livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

Հա­վա­տա­րիմ մնա­լով որ­դեգ­րած սկզբուն­քին` կնոջ նե­րու­ժը ըստ ար­ժան­վույն գնա­հա­տե­լուն, ինչ­պես նա­և տար­բեր ոլորտ­նե­րում հա­ջո­ղու­թյուն­նե­րի հա­սած կա­նանց փոր­ձի ներ­կա­յաց­ման ու փո­խանց­ման նպա­տա­կին ըն­դա­ռաջ` այս ան­գամ մեր զրու­ցա­կիցն է «Բի­լայն» ըն­կե­րու­թյան հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի ծա­ռա­յու­թյան ղե­կա­վար ԱՆՈՒՇ ԲԵՂԼՈՅԱՆԸ:

- Պատմեք, խնդրում եմ, ե՞րբ և ինչպե՞ս հայտնվեցիք «Բիլայն» ընկերությունում:

- «Բիլայն» ընկերություն եկել եմ 2008թ.-ի ապրիլին: Մինչ այդ աշխատել եմ տարատեսակ միջազգային ու պետական կազմակերպություններում: Աշխատանքային փորձս բավարար էր, որպեսզի դիմեի «Բիլայնում» փիառի ղեկավարի պաշտոնի համար: Շնորհակալ եմ տեղի ղեկավարներից ինձ նկատելու, գնահատելու ու իմ ուժերին վստահելու համար:

- Ինչպես անցավ Ձեր առաջին աշխատանքային օրը:

- Այդ օրը համընկավ «Արմենտելի» Հայաստան բրենդի մուտքի հետ: Բավական բուռն ու հետաքրքիր օր էր առաջին աշխատանքայինս, ծանոթացա Հայաստանի տարբեր տարածքների գործընկերներիս, աշխատողների, ինչպես նաև լրագրողների հետ: Ես այդ օրը համարում եմ հաջողված և երբեք չեմ մոռանա այն:

- Տիկին Բեղլոյան, արդյոք հե՞շտ է լինել կին ղեկավար, դիմակայել տարատեսակ փորձությունների: Արմատական ի՞նչ դժվարություն ունի Ձեր աշխատանքը:

- Այս աշխատանքում առաջ գնալու, այսպես ասած, գլուխ հանելու համար ինձ օգնում է իմ կրթությունը ֆիզիկայի գծով: Նշեմ, որ սովորել եմ Պետական համալսարանի ֆիզիկայի տեսական ու օպտիկայի ֆակուլտետում: Ավարտել եմ կարմիր դիպլոմով, այնուհետև ընդունվել եմ ասպիրանտուրա, սակայն մեկ տարի հետո, երբ սկսվեցին մութ տարիները, ուսմանս բնականոն ընթացքը խախտվեց: Ի հավելումն` ես ամուսնացա և ունեցա դուստր: Այսպիսով հիմք դրվեց ընտանեկան երջանկության: Երբ երեխաս դարձավ երկու տարեկան, որոշեցի անցնել աշխատանքի: Լավ մասնագետ դառնալու մեծ ցանկություն ունեի: Հենց այդ ժամանակ հասկացա, որ պետք է փոխեմ մասնագիտությունս: Ընդունվեցի Հայաստանի Ամերիկյան համալսարան ու ստացա ՆԲԱ կոչումը:

Դեռ առաջին կրթություն ստանալու ժամանակվանից կար բարի մրցակցություն տղաների հետ: Այդ մասնագիտությունը ավելի շատ համարվում է տղամարդու մասնագիտություն, սակայն իմ բնույթի մեջ արդեն իսկ կար առաջնորդի, առաջատարի բնավորությունը: Դեռ ուսանող տարիներից տղաներին ապացուցում էի, որ մենք հավասար ենք: Ինձ համար մեծ պատիվ էր, երբ շատ անգամ նրանք որոշ մասնագիտական հարցերով ինձ էին դիմում` քննության ժամանակ խնդիր լուծել և այլն:

Այսօր ինձ օգնում է նաև Ամերիկյան համալսարանի կրթությունը: Այն գիտելիքները, որոնք ես ստացա մարդկային ու կառավարման կոմունիկացիայի հետ կապված, այսօր օգտագործում եմ իմ աշխատանքում: Այստեղ գործնական առումով շատ եմ շփվում տղամարդկանց հետ: Ասեմ, որ նրանք միշտ հաճույքով հաշվի են նստել ինձ հետ` ինչպես հավասարը հավասարի: Միշտ շատ մեծ հարգանքով ու զարմանքով են վերաբերվել, քանի որ աշխատանքի մեջ մոռանում եմ, որ ես կին եմ: Կինը, բնականաբար, տարբեր է անձնական կյանքում, աշխատանքի մեջ ու ընկերների հետ: Ինձ համար աշխատանքում կարևորը նպատակին հասնելն է: Գործի մեջ միշտ կենտրոնանում եմ նպատակի վրա, և երևի դա է պատճառը, որ հաջողությունը ինձ ուղեկցում է: Տղամարդկանց հետ աշխատելն առավել հեշտ է, քանի որ նրանք ավելի պարզ են, աշխատանքին նվիրված, պունկտուալ: Կանանց հետ դիպլոմատիան ավելի շատ է: Նրանց հետ աշխատելու համար ավելի շատ ռեսուրս է հարկավոր, նրանց պետք է հորդորել, շահագրգռել, ոգևորել, որպեսզի ստանանք մաքսիմալ աշխատանք:

Եղել են, իհարկե, դեպքեր, երբ գտնվելով որևէ նիստի, ժողովի` տղամարդիկ ցանկացել են հասկանալ` որքանով կարող եմ դիմանալ մրցակցությանը, խնդրի ծանրությանը: Սակայն երբեք ու երբեք անարգանքի, արհամարհանքի և նմանատիպ վերաբերմունքների չեմ հանդիպել: Շատ անգամ նույնիսկ փորձել են` հասկանալու համար կարելի՞ է արդյոք լուրջ վերաբերվել հարցին, թե՞ ոչ, սակայն հասկանալով դիմացինի տրամադրվածությունը, աշխատանքի մեջ հմուտ լինելը` օբյեկտիվ գնահատական են տվել: Այս պարագայում կարելի է ասել` երևի թե կա նաև կանանց մեղավորությունը: Կանայք ավելի շատ եղել են օգնականի, սպասարկողի դերում, հենց այդտեղից են եկել բազում հարցեր: Սակայն ես չեմ համարում, որ դա տղամարդկանց մեղքն է: Երբ կինը պահի իրեն որպես հավասար, նման հարցեր, բնականաբար, չեն առաջանա:

- Իսկ եղե՞լ են, այնուամենայնիվ, դեպքեր, երբ տղամարդիկ զիջումների են գնացել` անտեսելով Ձեր լավ մասնագետ լինելը:

- Քանի որ ես ինձ միշտ ներկայացնում եմ որպես հավասար գործընկեր, հետևաբար կորցնում եմ նաև զիջումների գնալու խնդիրը: Շախմատում կա մի օրենք, որով, կարելի է ասել, առաջնորդվում եմ. եթե կպել ես խաղաքարին, ապա պետք է անպայման խաղալ:

- Թե ինչպիսինն է տիկին Բեղլոյանը աշխատանքի վայրում, արդեն հասկացանք, սակայն հետաքրքիր է ճանաչել նրան նաև որպես ընտանիքի մայր, որպես կին:

- Ամուսնուս հետ շփվել ենք դեռ համալսարանակ տարիներից: Շատ ժամանակ մեր ընկերները կատակում են` ասելով. մարդիկ այդքան երկար միասին չեն ապրում, որքան դուք: Մեր ընտանիքը հիմնվել է փոխհանդուրժողականության, սիրո ու հարգանքի վրա: Մենք իրար օգնել ենք ու օգնում ենք ցանկացած հարցում` սկսած ամենամանր հարցերից մինչև ֆինանսականը: Հարաբերությունները շատ ջերմ են: Մոտ 20 տարի է, ինչ ամուսիններ ենք, բացի նրանից, որ շատ սիրում ենք իրար, նաև լավ ընկերներ ենք: Երբ երիտասարդ էինք, փորձում էինք աշխատանքային սթրեսները լիցքաթափել տանը: Սակայն ժամանակի ընթացքում այդ հարցերը ևս իրենց լուծումը ստացան: Իրար դաստիարակելով` առաջ գնացինք:

- Արդյոք հասցնո՞ւմ եք համատեղել կենցաղային, ընտանեկան հարցերը աշխատանքայինի հետ:

- Երբ դեռ աղջիկս փոքր էր, ինձ օգնում էր մեր տան մտերիմը, տան լավ բարեկամը: Նա մոտ 20 տարի է` մեզ հետ է, և կարծես դարձել է ընտանիքի անդամ: Ծանրաբեռնված աշխատանքային օրվա վերջում գնալ տուն և զբաղվել տնային հարցերով` թե ֆիզիկական և թե հոգեկան մեծ ներդրում է պահանջում, այդ իսկ պատճառով այդ հարցից, մեղմ ասած, ազատվել եմ: Տանը, բնականաբար, ես այլ մարդ եմ, ընկերներս հաճախ են ասում, որ ես նրանց համար բացահայտում եմ: Երբ ես տուն եմ մտնում, մոռանում եմ ամեն հարց, որը տեղի է ունեցել օրվա ընթացքում և ամբողջությամբ նվիրվում եմ իմ ընտանիքին: Աշխատում եմ շատ ժամանակ անցկացնել նրանց հետ:

- Դուք Ձեզ երջանիկ կին համարո՞ւմ եք:

- Այո, ես երջանիկ կին եմ, որի համար շնորհակալ եմ նախ իմ ընտանիքի անդամներին, իսկ գործի առումով` իմ ղեկավարներին: Այն ամենը, ինչը ես հիմա ունեմ, իմ ջանքերի շնորհիվ է: Երջանիկ լինելու համար ունեմ ամեն ինչ, որի համար շնորհակալ եմ Աստծուն: Ծանրաբեռնված աշխատանքի հետ հասցնում ենք նաև ընտանիքի անդամներով հանգստանալ ու կտրվել աշխատանքային և առօրյա հոգսերից:

Ինձ շատ մոտ է արևելյան երկրների մշակույթը: Ավելի շատ սիրում եմ հանգստանալ հին պատմություն և մշակույթ ունեցող երկրներում: Սիրում եմ նոր բան տեսնել, սովորել:

- Եվ վերջում, ի՞նչ խոսք կուղղեք հայ կանանց:

- Անձնական կյանքում աշխատեք լինել անկեղծ, հավատարիմ ու հետաքրքիր ընտանիքի համար: Իսկ ընդհանուր առմամբ, խորհուրդ կտամ լինել գեղեցիկ, ուժեղ և ինքնավստահ, միշտ վստահեք ձեր ուժերին:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում