livemarks sitemap
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2019

Գիշերային կյանք, բարձր երաժշտություն եւ վառ գույներ: Կան մարդիկ, ում համար դա ուղղակի հաճելի ժամանցի մի ձեւ է, իսկ ոմանց համար էլ`  սիրված աշխատանք: Այս անգամ  top մենեջեր խորագրի ներքո  ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բազում երիտասարդների  կողմից սիրված «one club»-ի ART եւ PR տնօրեն եւ «The laboratory» ընկերության հիմնադիր Արուսիկ Մկրտչյանին, նույն իրեն` DJ VAKCINA-ին:

 

- Vakcina, պատմիր, խնդրում եմ, թե ինչպես ու երբ է հետաքրքրություն առաջացել ակումբային կյանքի նկատմամբ:

- Ակումբային կյանքի նկատմամբ ինձ մոտ հետաքրքրություն եւ սեր   առաջացել է 12 տարեկանից: Հայաստանի առաջին  ակումբները բացել է իմ մտերիմներից մեկը` ընկերուհուս եղբայրը: Աշխատանքի բերումով կազմակերպչական եւ ներքին հարցերում ընկերներով իրեն  օգնում էինք, երեւի  հենց դա հետաքրքրության առիթ հանդիսացավ: Երբ ես առաջին անգամ տեսա դիջեյի աշխատանքը ու տիրող մթնոլորտը, հասկացա, որ հենց դա է իմը: Առաջին քայլերս, եթե կարելի է նման կերպ ասել, սկսել եմ այդ ակումբներից, այնուհետեւ ծանոթացել եմ  մարդկանց հետ, ովքեր նույնպես զարգացնում էին ակումբային կյանքը Հայաստանում: Արդեն15-16 տարեկանից որոշեցի դիջեյի աշխատանքով զբաղվել: Առաջին անգամ հանդես եմ եկել  դիջեյ «Sick» անվամբ` Հանրապետության հրապարակում կազմակերպված փառատոնի ժամանակ: Դիջեյական անվան ընտրությունը կապել էի իմ անվան հետ` Արուսիկ, այնուհետեւ այն կապեցի are you sick?, որից հետո մնաց միայն Sick, որը թարգմանաբար նշանակում է` խելագար:

- Իսկ երբեւէ փորձե՞լ ես քեզ այլ ոլորտում:

- Այո, իհարկե, այդ ժամանակահատվածում արդեն ավարտում էի դպրոցս եւ մեծ ցանկություն ունեի ընդունվել Պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետ: Ի դեպ, նշեմ, շատ եմ սիրել գիտությունը  եւ ավարտել եմ կարմիր դիպլոմով: Իմ կյանքում երկու ուղղվածությունների նկատմամբ մեծ սեր կա` ակումբային կյանքն ու գիտությունը: Առաջին կուրսի երկրորդ կիսամյակից  ընդունվեցի 105.5 ռադիոկայան, եւ դա ինձ համար ճակատագրական քայլ եղավ: Մոտ 6 տարի աշխատել եմ այդտեղ, վարել իմ հեղինակային հաղորդումը: Եկավ ժամանակ, երբ հասկացա, որ ինքս կարող եմ կազմակերպել միջոցառումներ: Բնավորությամբ այնպիսին եմ, որ չեմ սիրում տեղում դոփել եւ լճանալ: Առաջին խոշոր միջոցառումը, որ կազմակերպեցի, Մարզահամերգային համալիրում էր` Golden Globe-ի հետ համատեղ: Այն նվիրված էր ծխախոտի եւ թմրանյութերի դեմ պայքարին: Այն մեծ հաջողություն ունեցավ: Դրանից հետո որոշեցի տարին 5-6 անգամ նմանատիպ միջոցառումներ կազմակերպել` Հայաստան հրավիրելով Ֆրանկֆուրտից, Հոլիվուդից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ այլ երկրներից հայտնի DJ-ների:

Չնայած նրան, որ աշխատում եմ ակումբում, այնուամենայնիվ, դեմ եմ ծխախոտին, ալկոհոլին եւ թմրամիջոցներին: Լավ երաժշտություն մատուցելուց զատ, անում եմ ամեն ինչ` հանուն երիտասարդների առողջ ապրելակերպի:

- Ինչո՞ւ Vakcina ու ինչո՞ւ «The laboratore», ի՞նչ «վիրահատություններ» եք կատարում  «The laboratore» հասարակական կազմակերպությունում:

- Նշեմ, որ իմ ընկերությունը վերջնական հաստատվեց անցյալ տարի, որը կոչվեց «The laboratore»: Լաբորատորիան այն վայրն է, որտեղ գիտնականները փորձեր են անում եւ ինչ-որ բաներ բացահայտում:  Մեր գործերը կայանում են նրանում, որ քննարկում ու նոր երեկույթի գաղափար ենք ստեղծում: Բացի դրանից, զբաղվում ենք նաեւ որոշ մարդկանց եւ կազմակերպություններին հայտնի դարձնելով:

Հայաստանի ամենամեծ երեկույթի գաղափարները ծագել եւ կյանքի են կոչվել «The laboratore»-ում: 2010-ի սեպտեմբեր ամսից դարձա  նաեւ «One» ակումբի PR-տնօրեն, հունվարից էլ` նաեւ արտ-տնօրեն:

Վակցինա անունը ընտրել եմ շատ երկար փնտրտուքներից հետո: Փորփրելով մասնագիտական բառարանները` գտա այն: Վակցինան ինձ միանգամից դուր եկավ, ձգեց, եւ այդուհետ որոշվեց, որ ես մարդկանց պետք է ներարկեմ միմիայն լավ երաժշտություն:  Երբ հանդես եկա որպես DJ, արձագանքները հասարակության կողմից շատ տարբեր եղան: Անգամ բացասական կարծիքներ են եղել: Սակայն ես այդ ամենը անտեսել եմ եւ առաջ եմ շարժվել այն ուղղությամբ, որն ընտրել էի: Երբեք չեմ ձգտել լինել շարքային DJ, միշտ ուզեցել եմ հասնել ամենալավին: Շատերը իմ հաջողությունները կապում են նրա հետ, որ ես Հայաստանի միակ աղջիկ DJ-ն էի, սակայն դա այդպես չէ, ուղղակի ես նպատակասլաց եմ: Շատ եմ աշխատում ինձ վրա: Չեմ տառապում նաեւ «աստղային» հիվանդությամբ: Շատ մարդիկ, նույնիսկ ինձ մոտ կանգնածները, շատ անգամ են մեջքից հարվածել: Պատճառը նախանձն է եղել: Բայց ես կարողացել եմ պայքարել բոլոր այդ դժվարությունների դեմ մեն-մենակ: Կարծում եմ, որ եթե ունես նպատակ, պետք է անես ամեն ինչ, որ հասնես դրան` չխնայելով ուժերդ: Ես իրականացնում եմ իմ երազանքը եւ ներարկում եմ լավ երաժշտություն:

Բացի իմ անվանումից, ընտրեցի կարգախոս.. No Drugs Only DJ Vakcina, որը օգնեց ոչ միայն ինձ իմ գործունեությունը զարգացնելու համար, այլ նաեւ իմ այն ընկերներին, որոնք, կարծես, շեղվել էին ճիշտ ճանապարհից,  առողջ ապրելակերպից:

Եթե մարդ սիրում է ակումբային երաժշտություն, դա չի նշանակում, որ մարդիկ պետք է վայելեն այդ ամենը ինչ-որ բանի ազդեցության տակ: Իմ կարծիքով` բավական է նաեւ ճաշակով երաժշտությունը: Չեմ սիրում թույլ եւ կամքի ուժ չունեցող մարդկանց:

- Հայաստանում ներկայումս կան շատ ակումբներ, արդյոք դա չի՞ խոչընդոտում Ձեր աշխատանքին:

- Ինչպես ցանկացած ասպարեզում, այնպես էլ մեզ մոտ` կա մեծ մրցակցություն: Մարդիկ փորձում են ամեն կերպ վատը տեսնել ցանկացած արարքի մեջ: Բայց հակառակ նրանց` ես ամեն ինչ փորձում եմ իդեալական անել: Նվիրված եմ իմ աշխատանքին եւ այն շատ եմ սիրում: Այդ իսկ պատճառով հասնում եմ բարձունքների եւ ունեմ երկրպագուների մեծ բանակ:

- Ի՞նչ ես կարծում Հայաստանում ընդունո՞ւմ են ուժեղ կանանց:

- Հայաստանում ուժեղ կանանցից տղամարդկանց մեծամասնությունը, չգիտես ինչու, վախենում է: Այդ իսկ պատճառով դեռ չեմ գտել երկրորդ կեսիս: Կարծում եմ, որ տղամարդը կնոջից պետք է ուժեղ լինի: Պետք չէ թույլ տալ, որ տղամարդը քո միջոցով ինքնահաստատվի` ճնշելով քեզ`  հավասարեցնի իրեն: Հայերի համեմատ` եվրոպացիները շատ սառն են: Դա նույնիսկ երեւում է դիսկոտեկում: Հայաստանում ակումբ գնացողները շատ ավելի բարձր ճաշակ ունեն եւ պահանջկոտ են: Նշեմ, որ ակումբ գնալու մեջ ոչ մի վատ բան չկա: Այն իր դրական ազդեցությունն ունի: Մարդիկ ծանոթանում են, շփվում, նույնիսկ ամուսնանում:

- Իսկ ԱԺ պատգամավորներ եւ բարձրաստիճան մարդիկ ակումբ հաճախո՞ւմ են:

- Այո, ակումբներում կարող եք հանդիպել պատգամավորների, ինչպես նաեւ տարբեր բարձր դիրքերում գտնվող մարդկանց, ու դա սովորական է. լարված աշխատանքից հետո մարդիկ լիցքաթափվելու կարիք են ունենում:

- Ինչպիսինն է Վակցինան տանը, ակումբում` որպես տնօրեն եւ ընկերական շրջապատում:

- Ես տանը շատ պահանջկոտ ու խիստ եմ, եւ չնայած որ տան փոքրն եմ, այնուամենայնիվ, շատ որոշումներ ես եմ ընդունում, եւ նաեւ առաջարկություններն էլ նույնպես ինձնից են բխում: Փորձում եմ անել այնպես, որ իմ հարազատները հասկանան, որ այն ամենը, ինչ անում եմ, արդյունքում անում եմ իրենց ուրախացնելու համար: Եթե իմ ծնողներին կարծիք հարցնեք իմ մասին, նրանք կհաստատեն այն, որ շատ համբերատար եմ, աշխատասեր, կարող եմ օրերով կատարել նույն աշխատանքը` մինչեւ հասնեմ իմ ուզած որակին, երբեք չեմ թողնի ինչ-որ բան կիսատ, դրա համար էլ հաճախ նույնիսկ ժամանակը չի բավարարում, որ պարզապես նստես, ընտանեկան մթնոլորտում զրուցես` վայելելով հարազատներիդ ներկայությունը:

Ակումբում ես լրիվ այլ մարդ եմ, միշտ քայլում եմ շատ սիրված, փորձում եմ ամեն ինչին հետեւել, նաեւ շատ հյուրասեր եմ, բոլոր հաճախորդները արդեն հասցրել են հասկանալ, որ չեմ տառապում աստղային հիվանդությամբ ու նույնիսկ շատ շատերի հետ ընկերանում եմ ու շփվում ակումբից դուրս: Ինձ համար նոր ու լավ մարդկանց նկատմամբ անսահման մեծ սեր կա, այդ պատճառով երբեք չեմ վախենում նույնիսկ սեփական նախաձեռնությամբ ծանոթանալ, քանի որ կյանքը ցույց է տվել, որ լավ ընկերներն են իրական արժեքը ու կյանքի ուրախությունը: Նրանց պետք է գուրգուրել ու միշտ դրական էմոցիաներ պարգեւել:

Որպես ընկեր` շատ նվիրված եմ, պատրաստ եմ բոլոր դժվարությունները հաղթահարել եւ օգնություն ցուցաբերել նույնիսկ պատահական ծանոթներին, էլ չեմ ասում` մոտիկ ընկերների մասին: Չնայած ասեմ, որ շատ հաճախ դա չի գնահատվում, եւ նույնիսկ շատերը կարծում են, որ դա առիթ է` էլ ավելի երես առնելու: Նման դեպքերում վարվում եմ շատ վատ, եւ այլեւս այդ մարդը հնարավորություն չի ունենում նույնիսկ մտածել իր սխալը ուղղելու մասին, քանի որ ինքն էլ հասկանում է, որ անիմաստ է:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Լուսանկարները`
ՄԱՐԻԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ եւ
ՎԱԿՑԻՆԱՅԻ արխիվից

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում