livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

zaraԱյս անգամ, Top մենեջեր խորագրի ներքո կներկայացնենք մի կնոջ, ով քաջություն է ունեցել անցնել կյանքի մի քանի սեւ ու սպիտակ գծեր եւ այսօր վաստակել ու վայելում է իր երջանկությունը թե՛ իր աշխատանքում, եւ թե՛ ընտանիքում: Մեր զրուցակիցն է «Օքսֆամ» Մեծ Բրիտանիա հայաստանյան գրասենյակի ծրագրերի պատասխանատու ԶԱՐՈՒՀԻ ՏՈՆՈՅԱՆԸ:

- Քանի որ Ձեր անունը համընկնում է մեր ամսագրի անվանը, կխնդրեինք պատմել, թե ինչպե՞ս եւ ո՞վ է դրել ձեր անունը:

- Չնայած նրան, որ ես ծնունդով Գյումրիից եմ, այնուամենայնիվ, մեր ընտանիքը ոչ այդքան ավանդական է եղել իմ անունի ընտրման հարցում: Իմ անունը դրել են իմ քավորն ու քավորկինը զուտ այն բանի համար, որ այն գեղեցիկ հայկական անուն է, եւ չկա որեւէ նախապայման, ու, անկեղծ ասած, ես ինքս շատ եմ սիրում Զարուհի անունը: Բացի այդ, տարիներ անց իմ անունը կնքողները ունենում են նաեւ թոռնուհի Զարուհի անունով:

- Մի փոքր պատմեք Ձեր ընտանիքի մասին, ասացիք, որ Գյումրիից եք, իսկ Ձեր ծնողները այնտե՞ղ են դեռ:

- Չնայած ես հիմա ապրում եմ Երեւանում, ծնողներս մինչեւ հիմա ապրում են  Գյումրիում, եւ ոչ մի օր չեն լքել Գյումրին: Մայրս մասնագիտությամբ բժիշկ է, իսկ հայրս` ինժեներ է, ով անցնելով երկար ճանապարհ, ձեռք է բերել հսկա աշխատանքային փորձ` զբաղեցնելով մի շարք տարբեր պետական պաշտոններ եւ եղել է առաջին գումարման ԱԺ-ի պատգամավոր: Մենք երեք երեխա էինք, եւ ինչու եմ ասում` էինք, քանի որ, ցավոք, քույրս դարձավ երկրաշարժի զոհ, երբ մենք դպրոցում էինք, եւ ով ինձանից մեծ էր երկու տարով, իսկ ես, եղբայրս եւ ծնողներս զուտ բախտի բերմամբ փրկվեցինք այդ չարաբաստիկ օրը: Այնուհետեւ ռուսական դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների բաժինը, որն էլ ավարտելուց հետո տեղափոխվեցի Երեւան եւ կրթությունս շարունակեցի Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության բաժնում: Այնուհետեւ մասնակցելով ԱՄՆ կառավարության կողմից անցկացվող կրթական մրցույթին` մեկնեցի ԱՄՆ` շարունակելու կրթությունս այնտեղ մագիստրատուրայում: Խոսելով կրթության մասին, պիտի նաեւ նշեմ, որ դա շատ կարեւորվել է իմ ընտանիքում: Միգուցե դա է նաեւ պատճառը, որ հետագայում տարբեր կրթական եւ աշխատանքային ծրագրերի եմ մասնակցել եւ անցել վերապատրաստում Մեծ Բրիտանիայում, Հունգարիայում, Թաիլանդում, Ռուսաստանում եւ այլ երկրներում:

- Զարուհի, կպատմե՞ք Ձեր  աշխատանքային փորձի մասին:

- Իմ աշխատանքային գործունեությունը սկսվել է դեռեւս 1994թ.-ից, երբ ես դեռ ուսանող էի եւ զուգահեռ աշխատում էի Գյումրիում գործող CARE միջազգային կազմակերպությունում, որը բացվել էր երկրաշարժից հետո, եւ այնտեղ ես  ծրագրերի պատասխանատու էի: Ես ընդամենը 19 տարեկան էի եւ այդ կազմակերպությունում աշխատելը մեծ ազդեցություն ունեցավ իմ հետագա գործունեության վրա: Իսկ երբ տեղափոխվեցի Երեւան, ուսումս շարունակելու նպատակով, այդ ժամանակ զուգահեռ աշխատանքի ընդունվեցի նաեւ Հայկական կարմիր խաչի ընկերություն` որպես ծրագրերի մշակող: Ես իմ կյանքում չեմ հիշում մի ժամանակահատված, որ չեմ աշխատել, նույնիսկ, երբ գտնվում էի ԱՄՆ-ում, համալսարանին կից  գիտահետազոտական կենտրոնում էի աշխատում դասերից հետո:

- Կարելի՞ է ասել, որ 88-ի երկրաշարժը պատճառ դարձավ, որ Դուք ընտրեցիք աշխատանքային այս ուղին, քանի որ հիմնականում աշխատել եք այն կազմակերպություններում, որոնք հիմնականում ուղղված են աջակցելու սոցիալապես խոցելի խմբերին:

- Իմ կարծիքով` կա երկու պատճառ, առաջինը, իմ ծնողներից եմ ես դա միշտ տեսել, որովհետեւ երբ սկսվեց Արցախյան պատերազմը, իսկ հետո եւ` 88-ի երկրաշարժը, հայրս այդ տարիներին աշխատելով Ախուրյանի գործկոմի նախագահ, պարտավորված էր աջակցել փախստականներին եւ տուժածներին: Հիշում եմ, որ նա, շատ հաճախ, երբ գալիս էր տուն, հավաքում էր մեր շորերը ու տանում բաժանելու: Իսկ մայրս լինելով գինեկոլոգ, գիշերվա որ ժամը լիներ, յուրաքանչյուր կնոջ համար պատրաստ էր ձեռք մեկնելու: Այսինքն, այդ մարդասիրական մոտեցումը գուցե եւ դրված էր ընտանիքի կողմից: Հաջորդ նախապայմանն այն էր, որ ես բավականին վաղ հասակից սկսեցի աշխատել, եւ այդ աշխատանքը բարդ էր այն առումով, որ ես պետք է հաճախ ճանապարհորդեի տարբեր շրջաններ, այցելեի խոցելի ընտանիքների, հարցազրույց անցկացնել իրենց հետ,  մասնակցել հումանիտար ծրագրերի մշակմանը եւ սերտորեն աշխատել այդ ընթացքում տարբեր պետական կառույցների հետ:  Իսկ ԱՄՆ-ում սովորելու ժամանակ ինձ սկսեց հետաքրքրել նաեւ կառավարման ոլորտը:

- Զարուհի, ունե՞ք երեխաներ:

- Այո,  ունեմ երկու հրաշալի դուստրեր եւ, երբ վերադարձա Միացյալ Նահանգներից, արդեն ունեի իմ առաջնեկին` Անիին, որն արդեն 11 տարեկան է, իսկ մյուսը` Նարեն, 7 տարեկան է: Ես այնտեղ էի մեկնել ամուսնուս հետ, իսկ վերադառնալուց հետո կրկին շարունակեցի աշխատել մի շարք հայտնի միջազգային կազմակերպություններում եւ զուգահեռ դասավանդել տարբեր բուհերում կառավարում առարկան` անգլերեն լեզվով:

- Ձեր  կյանքի հիմնական մասը անցնում է տեմպի մեջ, դրան զուգահեռ` ընտանիք: Ինչպե՞ս եք կարողանում համատեղել, հասցնել ամեն բան եւ մնալ այսքան բարետես եւ ժպտերես: Բացի այդ, ինչպե՞ս եք հաղթահարել այն բարդույթը, որը ունեն մեր հայ տղամարդիկ, որ կինը չպետք է այդքան աշխատի, կամ շատ վաստակի, էլ ուր մնաց` ճանապարհորդի:

zara1- Շատ ճիշտ եք նկատել որոշ հայ տղամարդկանց հոգեբանությունը, եւ ասեմ, որ անձամբ շատ սերտ առնչվել եմ այդ խնդրին եւ նույնիսկ զգացել մաշկիս վրա: Այո, տղամարդիկ հիմնականում չեն սիրում եւ չեն ընդունում, որ կինը շատ է աշխատում, կամ իրենցից ուշ է վերադառնում տուն: Ուզում եմ նշել, որ ներկայումս ինձ մոտ երկրորդ ամուսնությունն է: Իմ առաջին ամուսնու հետ ծանոթացել էի Հայկական կարմիր խաչում, եւ այնպես ստացվեց, որ երկուսով հայտնվեցինք Միացյալ Նահանգներում, որտեղ սովորում էինք, եւ կարծես ամեն բան լավ էր: Սկզբում Հայաստան վերադարձա ես, անցա աշխատանքի, իսկ հետո առաջին ամուսինս վերադարձավ եւ ընդունվեց աշխատանքի: Բայց ես հետո հասկացա, որ իրոք շատ տղամարդկանց դուր չի գալիս` ունենալ կին, որը հաջողակ է կարիերայում, եւ հասցնում ես նաեւ կատարել ընտանիքի հանդեպ պարտականությունները: Դրանք, որպես օրենք, բնավորությամբ ուժեղ կանայք են, որոնց համար ձգտումը դեպի լավագույնը դառնում է առաջնություն թե աշխատանքում, եւ թե ընտանիքում` դա ոճ է: Իսկ մեր իրականությունում, ավաղ, տղամարդկանց մեծ մասը ցանկանում է տեսնել կնոջը խոհանոցում` գոգնոցը կապած: Ես բաժանվելուց հետո նոր հասկացա, որ կան մանր խորամանկություններ, որ կինը, թերեւս, կարող է օգտագործել իր առօրյայում: Օրինակ, նույն հաջողությամբ կարելի էր շուտ գալ, ուղղակի կապել գոգնոցը ու կանգնել խոհանոցում, իսկ սեղանին դնել ժպիտով թեկուզ եւ խանութից գնված աղցանը, որը, պարտադիր չի ասել, թե որ խանութից է գնվել, որքան արժի այն, եւ այլն, հաշվի առնելով դիմացինի մոտեցումը տվյալ հարցին: Տղամարդկանց քիչ է հետաքրքրում այն, որ դու օրվա մեջ կարող ես հանդիպումներ ունենալ տարբեր մարդկանց հետ, եւ քեզ գնահատում են` որպես լավ աշխատող: Ավելին, եթե երեխայի մոտ մի բան այն չի, կամ երեխան, ասենք, տաքություն է ունենում, ուրեմն մեղավոր է միայն կինը, սակայն դա սխալ է այնքանով, որ շատ կանայք չեն աշխատում, գտնվում են տանը, եւ նույն հաջողությամբ կրկին կարող է խնդիրներ լինեն երեխայի հետ: Բայց, չգիտես ինչու, այդ ամենում տղամարդիկ սովոր են մեղավոր տեսնել հաճախ կնոջը միայն, իսկ եթե այդ պարագայում կինը նաեւ աշխատում է, ուրեմն ամեն ինչի պատճառը դա  է: Բայց սա թերեւս միակ պատճառ չի կարող հանդիսանալ բաժանության, ես կասեի, որ պատճառը, որպես կանոն, ավելի խորն է լինում, եւ դա ամուսինների միջեւ հարգանքի բացակայությունն է, որը եւ բերում է նման կենցաղային հարցերի շուրջ լարվածությանը, որպես արդեն հետեւանք:  Իսկապես, մեծ մասամբ տղամարդիկ  չեն ընդունում նման տեմպի մեջ գտնվող կնոջը, այսինքն` սովորել, աշխատել, երեխա ունենալ, մեծացնել եւ նույնիսկ աջակցել ամուսնուն, որ ինքն էլ լավ կրթություն ստանա, որը եղել է իմ առաջին ամուսնու դեպքում: Գիտեք, շատ կարեւոր է կնոջ հոգեբանական աջակցությունը տղամարդուն, երբ դու նրան ասում ես, որ պետք է հասնել այս կամ այն բանին: Կարող եմ վստահաբար ասել, որ ամուսնու հաջողությունների մեջ շատ հաճախ նրա թիկունքում կանգնած է խելացի կինը: Նկատել եմ նաեւ այն, որ երբ տղամարդիկ հասնում են մի ինչ-որ բանի, այնուհետ չեն ցանկանում շատ դեպքերում ճանաչել եւ ընդունել կնոջ դերն իրենց հաջողություններում: Ձգտում են անել այնպես, որ կինը լինի տանը, եւ երբ զգում են, որ կարող են ապահովել ամեն բանով, այստեղ արդեն մեր աշխատելը կամ ինչ-որ բանի հասնելը դառնում է երկրորդական: Հավատացեք, որ շատ քիչ տղամարդիկ կան, ով հասկանում է կնոջ իրական դերն ու նշանակությունը այս կյանքում, եւ այդ քչերից իմ ներկայիս ամուսինն է, ով մասնագիտությամբ բժիշկ է, եւ ով հայրական քնքշանքով է վերաբերվում ՄԵՐ դուստրերին եւ շատ լավ հասկանում է այն ամենը, ինչով ես զբաղվում եմ հիմա: Հիմա ես ինձ կարող եմ համարել երջանիկ կին, բայց ես ոչ մի կերպ չեմ ցանկանում մի կողմ դնել իմ կյանքի այն էջերը, որը ունեցել եմ նախկինում, որովհետեւ դա մի մեծ կյանքի դպրոց էր, որ ես անցա:

- Իսկ եթե Դուք այդ փոքրիկ խորամանկությունները կիրառեիք այն ժամանակ, Ձեր կարծիքով` չէի՞ք բաժանվի նախկին ամուսնուց:

- Չեմ կարծում, քանի որ դա գալիս է մարդու բնավորությունից, ապրած կյանքից եւ այն ընտանիքից, որտեղ դու մեծացել ես: Իսկ հիմա ես հասցնում եմ ամեն բան եւ նույնիսկ հասցնում եմ զբաղվել իմ նախընտրած հոբբիներով (յոգա, օտար լեզուներ եւ այլն): Այդ ամենի արդյունքում, իմ երեխաները բավականին ինքնուրույն են մեծանում եւ ունեն հաջողություններ ուսման մեջ, Բացի այդ, ես հիմա ավելի շատ եմ ձգտում տուն գնալ, քանի որ  ջերմություն եւ փոխըմբռնում կա այնտեղ: Ես հիմա ապրում եմ այնպես, ինչպես որ միշտ պատկերացրել եմ ու տեսել իմ հայրական ընտանիքում:

- Օքսֆամ կազմակերպությունը, որտեղ Դուք աշխատում եք, գործ ունի կրկին սոցիալապես խոցելի խմբերի հետ, դժվար չէ՞ արդյոք կնոջ համար անընդմեջ տեսնել վատ ապրող ընտանիքների, որոնք անընդմեջ ինչ-որ բանի կարիք ունեն:

- Այո, այդ կազմակերպությունում ես ծրագրերի պատասխանատու եմ, եւ ասել, որ հաղթահարել եմ այն, ինչ տեսնում եմ, դա սխալ կլինի: Պարզապես այս դեպքում էմոցիոնալ մասը մի կողմ է դրվում, եւ հարցը հասնում է նրան, որ պետք է կոնկրետ մարդկանց կոնկրետ աջակցություն ցուցաբերել, եւ այս պարագայում դու սկսում ես մտածել, որ դու տվյալ դեպքում այդ ընտանիքներին ոչ միայն պետք է տաս միանվագ աջակցություն, այլ մի ինչ-որ կայուն մեխանիզմով պետք է կարողանաս աջակցել համայնքներին, որպեսզի հետագայում նրանք կարողանան իրենց հարցերը իրենք բարձրացնել եւ, ինչու չէ, նաեւ լուծել: Տվյալ դեպքում, կա մեր կազմակերպությունը, որը կարող է վաղը չլինել, եւ շատ կարեւոր է, որ դու թողնես այն ծիլերը, որոնք հետագայում կբերեն զարգացման, այսինքն` մենք հիմք ենք դնում, որպեսզի նրանք հետագայում կարողանան աշխատել ու հաղթահարել համայնքում առաջացած խնդիրները: Պատահական չէ, որ այսօր մենք շատ համայնքներում ունենք կանանց ակտիվ խմբեր, որոնք բարձրացնում են շատ ու շատ համայնքային հարցեր եւ հետեւողական լինում նրանց լուծմանը:

Զրույցեց` ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում