livemarks sitemap
Կիրակի, Սեպտեմբերի 22, 2019

Մեր երկրում այսօր բիզնես իրականացնելը թերևս այդքան էլ հեշտ բան չէ, սակայն այն առավել հետաքրքիր ու ուշագրավ է դառնում, երբ այդ մեծ աշխարհ է ներխուժում կինը: Մեր իրականության մեջ բիզնեսը և կինը առաջին հայացքից անհամատեղելի են թվում, սակայն իրականում մեզ ապացուցում է մեկ այլ բան: Այն կին բիզնեսմենը, որին ցանկանում ենք ներկայացնել ձեր ուշադրությանը, բացի իր կանացի հմայքից ու աշխատասիրությունից, առանձնանում է իր ընտրած ոլորտով. նա այսօր հանրությանն է ներկայանում արտադրելով տղամարդկանց կոստյումներ, փողկապներ, վերնաշապիկներ և այլն: Այժմ ձեզ ենք ներկայացնում «ԼԻԴԱ» ֆիրմայի տնօրեն ԼԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ մեր հարցազրույցը:

- Մի փոքր պատմեք Ձեր մասին: Ինչպե՞ս ընտրեցիք այս ուղին:

- Ես ավարտել եմ Մանկավարժական ինստիտուտի նախադպրոցական բաժինը, երկար տարիներ աշխատել եմ մանկապարտեզում՝ որպես դաստիարակ-մանկավարժ: Երբ մեր երկրում սկսվեցին կոոպերատիվ շարժումները, իսկ ես դեռևս մանկուց սիրել եմ հագուստներով զբաղվել, 1988թ.-ին ստեղծեցի կանացի հագուստի կոոպերատիվ արտադրամաս: Ես սիրում եմ լավ հագնվել, էությամբ շատ թիթիզ եմ և դրա համար իմ արտադրամասի հագուստների մոդելավորումը անելիս պատկերացնում էի դա իմ հագին: Նախընտրում եմ հագնել այնպիսի հագուստներ, որոնք չունեն համաչափություն, և որոնք ոչ ոք չի հագել:

- Իսկ որքա՞ն գումար դուք այն ժամանակ ներդրեցիք Ձեր գործունեությունը սկսելու համար:

- Ընդամենը 300 ռուբլի: Մենք պայմանագրեր ունեինք ամբողջ Խորհրդային Միությունում, և ամեն ինչ շատ ավելի լավ էր: Ոգևորությունս գնալով մեծանում էր, և ես հասկացա, որ պետք է այս գործում ավելացնել պրոֆեսիոնալիզմը, որի համար 1991 թվականին մեկնեցի Միացյալ Նահանգներ, որտեղ մեկ տարի բավականին ինտենսիվ ուսումնասիրեցի մոդելյոռական դպրոցը:

- Իսկ Դուք մեկնել էիք հենց այդ նպատակով, թե՞ անձնական հարցերով:

- Ոչ, ես մեկնեցի հենց մոդելավորման գաղտնիքները և բիզնեսի աշխարհը ուսումնասիրելու նպատակով, քանի որ Միացյալ Նահանգները բավականին զարգացած է այդ ուղղություններով, հատկապես բիզնեսի: Ու բացի այդ, ես չէի կարող մնալ այնտեղ, քանի որ իմ արմատները բավականին խորն են իմ հայրենիքում, և ես շատ եմ սիրում Հայաստանը: Երբ վերադարձա Միացյալ Նահանգներից, մի պահ զարմանք ապրեցի, թե ինչքան բան էր փոխվել մեզ մոտ:  Մեր կանայք հագուստի ընտրության մեջ առաջ գնալու փոխարեն՝ հակառակի պես հետ էին գնացել՝ իրենց վրա կրելով արևելյան հագուստներ, իսկ տղամարդիկ մնացել էին նույնը: Ես սկսեցի զբաղվել և տղամարդու, և կանացի հագուստներով:

- Իսկ ինչպե՞ս որոշեցիք զբաղվել միմիայն տղամարդկանց հագուստով:

- Ես նկատեցի, որ կանանց հագուստներով մեր երկրում արդեն շատ են զբաղվում, իսկ տղամարդիկ կարծես թե մնում էին ստվերում, դրա համար որոշում կայացրեցի 1994 թվականին արտադրել հագուստներ` տղամարդկանց համար: Գիտե՞ք, կնոջ հագուստի մեջ միշտ կարելի է ավելացնել ինչ-որ տարատեսակ բաներ, իսկ տղամարդկանց հագուստը շատ ավելի հստակ է, որն, ի դեպ, ունի իր դժվարությունները:

- Ինչպե՞ս են նայում Ձեզ որպես բիզնես-լեդի:

- Ինչ վերաբերվում է դժվարություններին, ապա նշեմ, որ բոլոր երկրներում կին բիզնեսմենին շատ դժվար են ընդունում՝ անկախ նրանից, թե դու որ երկրում ես ապրում: Գործի բերումով շատ հաճախակի եմ շփվում կին բիզնեսմենների հետ ու հասկանում, որ բոլորիս պրոբլեմները գրեթե նույնն են: Մեզ թվում է, թե տղամարդիկ ընդումում են կանանց բիզնեսի ոլորտում, բայց իրականում այդպես չի, նրանք ներքուստ չեն ընդունում այդ փաստը:

- Կարծում եք, որ դա նախա՞նձ է, թե՞ այլ բան:

- Անկեղծ ասած, նույնիսկ չեմ կարող կոնկրետ պատճառներ թվարկել, հնարավոր է, որ այդպես է, բայց ես չեմ ուզում նրանց վիրավորել, քանի որ ինձ համար տղամարդը եղել է ու կլինի միշտ մեկ քայլ ավելի, կամ առաջ: Լինելով  կին բիզնեսմեն՝ ինձ մոտ աշխատող տղամարդը ստանում է երկու կին աշխատողների չափ աշխատավարձ, որը չի նշանակում, որ  տղամարդ աշխատողները ավելի շատ են աշխատում: Ես պարզապես հաշվի եմ առնում, որ տան կերակրողը տղամարդն է, դրա համար պետք է նրանց ավելի լավ նայել:

- Կարող եք ասել՝ կին լինելը օգնո՞ւմ, թե՞ խանգարում է բիզնեսի մեջ:

- Գիտեք, և օգնում է, և խանգարում, բայց ես կասեի, որ ավելի շատ խանգարում է:

- Իսկ ինչո՞ւ, կարող եք բացատրել:

- Գիտեք՝ շատ տեղեր կան, որ դու ուղղակի ի վիճակի չես գնալու կամ բանակցություններ վարելու, քանի որ հատկապես հայ կինը չի կարող ու բացի այդ՝ իրեն թույլ չի տա խոսել այնպես, ինչպես կխոսի տղամարդը: Ամեն դեպքում ինչ-որ բան կինը խոսակցության ընթացքում պակաս է ասում կամ փորձում է զիջել:

- Կպատմե՞ք մեզ, Ձեր ընտանիքի մասին:

- Ես ունեմ երկու տղա, մեկ աղջիկ, որոնք ամուսնացած են և հիմա ունեմ յոթ թոռնիկներ: Ապրում եմ տղաներիս, նրանց կանանց ու երեխաների հետ, իսկ ամուսինս վաղուց մահացել է: Մեր ընտանիքը իսկական հայկական ավանդապահ ընտանիքներից է, որտեղ կա մեծ ու փոքր հասկացողություն:

- Դժվար չի՞ ավանդական հայ ընտանիքում լինել բիզնես-լեդի:

-Պատկերացրեք՝ ոչ: Ճիշտ է, այդ փաստը ընդունում են դժվար, բայց կարելի է հաղթահարել, և այս պարագայում ինձ շատ օգնեցին իմ աշխատասիրությունն ու չհիասթափվելու հատկանիշը, իսկ նման իրավիճակներ շատ են եղել: Եթե բիզնեսում դու հիասթափություն ապրեցիր ու մտածեցիր, որ սա վերջն է, ուրեմն դու կկորցնես ամեն ինչ: Ես պայքարում եմ մինչ օրս՝ հաշվի չառնելով շատ ու շատ խոչընդոտներ: Իսկ թե ինչպես կլիներ իմ գործունեությունը հիմա, եթե լիներ իմ ամուսինը, ես չեմ կարող ասել, սակայն նա ինձ շատ է օգնել դեռևս այն տարիներին:

- Ընտանիքի անդամները օգնո՞ւմ են Ձեզ, և ո՞վ է ընտրում տղամարդկանց հագուստի մոդելավորումը:

- Ինձ հետ աշխատում է տղաս, իսկ հագուստի մոդելավորմամբ զբաղվում եմ ես:

- Ի՞նչը գրավեց Ձեզ տղամարդու կոստյումի մեջ, որ Դուք սկսեցիք հենց դրանով զբաղվել:

- Ի դեպ, շատերին թվում է, որ շատ հեշտ է տղամարդու հագուստով զբաղվելը: Ճիշտ է, կանացի հագուստի մեջ միգուցե ատրիբուտները շատ են կամ ինչ-որ բան ավելացնելու կամ պակասեցնելու հնարավորություններ կան, բայց պետք է նշեմ, որ տղամարդիկ ավելի խստապահանջ են: Շատ հաճախ մտածում ենք՝ դե, տղամարդ է, ինչ տանք կամ գնենք՝ կհագնի, բայց դա այդպես չի, նրանց աչքը ավելի սուր է, ու նրանք ավելի նրբանկատ են հագուստի ընտրության հարցում, քան կանայք: Ավելին, նրանք այնպիսի թերություն կարող են նկատել, որ դու, անգամ մասնագետ լինելով, չես կարող նկատել: Ի դեպ իմ բիզնեսի ծաղկման մեծ գրավականն է խստապահանջ հաճախորդ ունենալը, իսկ հայ տղամարդը բավականին խստապահանջ է:

- Որտե՞ղ կարելի է գտնել Ձեր հագուստները, ի՞նչ անունով են հանդես գալիս, և արդյո՞ք դրանք հասանելի՞ են բոլոր խավի ներկայացուցիչների համար:

- Մենք ունենք խանութ Կասյան 6 հասցեում, որտեղից կարելի է գնել մեր կոստյումնները: Մոդելը կոչվում է ֆիրմա «ԼԻԴԱ», և դրանք հասանելի են, բոլոր խավի ներկայացուցիչների համար: Մենք նաև կատարում ենք մեծաքանակ պատվերներ և աշխատել ու աշխատում ենք Հայաստանում գտնվող մի շարք ճանաչում ունեցող պետական և ոչ պետական կառույցների հետ:

- Ո՞ւմ եք Հայաստանում համարում Ձեզ մրցակից:

- Ես Հայաստանում չունեմ ինձ մրցակից: Կան շատ ֆիրմաներ մեզ մոտ, բայց իմ մրցակիցները դրսում են, չնայած, որ չեմ արտահանում մեր կոստյումները:

- Ովքե՞ր են աշխատում Ձեզ մոտ:

-Ինձ մոտ կան շատ հմուտ վարպետներ, որոնք, ի դեպ, փախստականներ են: Ես ունեմ նաև 10-ամյա կրթությամբ կանայք, որոնք արդեն մոտ 20 տարի է, ինչ սիրով աշխատում են ինձ մոտ:

- Տիկին Լիդա, իսկ դժվար չի՞ ընդհանուր առմամբ մեր երկրում բիզնես ունենալը և պահպանելը, քանի որ մեր իրականության մեջ մոնոպոլիան մեծ տեղ է գրավում:

- Ինչ խոսք, շատ դժվար է մեր երկրում բիզնես ունենալը, բայց այս պարագայում դու պայքարում ես ստեղծածդ չկորցնելու համար: Բացի այդ, մարդկանց սոցիալական վիճակը գտնվում է ոչ բարվոք վիճակում: Տղամարդը տարվա մեջ գնում է մեկ կոստյում և մտածում, որ սա բավարար է ամբողջ տարվա և նույնիսկ տարիների համար:

- Իսկ ի՞նչ ծրագրեր ունեք ապագայի համար:

- Իմ շրջապատի կանայք ինձ միշտ ասում են, որ զբաղվեմ նաև կանացի հագուստներով: Այդ առումով ես մտածում եմ արտադրել նաև բիզնես կոստյումներ` կանանց համար:

- Ի՞նչ խորհուրդ կտայիք այն կանանց, ովքեր ցանկանում են բիզնեսով զբաղվել: Այսինքն՝ ունեն գումար, սակայն լավ սկզբի համար խորհուրդի կարիք ունեն:

- Գիտեք, ես կարծում եմ, որ բիզնեսմեն կամ ղեկավար չեն դառնում, այլ ծնվում են: Ես այլ կերպ չեմ տեսնում: Ինձ համարում եմ խիստ ղեկավար, բայց նաև շատ մարդկային ու ոչ մեծամիտ: Մեծամտությունը մարդուն տանում է կործանման: Պետք է լինել չափազանց աշխատասեր, պրպտող ու ձգտել եղածը պահպանել, ավելացնել, այլ ոչ թե կորցնել, և այս ամենի հետ մեկտեղ մնալ միշտ կանացի: Ամեն բան կարելի է կորցնել ու գտնել, իսկ կանացիությունը միշտ պետք է ուղեկցի մեզ:

- Իսկ ինչպե՞ս եք պահպանել Ձեր բիզնեսը 90-ականների մութ ու ցուրտ տարիներին:

- Պատկերացրեք, որ այն ժամանակ ավելի հեշտ էր: Մենք աշխատում էինք «դվիժոկով», ապրանքը արտահանում էինք նախկին խորհրդային երկրներ, և որ ամենակարևորն է՝ այն ժամանակ կար հավատ, ու մարդիկ ավելի համախմբված էին:

- Իսկ Ձեզ ի՞նչն է հույս կամ հավատ ներշնչում, որ Դուք կարողանում եք բիզնեսի ոլորտում:

- Ես երբ դուրս եմ գալիս տանից ու տեսնում, որ իմ երկրում ինչ-որ բան է կառուցվում, քարը քարին է դրվում, ես դրանից ոգևորվում եմ, դա նշանակում է, որ ինչ-որ բան բարձրանում է: Այս ամենը ինձ ոգևորում է ու թև տալիս: Ես սիրում եմ Հայաստանը և՛ իր թերություններով, և՛ առավելություններով, քանի որ սա իմն է:


Զրույցը՝
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում