livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

nuneՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆ անհատին տարբեր ամսագրեր ու հեռուստահաղորդումներ ներկայացրել են որպես երգչուհի, վերջերս էլ` արդեն որպես ընտանիքի հոգատար մայր եւ սիրող կին: «Զարուհի» ամսագրի` «Բիզնես լեդի» խորագրի ներքո փորձեցինք բացահայտել Նունե Եսայանին` որպես բիզնես լեդի: Երգչուհին տարին հոբելյանական է համարում ոչ միայն այն բանի համար, որ այս տարի լրանում է իր բեմական գործունեության 20 տարին եւ թողարկվելու է 10-րդ ձայնասկավառակը, այլ նաեւ այն, որ լրանում է իր ղեկավարած գեղեցկության սրահի տասներորդ տարին: Տասը տարի անց Նունեն որոշել եւ արդեն երկու ամիս է` փոփոխել է սրահի գույնն ու դիզայնը:

- Սրահի ընդհանուր կապույտ գույնից դուրս ենք եկել եւ անցել ավելի շատ աշնանային գույների` կանաչի ու դեղինի մեջ, որոնք իմ ամենասիրած գույներն են: Տանը եւ արդեն աշխատասենյակում այդ գույներն են ինձ շրջապատում: Իսկ եթե շրջագայությունների ժամանակ հյուրանոցային սենյակն էլ է այդ գույների մեջ լինում, ուրեմն վերջ, ամեն ինչ ինձ համար ավելի լիարժեք է լինում: Դրա համար, որպեսզի սրահը ինձ համար չլինի միայն որպես սրահ, այլ տան նման, որոշեցի դուրս գալ սառը գույների միջից ու նաեւ փոփոխություն անել: Սրահի գույնը, ոճը, բոլորն ինքս եմ արել, ամերիկայից եմ պատվիրել ամբողջ կահույքը եւ պատկերացրեք, որ վերանորոգումից հետո` հենց բացման օրվանից, արդեն երկու ամիս է` մեր բիզնեսը փոխվել է իր տեսակով: Նույն հաճախորդներն են, մի փոքր էլ հնարավոր է, որ ավելացել են, բայց կտրուկ փոփոխություն` բիզնեսի առումով, ես արդեն զգում եմ: Հետաքրքիր է, որ դիզայնը եւ հարմարավետությունը մեծ նշանակություն ունեցան:

- Տասը տարի լինելով նաեւ այս բիզնեսում` որքանո՞վ է այն տարբերվում շոու-բիզնեսից:Nune Yesayan

- Շոու-բիզնեսում ամեն ինչ շատ ավելի պարզ է, ռեալ ու արագ: Գնացիր, երգեցիր, գումարը վերցրիր եւ վերջ, կոնկրետ այդ գումարը տեսնում ես: Այս բիզնեսում գումարը կաթիլ-կաթիլ է գալիս, հետո ամսվա վերջում հարկային, այս ու այն, եւ կարծես թե այն ինձ համար մեծ բիզնես չէ: Բայց շոու-բիզնեսի մեջ արագ ես եկամուտդ ստանում:

- Երեւի թե` որպես բիզնես, ավելի հոգեհարազատ է հենց շոու-բիզնեսը:

- Այո, եւ հետո սա այն բիզնեսն է, որից հաճույք ես ստանում: Օրինակ` մեկ-մեկ կան երգիչ-երգչուհիներ, որոնք ասում են, թե ախր մեր տանջանքը չգիտեք: Իսկապես կա այդ տանջանքը, ինքնաթիռներ, հյուրանոցներ, իրեր տանել-բերել, հոգեկան ծանրաբեռնվածություն: Իսկապես դրանք տանջանք են, հյուծվում ես: Չկա այդպիսի մի շրջագայություն, որ վերադառնամ ու չհիվանդանամ: Հենց գալիս եմ, դիմադրողականությունս լրիվ ընկած է լինում, որովհետեւ տարբեր երկրներ, տարբեր կերակուրներ, տարբեր օդ, եւ գիշեր-ցերեկ խառնվում են իրար, ու իսկապես մարմինդ ֆիզիկապես հյուծվում է: Բայց ինձ համար նաեւ հեշտ ու հաճելի գումար աշխատելու ձեւ է շոու-բիզնեսը: Քեզ տանում են, ման են տալիս, կերակրում են, լավ հյուրանոցներում ես մնում, հետո բեմ ես բարձրանում, ինչն իմ կյանքում առանձնահատուկ տեղ ունի, այն վայրն է, որ բեմ եմ բարձրանում, մոռանում եմ ամեն ինչ, վայելում այդ հաճույքը, եւ դրանից հետո քեզ գումար են տալիս, ասում շնորհակալություն: Իսկապես շոու-բիզնեսն ունի իր վատ կողմերը, բայց ես երբեք չեմ կարող ասել, գիտե՞ք` մենք ինչ տանջանքներ ենք քաշում, որովհետեւ մենք շինարարի նման չենք տանջվում եւ չենք կարող բողոքել:

nune1- Բացի վարսավիրանոցային բիզնեսից, կա՞ մեկ այլ բիզնես, որի մասին մտածում եք եւ Ձեզ տեսնում նաեւ այդ բիզնեսում:

- Այո, ես խոհանոց եմ շատ սիրում, ինչպես նաեւ` ռեստորանային սպասքն ու լավ մակարդակի սպասարկումը: Բայց նախընտրում եմ, որ այդ ամենը շատ հանգիստ ու հարմարավետ ոճում լինի: Նույնիսկ  մտադրություն կար վարսավիրանոցը փոխել փոքրիկ հարմարավետ ռեստորանի, բայց այդ դեպքում էլ, էլի պիտի շատ այստեղ լինեի, որովհետեւ իմ մտածածի համար պետք էր գոնե մի քանի ամիս, որ կարողանային իրականացնել: Բայց հնարավոր է, Աստված տա, մի օր իրականացնեմ նաեւ այդ բիզնեսը:

- Իսկ Հայաստանում հե՞շտ է բիզնեսով զբաղվելը:

- Գիտեք` մեր բախտը բերում է, որ հայտնի անուն ունենք, մի քիչ էլ սիրված ենք (ծիծաղում է- Լ. Ե.): Դրա համար շատ ավելի հեշտ է ինչ-որ բան անելը: Հատկապես, որ ինձ սերնդակից ու հասակակից պաշտոնավոր ընկերներ ունեմ, որոնք ոչ թե պաշտոնից են ինձ ճանաչում եւ դրա համար կհարգեն ինձ ու դիմածս ժամանակ էլ կընդառաջեն, այլ մինչ այդ էլ իմ ընկերներն են եղել:

- Փաստորեն, զուր չէ Ձեր այն տեսահոլովակը, որտեղ հիշատակում եք Ձեր այն ընկերների մասին, որոնք այսօր պաշտոններ ունեն:

- Այո, այ հենց այդ տեսահոլովակն էր իրականում կատարվում, երբ որոշեցի այդ երգը երգել: Իսկապես չէի կարողանում այդ ընկերներիս հետ շփվել` իրենց պաշտոնների պատճառով: Հատկապես հիմա, երբ այդ ընկերներս դարձել են բարձրաստիճան պաշտոնյաներ եւ շատ ավելի հեշտ է ինձ համար: Բայց, ընդհանուր առմամբ, հասկանում եմ, որ նոր բիզնես սկսողների համար շատ արգելքներ կան, եւ դա լավ չէ:

- Ասում են` Նունե Եսայանի համար վարսավիրանոցը կրկնակի անգամ օգտակար է, ծառայում է ե՛ւ որպես բիզնես, ե՛ւ միշտ հարդարված ու գեղեցիկ լինելու համար, ինչը Ձեր ասպարեզում անհրաժեշտություն է գրեթե ամեն օր:

- Դե, եթե հաշվարկենք, թե ես ինչքան դրամ պիտի  ծախսեի ամեն օր, ապա դա էլ պիտի գումարեմ իմ եկամուտին: Տեսեք, այսօր համերգ ունեմ, հիմա արագ-արագ հերթով պիտի մտնեմ հարդարման սենյակները: Բայց, երբ բացում էի սրահը, նաեւ դա եմ նկատի ունեցել, որ այն ինձ համար ե՛ւ անհրաժեշտ է, ե՛ւ օգտակար:

- Շոու-բիզնես, ինչպես նաեւ` վարսավիրանոցային բիզնես, դրա հետ միասին` արդեն տանը փոքրիկն է սպասում, ինչպե՞ս եք կարողանում այդ ամենը ժամանակին հասցնել:

- Շատ հեշտությամբ: Ես իմ բոլոր օրերը կարողանում եմ ճիշտ  պլանավորել: Կան օրեր, որ հագեցած են լինում պայմանավորվածություններով ու հանդիպումներով, որ տանից դուրս գամ, ամեն ինչ հերթով անեմ: Կան նաեւ օրեր, որոնք դատարկ եմ թողնում: Երբ պայմանավորվում են ու ասում, որ վաղը հանդիպենք, ես ստիպված ասում եմ, որ վաղն իմ ամենազբաղված օրն է, բայց դա այն դատարկ օրն է ինձ համար: Այդպես կարողանում եմ  համատեղել ամեն ինչ ու հասցնել:

- Ավոն` Ձեր ամուսինը, օգնո՞ւմ է Ձեզ` բիզնեսի առումով:nune2

- Այո, շատ, երբեմն խորհուրդներով, երբեմն ֆիզիկապես, հոգեպես` բոլոր առումներով: Նա միշտ իմ կողքին է:

- Բացի գումարից, ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ կին բիզնեսմեններին:

- Նախ` բիզնես սկսելու համար ամենակարեւորը ճիշտ թիմ ունենալն է, բիզնեսը հասցնել բարձրագույն մակարդակի եւ աշխատել բարձր պահել նշաձողը եւ երբեք չիջնել այդ նշաձողից: Այդ դեպքում գումարներն իրենք իրենց կգան:

- Ո՞ր տարիքից եք ճիշտ համարում, որ կինը զբաղվի բիզնեսով:

- Բիզնեսը տարիք չի ուզում: Այն ավելի շատ խելացիություն եւ մտքի ճկունություն է պահանջում: Որ տարիքում այդ ամենը եղավ, այն տարիքից էլ կարող են բիզնես սկսել:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում