livemarks sitemap
Չորեքշաբթի, Դեկտեմբերի 11, 2019

surbՀայորդաց տան բակում գտնվող Սուրբ Կարապետ եկեղեցին դեռեւս անավարտ է, քանի որ այն կառուցվում է միայն մեկ մարդու` Սոնյա Պապյանի ուժերով: Նա շատերին է դիմել, սակայն ֆինանսապես օգնում են միայն երկու որդիները:

Իսկ այս պատմությունն սկսվել է 20 տարի առաջ: Տիկին  Սոնյային դեռ  երիտասարդ ժամանակ շարունակ հետապնդում, քուն ու դադար չէին տալիս նույնատիպ երազները. անընդհատ տեսնում էր եկեղեցատիպ մի շենք, կողքին` մոմավառություն, մոմի կրակից սեւացած քարեր: Բայց վախենում էր որեւէ մեկին պատմել իր գաղտնիքը. ՙՎեր էի կենում, ասում էի` Աստված իմ, ի՞նչ պիտի անեմ, սա ի՞նչ նշան է: Այդ 30 տարվա մեջ չեմ համարձակվել բարձրաձայն խոսել` մտածելով, որ ինձ գժի տեղ կդնեն: Այն էլ` խորհրդային տարիներին, երբ գաղտնի էի մտնում եկեղեցի` մոմ վառելու՚:

Եվ մենակ էր փորձում գտնել իրեն տանջող հարցի պատասխանը: Սկզբում երազները կապում էր ծննդավայրի հետ, որտեղ բազմաթիվ սրբավայրեր են եղել, չգործող եկեղեցի. ՙԳնում էի այնտեղ, մատաղ էի անում, մոմ էի վառում, որ էլ նման երազ չտեսնեմ, բայց ավելի շատ էի տեսնում՚:

Շենքում առաջինը Սոնյան է արու զավակ լույս աշխարհ բերում, բայց Աշոտն էլ հասարակ երեխա չէր. չորս-հինգ տարեկանից ձեռքն էր առնում թուղթն ու գրիչը եւ եկեղեցի էր խզմզում, խաչեր էր սարքում:

Սոնյա Պապյանն իմանում է, որ իրենց շենքը կառուցված է Սբ. Կարապետ մատուռի տեղում: Հնաբնակները նկարագրում էին խաչքարերն ու ծեսերը, որոնք նշվել են զորավոր սրբի հիշատակի օրերին: Իսկ երազահաններն այսպես էին մեկնաբանում. ՙՍուրբ Հոգին ձեր տուն է մտել եւ իր փակված դռան բացումն է պահանջում: Սրբի ընտրությունը կանգ է առել ձեր տան վրա՚: Եվ տիկին Սոնյան որոշում է ձեռնարկել ոչնչացած սրբատեղիի վերականգման գործը, դիմում է Հայ առաքելական եկեղեցուն եւ քաղաքապետարանին: 1991թ. դեկտեմբերի 5-ին քաղաքապետարանից հեռախոսով տեղեկացրեցին, որ հողամաս է հատկացվել եկեղեցու կառուցման համար:

Սակայն տիկին Սոնյան չհասցրեց ուրախանալ. հենց նույն օրը տիկին Սոնյան հողին է հանձնում որդուն: Երազ  մեկնաբանողները տղայի մահն այսպես են բացատրում. ՙԱշոտն առաջին սաղմնավորված պտուղն էր այդ շենքում, Սուրբը նրան էր ընտրել որպես իր տան փակված դուռը բացող, եւ, երբ բացվեց այդ դուռը, այսինքն` հաստատվեց որոշումն ու տեղը մատուռի կառուցման համար, Աշոտը մահացավ. նրա հոգին արդեն անելիք չուներ այս երկրում՚:

Որդու մահից թեւաթափ եղած կինը որոշ ժամանակ անց սկսեց նպատակի իրագործումը: Նախ կազմակերպեց խաչքարի տեղադրումը եւ օծումը, հետո սկսվեցին շինարարական աշխատանքները, փորվեց հիմքը, կազմվեց նախագիծը, որի հիմքում են փոքր Աշոտի եկեղեցու պատկերները:

Բայց նախագիծը մնաց դարակում. ոմանք չթողեցին այն իրագործել: Սկզբում քանդեցին դառը քրտինքով ստեղծած այգին եւ կառույցը` մտածելով, որ կմտափոխեն Սոնյային... Ի վերջո հաջողվեց կանգնեցնել եկեղեցու շենքը, որը կառուցված է պատանու ՙարյան՚ վրա եւ ունի իր  խորհուրդը: Կա մի քար, որը տարբերվում է մնացածից, այն դրված է սուրբ կույս Վարվառայի անունով, որը շատ մեծ զորություն ունի:

Նա ամեն կերպ փորձում է հասցնել ավարտին երազանքը` ավարտել եկեղեցու կառույցը եւ այս աղանդաշատ  ժամանակներում հայ մանուկին պահել որպես հայ ազգին արժանի քրիստոնյա: Այդ նպատակով տիկին Սոնյան տարիներ շարունակ իր սրբավայրում անցկացնում է բազմաթիվ եկեղեցական արարողություններ: Օրինակ, Սուրբ ծնունդին մեծ սեղան է գցում եկեղեցու բակում` գինով եւ քաղցրավենիքներով ու բոլորին հյուրասիրում: Տրնդեզին նա օջախ է վառում, եւ երիտասարդները թռնում են կրակի վրայով: Այդ օրը նաեւ աղանձ է սարքում եւ բաժանում բոլորին: Ծաղկազարդին ուռենու ճյուղեր է բերում եկեղեցի եւ, դրանք մեկ գիշեր թողնելով խաչի տակ, հաջորդ օրը բաժանում է անցորդներին: Այստեղ նաեւ մոմերն են անվճար տրվում...  

Հուսանք, որ այս պատմությունը կարդալուց հետո շատերը կմիանան Սոնյա Պապյանին եւ կիրագործեն Տիրոջ նպատակը` կավարտեն եկեղեցու շինարարությունը:

ԼԱՈՒՐԱ ԲԱԼԱՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում