Այս անգամ top մենեջեր խորագրի ներքո հայ կնոջ հասարակական դիրքի, նրա անցած ճանապարհի ու աշխատանքային դժվարությունների մասին զրուցեցինք բոլորիս հայտնի ՄԱԳԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:
- Ե՞րբ եւ ինչի՞ց ելնելով սկսեցիր գործունեություն ծավալել ավտոմոբիլային ֆեդերացիայում:
- 2000 թվականից սկսած` Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահության անդամ եմ, իսկ 2001-ից` նաեւ «Կին վարորդների ակումբի» նախագահ:
Նախ նշեմ, որ մեր ընտանիքը ավտոսիրողների ընտանիք էր, եւ եղբորս երազանքն էր լինել ավտոսպորտի մեջ: Հայրս նույնպես անտարբեր չի եղել մեքենաների նկատմամբ: Ընտանիքից ամենահամառը ես գտնվեցի եւ իրականացրի եղբորս երազանքը, որը ինձ սովորեցրել էր մեքենա վարել: Հաղորդմանս գաղափարը առաջացավ նրանից, երբ 1999թ. Հայաստանում միջազգային ռալիի շոու տեղի ունեցավ, որին շատ անվանի մարդիկ էին եկել մասնակցելու: Ինքս մասնակցելով մրցաշարին` կարծես վարակվեցի այդ ամենով: Դրանից հետո հետաքրքրությունս էլ ավելի մեծացավ մեքենայի ու նման շոուների նկատմամբ:
- Ո՞ր տարիքից եւ ի՞նչ մեքենաներ ես վարել:
- Վարել եմ այն մեքենաները, որոնք ունեցել ենք մեր ընտանիքում, բնականաբար, դրանք սովետական էին: Կար ժամանակ, երբ բնակվում էինք Ռուսաստանի Կրասնոդարի մարզում: Այնտեղ արդեն 8-րդ դասարանից ես դպրոց էի հաճախում իմ մեքենայով, որն այն ժամանակ շատ ֆենոմենալ երեւույթ էր: Եղբայրս թույլ էր տալիս իր մեքենան վարել, երբ այն լավ լվանում էի, իսկ հայրս, ընդհակառակը, ցանկացած ժամանակ տրամադրում էր: Եղբայրս տեսնելով, որ մեքենաներ շատ եմ սիրում, որոշեց գնել ինձ համար արտասահմանյան JEEP CHEROKEE մակնիշի մեքենա: Ես այն այնքան շատ էի սիրում, որ հետագայում բերեցի Հայաստան:
- Երբեւէ կախվածություն ունեցե՞լ ես մեքենաներից:
- Չնայած նրան, որ իմ աշխատանքը անմիջականորեն կապ ունի մեքենաների հետ, այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ մեքենան երբեք ու երբեք կուռք չեմ դարձրել ու կախվածության մեջ չեմ հայտնվել: Կարելի է ուղղակի սիրել այն ու հոգ տանել:
Ժամանակին ունեցել եմ նաեւ 07 մակնիշի մեքենա, որը միակն էր Հայաստանում իր յուրահատուկ տեսքով: Իսկ ներկայումս վարում եմ սպիտակ TOYOTA PRADO: Սիրում եմ վարել ինքս իմ մեքենաները, ուղեւորի դերում լինել չեմ կարող: Այդպես ես ինձ ավելի ապահով եմ զգում: Միգուցե դա նաեւ սովորություն է:
- Կյանքում եւ մեքենա ընտրելիս ի՞նչ գույներ ես նախընտրում:
- Ես շատ եմ սիրում վառ գույներ: Կյանքը գեղեցիկ, հետաքրքիր ու յուրահատուկ է հենց այդ գույների մեջ, սակայն մեքենայի ընտրության հարցում սեւն ու սպիտակը գերակշռում են:
- Կարիերա ստեղծելու ժամանակ ի՞նչ ճանապարհ ես անցել, եղե՞լ են արդյոք դժվարություններ:
- Ինչ վերաբերում է իմ անցած ճանապարհին, կարող եմ ասել, որ այն այդքան էլ փշոտ չի եղել: Սովորաբար մարդկանց վերաբերվում եմ ոչ թե մրցակիցների, այլ գործընկերների, որոնք փորձում են ինչ-ինչ ձեւերով ու միջոցներով առաջ տանել իրենց նախագծերը: Իմ հաջողության գրավականն այն է, որ գործի մեջ պահում եմ ինքնատիպ ոճս ու եթերներում աշխատում եմ կազմակերպված, պլանավորված, հենց դա է պատճառը, որ ոմանք, ովքեր փորձում են կրկնօրինակել, հաջողությունների չեն հասնում:
- Իսկ որպես ղեկավար` ինչպիսի՞ն ես:
- Գործի մեջ ամենից շատ սիրում եմ հստակություն ու պարզ մթնոլորտ: Առաջին տեղում ինձ համար, իհարկե, մարդկային գործոնն է դրված: Հիմնականում հանգիստ եմ ու համբերատար, սիրում եմ շփում հավասարը հավասարի հետ: Սակայն տանել չեմ կարողանում, երբ մարդիկ միտումնավոր կերպով, աչքի ընկնելու համար որոշ պահվածքի միջոցով փորձում են առանձնանալ:
Իհարկե, ղեկավարը պետք է լինի իր տեղում, իսկ մյուս աշխատակիցները` իրենց տեղերում: Բնականաբար, որոշ հարցերում պետք է լինել նաեւ խիստ եւ ունենալ կոնկրետ նպատակ: Շատ ժամանակ խստությունը ապահովում է գործի բարձր որակը, իսկ շատ ժամանակ էլ` ընդհակառակը: Ամեն ինչ պետք է ճիշտ տեղին ու ժամանակին լինի: Երբեք ու երբեք պետք չէ մոռանալ մարդկային գործոնի եւ ընկերական շփման մասին: Ընկերական եմ ե՛ւ ընտանիքի անդամների հետ, ե՛ւ աշխատանքի վայրում: Ես չեմ ընդունում, երբ նպատակին հասնելու համար զոհաբերում են ինչ-որ բան կամ մեկին:
Ցանկացած գործի լավ գրավականը աշխատասիրությունը, նպատակասլացությունն ու սերն է աշխատանքի նկատմամբ: Երբ համընկնում են ցանկություններն ու հնարավորությունները, ապա պետք է գործել: Սինատրան մի ճիշտ միտք է ասել աշխատանքի վերաբերյալ. «Ես անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս, դրա համար ինձ վարձատրում են»:
- Կյանքի ի՞նչ կարգախոսով ես առաջնորդվում:
- Կյանքի կարգախոս` որպես այդպիսին, չունեմ, սակայն ինչպես Մաքսիմ Գորկին էր ասում. «Ամեն մի օրվան պետք է նայել` որպես մի փոքրիկ կյանքի»:
- Իսկ զբաղվածության հետ մեկտեղ, ժամանակ հատկացնո՞ւմ ես երեխային:
- Ինձ համար առաջին տեղում իմ ընտանիքն է, հետո նոր աշխատանքը: Իմ ամբողջ օրը տրամադրում եմ տղայիս, սակայն անում եմ այնպես, որ աշխատանքս չտուժի: Իմ բախտը բերել է նաեւ այն հարցում, որ չնայած իր փոքր տարիքին, տղաս շատ խելացի եւ հետաքրքիր անձնավորություն է, մենք միասին քննարկում ենք մրցումների հետ կապված շատ հարցեր, տղաս` Լեւոնը, բաց չի թողնում իմ հաղորդումներից եւ ոչ մեկը, ու ես երբեք չեմ հոգնում նրա հետ ժամանակ անցկացնելուց: Մեր հարաբերությունները հետաքրքիր են եւ յուրահատուկ:
- Իսկ ի՞նչ խենթություններ եք անում միասին:
- Խենթություններ անել շատ ենք սիրում: Օրինակ` իր ծննդյան օրը մենք երկուսով Կոմիտասի մայթերով երթեւեկում էինք` իր JEEP մակնիշի մեքենայով, որում նա վարորդի, իսկ ես ուղեւորի դերում էի, եւ մարդիկ ուղղակի ապշած մեզ էին նայում: Շատ ժամանակ ուղղակի նստում ենք մեքենան, տղաս միացնում է իր սիրած երաժշտությունը, մի քանի վայրկյանում որոշում ենք, թե որ գեղատեսիլ վայր ենք գնալու եւ «մեկնում ենք»: Ի դեպ, նշեմ, որ Լեւոնը եւս սիրում է մեքենաներ այնչափ, որ քնում է Ֆերարի մակնիշի մեքենայում. դա իր մահճակալն է, որը պատվիրել եմ` ըստ իր ճաշակի: Այն այնքան մեծ է, որ նույնիսկ մայրիկն է տեղ անում:
- Քո կարծիքով` ի՞նչ դերում է գտնվում այսօր հայ կինը:
- Շատ եմ կարեւորում, երբ կինը ունի կրթություն եւ աշխատանք: Քանի որ երեխան իր օրվա մեծ մասը անց է կացնում մոր հետ, նաեւ կարեւոր է կնոջ զարգացված ու տեղեկացված լինելը, երեխայի զարգացման հարցում դա մեծ դեր է խաղում: Սակայն չի նշանակում, որ իմ խոսքը վիրավորում է տնային տնտեսուհիներին, քանի որ շատ դեպքերում նրանք իրենց կամքով չեն սեփական ժամանակը անցկացնում տանը: Հաճախ դա հայ ընտանիքի պահպանողական մտածելակերպի արտացոլումն է: Շատ հաճելի կլինի, երբ ամուսինը լինի կնոջ կողքին, եւ նրանք միասին հաղթահարեն իրենց խնդիրները` սկսած երեխաների դաստիարակությունից մինչեւ աշխատանքային ու կենցաղային հարցերը: Աշխատող կինը ավելի շատ բան է հասցնում անել: Երբ կինը աշխատում է, չի նշանակում, որ նա որեւէ բան թերի է անում: Կարեւորն այն է, որ նա չկորցնի իր նրբությունը, հմայքը, կանացիությունը` անկախ իր պաշտոնից: Կարեւոր է, երբ կինը սիրում եւ սիրված է լինում:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ