livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

LilyaԱյս անգամ «Գործարար կին» խորագրի տակ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի կնոջ, ով իր անկրկնելի հմայքով եւ աշխատասիրությամբ այսօր իր շուրջն է հավաքել մեր երկրում իրենց բիզնեսը հաստատած կանանց: Նրանք միասնաբար ներկայացնում են մեր երկիրը արտերկրում: Եվ այսպես, մեր զրուցակիցն է ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդական եւ «Գործարար կանանց աջակցության» կենտրոնի նախագահ ԼԻԼՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:

- Ես այս աշխատանքին հրավիրվել եմ 2005 թվականին երբ մեր հիմնադրամի ստեղծումն օրախնդիր էր: 2005-ին Առեւտրաարդյունաբերական պալատը դարձավ Եվրոպալատի  անդամ, եւ, քանի որ բոլոր զարգացած եվրոպական երկրներում, այդ թվում` նաեւ  ԱՊՀ-ի, արդեն իսկ ստեղծված էին կանանց շահերի պաշտպանության կազմակերպություններ, որոշեցինք Հայաստանում եւս բացել նման կազմակերպություն, որը կհամախմբեր Հայաստանի գործարար կանանց: Ահա եւ ես հրավիրվեցի աշխատանքի` ստեղծելու  «Գործարար կանանց աջակցման» հիմնադրամը: Մինչ այդ ես աշխատել եմ կրթական ոլորտում:

Մասնագիտությամբ ֆինանսիստ-էկոնոմիստ եմ, ունեմ նաեւ իրավաբանական կրթություն, իսկ վերջին 10 տարիներին զբաղվում էի կրթական եւ կազմակերպչական հարցերով` Երեւանի բուհերից մեկում: Իսկ հիմա փոքր-ինչ հեռացել եմ այդ ոլորտից եւ զբաղվում եմ գործարար կանանց խորհրդատվությամբ: Սա այն աշխատանքն է, որից ես մեծ հաճույք եմ ստանում:

- Իսկ ինչպե՞ս կարողացաք գտնել եւ Ձեր շուրջը համախմբել բիզնես լեդիների:

- Իսկապես, երբ հինգ տարի ետ եմ նայում, հասկանում եմ, թե ինչպիսի բարդ աշխատանք եմ ես կատարել. հատկապես առաջին օրերի հեռախոսազանգերը, լարվածությունը, ցանցերի ստեղծումը եւ այլն: Սակայն, ակտիվ ջանքերիս շնորհիվ` ես, կարծես, հասել եմ արդյունքի, չնայած անելիքներ շատ կան:

Այս տարվա մարտի 3-ին Լիտվայում տեղի ունեցավ կոնֆերանս, որտեղ ԵԱՀԿ-ի կողմից ստացանք նոմինացիա: Ես ներկայացնում էի զեկույց, որը Հայաստանում գործարար կանանց գործունեության վերլուծության մասին էր: Այնտեղ ներկա էին աշխարհի 56 երկրներից, այդ թվում` Կանադայի, Ամերիկայի եւ եվրոպական զարգացած այլ երկրներից, ինչպես նաեւ` Միջին Ասիայի երկրներից: Բոլոր երկրների ներկայացուցիչներն ու հատկապես Լիտվայի կանանց խորհրդի նախագահը զարմանում էին, թե ինչպես է մեզ հաջողվում  աշխատել այդ ցանցի հետ: Բայց պետք է հպարտությամբ նշեմ, որ վերջին երեք-չորս տարիների ընթացքում ձեւավորվել է կազմակերպության կորիզը, եւ կազմակերպության անդամներով շփվելով, դարձել ենք արդեն ընկերուհիներ եւ սիրով օգտվում ենք միմյանց ծառայություններից: Կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ, ընդունում ենք տարբեր երկրների գործարար կանանց, փորձի փոխանակում է տեղի ունենում եւ  այլն: Իսկ յուրաքանչյուր գործարար կնոջ հիմնական նպատակը իր բիզնեսի զարգացումն է:

 

«ԿՆՈՋ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐ ՈՒՆԻ ՏՂԱՄԱՐԴԸ»



 - Մեր իրականության մեջ կինը եւ բիզնեսը մի փոքր այլ կերպ են ընկալվում, քանի որ մեր ազգային ավանդույթները  կնոջն այլ կերպ են պատկերացնում: Ինչպե՞ս եք հարմարվել այդ մտքի հետ եւ ունե՞ք դեռեւս դժվարություններ:

- Ես այդ փուլն արդեն հաղթահարել եմ, եւ, բացի այդ, գործարար կնոջ գործունեության մեջ շատ կարեւոր դեր ունի տղամարդը, չնայած շատ դեպքերում եւ օգնում են եւ, ինչու չէ, նաեւ խանգարում:

Տղամարդը կարող է թիկունք լինել կնոջ համար, քանի որ կնոջ համար դժվար է լուծել որոշակի խնդիրներ: Օրինակ` ՌԴ-ում տուրիստական եւ հյուրանոցային գործում շատ կարեւոր է, երբ ղեկավարը կին է լինում, քանի որ կինն առավել ուշադիր է նույնիսկ ամենաչնչին բաների նկատմամբ, բացի այդ, կինն ավելի դիվանագետ է, կարողանում է հարաբերություններ հարթել, իսկ որ ամենակարեւորն է, մենք ավելի համբերատար ենք եւ ունենք մեծ ինտուիցիա:

Բիզնեսում կան արմատական այնպիսի ոլորտներ, որոնցով պետք է զբաղվի կինը, դրանք են` կրթությունը, բժշկությունը, հյուրանոցային բիզնեսը եւ այլն:

- Ձեր կարծիքով` տղամարդիկ հիմնականում խուսափում են գործարար կանանցից այն բանի համար, որ կարող է կինը իրենցից առավել խելացի՞ լինել, ավելի շատ գումա՞ր վաստակել, թե՞ կա մեկ այլ խնդիր եւս:

- Իմ կարծիքով, ցանկացած գործարար կին կցանկանա իր թիկունքում ունենալ ավելի խելացի եւ ուժեղ տղամարդ, որից նա սովորելու բան կունենա: Այսինքն, Lilya1այն բոլոր գումարները, որ վաստակվում են, գնում է ընտանիք, ծառայում ընտանեկան խնդիրներին, երեխաների դաստիարակությանը եւ այլն: Չեմ կարծում, որ պետք է շեշտը դնել այն բանի վրա, թե ով է ավելի շատ վաստակում ընտանիքում, քանի որ, եթե անգամ տղամարդն է ավելի շատ գումար վաստակում, այդտեղ եւս կա իր կնոջ աջակցությունը եւ ներդրումը: Եվ իրականում, երբ տղամարդիկ հասնում են մեծ հաջողությունների կամ փառքի, իրենց կողքին կա խելացի կին, ով իրենց սիրում է եւ ազդակ է հանդիսանում իր գործում առաջ գնալու մեջ:

- Ստացվում է, եթե կողքի տղամարդը չի կարող ինչ-որ կերպ աջակցել կնոջը, այդ դեպքում չի՞ կայանա կնոջ բիզնեսը:

- Այո, եթե կողքի տղամարդն անընդհատ արգելքներ է դնում, այդ դեպքում դժվար է առաջխաղացում ունենալ: Կարծում եմ, որ գործարար կինը միշտ էլ կարող է այնպիսի տղամարդ ընտրել, ով կլինի իրեն համապատասխան, նույնիսկ եթե նա բիզնեսով չի զբաղվում: Չէ՞ որ, ի վերջո, այդ բիզնեսը կարելի է վերածել ընտանեկան բիզնեսի, եւ շատ դեպքերում հենց այդպես էլ լինում է, քանի որ բիզնեսն այնպիսի բան է, որից հնարավոր չէ միայնակ գլուխ հանել:

- Իսկ Դուք հասցնո՞ւմ եք եւ աշխատել, եւ տան գործերով զբաղվել:

- Այո, ես հասցնում եմ ամեն բան եւ նույնիսկ հասցնում եմ պահածոներ փակել: Կարծում եմ, որ կինը` չնայած իր զբաղվածությանը, պետք է հասցնի անել ամեն ինչ եւ, ի դեպ, նշեմ, որ ես արդեն տատիկ եմ: Կինը չպետք է տանը նստի եւ զբաղվի միայն տնային գործերով, քանի որ տղամարդը նրանից շուտ կհոգնի, որին կհետեւեն կոնֆլիկտները, այնուհետեւ, որքան էլ ցավալի է, ինչո՞ւ չէ, նաեւ բաժանությունը, իսկ հիմա մենք տենդենց ենք նկատում բաժանությունների` նույնիսկ ամենաերիտասարդ տարիքում:

 

«ՄԵՆՔ ՇԱՏ ԲԱՆԵՐ ԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՈՒԺԵՐՈՎ»



- Դուք երբեւէ կպատկերացնեի՞ք, որ կդառնաք նման կազմակերպության ղեկավար:

- Ոչ, չէի պատկերացնի: Ավարտելով ինստիտուտը, ձգտում էի կրկին սովորել եւ երազում էի դասավանդել: Ամեն տեսակի գործ անելուց մարդն իր մեջ աճ է նկատում, որը օգնում է իրեն հետագայում այլ գործերում:  

- Իսկ ի՞նչ հատկություններով պետք է օժտված լինի կին գործարարը:  

- Վերջերս եկել եմ այն կարծիքին, որ ցանկացած լավ մասնագետ, ով ծառայություն մատուցելու բիզնես ունի, եթե ունի համապատասխան լավ կրթություն, ապա կկարողանա հիմնել իր բիզնեսը` դրան գումարած ընտանիքի աջակցությունը: Իսկ շատերի մոտ ես նկատում եմ, որ կրթության թերություն կա, որն խոչընդոտ է հանդիսանում իրենց առաջ գնալու մեջ: Կարեւոր է նաեւ լեզուների իմացությունը, քանի որ մեր շփումը շատ է օտարերկրյա կազմակերպությունների եւ բիզնեսմենների հետ: Այս ամենին գումարած` անձը պետք է օժտված լինի ներքին կազմակերպչականությամբ, ճշտապահությամբ, արտաքին տեսքը` խնամված, լսելու ունակություն ունենա եւ այլն: Սրանք կարեւոր հատկանիշներ են, բայց պետք է նշեմ, որ մեր գործարար կանայք դեռ շատ սովորելու բաներ ունեն, հատկապես նրանք, ովքեր պետք է համագործակցեն տարբեր երկրների գործարար կանանց հետ: Չնայած կան նաեւ այլ երկրի ներկայացուցիչներ, որվքեր ունեն մեր կանանցից սովորելու շատ բաներ:

- Չե՞ք կարծում, որ կինն ավելի էմոցիոնալ է իր բնավորությամբ, որը իրեն խանգարում է բիզնեսի մեջ:

- Շատ ժամանակ կնոջ առջեւ դրված է մի քանի ընտրություն. նստել տանը երեխաների՞ն դաստիարակել, տան գործերո՞վ զբաղվել, թե՞ աշխատել: Այն տղամարդը, ով վաստակում է բավականաչափ եւ կարողանում է ապահովել ընտանեկան ծախսերը, թույլ չի տալիս, որ  կինն աշխատի: Չնայած նրան, որ տարբեր ոլորտներում գերակշռում են տղամարդիկ, հիմա կանանց ակտիվության տենդենց է նկատվում պետական հիմնարկներում: Այդ ակտիվությունը նկատվում է նաեւ կրթություն ստանալու ոլորտում, եւ, ըստ իս, աղջիկները ավելի լավ են սովորում եւ ձգտում են ավելիին, առաջ գնալուն: Բացի այդ, ես եկել եմ այն կարծիքի, որ այն կանայք, ովքեր հասցնում են ամեն ինչ` երեխաների դաստիարակությունը, տան գործերը  եւ աշխատանքը, նրանք իրոք տաղանդ են:

- Ի՞նչ է պակասում այսօր հայ կնոջը առավել ակտիվանալու համար, եւ արդյո՞ք դա մեզ պետք է:

- Իմ կարծիքով` հայ կանայք շատ համբերատար են, զուսպ, այնքան էլ ակտիվ չեն, կարող են նույն գործը տղամարդու հետ հավասար կատարել, բայց չեն անում: Սակայն մենք չենք կարող մեղադրել մեր կանանց` հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը: Հայաստանում գործարար ոլորտում կանայք 8% են կազմում եւ այն էլ ոչ այդքան մեծ բիզնեսներ ունեն:

- Ի՞նչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր ցանկանում են դառնալ գործարար կին: Կա՞ մի տարիք, երբ կինը կարող է ավելի հասուն լինել` գործ սկսելու համար:

- Ամենակարեւորը  լավ կրթությունն է եւ ընտանիքի նվիրվածությունը: Սակայն տերիտորիալ առումով մեր երկիրը շատ փոքր է, եւ շուկան` սահմանափակ: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է բիզնեսով զբաղվել, պետք է շատ լավ իմանա մեր շուկան, ունենա  ամուր կապեր եւ անի մի բան, որով դեռ չեն զբաղվում մեզ մոտ: Գործ սկսելու մեջ այդքան էլ կարեւոր չէ շատ գումար ունենալը, պետք է շատ լավ մասնագետ լինել: Բացի այդ, ես  նկատում եմ հակում երիտասարդների մոտ, որը ինձ շատ է հիասթափեցնում եւ, ինչո՞ւ չէ, նաեւ նյարդայնացնում. իրենց թվում է, որ իրենք ամեն ինչ գիտեն, սակայն, երբ խոսքը պետք է վերածվի գործի, այստեղ կանգնում են փաստի առաջ: Իսկ հասուն լինելու տարիքը  անհատական է, քանի որ տարբեր մարդիկ հասունանում են տարբեր ժամանակահատվածներում: Ոչ ոք հենց այնպես միլիոնատեր չի դառնում, այդ ձգտումը պետք է մարդու ներքինից բխի: Պետք է տարբերել առաջնայինը երկրորդականից եւ պետք է լինել շատ կարգապահ: Ավարտելով խոսքս, կցանկանայի ողջունել մեր ժողովրդին, շնորհավորել ողջ հայ ազգի Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ցանկանալ առողջություն, խաղաղություն, բոլոր երազանքների  իրականացում, իսկ գործարար կանանց` իսկական կանացի երջանկություն եւ բիզնեսում հաջողություններ:


Զրուցեց` ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում