livemarks sitemap
Ուրբաթ, Հոկտեմբերի 18, 2019

kron1Դեռեւս  խորհրդային տարիներից արմատացած կարծրատիպերի պատճառով, այսօր շատերը չեն կարողանում հաղթահարել հայ քրիստոնյայի եւ հայ եկեղեցականի միջեւ եղած պատնեշը: Մինչդեռ 21-րդ դարի հայ հոգեւորականը, առավել քան երբեք, կարող է դառնալ ե՛ւ ընկեր, ե՛ւ եղբայր, ե՛ւ հայր ու զորակցել, քաջալերել, հարկ եղած դեպքում` պայքարել ու հաղթել: Մերօրյա հոգեւորականի կերպարի, թույլատրելի աշխարհիկ ազատությունների սահմանի ու որոշ կաղապարված պատկերացումների մասին «Զարուհին» զրուցեց ՀԱՅՐ ՀԱԿՈԲ աբեղա ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

-Հայր սուրբ, ժամանակի արագությանը զուգահեռ փոխվում է նաեւ հոգեւորականի կերպարը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի 21-րդ դարի եկեղեցականը:

- Նախեւառաջ յուրաքանչյուր դարաշրջանի համար պահանջները տարբեր են, թեեւ կան մի շարք հիմնական սկզբունքներ, որ լինելով հարատեւ, մշտամնա, ակնկալվում, պահանջվում  են եկեղեցականից բոլոր ժամանակներում: Այդ, այսպես անվանենք՝ հարատեւ կամ մշտամնա սկզբունքներն են՝ աներեր եւ զորեղ հավատք Տիրոջ Ավետարանի, քրիստոնեական մեր հավատքի նկատմամբ եւ պայմանավորած արդեն ազգային մեր պատմության մեջ եկեղեցու ունեցած եւ այժմ էլ ունեցող դերակատարությամբ, անմնացորդ նվիրում ազգին եւ հայրենիքին: Այս երկու սկզբուների հետ մեկտեղ կան նաեւ մի շարք այլ պահանջներ կամ ակնկալիքներ, որոնք փոփոխվում են կամ կարող են փոփոխվել ժամանակի ընթացքում: Օրինակ, եթե խորհրդային տարիներին հայ եկեղեցին ուղղակի փորձում էր ապահովվել իր ֆիզիկական գոյությունը եւ ուշադրություն չէր դարձվում եկեղեցականի  կրթական, գիտական մակարդակի վրա այն աստիճան, ինչ այսօր է դարձվում Վեհափառ Հայրապետի կողմից: Այսօր այլեւս այն ժամանակը չէ, որ եկեղեցականը կարող է լինել միայն ծիսակատար: Արդեն կյանքն ու իրականությունը լրիվ այլ պահանջներ են դնում ինչպես եկեղեցու, այնպես էլ եկեղեցականի առաջ եւ մի տեսակ «ստիպում» համապատասխանել ժամանակի ոգուն, պատրաստ լինել ընդունելու ժամանակի մարտահրավերները: Առավել եթե կոնկրետանամ, 21-րդ դարի հայ եկեղեցականը, իմ կարծիքով, պիտի լինի հավատքով զորեղ, հայրենասեր, բարեկիրթ, ուսյալ, իրազեկված կյանքի բոլոր ոլորտներից, խնդիրներից՝  լինի քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային կամ նույնիսկ ժամանցային, երիտասարդական՝ ընդհուպ մինչեւ ասենք նորաձեւություն:  Եվ ունակ լինելու բարեկամ յուրաքանչյուրի համար, ունակ լինելու շփվել յուրաքանչյուրի հետ, ըստ տվյալ անձի անհատական առանձնահատկությունների, այսինքն՝ ցուցաբերելով ընդգծված, անհատականացված, իրավիճակայնացված մոտեցում:

- Շատերի մոտ կա այն կաղապարը, թե հոգեւորականի հետաքրքությունների սահմանը չի կարող անցնել եկեղեցու պատերից այն կողմ: Հոգեւորականը կարո՞ղ է իրեն թույլ տալ որոշակի աշխարհիկ ազատություններ:

- Նախ, սխալ է պատկերացումը, թե եկեղեցականի հետաքրքրությունը չի կարող դուրս գալ եկեղեցու պատերից: Այստեղ բացահայտ երեւում է, որ եկեղեցին՝ իբրեւ տերմին, ընկալվում է սոսկ իբրեւ շինություն, մինչդեռ եկեղեցին շինություն լինելուց զատ եւ շինություն լինելուց առավել մարդիկ են՝ միեւնույն հավատքով միացված հանրույթը, մեր պարագային՝ հայ ժողովուրդը: Իսկ այս պարագային արդեն եկեղեցականի հետաքրքրություններ ասածը բավականին ընդլայնվում է: Ուղղակի այստեղ արդեն մեջտեղ է գալիս ինչպես եկեղեցականի, այնպես էլ որեւէ քրիստոնյայի համար կյանքի վարքականոն, այսպես անվանենք, բարոյական կոդեքս հանդիսացող քրիստոնեական բարոյական արժեհամակարգը՝ իբրեւ այդ հետաքրքրությունների գնահատման ու լավ-վատ, բարի-չար տարանջատման լավագույն համակարգ կամ, ավելի ճիշտ, կյանքի ուղենիշ: Ինչպես որեւէ քրիստոնյա կամ առհասարակ որեւէ մարդ, եկեղեցականը եւս մարդ լինելով՝  կարող է իրեն թույլ տալ ազատությունների որոշակի շրջանակ: Սակայն, վերստին վերադառնալով վերեւում ասվածին, այդ ազատությունները պետք է ներդաշնակ ու խարսխված լինեն արդեն ինչպես զուտ մարդկային, այնպես էլ մասնավոր կերպով՝ քրիստոնեական բարոյական արժեհամակարգով:

- Իսկ ո՞րն է Ձեր ազատությունների սահմանը եւ ի՞նչ հետաքրքրություններ ունեք Դուք:

- Իմ ազատությունների սահմանը որոշվում է շատ պարզ բանաձեւով՝ չանել մի բան ինչքան էլ այն համարվի ազատության «վերջին ճիչ», որը նախ կհակասի ինչպես զուտ մարդկային, այնպես էլ քրիստոնեական բարոյականությանն ու արժեքներին եւ, մասնավորաբար, նունիսկ դույզն ինչ կվնասի եկեղեցուն: Իսկ հետաքրքրությունների առումով գունապնակը բավականին գունագեղ է՝ սկսած գրականությունից մինչեւ նորաձեւություն ինձ հետաքրքրում է եւ փորձում եմ գոնե որոշ առումով իրազեկված լինել բոլոր նորություններին, գոնե դրանց հիմնական կամ առանցքային համարվող մասին:

- 21-րդ դարի հոգեւորականը կարո՞ղ է իրեն թույլ տալ լինել «նորաձեւ»:

kron- Իսկ ինչո՞ւ չի կարող թույլ տալ: Կարող է, բայց որոշակի սահմանների մեջ: Օրինակ, եկեղեցականի համար չեմ կարծում, թե արգելված է լինել ճաշակով, կոկիկ ու մաքուր հագնված, եթե սքեմով չէ: Ուղղակի այստեղ հարցը նորաձեւ եւ նորաձեւություն հասկացությունների ընկալման տարբերակների մեջ է: Անշուշտ, եկեղեցականը չի կարող հագնվել այնպես, որը դուրս կգա իր հանգամանքի թույլատրելիության սահմաններից: Սակայն, նորաձեւ պաշտոնական կոստյում կամ պատշաճ որեւէ այլ տեսակի հագուստ, եթե առանց սքեմի է, չեմ կարծում թե ընկալելի չէ հասարակության կողմից:

- Երբեմն, հատկապես` արվեստի, մշակույթի կամ բեմի հետ կապված մարդիկ ստիպված են լինում կամ, նույնիսկ, ցանկանում են ավելի ազատ ու համարձակ վարքագծով հանդես գալ, մի՞թե դա մեղք է եւ ո՞րն է «չի կարելիի» սահմանը:

- Համաձայն եմ Ձեր հետ: Լինել համարձակ, նորարար, ստեղծարար առնվազն հիանալի է: Ես ինքս սիրում եմ համարձակություն, նորարարություն, կրեատիվիզմ, չեմ սիրում միապաղաղություն, մոնոտոնություն. սա արդեն մահու չափ ձանձրալի է: Ավելին, արվեստի, գրականության եւ առհասարակ մշակույթի մեջ առաջընթաց չի լինի, եթե չլինի այդ կրեատիվիզմը, նորարարությունը, համարձակությունը, այն, ինչ ժամանակին Սեւակն անվանել է «խենթություն»: Այլ կերպ ասած, գրականության, արվեստի, նկարչության, երաժշտության, միով բանիվ՝ մշակույթի շարժիչ ուժը հենց այդ «խենթությունն» է: Սակայն, մյուս կողմից, հատկապես բեմի մարդկանց համար այս ամենը նշանակում է սեփական անձի վրա ուշադրություն հրավիրել, հանգամանք, որ կարեւոր բաղադրատարր է բեմի մարդկանց կյանքում: Քանզի նրանք իրենց արվեստի գնահատանքը տեսնում են ոչ այլ կերպ, քան ուշադրությամբ, հնչած ծափերով ու նվիրված ծաղիկներով: Կարելիի ու չի կարելիի սահմանի որոշման հարցում չեմ ուզում կրկնված լինել: Ուղղակի կավելացնեմ՝ պետք է փորձել հետեւել կամ արդեն եղածը պիտի փորձել ներածել սեփական կյանքից ներս, սեփական անհատական անձնային առանձնահատկություններին համահունչ եւ ապրել ներդաշակ Աստծո ու սեփական խղճի հետ:

Զրույցը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում