livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 09, 2019

Կան անուններ, որոնք հավերժ են, կան մարդիկ, որոնք իրենց ապրած կյանքով, տարիների դառը փորձով ու անցած հարուստ եւ բեղմնավոր ճանապարհով այնպիսի հետք են թողնում հասարակության մեջ, որ նրանց  մասին խոսելը միշտ նոր զգացողություններ ու նոր լիցքեր է հաղորդում  յուրաքանչյուրիս` կլինի կին թե տղամարդ: Նրան ճանաչող շատ ու շատ մարդիկ գրեթե միշտ նույն կարծիքն են հայտնում. նա մեծ հայրենասեր է, իսկական հայուհի, առաքինի կնոջ իդեալական կերպար, մարդ, որ միշտ ասելիք ունի եւ, ի վերջո, անհատ, որն իր տեսակով, իր յուրահատուկ բնավորությամբ, շիտակ, բնական կեցվածքով ու աշխարհընկալմամբ իր մեջ է ամփոփել մեր ժողովրդի հոգեւոր առանձնահատկությունները: Կին, որ օժտված է պայծառ լավատեսությամբ` թեկուզ ամենադժվար պահերին, ինչը բխում է նրա խորատես հոգուց ու խորազգաց էությունից: Ահա այսպիսին է հայությանը բնորոշ կյանքի բազմակողմանի ընդգրկումով, անմիջական ու անկեղծ, այժմ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր ԳՈՀԱՐ ԵՆՈՔՅԱՆԸ, ում կյանքի էջերը շատ հարուստ են, իսկ ապրած տարիները` բազմաբովանդակ:

Ճիշտ այսպես են նրան բնութագրել մեր մեծերից շատերը. «Շրջազգեստով մարտիկ, երկաթյա տիկին»… Ու այսպես շարունակ, եւ ոչինչ պատահական չէ, քանզի այդ նույն Գոհար Ենոքյանն էր` ԽՍՀՄ Գերագույն խորհրդի` Հայաստանից ընտրված մարտնչող ու հայրենասեր «մարտիկը», որ Մոսկվայում՝ Կրեմլի Համագումարների պալատում, առանց ետ ու առաջ նայելու, առանց մեկ վայրկյան իրական վտանգի ազդակները նկատելու կանգնեց ու ռուսական հզոր կայսրության նախագահ Գորբաչովի նման քաղաքական երեւույթի երեսին շպրտեց իրականությունը՝ բարձրաձայնելով վերջինիս անարդար վերաբերմունքի վերաբերյալ, շեշտելով, որ Գորբաչովի ու Գերագույն խորհրդի անդամների վերաբերմունքը ԼՂՀ-ի հարցում շատ անարդար է, եւ որ նրանց ձեռքերը Ղարաբաղի հարցում արյան մեջ շաղախված են, եւ ավելին՝ խոսելով ազգերի ինքնորոշման մասին՝ մեր ռուս բարեկամները այդ կոնտեքստում չպետք է մոռանան նաեւ Ղարաբաղի մասին...

Ինչեւէ, թե ուր են ձգվում Գոհար Ենոքյանի ապրած կյանքի  պատմություններն ու հիշողությունները, եւ թե ինչպես, ինչ պայմաններում 7-ամյա աղջնակը խորհրդային տարիներին ընտանիքի հետ հայտնվեց հեռավոր Սիբիրում, այս պատմության շուրջ տիկին Ենոքյանին խնդրեցինք եւս մեկ անգամ մանրամասներ վերհիշել ու պատմել իր անցած-գնացած կյանքի ու դառը օրերի մասին:

- Իհարկե, այդ պատմությունը շատերին է հայտնի, եւ բազում առիթներ եղել են այդ մասին խոսելու, բայց եթե Ձեզ շատ է հետաքրքրում, ի՞նչ արած, նորից ետ պիտի գնանք դեպի անցյալը… 1949թ.-ի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը կաշվե բաճկոններ հագած երեք մարդ եկան մեր տուն ու ասացին, որ մեր սեփական տան բակում բեռնատար մեքենա կա կանգնած, եւ որ ինչ ունենք-չունենք, հավաքենք, քանի որ մեզ ուշ գիշերով Հայաստանից տեղափոխում են: Հայրս հարցրեց՝ ինչի՞ համար եք տանում: Պատասխանեցին, որ իրենք էլ տեղյալ չեն, միայն  հավելեցին. «Կարգադրություն կա, մենք ձեզ տեղափոխում ենք, եւ դուք մենակ չեք»: Եվ իրոք, այդպես էլ եղավ. լուսաբացին, երբ մեզ տարան ներկայիս Մասիս կայարանը (այն ժամանակ՝ Ուլուխանլու), լույսը բացվելուն պես մենք տեսանք, թե ինչ վայնասուն էր, ու ինչ էր կատարվում մեր շուրջը. անթիվ, անհամար մարդիկ էին բերում ու լցնում գնացքի բեռնատար վագոնները… Դրանից հետո ամիսուկես մեզ տարան-տարան, մինչեւ որ հայտնվեցինք հեռավոր Սիբիրում: Հիշում եմ՝ մի 20-30 ընտանիքի միանգամից մի վագոնի մեջ էին տեղավորում, իսկ մեր այդ նույն վագոնի մեջ էր գտնվում նաեւ պրոֆեսոր Յոլյանը` իր կնոջ՝ Մարգոյի հետ, որոնց հետ անմիջական կապ ունի պատմությանս շարունակությունը: Հայրս` Աղաբեկ Ենոքյանը, որը չափազանց գրագետ ու գրականություն սիրող մարդ էր, երբ որ հունիսի 13-ին մեր տուն այցելած այդ երեք մարդկանցից մեկն ասաց` ինչ ունեք, դրեք, հայրս առաջինը մեր պարկերը վերցրեց ու վազեց դեպի գրադարանը ու սկսեց առաջնահերթ մեր գրքերը դնել: Մայրս սկսեց բղավել՝  չգիտես, թե ուր ենք գնում, ի՞նչ ես գիրք շարում՝ փոխանակ մեր շորերը վերցնես: Հայրս էլ շուռ եկավ, բղավեց մորս վրա. «Ես չգիտեմ, թե իմ երեխեքին ուր են տանում, բայց որ իմ երեխեքը պետք է հայերեն գրքեր ունենան ու հայերեն սովորեն, պարտադիր է»: Բայց ո՞րն է այս պատմության մեջ ամենահետաքրքիրը. հայրս այդ գրքերի հետ վերցրել էր նաեւ ԽՍՀՄ քարտեզը, որն էլ հենց մեր տաժանակիր ճանապարհի կողմնացույցը դարձավ: Եվ հենց այդ նույն ժամանակ, երբ Յոլյանի հետ այդ գնացքով շարժվում էինք առաջ, Յոլյանը հարցրեց, թե որեւէ մեկը արդյոք ունի՞  ԽՍՀՄ քարտեզը: Հայրս ասաց, որ իր մոտ կա: Դրանից հետո այդ քարտեզը բերեցին, բացեցին, ու երբ որ ամեն մի կայարարանում գնացքը կայանում էր, Յոլյանը քարտեզի վրա նշում էր, թե որ կայարանը հասանք… Եվ երբ օրեր շարունակ գնալով` եկանք-հասանք Ստալինգրադ քաղաքը, ու երբ Ստալինգրադի Վոլգայի կամրջով գնացքը հռնդյունով անցավ, Յոլյանը շատ կտրուկ տոնով ասաց. «Լա՛վ, ժողովուրդ ջան, հանգստացե՛ք, մեզ Սիբիր են աքսորում»: Շատ լավ հիշում եմ, որ երբ գնացքով հասանք վերջին կետին ու սկսեցինք մեր իրերը դատարկել, դրանց մի մասը սայլերի վրա բարձեցին, մյուս մասն էլ մեքենաներով տեղափոխեցին: Հայրս եղբայրներիս հետ այդ մեքենաների մեջ տեղավորվեց, իսկ մայրս եւ մյուս քույրս ու եղբայրներիցս մեկը նստեցին այդ սայլի մեջ, ու առաջ շարժվեցինք: Եվ հետո, երբ այդ սայլերով մեզ սկսեցին տանել, մենք հորս կորցրեցինք. նրանք ուրիշ ճանապարհով գնացին, իսկ մեր սայլը ուրիշ  ճանապարհով գնաց: Եվ երբ այդ սայլով անցնում էինք Օբի վտակներից մեկի վրայով (նեղ կամրջի երկայնքով), ձիու ոտքը կպավ տախտակներից մեկին, ու ձին սկսեց կաղալ… Հենց այդ ժամանակ էլ սայլի մեջ տեղավորած մեր իրերը եւ հորս` Սիբիր հասցրած պարկով գրքերն ու այն ժամանակվա մեր հին արդուկը կամրջից  ընկան գետը: Իսկ փոքր եղբայրս ընկավ հենց այդ սայլի կողքը, մայրս այդ պահին բղավեց ու շտապ եղբորս գրկեց ու վերեւ բարձրացրեց: Դե, իսկ գրքերն ու մեր հին հայկական արդուկը ընկան գետն ու… Մենք այդպես էլ հայերեն չսովորեցինք. ահա թե որն է իմ` հայերեն լավ չիմանալու պատճառը:

- Տիկին Ենոքյան, իհարկե, ծանր է ամեն անգամ հիշել այդ դառը տարիների հետ կապված պատմությունները, բայց այդուհանդերձ, հետաքրքիր է, թե ինչերի միջով անցան Սիբիր աքսորված մեր հայ ընտանիքները, այդ թվում՝ նաեւ Ենոքյանների ընտանիքը: Հայտնվելով անծայրածիր հեռավորության գրկում՝ ինչպե՞ս սկսեցիք ապրել, ո՞րն էր ընտանիքի հոր` Աղաբեկ Ենոքյանի առաջնահերթ անելիքը:

- Սկսեմ նրանից, որ հայրս չափից դուրս աշխատասեր ու իր ընտանիքը սիրող ու պաշտող մարդ էր…Հեռավոր Սիբիրում, ինչպես բոլոր հայ տղամարդկանց, այնպես էլ հորս ուղարկում էին անտառ` ծառ կտրելու, եւ ամբողջ ձմեռ այդ ծառերը կտրատում, շարում էին գետի ափին, ու հիշում եմ՝  հենց  այդ գետ ի սառույցը հալվում էր, իրար վրա շարված գերանները բաց էին թողնում գետի մեջ, կամ, ինչպես ասում են, սկսում էր գերանների «սպլավը»: Հայրս վերին աստիճանի ազնիվ, կիրթ, գրագետ ու հասկացող մարդ էր: Յուրաքանչյուրիս մատը որ փուշ էր մտնում, նա կյանքը տալիս էր…

- Իսկ ինչպե՞ս կնկարագրեք Ձեր մորը՝ Լիա Ղեւոնդյանին, որը բազմաշատ Ենոքյանների ընտանիքում պետք է կարողանար ամեն բան իր ճիշտ տեղում պահել՝ հաղթահարելով սիբիրյան դժվարությունները:

- Առիթներ եղել են ասելու, որ մայրս տերտերի օջախի աղջիկ է եղել` դաստիարակված, հավասարակշռված ու հավատարիմ մեր բոլոր ավանդույթներին եւ սովորույթներին: Եվ բնական էր, որ մորս գերդաստանը բավականին կիրթ եւ գրագետ ժողովուրդ է եղել, բայց նրանք չեն սիրել, որ իրենց աղջիկները դպրոց գնան: Ինչ-որ մի մութ, անհասկանալի ժամանակաշրջան է եղել: Մայրս պատմում էր, թե այսպիսի մի խոսք է եղել. «Աղջիկն ի՞նչ է, դպրոցն ի՞նչ է, աղջիկը թող իր զավակներով ու ընտանիքով զբաղվի: Բայց, ի տարբերություն շատ ու շատ ինստիտուտներ ավարտածների, որոնք երբեմն իրականում ո՛չ հոգի, ո՛չ դատողություն ունեն, մայրս այդ ամենի կրողն է եղել, նրան մեր գերդաստանում անվանել են «մեծ տադո», այսինքն՝ բոլորը լսել են նրա ձայնը, նա Աստծո տված խելք ու շնորհք է ունեցել: Չլինելով գրագետ կին՝ շատ հաճախ  նա այնպիսի՜ օրինակներ էր բերում, այնպիսի՜ բաներ էր պատմում ու դատողություններ անում, որ միշտ զարմանքով մորս հարցնում էի, թե կրթություն չստանալով՝ որտեղի՞ց նրան այդքան գիտելիք: Մայրս պատասխանում էր. «Այ բալամ, տառ չգիտեմ, հո անխելք է՞լ չեմ»: Մայրս չափից դուրս հեռատես էր ու խորաթափանց:

- Իսկ ժամանակին Ձեր մայրը Ձեզ ի՞նչ խորհուրդներ է տվել, որը մինչեւ այսօր հիշում եք:

- Մայրս մեզ դաստիարակում էր` առաջինը կարեւորելով նամուս հասկացությունը, հետո ասում էր, որ աղջիկը պետք է կիրթ ու զարգացած լինի, ցանկացած օջախի հենարանը լինի, եւ ամենակարեւորը՝ միշտ հիշի ու ականջին օղ անի, թե ինչպիսին պետք է լինի հայ կինը իր բոլոր ընկալումներով ու դրսեւորումներով: Մայրս ինձ միշտ ասում էր. «Հիշի՛ր, մարդու անունն է մնում, եւ եթե դու սխալ ճանապարհով գնաս, դու ուրիշ անուն կունենաս, իսկ եթե ճիշտ  ճանապարհով գնաս, բոլորովին ուրիշ անուն կունենաս, որը քեզ համար մեծ ճանապարհ կբացի»: Սա մորս տված դաստիարակությունն է եղել, որն այսօրվա ժամանակաշրջանի հետ չի խոսում, եւ ես միշտ ինքս ինձ հարց եմ տալիս՝ եթե իմ մայրը ինձ ուրիշ կերպ դաստիարակեր, գուցե ես այլ կերպ մեծանայի…

- Այնուամենայնիվ, ո՞րն է Ձեզ համար հայ կնոջ իդեալը, եւ եթե համեմատություն անցկացնելու լինեք, ո՞ր ժամանակների հայ կինն էր ավելի ազդեցիկ ու  ներկայանալի:

- Ըստ իս՝ հայ կինը բոլոր ժամանակներում էլ գնահատաված է եղել, քանի որ հայ կինը միշտ էլ մեծ արժանիքների տեր է եղել: Բայց դեռեւս պատմությունից սկսած` Սոսեներին, Գոհարներին, Սիրանույշներին, Հայկանդուխտներին եւ շատ ու շատ տիկնանց գիտենք, թե ինչպես են մեծարել: Իհարկե, կան նաեւ այնպիսի հայացքների տեր տղամարդիկ, որոնք կանանց ուզում են պատկերացնել միայն եւ միայն խոհանոցում եւ երեխա բերելու, դաստիարակելու մեջ: Սակայն ընդհանուրի մեջ, կարծում եմ, այդ մտածողության տեր տղամարդիկ քիչ մաս են կազմում, քանի որ, մեծ մասամբ, հայ տղամարդը միշտ էլ կնոջը մեծարել է, միշտ էլ նա նրան աստվածուհի է համարել: Հիմա դարը մի քիչ փոխվել է, կինը էլի իր հարգանքը ունի հայ տղամարդու մոտ, բայց, քանի որ ժամանակները փոխվել են, չեմ կարող չասել, որ մի քիչ էլ մեր կանայք են փոխվել իրենց արժեհամակարգով: 17, 18, 19-րդ դարերում հայ կնոջ արժեքը բոլորովին այլ է եղել, իսկ ներկայիս երիտասարդների, հայ կանանց մոտ աշխարհընկալումը, խոշոր իմաստով, փոխվել է: Ես՝ որպես տարիքս առած կին, միշտ էլ մտածում էի, որ մեր ազգից նամուսով, թասիբով ու պատվով կին ուրիշ տեղ չկա, բայց երբ 20-րդ դարի վերջում սովետը փլուզվեց, ու ես իմ աչքերով տեսա, թե հայ կինը ինչի կարող էր գնալ 20 դոլարի համար, փոխեցի իմ կարծիքը եւ շատ ցավում եմ դրա համար:

- Թացը չորի հետ է խառնվելով, եւ այսօր, կարծես թե, գերժամանակակից կինը, քաղքենին  ու իսկական արիստոկրատը շատ դժվարությամբ են սկսվում տարբերվել իրարից: Սա ինչի՞ հետեւանք է:

- Իմ ասածն էլ հենց դա է. կին ասելով ես հասկանում եմ մայր, ընտանիք, սեր, դաստիարակություն, տղամարդու կողքին կանգնած թեւ ու թիկունք, ամրություն, որը որ շատ տարիներ առաջ կար: Այն, որ ես ասում եմ՝ 1992թ.-ից հետո կարծիքս փոխեցի, մեկ-մեկ էլ ինքս ինձ հարց եմ տալիս՝ մի՞գուցե իմ հայացքներն են հնացել: Ի՞նչ արած, ես այս տեսակի մարդ եմ, գուցե ինձ պես դաստիարակություն ստացած մարդու համար դա վատ է հնչում, բայց երբ ես երիտասարդների հետ զրուցում եմ ու փորձում  հասկանալ՝ արդյոք ես ճի՞շտ եմ մտածում, թե՞ ոչ, նրանք ինձ պատասխանում են, թե գնում են ազատականացման ճանապարհով եւ պետք է ապրեն այնպես, ինչպես իրենց սիրտն է թելադրում: Եվ երբ ասում եմ՝ բա պատի՞վը, նամո՞ւսը, արժանապատվությո՞ւնը, մեր սովորություններն ու բարքե՞րը, նույն երիտասարդները հակադարձում են, թե ժամանակներն ու պահանջները փոխվել են: Եվ շատ հաճախ էլ այս մտածողությունն է, որ խանգարում է, որպեսզի նորաստեղծ ընտանիքները կայանան... Իզուր չեն ասել, որ կինը մարդու վիզն է, իսկ գլուխը՝ տղամարդը, այնպես որ՝ կինը պետք է ամուսնու պատիվը պահի ու միշտ գիտակցի, թե որ ուղղությամբ է իր վիզը թեքում: Չեմ ասում, թե մեր հայ կանայք պետք է ստրուկ լինեն ու ամեն անտանելի բան ներեն հայ տղամարդուն, բայց որ հայ կինը բոլոր իրավիճակներում պետք է զգոն ու հավասարակշռված  լինի, դա միանշանակ է:

- Տիկին Ենոքյան, Ձեր ծնողների մասին խոսեցինք, բայց չիմացանք, թե  Դուք որ հողի ու ջրի ծնունդ եք:

- Ես ծնվել եմ մշեցու նահապետական ընտանիքում: Դե, երեւի հասկացաք՝ ծուռ մշեցու թոռ եմ, ու լավ գիտեք, որ այդ կողմի մարդիկ նամուսով, թասիբով, շիտակ, ուղիղ ու ավանդույթները հարգող ժողովուրդ են: Այնպես որ՝ ես դաստիարակվել եմ այդ տիպի ընտանիքում: Մորական կողմս եղել են եկեղեցու հոգեւոր սպասավորներ: Սիմոն պապս ու նրա եղբայր Արամը 18 տարուց ավելի եղել են Օշականի եկեղեցու հոգեւոր սպասավորները: Իսկ մորական պապիս մյուս եղբայրը եղել է Բենիկ Վարդապետը, որին ժամանակին ասել են ոսկեբերան Բենիկ Վարդապետ, նա 11 լեզվի է տիրապետել, ծառայել է Էջմիածնում, բայց նրա հետ կապված մի հայտնի պատմություն կա, որի մասին Ձեզ էլի հաճույքով կպատմեմ: Ծառայելով Էջմիածնում՝ օրերից մի օր ոսկեբերան  Բենիկ Վարդապետը հանդիպում (հայտնի երգ կա՝ «Ով սիրուն, սիրուն, փայլուն Արուսյակ») եւ խենթի պես սիրահարվում է Արուսյակին, որը ամուսնացած է լինում եւ մեկ տղա է ունենում, բայց նա էլ է սիրահարվում Բենիկ Վարդապետին, որից հետո Բենիկ Վարդապետը հանուն այդ մեծ սիրո հրաժարվում է իր հոգեւոր կյանքից, իր հետ վերցնում է «փայլուն Արուսյակին», նրա տղային եւ մեկնում է Մոսկվա: Երկար տարիներ այնտեղ ապրելուց հետո՝ 50-ականներին, երբ «փայլուն Արուսյակը» մահանում է, Բենիկ Վարդապետը վերադառնում է իր հարազատ Ապարան եւ 53-54 թթ.-ին ինքն էլ է մահանում: Ես շատ հաճախ եմ գնում նրա գերեզմանին եւ չափազանց նրան մեծարում եմ որպես այն ժամանակի խելքի ու մտքի գիտակ: Եթե մարդը սիրո զգացմունք է ունեցել, նրան ոչ մի հարցում չի կարելի մեղադրել, քանի որ նա կարողացել է իսկապես սիրել…

- Ձեր ունեցած անձնական սիրո ու Ձեր ընտանիքի մասին խոսենք: Դուք Ձեր ամուսնուն սիրել ե՞ք եւ այս հարցում մի փոքր կանկեղծանա՞ք մեզ հետ:

- Հիմա ամուսինս, իհարկե, չկա, բայց ես նրան իսկապես շատ եմ սիրել: Իսկ ինչ վերաբերում է իմ ընտանիքին, ապա ունեմ մեկ տղա, որին անչափ շատ եմ սիրում, զույգ թոռնիկներ` Գոհարն ու Թագուհին, եւ շատ հրաշալի հարսիկ, որոնցից ամեն մեկը իմ սրտում իր տեղն ունի: Բայց դե, իհարկե, իմ կյանքի ողջ իմաստն ու բովանդակությունը ես իմ թոռնիկների հետ եմ կապում, որովհետեւ առանց նրանց ես իրոք կյանք չունեմ:

- Տիկին Ենոքյան, խոսենք շատերին հետաքրքրող մի թեմայի` հագուկապի ու մասնավորապես՝ Ձեր կրած կոստյումների մասին: Վերջերս մամուլում մի հրապարակում էր հայտնվել այն մասին, որ ԱԺ պատգամավոր Գոհար Ենոքյանը բացառապես կրում է «Գարուն»-ի կոստյումները: Այդ խոսակցությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը:

- Անկեղծ ասած, Ձեր հարցը շատ հետաքրքիր է, եւ ես Ձեզ պետք է հետեւյալ կերպ պատասխանեմ. արդեն գիտեք, որ ծնվել եմ պատերազմի տարիներին, 7 տարեկան հասակում ընտանիքով աքսորվել ենք Սիբիր, ուր  ես հայտնվել եմ ընդամենը մի չթից շրջազգեստով եւ սանդալիկով, ու  դրանից ընդամենը մի քանի ամիս հետո ձյուն է դրել… Ես հագուստ չեմ ունեցել, ժամանակն է այդպիսին եղել: Բայց միշտ էլ ձգտել եմ, որ լավ հագնվեմ, որովհետեւ մարդը այն ամենը չի ունենում, ձգտում է մեծ տարիքում ունենալ: Եվ երբ որ ես ինստիտուտը ավարտելուց հետո անցա աշխատանքի իմ մասնագիտությամբ, արդեն կար էի անում ու գումար վաստակում: Մեկ տաբատը կարում էինք 8-10 ռուբլով, որն այն ժամանակ մեծ գումար էր: Եվ հենց այդ ժամանակներից էլ ես սկսեցի լրջորեն իմ հագուկապի մասին մտածել եւ երբ հետագայում արդեն ընդունվեցի Թեթեւ արդյունաբերության նախարարություն, ես գործով անընդհատ կապի մեջ էի Մոսկվա քաղաքի հետ: Ամիսը 3-4 անգամ  Մոսկվա գործուղման էի գնում  ու ամեն անգամ, փառք Աստծո, կարողանում էի հագուստի նկատմամբ ունեցած իմ բծախնդրությունը պահպանել: Ես այդպիսի մի բնավորություն ունեի, հիմա էլ այդպիսին եմ. չեմ սիրում, որ իմ կրած զգեստից հանկարծ որեւիցե մեկը ունենա: Եթե հանկարծ ես տեսա, որ իմ կոստյումներից մեկն ու մեկը կրկնվում է, ապա կա՛մ ես դա կնվիրեմ մեկին, կա՛մ էլ ուղղակի այդ կոստյումը մի կողմ կդնեմ: Թերթերից մեկը մի անհեթեթություն էր արել՝ երեւի մտածելով, որ դրանով ինչ-որ բան կարող էր ինձ ասել՝ գրելով, թե «Գարուն»-ի կոստյումներն է հագնում Գոհար Ենոքյանը: Ես պիտի ասեմ, որ այդ գրողը այդքան խելք չի ունեցել, որ ինձ համար մեծ գովազդ է արել նման բան գրելով: Եթե ձեռնարկության տնօրենը կրում է իր արտադրած հագուստը, ապա դա նշանակում է, որ դրանք այնքան որակով են կարված, եւ որ դա այնքան արժեք ունի, որ մարդը այն հաճույքով կարող է կրել: Բայց ես, քանի որ ուղիղ ու շիտակ մարդ եմ, նաեւ պիտի ասեմ, որ իմ ողջ գիտակցական կյանքում միայն բրենդային զգեստներ ու կոստյումներ եմ կրել՝ մշտապես փորձելով պահել հագուստի կլասիկ ոճն ու ինքնատիպությունը: Ես իմ ոճը երբեք չեմ փոխում՝ ի նկատի ունենալով ե՛ւ իմ տարիքը, ե՛ւ համեստությունը, ե՛ւ չափավորությունը, ու կրում եմ այն, ինչը որ դիմացինի աչքը կշոյի, եւ ինչի մեջ ինքս ինձ լավ կզգամ:

- Տիկին Ենոքյան, իսկ թանկարժեք զարդեր սիրո՞ւմ եք կրել...

- Եթե ես ասեմ, որ թանկարժեք զարդեր չունեմ, ճիշտ չի լինի... Բայց հիմա յուրաքանչյուրս էլ հասկանում ենք, որ կյանքի իմաստը  միայն այդ զարդերի մեջ չէ, դրանցից ավելի կարեւոր բաներ կան, ամեն ինչն էլ կյանքում կարող է փոփոխական լինել, բայց կարեւոր է, որ կյանքի այս մեծ հորձանուտում մարդը միշտ իր տեսակի ու ձեւի մեջ մնա: Մարդը կարող է իր արյունը փոխել, բայց իր հայացքներն ու բնավորության գծերը երբեք չի կարող փոխել, քանի որ մարդ արարածը իր հոգեկերտվածքով մնում է նույնը՝ անգամ մինչեւ իր վերջին շունչը:

- Եվ վերջում՝ որպես հանրությանը հայտնի ճանաչված կին եւ որպես ԲՀԿ կանանց խորհրդի նախագահ, ի՞նչ կմաղթեք մեր հայ կանանց ու աղջիկներին:

- Բնականաբար, ես աշխարհի բոլոր ծայրերում ապրող կանանց, հատկապես հայ կանանց ջերմորեն շնորհավորում եմ գարնանային այս գեղեցիկ տոնի առիթով եւ ցանկանում եմ, որ մեր սերունդները ապրեն մեր խաղաղ, կայուն ու բարգավաճ երկրում: Բոլոր կանանց, մայրերին, քույրերին ու աղջիկներին ցանկանում եմ խաղաղ երկինք, կանացի երջանկություն ու ամենակարեւորը՝ անսահման եւ անսպառ սեր, քանի որ եթե մի տեղ սեր կա, ապա կարելի է համարել, որ գործի կեսն արդեն արված է, իսկ հաղթանակները` ապահովագրված… Եվ մի շատ կարեւոր բան, որ այս դժվարությունների ու առկա սոցիալ-տնտեսական այս պայմաններում մեր սիրելի կանայք հնարավորինս քիչ հուսահատվեն ու հույս ունենան, որ սա էլ կանցնի, եւ անպայման լավ օրեր էլ կգան: Եվ որ ամենակարեւորն է՝ մեր սիրած, օրհնված հողն ու ջուրը ¥Նոյի ժամանակներից սկսած¤ չլքեն ու այն բաց դարպաս չդարձնեն մեր թշնամիների համար:

Հանդիպումը`
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում