livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

«Հունիս ամիսը մեզ համար տոներով առատ եւ սիրելի ամիս է, քանի որ ունենք մեր եկեղեցու համար շատ կարեւորագույն տոներ»,- մեզ հետ զրույցում կարեւորեց Արգավանդի ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ եկեղեցու հոգեւոր հովիվ ՏԵՐ ԳՐԻՔՈՐ քահանա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, այնուհետեւ քրիստոնեական խոհեմությամբ ու մանրամասնությամբ ներկայացրեց հունիս ամսվա կրոնական տոները:

 

-Մինչեւ հունիսի 12-ը շարունակվում է զատկական հիսունօրյա տոնը, որը ավարտվում է հունիսի 12-ին` Հոգեգալստյան տոնով: Սակայն մինչ այդ` հունիսի 2-ին, նշում ենք Քրիստոսի Համբարձման տոնը, այսինքն` Հարությունից հետո 40-րդ օրը Քրիստոս համբարձվեց, իսկ մինչ այդ նա բազմաթիվ անգամներ երեւաց մարդկությանը, որպեսզի հաստատեր իր հարությունը: Եկեղեցական հայրերն ասում են, որ այս 40 օրվա մեջ Քրիստոս 10 անգամ հարությունից հետո երեւաց մարդկանց մեջ: Այնուհետեւ 40-րդ օրը Հիսուս աշակերտների հետ բարձրացավ Ձիթենյաց լեռը, տվեց նրանց վերջին պատգամը, ու աշակերտների աչքերի առաջ նրա ոտքերը կտրվեցին գետնից, ու սկսեց բարձրանալ վեր այնքան, մինչեւ մի լուսավոր ամպ ծածկեց նրան: Այնուհետեւ երկու հրեշտակներ հայտնվեցին, որոնք ասացին. «Ինչո՞ւ եք այդպես զարմացած նայում, այս Հիսուսը, որը ձեր աչքի առաջ երկինք բարձրացավ, նորից պետք է գա»: Ուրեմն` ինչի համար էր համբարձումը. Քրիստոս Աստված մի օր աշխարհ եկավ իր առաքելությունը կատարելու համար, նա մեր փրկության համար մարմնացավ ու մարդացավ, աշխարհ եկավ, քարոզեց Ավետարանը, չարչարվեց, խաչվեց, թաղվեց մեր մեղքերի համար, հարություն առավ ու նորից համբարձվեց երկինք:

- Տեր Գրիգոր, իսկ ինչպե՞ս Քրիստոս համբարձվեց երկինք:

- Նա համբարձվեց մարդկային մարմնով, որը առել էր աշխարհից: Այսինքն` Աստված համբարձվում է երկինք եւ իր հետ երկինք է տանում մարդկային բնությունը, մարդկային մարմինը, որով Քրիստոս մեր առջեւ բացեց երկնքի փակ դռները` խորհրդանշելով, որ մարդկային բնությունը մի օր պետք է երկինք մտնի: Համբարձումը շատ կարեւոր է, եւ մի տեսակ սրանով Քրիստոսի ամբողջ երկրավոր կյանքի տնօրինական խորհուրդն ավարտվում է: Բարձրանալով երկինք` նստում է Հոր աջ կողմում, ինչպես ասվում է Սուրբ գրքում` Հայր, Որդի եւ Սուրբ հոգի, որոնք անբաժան են: Համբարձումից տասը օր հետո, այսինքն` Սուրբ Զատիկից հիսուն օր հետո տեղի ունեցավ մեկ այլ դեպք: Առաքյալները Երուսաղեմում` Վերնատանը հավաքված, առավոտը ժամը 9-ին աղոթում էին, եւ հանկարծ մի հրաշք տեղի ունեցավ: Այդ Վերնատունը ցնցվեց, դղրդաց, սաստիկ հողմի ձայն լսվեց, եւ երկնքից կրակե լեզուների տեսքով կրակ իջավ առաքյալների վրա: Ի՞նչ էր դա: Դա Սուրբ Հոգին էր, որը թափվեց առաքյալների վրա, եւ նրանք սկսեցին բարբառել Աստվածային տնօրինություններ, այսինքն` խոսել ու Սուրբ Ավետարանը քարոզել: Իսկ մինչ այդ նրանք վախեցած ու կուչ եկած էին, սակայն հոգեգալստից հետո նրանց կյանքը փոխվեց: Օրինակ` Պետրոսը մինչ այդ` ընդամենը հիսում օր առաջ, Քրիստոսին ուրացավ երեք անգամ, իսկ ահա Սուրբ Հոգով լցվելուց հետո ամբողջ Երուսաղեմով մեկ սկսեց խոսել Քրիստոսի մասին` ասելով. «Քրիստոս, որը հարություն առավ, հենց այն Մեսիան էր, փրկիչն էր, որին խաչեցիք»: Իսկ Քրիստոս նշանակում է փրկիչ, այլ ոչ թե դա անուն է: Եվ այս քարոզից ազդված` մարդիկ զղջացին` մտածելով, որ սխալ էր նրան խաչելը, եւ ի՞նչ անել: Պետրոս առաքյալն ասաց. «Հավատացե՛ք եւ մկրտվեցե՛ք»: Ու երեք հազար մարդ հենց այդ օրը մկրտվեց եւ քրիստոնյա դարձավ: Այս օրը կոչվում է Հոգեգալուստ, այսինքն` Սուրբ Հոգին իջավ առաքյալների վրա: Սա եւս մեծ տոն է, քանի որ արարչագործության սկզբից Աստված միշտ մարդու հետ խոսում էր երկնքից երկիր` մարգարեների միջոցով, իսկ առաջին հայրերի հետ ուղղակի էր խոսում, օրինակ` Նոյի սերունդի հետ, իսկ հետո սկսեց խոսել միջնորդավորված: Երբ ժամանակները հասան լրումին, Աստված երկնքից իջավ երկիր ու ապրեց մեզ հետ ու եղավ մեզ օրինակ: Մեզ ուսուցանեց ու մեր փրկությունը կատարեց: Հիմա Սուրբ Երրորդության անձերից մեկը գալիս է մեր մեջ բնակվելու, ահա, սա է Հոգեգալուստը: Այսինքն` ի՞նչ ստացվեց. Աստված խոսեց, մեզ հետ եկավ, իսկ հիմա Աստված մեր մեջ է: Հոգեգալստյամբ Քրիստոս հաստատեց իր եկեղեցին, նա ասում էր իր աշակերտներին. «Ես հիմա շատ բաներ խոսում եմ, բայց դուք չեք հասկանում, բայց երբ ՍուրբՀոգին գա,  դուք ամեն ինչ կհասկանաք»: Ուզում եմ նշել, որ ամեն քրիստոնյա, երբ մկրտվում է եկեղեցում, իր համար հոգեգալուստ է տեղի ունենում: Եվ այսպես, Սուրբ Զատիկից մինչեւ հոգեգալուստ մենք հիսնաց կամ հիսուն օրերի շրջան ենք կոչում: Հոգեգալստից անմիջապես հետո սկսվում է մի շաբաթ, որը մեր եկեղեցու համար շատ կարեւոր ու սիրված տոների շրջան ենք համարում, եւ որը եկեղեցական հայրերը անվանում են «Արարատյան դաշտավայրի» տոն:  Հոգեգալստից հետո` երկուշաբթի օրը, հունիսի 20-ին սրբոց կույս Հռփսիմեանց տոնն է, իսկ երեքշաբթի` սուրբ կույս Գայանեանց տոնն է, որոնք անբաժան էին իրարից եւ նույն նահատակությունը ունեցան, սակայն տոնում ենք առանձին: Չորեքշաբթին պահքի օրն է, հինգշաբթի` ամսի 23-ին, Հովհաննես Մկրտչի ու Աթանագինես եպիսկոպոսի հիշատակն ենք կատարում: Ուրբաթը կրկին պահք է, իսկ շաբաթ օրը Սուրբ Գրիգոր Լուսավորչի` Խոր Վիրապից դուրս գալու տոնն է: Եվ վերջապես կիրակի օրը կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է: Վերը նշվածները մեր 301թ. դարձի դեպքերն են: Ինչպես գիտենք, 3-րդ դարի վերջին` 287թ., Տրդատ թագավորը Գրիգոր Լուսավորչին գցեց Խոր Վիրապ: Իսկ 300թ. Հայաստան եկան կույսեր, որոնք սկզբում 70 հոգի էին:

 

ԿՈՒՅՍԵՐԸ ՈՒՂՏԵԼ ԷԻՆ ՀԱՐՍ ՄՆԱԼ ՔՐԻՍՏՈՍԻՆ

 

- Իսկ ի՞նչ պատրվակով նրանք եկան Հայաստան:

- Այդ ժամանակ Հռոմում հալածանքներ էին սկսվել Դիոկղետիանոս կայսրի կողմից, որը քրիստոնյաների մեծ հալածիչ էր եւ եկեղեցիների դեմ հալածանքներ հարուցեց հատկապես Հռոմի մերձակայքում գտնվող Սուրբ Պողոս առաքյալի անվամբ կանանց վանքի դեմ, եւ որտեղ այս 70 կույսերն էին, եւ որտեղ մայրապետը սուրբ Գայանեն էր: Նա որոշեց, որ այդ վանքերը պետք է ցրեր, իսկ կույսերին պետք է ամուսնացնեին, հատկապես, որ նրան տեղեկացրել էին, որ նրանց մեջ մի չնաշխարհիկ կույս կա` Հռիփսիմե անունով, որի հետ նա ցանկանում էր ամուսնանալ: Այդ վտանգը զգալով` կույսերը փախան Հռոմից, եկան Երուսաղեմ` Տիրամոր գերեզմանին, այնուհետեւ Աստվածային հայտնությամբ նրանց հայտնվեց, որ պետք է գան Հայաստան:

- Իսկ Գայանե ու Հռիփսիմե անունները մի՞թե հայկական չեն:

- Այդ անունները հայկական դարձան իրենցից հետո, քանի որ մեր սրբերն են: Գալով Հայաստան` նրանք տարբեր տեղերում դեգերեցին եւ ի վերջո հասան Վաղարշապատ, իսկ այդ ժամանակ նրանք 37 հոգի էին: Վաղարշապատի մոտ` քաղաք չհասած, այդտեղ հնձան կար, որտեղ նրանք պատսպարվեցին: Սակայն Դիոկղետիանոս կայսրի փնտրտունքների արդյունքում լուրը հասավ Տրդատին, որտեղ հայտնվում էր, որ կույսերը փախել են, եւ նա հորդորում է, որ գտնի Հռիփսիմեին եւ ուղարկի իրեն: Եվ այսպես, Տրդատը փնտրտուք է սկսում եւ գտնում կույսերին: Շլանալով Հռիփսիմեի գեղեցկությունից` Տրդատը ընծաներ ու պատվիրակներ ուղարկեց նրա հետեւից, որպեսզի պալատ գա, եւ նրան կնության առնի, սակայն Հռիփսիմեն մերժեց` փաստելով, որ նա ուխտել է Քրիստոսի հարս մնալ, այսինքն` կույս մնալ ու կյանքը նվիրել Հիսուսին: Սա լսելով` սաստիկ բարկանում է Տրդատը, որովհետեւ արքաները չեն սիրում, որ իրենց մերժում են, եւ այս անգամ զինվորների միջոցով ստիպողաբար է բերում Հռիփսիմեին պալատ ու փորձում բռնությամբ տիրել նրան: Տրդատը շատ հզոր եւ ուժեղ տղամարդ էր, օլիմպիական խաղերի հաղթող եւ նույնիսկ պատերազմներից մեկի ժամանակ, երբ իր ձին վիրավորվում է, նա, ուսերին դրած, գետը լողալով անցնում է: Այնուամենայնիվ, այդ հզոր տղամարդը այդ դեռատի աղջնակի հետ պայքարելով` վեց-յոթ ժամ չի կարողանում տիրել նրան: Ինչու՞: Քանի որ Աստված իր հետ էր: Ի վերջո Տրդատին Հռիփսիմեն կարողանում է տապալել ու դուրս փախչել: Զայրացած Տրդատը հրամայում է, որ հետապնդեն նրան, եւ զինվորները հետապնդելով` այսօրվա Հռիփսիմեանց վանքի տեղում չարաչար խոշտանգում են նրան: Կույսերը լուր էին առել եւ եկան, որպեսզի իրենց ընկերուհու մարմինը վերցնեն: Սակայն այդ պահին ուղարկված զինվորները հարձակվեցին եւ այդտեղ Հռիփսիմեի հետ նահատակեցին եւս 32 կույսերի: Սակայն մինչ այդ իմանալով, որ կույսերի խմբի ղեկավարը Գայանեն է, Տրդատը նրան հրավիրում է արքունիք, որպեսզի Հռիփսիմեին համոզի, որ ամուսնանա իր հետ: Գայանեն խոստանում է Տրդատին, որ կխոսի, սակայն, երբ նա խոսեց, հորդորեց Հռիփսիմեին, որ հաստատուն մնա իր որոշմանը, այլ ոչ թե տեղիք տա: Այս լուրը իմանալով` Տրդատը հրամայեց խփել Գայանեին, ու բերանի մեջ ատամները կոտրեցին: Իսկ հաջորդ օրը` Հռիփսիմեանց նահատակությունից հետո, Տրդատը, շատ ծանր տանելով դա, հրամայեց, որ նահատակեն նաեւ Գայանեին ու երկու այլ կույսերի, որոնց դուրս բերեցին քաղաքից եւ այնտեղ, որտեղ հիմա նրա վանքն է, սպանեցին` չարաչար խոշտանգելով նրանց մարմինները: Այս առումով էլ մենք այս տոները նշում ենք առանձին` երկուշաբթի` Հռիփսիմեանց, իսկ երեքշաբթի Գայանեանց կույսերի տոնն է: Այս սուրբ կույսերի տոնը կատարելով` պետք է մենք օրինակ վերցնենք կատարյալ հավատքի, սրբության, բարեպաշտության, խոնարհության ու նվիրումի մասին ու նաեւ մեր աղոթքներում խնդրենք իրենց բարեխոսությունը:

 

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԵՐԱԶԸ ԿՐԿՆՎՑ ՀԻՆԳ ԱՆԳԱՄ

 

Նահատակությունից անմիջապես հետո Տրդատը դիվահարվեց, որին ոչ մի կերպ հնարավոր չէր բժշկել: Աստված նրա քրոջ միջոցով հայտնեց, որ միայն Գրիգոր Լուսավորիչը կարող է նրան բուժել, սաստել,  որն այդ պահին գտնվում էր Խոր Վիրապում` չնայած ոչ ոք չէր հավատում, որ 13 տարի հետո նա Վիրապում ողջ մնացած կլիներ: Սակայն այդ երազը կրկնվեց հինգ անգամ եւ մեծամեծ սպառնալիքներով, որ եթե չհանեք Գրիգորին, ավելի վատ բաներ տեղի կունենան: Եվ մարդ ուղարկեցին, որպեսզի նրան հանեն: Տրդատը եկավ, Գրիգոր Լուսավորչի առաջ ծունկի եկավ ու ներողություն խնդրեց: Գրիգոր Լուսավորիչը կույսերի մարմինները հավաքեց, որոնք ինը օր մնացել էին դաշտերում ու չէին փչացել`  մնալով անապական վիճակում, կառուցեց վկայարաններ` նրանց այսօրվա վանքերի տեղում, որոնք կառուցվեցին 7-րդ դարում: Այնուհետեւ Գրիգորը աղոթեց Տրդատի համար ու բժշկեց մեծամեծներին, քարոզեց, ծոմապահություն հայտարարեց ու մկրտեց ողջ արքունիքը, զորքը հայոց, որից հետո Տրդատի հետ ձեռնարկեցին հայոց պետական քրիստոնեացումը: Երբ Գրիգորը դարձավ հայոց հայրապետ, իր հետ բերեց սրբեր Հովհաննեսի եւ եպիսկոպոսի նահատակված մասունքները` զետեղելով դրանց վրա Մշո սուրբ Կարապետ վանքը:

Եվ, ինչպես վերը նշեցի, կիրակի օրը Սուրբ Էջմիածնի տոնն է, որը հայոց Մայր եկեղեցու հաստատման տոնն է: Ինչո՞ւ: Որովհետեւ այս դեպքերից հետո, երբ Գրիգորը գիշերով աղոթք էր անում, տեսիլք տեսավ, թե ինչպես Քրիստոս հրեշտակների մեծ բազմությամբ իջավ հրեղեն մի տեսիլքով եւ իր ձեռքի մուրճով երեք անգամ հարվածեց գետնին` այն տեղերը, որտեղ այսօր գտնվում է Մայր տաճարը: Այնտեղ հիմա մի սեղան կա, որը կոչվում է իջման, որտեղ իջեցրեց Քրիստոսը իր մուրճը: Այս տեսիլքով Գրիգորը կառուցեց կույսերի նահատակության դամբարանները, որտեղ հետագայում կառուցվեցին եկեղեցիները: Այս տեսիլքը պատմեց նա Տրդատին, ու նրանք միասին կառուցեցին սուրբ Էջմիածինը` 301թ.: Եվ պատմությունը մեզ փոխանցում է, թե ինչպես Տրդատը Մասյաց ստորոտից ահռելի ութ քարեր բերեց, որոնք դրվեցին ինչպես հիմնաքարեր` Մայր տաճարի կառուցման ժամանակ: Իսկ ո՞րն Էջմիածնի խորհուրդը: Դա հույսերի նահատակության, Գրիգոր Լուսավորչի  չարչարանքների, Խոր Վիրապ մտնել-դուրս գալու, հայոց դարձն էր, որով հաստատվեց Քրիստոսի եկեղեցին` Էջմիածինը, որը մեր փրկության տապանն է ու ճանապարհը, եւ հայ մարդու ու ազգի համար այս տապանից դուրս փրկություն չկա: Նոյան պատմությունը հիշելով` կարող ենք ասել, որ այն մարդիկ, ովքեր չմտան տապանի մեջ, ոչնչացան ու խեղդվեցին ջրհեղեղից: Եվ այն մարդիկ, ովքեր այսօր տապանից դուրս են, նրանք եւս կորած են, օրինակ, ցավոք,  աղանդավորները, որոնք այսօր մոլորված են, որը մեր ցավն է:

 

«ՈՉ ՄԻ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱ ՁԵԶ ԲԱՆ ՉԻ ԱՍԻ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

 

- Իսկ ի՞նչ կարելի է անել:

- Մենք ունենք երկու ճանապարհ. շատ աղոթենք եւ քարոզենք Ավետարանը, ճշմարտությունը: Երբ մենք չգիտենք ճշմարտությունը, ստով բռնվում ենք: Այսինքն` ի՞նչ են անում հիմնականում աղանդավորները: Գալիս են, դուռը թակում կամ դրսում մեզ ասում, որ` գիտեք, ուզում ենք բարի լուր  կամ Աստվածաշունչ քարոզենք: Երբ նրանց ասում են, որ մենք քրիստոնյա ենք ու Առաքելական եկեղեցու հետեւորդ, նրանք էլ միանգամից նույն բանն են ասում, որ իրենք էլ են քրիստոնյա եւ նույն բանն են ուզում ասել: Բայց ինչ՞ի համար են ուզում ասել այն, ինչը մեր եկեղեցին ասում է արդեն երկու հազար տարի, պարզապես, ցավոք, խորհրդային տարիներին քարոզը լավ չի իրականացվել, ու մարդիկ մի տեսակ հեռացել էին եկեղեցուց: Եվ այսպես օգտվելով մարդկանց չիմացությունից` նրանք քարոզում են ոչ ուղիղ հավատ: Ես նույնիսկ գիտեմ դեպքեր, երբ Եհովայի վկաները քարոզ կարդալու ժամանակ նկատել են, որ դիմացինը բավականին բանիմաց է Աստվածաշնչից, ասել են, որ գնանք, գնանք. այս մարդը լավ գիտի Աստվածաշունչը: Ոչ մի Եհովայի վկա ձեզ բան չի ասի Սուրբ Երրորդության մասին, իսկ Սուրբ Գրքում գրված է այդ մասին, ու եթե մենք չիմանանք, չենք կարող հակասել: Նրանք բացում են այն տեղերը, որտեղ գրված է, որ Հիսուն ասաց, որ իմ հայրը ինձանից մեծ է: Այսինքն` իրենց պատկերացմամբ, եթե հայրը մեծ է, ուրեմն Հիսուսը Աստված չի: Իսկ որ մեկ այլ տեղ Սուրբ Գրքում գրված է, որ Ես եւ Հայրը նույնն ենք կամ հավասար ենք, այս տեղը նրանք ցույց չեն տալիս: Քրիստոսը Մաթեւոսի ավետարանի վերջում ասում է` գնացեք ու աշխարհով մեկ բոլորին մկրտեք Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով:

Իսկ թե ի՞նչ նպատակով են եհովականները քարոզում եւ ի՞նչ շահ ունեն դրա մեջ` հարցերի մասին կխոսենք «Զարուհի» ամսագրի հաջորդ համարում:

Զրուցեց`
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում