժողականության եւ խաղաղության գաղափարներով, միտված էր տարածաշրջանում անվտանգության եւ արդյունավետ զարգացումների: Մեր մամուլում նախագահի ելույթը զետեղված է, եւ կարծում եմ` յուրաքանչյուր հայ մարդ, կարդալով եւ համադրելով, հպարտանալու իրավունք ունի, որովհետեւ այս փոքր դրվագից անգամ պարզ երեւում է, թե ինչքան արմատական տարբեր են հանդես գալիս մեր եւ Ադրբեջանի նախագահները, ու նաեւ այստեղից է բխում միջազգային հանրության, մեծ տերությունների վերաբերմունքը ինչպես անձամբ ՀՀ նախագահի, այնպես էլ նախագահի ու երկրի  վարած արտաքին քաղաքականության նկատմամբ: Այս ֆոնի վրա, կարծում եմ, շատ կարեւոր է, որ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը, խորհրդարանական դիվանագիտությամբ զբաղվող ներկայացուցիչները  կարողանան միջազգային տարբեր հարթակներում հասնեն   նրան, որ դադարեն այսօր դեռ միջազգային կազմակերպությունների կողմից հաճախ կիրառվող ՙլոյալ՚,  համահարթեցնող ՙգնահատականները՚. ՙԿողմերին կոչ ենք անում պահպանել հանդուրժողականությունը՚: Կամ. ՙԽաղաղ, ոչ ռազմական ճանապարհով հարցի լուծմանը հավատարիմ լինելը՚: Կարծում եմ` ժամանակն է, որպեսզի  հասնենք նրան, որ իրերը կոչվեն իրենց անուններով, եւ որ միջազգային կազմակերպություններն ամեն մեկին գնահատեն եւ արժեւորեն ըստ այն քաղաքականության, ըստ այն գործելակերպի ու վարքագծի, որն այդ երկրները դրսեւորում են: Կարծում եմ, որ այս ժամանակահատվածում մեր գլխավոր խնդիրը պիտի դա լինի:   

ՙ

Ուղիղ կապը՚ վարեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում