livemarks sitemap
Կիրակի, Սեպտեմբերի 22, 2019

mom1Լինելով 1700-ամյա պատմություն ունեցող քրիստոնյա ազգ, դեռեւս շարունակում ենք շատ ու շատ հարցերում լինել սնոտիապաշտ, որի հիմքում ընկած է կրոնից անտեղյակ լինելը, ինչը եւ մեզ հեռացնում է եկեղեցուց: Այս առիթով զրուցեցինք Աբովյան քաղաքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու հոգեւոր հովիվ ՏԵՐ ՄԱՇՏՈՑ ՔԱՀԱՆԱ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

-Տեր Հայր, ասում են, որ գերեզմաններ գնալուց հետո չեն գնում եկեղեցի, իսկ եկեղեցուց հետո` գերեզմաններ: Որքանո՞վ է դա իրական:

- Եկեք դա համարենք ավելորդապաշտություն, որի մեջ կմտնի նաեւ սնոտիապաշտությունը: Ո՞վ է ասել, որ եկեղեցի գնալուց հետո չի կարելի գնալ գերեզմաններ: Հիմա մի քիչ աբսուրդի են հասցրել, մարդիկ նշանվելիս կամ ամուսնանալիս էլ են սկսում քառասունք պահել: Քրիստոս նաեւ եկավ մեզ դրանից ազատելու, որովհետեւ ամբողջ հեթանոսությունն էր հենց դրանով տառապում: Ոչ մի նման բան չկա, ամեն ինչ էլ կարելի է անել, չէ՞ որ մեկս մյուսի ուրախությունը կիսելով` այդ ուրախությունը շատացնում ենք: Նույն կերպ էլ, ինչքան է պակասում սուգը, երբ այն կիսողներ կան, չէ՞ որ ամեն մեկը մի փոքր թեթեւացնում է այն: Եկեղեցում էլ՝ աղոթքը, ինչքան է զորանում աղոթքը, երբ կողքիդ աղոթողներ կան:

- Ասում են նաեւ, որ սիրահար զույգերը չպետք է մտնեն եկեղեցի:

- Եկեք այդ շարքը շարունակենք` ինչքան ուզում եք, նորից եմ ասում, եկեք դա անվանենք ավելորդապաշտություն: Ի՞նչ է նշանակում` եկեղեցի չմտնել. դա նշանակում է` չարից եկած միտք: Չէ՞ որ մենք մտնում ենք եկեղեցի, որպեսզի հանդիպենք Աստծուն: Ամենայն բարիքն Աստծուց է գալիս: Ի՞նչ է սերը, եթե ոչ` Աստված: Մարդիկ եթե իրար սիրում են, սիրո մեջ Աստծուն են հանդիպում, սերը հենց սա է, որ կա: Այնպես որ, հակառակը, խորհուրդ կտամ եկեղեցի շատ գնան հենց սիրահար զույգերը, որ Աստծո օրհնությունը վայելեն:

mom2- Ի՞նչ եք կարծում, կարելի՞ է զուգահեռներ անցկացնել սնոտիապաշտության եւ աղանդների միջեւ: Կամ կարո՞ղ է սնոտիապաշտությունը նպաստել մարդու աղանդավոր դառնալուն:

- Ըստ իս, դրանք տարբեր բաներ են: Մենք շատ ենք ընկնում անբացատրելի բաների հետեւից, մոռանալով, որ անբացատրելին միայն Աստված է, որն անգամ այնքան է մոտեցել մեզ իր մարդանալով, որ իրավունք է  տվել մեզ իրեն ՀԱՅՐ անվանել: Մինչեւ Քրիստոս ոչ ոք իրավունք չի ունեցել Աստծուն հայր անվանել: Պատկերացնո՞ւմ եք, Աստված ինչքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց եւ իրավունք տվեց, որ իրեն հայր անվանեն: Մեզ համար թանկ է այդ անբացատրելին, մենք վախենում ենք եւ թողնում ենք, որ մեր փոխարեն մեկ ուրիշն ընտրություն կատարի: Մեր ազատ ընտրությունը փոխարինում ենք սնոտիապաշտությամբ: Մոռանում ենք, որ մեր ազատ ընտրությունը Աստծո կամքն ընտրելն է, որը մեզ համար բացում է մի անծայրածիր ազատության օվկիանոս: Իսկ աղանդը առնչվում է ոչ թե ավելի շատ հեթանոսության հետ կապ ունեցող սնոտիապաշտությանը, այլ, ըստ իս, առավել վտանգավոր է, որովհետեւ կապ ունի քրիստոնեության հետ: Իրենից ներկայացնում է ոչ աստվածահիմն ճանապարհ, որը ստեղծված է մարդու կողմից, եւ այնտեղ Աստված չկա: Այստեղ խոսում են Աստծո մասին, բայց կա աստվածամերժություն: Մեր ոչ մի արած բարի գործով կամ քարոզներով չենք կարող պարտադրել Աստծուն, որ գա ու մեզ մոտ լինի: Նորից եմ շեշտում, չափանիշն այն է, որ Աստված ինքն է ստեղծել եկեղեցին: Որեւիցե մեկ կառույց, որ կպած չէ այս ծառին, իրական չէ:

- Տեր Հայր, շատերը, ինչպես նաեւ աղանդավորները, իրենց եկեղեցի չմտնելը բացատրում են Աստծո եւ իրենց միջեւ եկեղեցականի կարիքը չտեսնելով: Ի՞նչ կասեք այս մասին, եւ ընդհանրապես ի՞նչ իմաստ ունեն մոմավառությունը, մատաղն ու խաչակնքվելը:

- Երբ գնում ենք որեւիցե երկիր գրավելու, տարբեր տիպի միջոցներ ենք օգտագործում, դրանցից մեկը խաբկանքն է: Ուրեմն, չարի զենքը հենց խաբելն է: Հիմա այստեղ էլ, ինչ-որ ասվում է եկեղեցու հասցեին, շատ հաճախ դրանք խաբկանքներ են, որպեսզի կարողանան իրենց արդարացնել, թե ինչի համար են այդպես կամ այնպես անում: Դրա համար խորհուրդս կլինի` առաջին հերթին գալ եկեղեցի եւ հարցնել հենց եկեղեցու սպասավորից, թե` եղբայր, ինչո՞ւ եք մոմ վառում, ինչո՞ւ եք մատաղ անում, ինչո՞ւ եք խաչակնքվում: Սա ճշմարտությունը ճանաչել կլինի հենց աղբյուրից, ոչ թե ինչ-որ մեկի մեկնաբանությունից:

Առաջին հերթին գանք մոմավառությանը. Մոմ վառելը, բնականաբար, հնուց է գալիս: Հնում եկեղեցին եղել է կատակոմբյան եկեղեցի, հետապնդման շրջանում, մինչ քրիստոնեությունը պետական կրոն հաստատվելը, նրա պաշտամունքները միշտ կատարվել են քարանձավներում, որտեղ, բնականաբար, լույս տալու համար օգտագործվել են ջահեր, մոմեր, եւ այսօր հասել է մեզ: Սուրբ Գրիգոր Տաթեւացին ունի նաեւ հոգեւոր բացատրություններ, բայց դրա մասին չեմ ուզում խոսել: Եկեղեցում այսօր մոմավառությունը նվիրատվության տարատեսակներից՝ ամենակարեւորներից մեկն է: Մոմավառությունն անհատի նվիրատվությունն է եկեղեցուն: Նվիրատվության տարբեր տեսակներ կան եկեղեցում, հավատացեք, այդ նվիրատվությունը Աստծո տված հնարավորությունն է: Երբ մարդը որոշակի գումար է վճարում, դա վճար չէ, վարձ չէ, դա նվիրատվություն է: Հիմա որեւիցե մեկը կարող է ասել, թե նվիրատվությունը կարող է լինել կամավոր, դրա համար կա գանձանակը: Իսկ մոմը, այսպես ասած, կանոնակարգված նվիրատվություն է եւ, ըստ էության, մեր աղոթքի պարագան՝ օգնող հանգամանք:

Այսօր եկեղեցի մտնող շատ երիտասարդներ, տարիքով մարդիկ, երեխաներ, որ գալիս են մոմ վառելու, տեսնում ես, որ աղոթք են անում, եւ կրակապաշտություն ընդհանրապես չկա: Սա հանգամանք է: Մենք էլ աղոթելիս կանգնում ենք դեմքով դեպի արեւելք, կամ մեր աչքի առջեւ սրբապատկեր, խաչ ենք ունենում: Ոչ թե խաչին կամ սրբապատկերին ենք աղոթում, այլ խոսում ենք Աստծո հետ, այսինքն` մեր խնդրանքն ենք ներկայացնում: Այդ բոլորը մեզ համար օգնող պարագաներ են: Սա եկեղեցական մշակույթ է, որի մաս է կազմում նաեւ խաչակնքվելը: Մենք այսօր խաչակնքվում ենք աջ ձեռքով, աջ ձեռքի բութ մատը, ցուցամատն ու միջնամատը հավասար միացնելով իրար: Մյուս երկուսը ծալում ենք: Սա ունի հատուկ նշանակություն: Խաչակնքվում ենք այսպես. տանում ենք ճակատին` ասում ենք ՀԱՆՈՒՆ ՀՈՐ, իջեցնում ենք ներքեւ. ԵՎ ՈՐԴՎՈՅ, հետո տանում սրտի կողմը՝ ԵՎ ՀՈԳՎՈՒՅՆ, հետո տանում աջ կողմը՝ ՍՐԲՈՅ, հետո բաց ափը դնում սրտին: Չեմ ասում, որ մնացած խաչակնքման ձեւերը սխալ են: Ոչ՝ դրանք ուրիշ ազգերի մշակույթներ են: Քանի որ եկեղեցին միայն վերերկնային, աստվածային կառույց չէ, այլ հենց երկրում գոյություն ունեցող կառույց է, եւ ամենակարեւոր գործող անձն այնտեղ մարդն է, ուրեմն նաեւ մշակույթն է: Սա հենց մեր մշակույթն է, որը ձեւավորվել է դարերի ընթացքում: Եվ մեզ համար ճիշտ է, որ լինենք այդ մշակույթի կրողը, ժառանգողը եւ փոխանցողը:

momԻսկ մատաղը զոհաբերություն է, բայց երբեք զոհ չէ: Այդ զոհը չէ, որ մեզ փրկում է, այն զոհաբերության տակ գտնվող բարեգործություն է: Հաճախ մատաղ արել են կիրակի օրերին: Մենք մեղավոր մարդիկ ենք: Որեւիցե մեկ մեղքի պատիժը մահն է: Որեւիցե մեկ մեղքի արդյունքում մենք մահվան ենք արժանի: Սակայն, Աստված մեզ մոտենում է ոչ թե իր արդարությամբ, այլ իր ողորմությամբ: Եվ մեզ ողորմում է, ժամանակավոր կյանք է տալիս: Կանչում է, սպասում է, որպեսզի մենք իրեն վերադառնանք: Ասում ենք` ստեղծված ենք Աստծո պատկերով եւ նմանությամբ: Ուրեմն, երբ որ մենք մեղքերի թողություն ենք ստանում եկեղեցում եւ հաղորդվում ենք Աստծուն, եկեղեցուց դուրս գալուց հետո վերարտադրում ենք այն ողորմությունը, որ կա մեր մեջ: Մենք ողորմում ենք ընդամենը մեր նմանին: Ողորմում ենք ոչ նրա համար, որ հիմա ինչ-որ բան ունենք: Երբեմն, մարդն իր վերջին ունեցվածքից էլ է բաժին հանում իր դիմացինին: Մատաղի բուն իմաստը սա է: Երբ Աստծուն հարցրին, թե ո՞րն է ամենամեծ օրենքը, նա ասաց. «Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով ու հոգով, եւ սիրիր ընկերոջդ ինչպես քո անձին»:

Մատաղի տարատեսակ է նաեւ հոգեհացը: Հոգու հանգստության համար մենք ի՞նչ կարող ենք անել, անարժեք պալատնե՞ր կառուցել: Ոչ, կարող ենք նրա համար անել երկու բան. աղոթք եւ բարի գործեր: Շատ ճիշտ է, որ մարդիկ ինչ-որ մի փորձանքից ազատվելուց հետո մատաղ են անում: Զոհաբերության տակ գտնվող բարեգործությունն է, որ Աստծո կողմից գնահատվում է: Մատաղի իմաստը սա է:

ԷԴԳԱՐ ՆԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում