livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

Anahit4Տղամարդկանցից հաճախ կարելի է լսել, որ կանանց չի կարելի լայնամասշտաբ գործեր վստահել կամ շատ դժվար է կին ղեկավարի հետ լեզու գտնել: Բայց, այս թյուր կարծիքին հակառակ, օրեցօր հայ կանայք հաջողությունների են հասնում տարբեր բնագավառներում: Կան տղամարդիկ, որ կարծում են, թե ղեկավար կինը կորցնում է  կանացիությունը, ընտանիքի մայր լինելու կարողությունը: Բայց, «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ղեկավարելով հինգ համալսարանների միավորումը՝ Կրթության միջազգային ակադեմիան, պահպանել է ոչ միայն իր կանացիությունն ու հմայքը, այլեւ շատ կանանց նման կենցաղային հոգսեր է վերցրել իր ուսերին: Կարողացել է լինել սիրված եւ գնահատված կին՝ ամուսնու կողմից, հիանալի մայր՝ զավակների, լավ տատիկ՝ փոքրիկ թոռնիկի համար:

-Տիկին Հարությունյան, ինչպե՞ս եք վերաբերում, որ կանայք սկսել են գերիշխել շատ բնագավառներում:

- Լավ եմ վերաբերում, հատկապես կարեւորում եմ աշխատանքում պրոֆեսիոնալ լինելը, դա շատ կարեւոր է: Բայց, առանձնապես տարբերություն չեմ դնում ղեկավարը կին է, թե տղամարդ, կարեւորն աշխատանքի մեջ գիտելիքները հմտորեն կիրառելն է: Տղամարդու դեպքում ոչ ոք չի կասկածում, որ տղամարդը այդ գործը լավ կղեկավարի, իսկ երբ կինը մի փոքր առաջխաղացում ունի կամ աչքի է ընկնում որեւէ բնագավառում, դա զարմանք է առաջացնում: Կինը բնությունից արդեն իսկ ունի օջախ ստեղծելու առաքելություն՝ նոր սերունդ ծնելու, մեծացնելու, կրթելու համար: Կինը նախեւառաջ պետք է լավ մայր լինի: Եվ թերեւս վերջին տեղում աշխատանքն է, կարիերա ստեղծելը: Եթե ես ընտրություն ունենայի կնոջն առաջնահերթ մայրությունը կտայի, թող առողջ, գեղեցիկ, կիրթ սերունդ մեծացնի եւ դրանից հետո ինչով ուզում է զբաղվի: Բայց, 21-րդ դարն այնպիսին է, որ կանայք ստիպված են համատեղել իրենց մայր, կին եւ լավ մասնագետ  լինելը, ինչն, իհարկե, ողջունելի է, որովհետեւ, եթե կա այդ կնոջ պահանջարկը որեւէ մասնագիտական ոլորտում, կինը պարտավոր է առանց վարանելու, վստահելով իր ուժերին,   աշխատել եւ ստեղծագործել:  

-  Ով է ավելի ուժեղ, կի՞նը, թե՞ տղամարդը:Anahit

-  Սերը: Ուժը տղամարդու եւ կնոջ միասնության մեջ է: Հակադրության մեջ չի կարող ուժ լինել, տղամարդ-կին  պայքարում երկուսն էլ պարտված են, քանի որ խախտված է  ներդաշնակությունը:

- «Կնոջ կանխազգացումը շատ ավելի ճշգրիտ է, քան  տղամարդու  համոզմունքը»,- ասել է Ռեդյարտ Կիպլինգը: Համաձա՞յն եք այս մտքի հետ:

- Համաձայն եմ, մի փոքր ճշգրտմամբ՝ սիրող, նվիրված, հոգատար, խելացի կնոջ կանխազգացումը:

- Դուք աֆորիզմներ շատ եք սիրում: Ինչպե՞ս կմեկնաբանեք  հետեւյալ հայտնի աֆորիզմը. «Եթե կինը սխալվում է, ապա պետք է նրանից ներողություն խնդրել»:

- Ֆրանսիական աֆորիզմ է: Ճիշտ է: Կնոջ ամեն սխալի մեջ տղամարդու մեղքի բաժինը կա: Սակայն, ինձ ավելի հոգեհարազատ է Ֆ. Դաստաեւսկու միտքը. «Ամեն  մարդ  պատասխանատվություն է կրում բոլորի եւ ամեն ինչի համար»:

- Դուք հաճախ արժանանում եք տարբեր պարգեւների,  մրցանակների: Ինչպե՞ս եք արձագանքում դրանց եւ ի՞նչ  մրցանակ կցանկանայիք  ստանալ, որ դեռ չեք ստացել:

- Մեծ  ուրախություն եմ ապրում: Գնահատված լինելը շատ հաճելի է: Հպարտությամբ ընդունեցի մայրենի լեզվի պահպանման եւ զարգացման համար տրված պատվոգիրը, հուզմունք առաջացրեց ազատամարտիկների միության պատվոգիրը, շատ արժեքավոր են Կրթության եւ գիտության նախարարության պատվոգրերը, նույնիսկ ստացել եմ  «Տրվում  է  ամենաարժանավորին» շքանշանը: Յուրօրինակ զգացմունք առաջացրեց «Տարվա  ամենաոճային գործարար  կին» մրցանակը, որին արժանացա 2009 թվականին:

Կնոջ կերպարում միշտ կարեւորել եմ ոճը, պահվացքը, կեցվածքը, այն ամենն, ինչը  արտահայտվում է արտաքնապես: Շատ հետաքրքիր էր այն, որ հասարակությունը եւս դա արժեւորում է: Ինչ վերաբերվում է այն պարգեւին, որ կուզեի ստանալ, բայց դեռ չեմ ստացել, ինձ համար ամենամեծը կլիներ «Հավատարմության»  համար պարգեւը, որը  ամեն օր տալիս է կյանքը…

Anahit3- Ղեկավարում եք մեծ, բազմապրոֆիլ կրթական հաստատություն, դժվար չէ՞:

- Դժվարություններ եղել են, հիմա էլ կան: Եթե որեւէ ղեկավար երբեւէ ասի, թե ղեկավարելը հեշտ է, չեմ հավատա: Ղեկավար լինելով՝ առաջին հերթին կրում եմ մեծ պատասխանատվություն, քանի որ իմ մեկ բառից, հրամանից, երբեմն էլ մեկ հայացքից կարող է կախված լինել շատ կարեւոր հարցի լուծում: Կառավարման գործում, ամենակարեւորը, մարդկանց վստահությունն է: Եթե մարդիկ վստահում են եւ գնում իմ մատնանշած ճանապարհով,  ուրեմն՝ համախոհներ են եւ դժվարությունները հեշտ  կհաղթահարվեն: Բայց, միանգամից ոչինչ չի լինում, կառավարելն այն գործունեության տեսակն է, որտեղ ինքնուրույն ես սովորում, այստեղ չկան պատրաստի բանաձեւեր: Իմ կյանքում շատ լավ ուսուցիչներ եմ ունեցել՝ հայրս, ով գիտության եւ կրթության մեջ  ղեկավարման  մեծ փորձ է ունեցել, պապիկս, որը եղել է դպրոցի տնօրեն, բայց, միեւնույն է, ես իմ ուղին պիտի անցնեմ, իմ սխալներով պետք է սովորեմ, իմ ճիշտը պետք է կարողանամ բոլորին ապացուցել: Սովորել եմ ամեն օր ինքս ինձ գնահատել, երբեմն այդ գնահատականը շատ բարձր է լինում, երբեմն՝ ոչ  այնքան: Այս տարիներին կարողացել եմ ինձ շրջապատել այնպիսի մարդկանցով, ովքեր երբեք չեն համաձայնի ասել կիսաճշմարտությունը կամ ստել, դա կարծես չգրված օրենք է մեր հարաբերություններում: Ունեցել ենք սայթաքումներ, խոչընդոտներ, որոնք առաջին հայացքից անհաղթահարելի էին թվում: Բայց, հաղթահարել ենք, հաղթել ենք ու չենք նահանջել:

- Ինչպիսի՞ ղեկավար եք:

- Շատ ընկերական եմ կոլեկտիվում, կարծում եմ գործընկերներս  դա  կփաստեն: Ընկերական եմ նաեւ ուսանողներիս հետ: Նրանց հետ շփվում եմ՝ որպես ավագ ընկեր: Բայց, նաեւ շատ խստապահանջ եմ անձամբ իմ եւ մնացած բոլորի հանդեպ: Իմ խստապահանջությունը չի արտահայտվում կոշտ եւ կոպիտ  վերաբերմունքով: Ես պարզապես հավաքում եմ թիմին եւ ասում. «Մենք պետք է այս աշխատանքը կատարենք եւ դրա համար ունենք այսքան ժամանակ»: Եթե հանձնարարությունները ճիշտ են տրվում համապատասխան մարդկանց, ուրեմն՝ աշխատանքը հասցնում ենք ավարտել ճիշտ ժամանակին եւ  գերազանց  արդյունք ենք ունենում: Եթե չի ստացվում, ապա միայն ինձ եմ մեղադրում: Ոչ մեկին երբեք աշխատանքից չեմ ազատել այս կամ այն հանձնարարությունը ժամանակին չկատարելու կամ վատ  կատարելու համար: Աշխատանքից ազատել եմ այն դեպքում, եթե բնույթով ծույլ է եւ չի սիրում աշխատել կամ անազնիվ է: Եթե մարդը ազնիվ է եւ ուզում է աշխատել, ապա նրան  իր գիտելիքներին, հնարավորություններին համապատասխան գործ   պետք է տալ: Իմ որոշումները վերանայելով՝ հիմա հասել եմ նրան, որ գոնե այս թիմի մեջ գիտեմ, ում ինչ հանձնարարել, ումից ինչ սպասել: Մեր կոլեկտիվում չկա «սա իմ գործը չէ» արտահայտությունը, բոլորս էլ իրար օգնության ձեռք ենք մեկնում: Պրոֆեսիոնալ գիտելիքների դեպքում կնոջ համար կառավարելը դառնում է դյուրին, եւ ինչպես ժամանակին նշել է Մարգրետ Թետչերը. «Ընտանիքը հասարակության փոքր մոդել է, եւ այն կինը, որ հմուտ է ընտանիքի ղեկավարման մեջ, կլինի  նաեւ պետության հմուտ ղեկավար»: Կնոջից է կախված  ընտանեկան խաղաղությունը, երջանկությունը, հաջողությունը:  

- Կայացած կին եք Ձեր կարիերայում, իսկ ինչպիսի՞ն եք տանը:Anahit1

- Բոլորն ասում են, որ ես տանը լրիվ ուրիշ մարդ եմ: Երբ տուն եմ մտնում, դառնում  եմ տան լիարժեք անդամ, մայր, կին,  տնտեսուհի: Շատ եմ սիրում պատրաստել, հյուրասեր եմ: Կապ չունի, թե ինչ կա տանը հյուրասիրելու, միշտ հաճելի է, երբ հյուրեր են գալիս: Նրանք փաստում են, որ շատ համեղ եմ պատրաստում: Տանը շատ գործ եմ ինձ վրա վերցնում:

- Քանի՞ երեխա ունեք:

- Մեկ աղջիկ եւ մեկ տղա: Տղաս ամուսնացած է, ունեմ 7,5 տարական թոռնուհի: Աղջիկս ամուսնացած չէ, այժմ գիտությամբ է զբաղվում եւ դեռ ամուսնանալու մասին չի մտածում: Ապրում ենք տղայիս ընտանիքի հետ եւ շատ համերաշխ: Սիրում եմ  ընտանեկան ջերմ մթնոլորտը, հաճախ հավաքում եմ ընկերներիս, հարազատներիս մեր տանը: Շատ արժեքավոր են  ինձ համար զավակներիս հետ անցկացրած պահերը: Մեր միջեւ կա փոխադարձ մեծ վստահություն, զրուցում ենք, խորհրդակցում շատ ու շատ հարցերի շուրջ: Երիտասարդ տարիների գերզբաղվածության պատճառով քիչ ժամանակ եմ ունեցել երեխաներիս հետ շփվելու համար: Աշխատում եմ այդ բացը լրացնել:

- Այն ժամանակը, որ գուցե չեք հասցրել տրամադրել ձեր երեխաներին, կարողանո՞ւմ եք այժմ ձեր թոռնիկով լրացնել:

- Թոռնիկիս հետ էլ չեմ կարողանում զբաղվել այնքան, որքան ես  կուզեի: Ես ամեն կիրակի  երեխաներիս  հետ հաճախում  էի թանգարաններ, համերգներ, օպերա, թատրոններ: Թոռնիկիս եւս  աշխատում եմ մեծացնել կիրթ, ինտելեկտուալ: Իսկ այն, ինչը չեմ արել, օրինակ, ոչ մի ամառ երեխաներիս հետ հինգ օրից ավել չեմ կարողացել մնալ բնության գրկում, հանգստանալ նրանց  հետ: Շատ բան եմ տվել երեխաներիս, բայց իմ կարծիքով դա քիչ է եղել, ես իմ մայրական ողջ պոտենցիալը չեմ իրագործել:

- Ինչպիսի՞ սկեսուր եք:

- Այդ մասին  պետք է հարսիս հարցնեք, բայց իր փոխարեն կարող եմ ասել, որ ինչպես երեխաներիս, ամուսնուս հետ եմ ընկերություն անում, այնպես էլ իր հետ: Մենք շատ ազատ կարող ենք ասել իրար ամեն ինչ, բայց ոչ երբեք վիրավորել: Այնպես որ, կարող եմ ասել հարսիս հետ լավ ընկերներ ենք: Ընկերները միշտ զիջող եւ հանդուրժող են, իսկ դա ընտանիքում շատ կարեւոր  է:

- Տիկին Հարությունյան, Ձեր ամուսինը խանդո՞տ է եւ, առհասարակ, Ձեր կյանքում տեղ ունի՞ խանդը:

- Ինչպես կլինի, հայ տղամարդ եւ խանդը չարտահայտվի: Իմ  ամուսինը ճանաչված գիտնական է, աստղաֆիզիկոս, բարձր   ինտելեկտի տեր, ուժեղ անձնավորություն: Երբեք իրեն թույլ չի տվել խանդի բացահայտ արտահայտում: Մեր կյանքում խանդը էական նշանակություն չունի: Կա լիարժեք, փոխադարձ  վստահություն, հարգանք դիմացինի կարծիքի նկատմամբ, սեր եւ հոգատարություն միմյանց հանդեպ: 

Anahit2- Ձեր կյանքի ամենաերջանիկ եւ ամենածանր օրը, ո՞րն է եղել:

- Երջանիկ պահեր շատ եմ ունեցել: Ամենաերջանիկները, անշուշտ, մայրանալու  պահերն են: Ամենադժվար պահը… այդպես էլ չհամակերպվեցի հորս բացակայության հետ:

- Ո՞րն է Ձեր ամենամեծ նվաճումը, այն արժեքավորը, որ ունեք:

- Ամենաարժեքավորը մարդու ստեղծած ընտանիքն է: Երջանիկ է այն մարդը, ով երջանիկ է իր ընտանիքում: Մեծ նվաճում եմ  համարում  մարդկանց վստահությունը իմ հանդեպ: 

  - Ինչն է Ձեզ համար ավելի կարեւոր, աշխատա՞նքը, թե՞ անձնական կյանքը:

- Վաղուց արդեն չեմ անջատում մեկը մյուսից: Իմ անձնական կյանքը եւ աշխատանքը սահուն համլրում են իրար: Այնքան եմ խորացել աշխատանքիս մեջ, որ, ինձ թվում է, այն իմ անձնական կյանքի մի մասն է, շատ կարեւոր մասը:

- Ո՞րն է Ձեր հավատամքը:

- Ով ունի չափի զգացում, նա ունի ամեն ինչ:

- Շատ կանայք կան, ովքեր տնային տնտեսուհի են եւ հոգնել են տան հոգսերից, ուզում են աշխատել, երազում են ղեկավարել, ի՞նչ խորհուրդ կտաք նրանց:

- Կյանքում ամեն բան հնարավոր է: Պետք է հավատալ, երազել եւ անմնացորդ նվիրվել այն գաղափարին, որին ձգտում ես…

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում