livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

Այս անգամ «Զարուհի» ամսագրում հյուրընկալել ենք մի կնոջ, որը երկար տարիներ իշխանավորի կին է եղել եւ տարիներ շարունակ ապրել է մի մարդու կողքին, որի համար քաղաքական վայրիվերումները տարբեր շրջադարձային էտապներով հարուստ են եղել ու անկանխատեսելի: Իսկ որքանով է կարողացել հայ կինը տարբեր իրավիճակներից հաղթող ու վճռական դուրս գալ, ավելին, երբ ամուսինը իշխանավոր է… Փորձեցինք այս եւ այլ հարցերի շուրջ անկեղծ զրույցի բռնվել հայտնի բանասեր, գիտնական Ռաֆայել Իշխանյանի դստեր` ՎԱՐԴՈՒՀԻ ԻՇԽԱՆՅԱՆԻ հետ, ով մեզ բոլորիս քաջածանոթ եւ հայտնի քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանի կինն է, եւ ով, ի տարբերություն մեր մենթալիտետին հավատարիմ այլ կանանց, ավելի ազատական, կամ գուցե այլ կերպ ասած՝ եվրոպական արժեքների կրող է… Եվ այն հարցին, թե ինչպես պատահեց, որ Ռ. Իշխանյանի դուստրը իր արժեհամակարգով բավականին տարբեր գտնվեց հորից եւ ավելի շատ գնաց եվրոպականի ետեւից, տիկին Վարդուհին, այս դիտարկման հետ այնքան էլ չհամաձայնելով պատասխանեց.

- Դա այնքան էլ այդպես միանշանակ չի կարելի ընդունել: Իսկ հայրս մեծ գիտնական էր, կենսաբան, պատմաբան, ինքը ճշմարտության կողմնակից էր` բոլոր հարցերում, եւ նա միշտ պրպտում էր, որ հայ ժողովրդի պատմությունը ճշմարիտ ներկայացվի` որ հայերը բնիկ են եղել այս տարածաշրջանում, որ հայերը պետք է իրենց մայրենի լեզվով կրթություն ստանան` իմանալով նաեւ շատ ուրիշ լեզուներ, ինչպես նաեւ ընդունում էր համամարդկային բոլոր արժեքները: Մարդու իրավունքներն էլ էր ընդունում, որը որ խորհրդային տարիներին չկար. ինքը շատ մեծ ազգային արժանապատվություն ունեցող, Հայաստանը, հայ երկիրը սիրող մարդ էր: Իսկ եվրոպական արժեքները, որ ասում եք, վատ արժեք չեն. այնտեղ շատ լավ բաներ էլ կան, որոնք պիտի վերցնենք, է՜, վատերն էլ թող չվերցնենք: Մեր սովորությունների մեջ էլ շատ վատ բաներ կան, որոնցից պիտի ազատվենք, եւ խիստ հակառակը:

-Ձեր հորից` Ռ. Իշխանյանից, հոգեւոր ի՞նչ ժառանգություն եք ստացել, եւ կա՞ն արդյոք բնավորության գծեր, որով նմանության եզրեր եք գտնում Ձեր եւ Ձեր հոր միջեւ:

- Ես հորիցս ժառանգել եմ մեր երկիրը, մեր լեզուն սիրելը, ազգային արժանապատվությունը: Ստացել եմ ազատության գաղափարը, որ բոլորս ազատ ենք, ազատ մարդիկ ենք: Իշխանավոր կլինի, հավաքարար կլինի, բոլորը հավասար են` մարդկային տեսակետից: Ինքը շատ դեմոկրատ մարդ է եղել: Ես շատ ազատ եմ մեծացել. ուր ցանկացել, գնացել եմ, արշավների եմ գնացել, ու ոչ մի արգելք այդ առումով չի եղել: Ազատ մտածել ենք կարողացել, ցանկացած հարցով վիճել ենք, մտավախություն չենք ունեցել, մեր կարծիքները ազատ հայտնել ենք ցանկացած հարցում, դրա համար մեր ընտանիքը այն ժամանակ էլ էր տարօրինակ, հիմա էլ:

- Իսկ Ձեր դեմոկրատական հայացքները ի՞նչ դրսեւորում են ստացել Վազգեն Մանուկյանի կինը դառնալուց հետո:

- Այդ արժեհամակարգի շնորհիվ էր, որ ես հանդիպեցի ամուսնուս, որովհետեւ տեսա, որ մտածելակերպով մեկ ուրիշն էլ կա, որը նման էր հորս եւ մեր ընտանիքին: Ես շատ ուրախացա՝ այդ տեսակ մարդու հանդիպելով, եւ դա էլ առիթ հանդիսացավ, որ մենք մտերմացանք: Ճիշտն ասած, իմ շուրջը շատ տղաներ էին պտտվում ժամանակին, բայց ես բոլորին հորս հետ էի համեմատում, եւ ինձ համար շատ կարեւոր էր տղամարդու խելքն ու մտածողությունը:

- Իսկ ինչպե՞ս եք ծանոթացել Վազգեն Մանուկյանի հետ եւ որտե՞ղ:

- Վազգենը ինձ դաս է տվել: Ես երրորդ կուրսում էի, ինքը Նովոսիբիրսկի ասպիրանտուրայից վերադարձավ եւ հենց մեր կուրսում, առաջին լսարանը մերն էր, որ դաս տվեց: Ինքը շատ սիրված դասախոս էր մեզ համար, իսկ երբեմն-երբեմն արշավներ էինք կազմակերպում, դրանից հետո շատ հաճախ ընդհանուր մեր խմբով էինք հավաքվում, էլի արշավների էինք գնում, ու գնալով այդ ջերմ ու բարեկամական մթնոլորտը էլ ավելի ամրապնդվում էր: Ես էլ կամաց-կամաց տեսա իր մտածելակերպը ու հասկացա, որ հազվագյուտ մարդ է` իր մտածելակերպով ու գաղափարներով: Ու այդպես էլ ամեն ինչ կամաց-կամաց ստացվեց:

- Քանի՞ զավակ ունեցաք:

- Երեք աղջիկ: Երկուսը ամուսնացած են, մեկը` դեռ ոչ:

- Տարբեր ժամանակներում տարբեր կարգավիճակի ու դիրքի տեր մարդու կին եք եղել: Ինչպիսի՞ն էին այդ ժամանակ Ձեր զգացողությունները, եւ երկրորդ՝ ազատական հայացքների կրող Վ. Իշխանյանի մոտ էական փոփոխություններ նկատվեցի՞ն մարդկային փոխհարաբերությունների եւ մոտեցումների առումով:

- Սկսեմ նրանից, որ երբ Ղարաբաղյան շարժումը սկսվեց, ինքը ակունքներում էր կանգնած, եւ բոլորս ոգեւորված մտանք այդ շարժման մեջ, ու երբ որ այդ շարժումը անկախություն բերեց, ոչ մեկս չէինք էլ մտածում, որ Վազգենին պաշտոն պիտի տան, ուղղակի ինքնաբերաբար այդպես ստացվեց: Իրադարձություններն այնպես դասավորվեցին, որ պետք է իշխանությունը վերցնեին: Եվ դա կանխամատածված չէր` չնայած Վազգենի ամբողջ ապրած կյանքը, պատրաստվածությունն ու աշխարհի փորձը նրան լիովին հնարավորություն էին տալիս ղեկավարելու. դրա համար նա ստանձնեց վարչապետի պաշտոնը, որն այդ ժամանակահատվածի համար շատ ծանր գործ էր: Իսկ ես՝ որպես վարչապետի կին, որ ասեմ` ինչ-որ հաճույք եմ ստացել դրանից, այդպես չէ: Ես այնպիսի դաստաիարակություն եմ ստացել, որ միշտ նույնն եմ եղել, ինձ համար բացարձակ նշանակություն չուներ` ես կլինեմ նախագահ, թագուհի կամ ինչ-որ մեկի կինը: Նման իրավիճակներում այն մարդիկ են շատ փոխվում, ովքեր ոչ մի բան չեն տեսել: Մենք այնքան շատ մարդկանց հետ ենք շփվել, որ այս խառախուռաները մեզ համար չափորոշիչ չեն:

- Դեպքերի ու իրադարձությունների առումով փորձենք էլի մի քանի տարի ետ գնալ: Երբ Վազգեն Մանուկյանին` որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամի, ձերբակալեցին, Դուք ի՞նչ ապրումներ ունեցաք եւ ինչպե՞ս հաղթահարեցիք այդ ծանր օրերը:

- Ինչ խոսք, ձերբակալության օրը շատ ծանր էր: Հենց այդ օրը ես մի խմբի հետ գնացել էի Սպիտակ, Գյումրի` էլի «Ղարաբաղ» կոմիտեի աշխատանքների հետ կապված: Երբ գիշերը եկանք գրողների միություն, տեսանք շուրջբոլորը շրջափակված, մեզ էլ ասացին, որ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին են ձերբակալել: Ես ահավոր սթրեսի մեջ էի, գոռոցս գցել էի հավաքվածների վրա, չորս կողմը զինվորականներ էին: Ինձ ասացին՝ զգույշ եղիր, քեզ էլ կտանեն: Հետո հավաքեցի ինձ ու դիմեցի քեռուս, որն այն ժամանակ միլպետ էր, ու փորձեցի նրա միջոցով ինֆորմացիա ստանալ: Բայց նա ինձ ասաց՝ ծրագրավորի, որ Վազգենը առնվազն տասը տարի բանտում է անցկացնելու: Բայց ես դրան այդքան էլ լուրջ չվերաբերվեցի, մի տուփ «Մալբորո» ծխախաոտ գնեցի, ու խնդրեցի նրան, որ իր կապերի միջոցով Վազգենին փոխանցի: Մի տեսակ կանխագուշակում էի, որ այդպես չի կարող լինել... Իսկ հետո, երբ Վազգենին տարան Մոսկվա, ես ամեն ամիս զանազան բաներ էի հավաքում, որ նրան ուղարկեմ: Հետո այնպես ստացվեց, որ ֆրանսիական մի կազմակերպություն, որն ամուր ձեւով կանգնած էր «Ղարաբաղ» կոմիտեի կողքին, ինձ հրավիրեց Ֆրանսիա, որպեսզի ես այնտեղ նպաստեմ «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ազատման գործընթացին: Այնտեղ մի քանի քաղաքներ կային, որոնցից ամեն մեկը «Ղարաբաղ» կոմիտեի մի անդամին որդեգրել էր: Վազգենինը Գրենոբլն էր, ուր Վազգենին Գրենոբլի պատվավոր քաղաքացի էին հռչակել: Ես այնտեղ Գրենոբլի քաղաքապետին հանդիպեցի, հետո գնացի Ստրասբուրգ, ելույթներ ունեցա, որ մենք անկախություն ենք ուզում, որ էս տղաները ոչ մի մեղք չունեն եւ այլն: Այնտեղ վերջին օրն իմացա, որ «Ղարաբաղ» կոմիտեի տղաներին շատ անսպասելի բաց էին թողել: Ամուսնուս բաց էին թողել, իսկ ես դեռ Փարիզում էի, իրենց իրավունքներն էի պաշտպանում, բայց ես միշտ նրանց ասում էի՝ ձեզ իմ շնորհիվ են բաց թողել:

- Ոչ ցանկալի ու ողբերգական մի օրվա հետ կապված էլ էի ուզում իմանալ, թե ինչպես Ձեզ պահեցիք, ինչ քայլի դիմեցիք, երբ իմացաք, որ չարաբաստիկ «Հոկտեմբերի 27»-ի օրը ԱԺ-ում արյուն է հեղվում...

- Ես, ճիշտն ասած, այն ժամանակ սովորություն ունեի ամբողջ օրը ռադիոյով Աժ-ի նիստերը լսել, իսկ Վազգենն էլ հակառակի պես չորեքշաբթի օրերը միշտ շուտ էր գալիս, քանի որ ասում էր. ««Հարց ու պատասխանի օրերը` դա ցիրկ է»: Այդ նույն օրն էլ  ժամը 1-ի կողմերը եկավ տուն, տեսավ, որ ռադիո եմ լսում, դուռը փակեց ու գնաց իր աշխատասենյակ: Ես շարունակում էի ռադիո լսել. Բարխուդարյան Լեւոնն էր խոսում, մեկ էլ իր խոսքի կեսից շխկշխկոց-թխկթխկոց լսվեց, ու ռադիոն միանգամից դասական երաժշտություն միացրեց: Իսկ հարսիկս էլ` եղբորս նախկին կինը` Ռուզան Խաչատրյանը (որի հետ ես մինչ օրս էլ շատ մտերիմ եմ), այն ժամանակ «Ազատություն» ռադիոկայանում էր աշխատում, զանգահարեցի, երկար պահեցի, չվերցրեց, հետո պատասխանեց, շշուկով խոսեց, ասաց՝ նստարանի տակ եմ, կրակում են, չեմ կարողանում խոսել, բայց ասում են` ոնց որ թե Դեմիրճյանը մահացել է: Հետո զանգահարեցի խմբակցություն (Վազգենին դեռ բան չեմ ասում), խմբակցությունում Արշակը վերցրեց, ասացի՝ Արշակ, ի՞նչ Է եղել, պատասխանեց. «Ես էլ չգիտեմ, մի հինգ րոպե առաջ նիստերի դահլիճից դուրս եմ եկել: Հեսա կիմանամ, զանգ կտամ»: Հետո արդեն իմացանք, թե ինչ է կատարվել: Ես, իհարկե, շատ ուրախացա, որ այդ օրը Վազգենը տանն էր, բայց հետո ի՜նչ պարզվեց, որ իր նստարանի վրա, որտեղ ինքը պետք է նստեր, փամփուշտը ծակել-դուրս էր եկել...

Բայց երբ որ Վազգենն իմացավ այդ մասին, մի կողմ թողնելով Ռ. Քոչարյանի հետ ունեցած տարաձայնությունները, վեր կացավ, գնաց Ռոբերտի մոտ, ասաց, որ ստեղծված իրավիճակում պետք է կարողանալ իշխանությունը պահել, որպեսզի քաոս չստեղծվի: Դե, էն ժամանակ հիշում եք գեներալ Մանվել, բան, շատ խառը վիճակ էր, ինչը կարող էր անկանխատեսելի հետեւանքների բերել: Բայց նա այդ պահին փորձեց ինչ-որ չափով օգնել` չխառնելու իրավիճակը:

- Թեմայից կտրուկ անցում կատարենք դեպի 1996-ը, այսինքն՝ խոսենք նախագահական ընտրությունների մասին, երբ հաղթանակած Վազգեն Մանուկյանին ԼՏՊ-ն գահընկեց արեց:

-Դե, ինչ ասեմ: Վազգենը 1996-ին` նախագահական ընտրություններին, իրոք հաղթել էր, բայց Լեւոնենք ուժով պահեցին: Այն ժամանակ Վազգեն Սարգսյանը վեր կացավ, ասաց՝ եթե Վ. Մանուկյանը 100 տոկոս ձայն էլ վերցնի, մենք իրեն իշխանություն չենք տա:

- Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ այդ ժամանակ Ձեր ամուսինը` Վ Մանուկյանը, փափուկ ձեւով զիջեց իր դիրքերը ԼՏՊ-ին: Ինչո՞ւ պրն Մանուկյանը այդ օրերին չկոշտացրեց իր պայքարը:

- Զիջելը ո՞րն է: Պիտի արյուն թափվեր, եթե չզիջեր: Նրանք արդեն քաղաքը տանկերով լցրել էին: Ու ԼՏՊ-ն պատրաստ էր արյուն թափելու, ինչպես որ արյուն թափեց մարտի 1-ին: Ճիշտ է, իշխանությունները միշտ մեղավոր են դուրս գալիս, որ արյուն է թափվում, բայց ԼՏՊ-ն ուզում էր, որ արյուն թափվեր: Ես համոզված եմ, որ մարտի 1-ին իրենք ուզում էին, որ արյուն թափվեր, ուղղակի մերոնք շատ ապաշնորհ գտնվեցին, Լեւոնի խայծը կերան, ու այդ արյունը թափվեց: Պետք է նրանք պրոֆեսիոնալ վարվեին եւ այլ կերպ խնդրին մոտենային: Լեւոնը մի անգամ եղել է իշխանության, ցանկացել է, որ արյուն թափվի, ընդդիմության դիրքերից էլի ցանկացել է, որ արյուն թափվի: Բոլորը գիտեին, որ Վազգենը այն ժամանակ հաղթել էր, ես մինչեւ հիմա պահում եմ այդ արձանագրությունները` որտեղ ինչքան ձայն է վերցրել: Լեւոնը ժողովրդին չի սիրում, ինքը միայն փառքի է ձգտում, եւ իր համար արյուն թափվելը ոչ մի բան է: Նույնիսկ այն ժամանակ մի տեսանյութ էր շատ տարածվել, անունը «Գիշատիչների խրախճանք» էինք դրել, երբ գեներալ Մանվելի մոտ հավաքվել, ժողով էին արել, Վանոն ասել էր, որ մի քանի հոգի էլ մահանա հանուն իշխանության, ի՞նչ նշանակություն ունի:

- Եթե դեմ չեք, գանք-հասնենք մեր օրերը: Այժմ Վազգեն Մանուկյանը ղեկավարում է Հանրային խորհուրդը, որտեղ ընդգրկված են, ինչպես ասում են, կադրից շատ ու շատ դուրս մնացած մարդիկ: Կարծիք կա, որ այդ գործը ստանձնելուց հետո Վազգեն Մանուկյանի ռեյտինգը կտրուկ նվազեց, քանի որ նա էլ գնաց-հավասարվեց նրանց, ովքեր այսօր, վերջին հաշվով, քաղաքական լուրջ գործընթացներից հեռու են մնացել եւ կամաց-կամաց իրենց ազդեցությունը կորցրել են: Դուք ի՞նչ կասեք սրա վերաբերյալ:

- Վազգենը նպատակներ ունի, որ Հայաստանը դառնա իր երազած երկիրը, որը դեռ չկա, որ Ղարաբաղը Հայաստանին միանա եւ այլն, եւ այլն: Հիմա այդ երկիրը ունենալու, այդ նպատակներին հասնելու համար ինքը կլինի պաշտպանության նախարար, վարչապետ, ընդդիմություն, թե Հանրային խորհրդի նախագահ, իր համար մեկ է: Իր համար կարեւորը այդ նպատակներին հասնելն է: Եթե իրենք այսօր կարողանում են բազմաթիվ հարցեր լուծել, ի՞նչ նշանակություն ունի՝ պաշտոն ունե՞ս, թե՞ ոչ:

- Քանի որ առջեւում կանանց միամսյակն է, ի՞նչ կմաղթեիք հայ կանանց եւ աղջիկներին:

- Ես ցանկանում եմ, որ մեր կանայք ազատ մտածեն, արժանապատվություն, հետաքրքրություններ ունենան, չսահմանափակվեն միայն իրենց երեխաներով ու ընտանիքով, մի քիչ դուրս նայեն, տեսնեն՝ աշխարհում ինչ կա, իրենց մասին մտածեն, իրենց արտաքին տեսքին հետեւեն, որ իրենց ամուսինները աջ ու ձախ չնայեն: Եվ վերջապես՝ երջանիկ, եւ հաջողակ լինեն:


Հանդիպումը`
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում