livemarks sitemap
Կիրակի, Դեկտեմբերի 08, 2019

kron1Երբեմն սեփական մահն ընդունելն ավելի դյուրին է, քան հարազատ կորցնելը: Որքան էլ փորձենք գիտականորեն, փիլիսոփայորեն բացատրել այն ու սառը դատել, միեւնույնն է` սրտին չես թելադրի: Այս անգամ «Կրոնական» խորագրում կանդրադառնանք այս ցավոտ թեմային, որը անկախ սոցիալական դիրքից, պաշտոնից, ազգությունից ու տարիքից, ի վերջո, բոլորի դուռը բախում է, ինչի մասին շատերս ոչինչ չգիտենք ու հենց այդ չիմացության գաղափարից՝ լինել-չլինելու մտքից, սարսափում ենք:

«Զարուհու» զրուցակիցն է ՏԵՐ ՏԱՃԱՏ ավագ քահանա ԴԱՎԻԹՅԱՆԸ:

- Տեր հայր, ի՞նչ է մահը:

- Նախ  ասեմ, որ մարդիկ շատ են վախենում մահից, որովհետեւ Աստվածաշունչն ասում է. «Մեղքի վարձատրությունը մահն է»: Ընդհանրապես, մահը մեզ համար վախ է ներկայացնում, որովհետեւ մեր կյանքի համար պատասխանատու ենք: Եվ քանի որ մահ կա, պետք է մեր պատասխանատվությունը դատաստանի ենթակա լինի, չէ որ բոլորս էլ գիտենք, որ մեղավոր ենք: Ուրեմն՝ վախենում ենք մահից, որովհետեւ վախենում ենք, որ մեր մեղքերի արդար պատիժը պետք է ստանանք:

- Եթե Ադամն ու Եվան չմեղանչեին, մահ չպե՞տք է լիներ աշխարհի վրա:

- Քրիստոնեական հասկացողությամբ մարդիկ կոչված են լինելու հավիտենական, քանի որ ստեղծված են Աստծո պատկերով: Թեպետ մարդիկ կորցրեցին այդ վարձատրությունը, որովհետեւ մեղանչեցին: Բայց Աստված մեզ չի մոռանում, ՆԱ մեզ հետ է, սակայն պետք է մեռնենք: Այսինքն՝ կյանքում մեր ծնունդից հետո միայն մի բան է հաստատ, դա մահն է: Ինչ որ լինում է կյանքում, դրանք պատահական են, իսկ  մահը պետք է լինի: Մեծագույն ուժը, որ մահն ունի, վախն է: Իսկ քրիստոնյայի համար մահն այլեւս ուժ չունի, եւ որպես հավատացյալ այլեւս չենք վախենում նրանից, որովհետեւ գիտենք, որ Հիսուս Քրիստոս ծնավ մեզ պես, մեռավ մեզ պես եւ հարություն առավ, ինչպես որ մենք պետք է հարություն առնենք: Քրիստոս չեզոքացրեց մահվան իշխանությունը մարդկանց վրա: Հավատացյալի համար մահը մի դուռ է դեպի նոր կյանք: Սա շատ նման է բնական կյանքին: Մենք մի օր հղացանք մեր մոր որովայնի մեջ, եւ այն շատ հանգիստ տեղ էր՝ սնունդ կար, ոչ մի բանից չէինք վախենում, բայց սկսեցինք աճել եւ մեր մոր արգանդը մեզ համար շատ նեղ տեղ դարձավ: Հրելով, ուժ տալով, լալով դուրս եկանք այնտեղից, եւ մեր կյանքը ընդլայնվեց, բայց ուրիշ արգանդ մտանք, որը կոչվում է ընտանիք: Եվ սկիզբը այդ ընտանեկան կյանքի շատ լավն էր, քանի որ բոլորս էլ մեր մանկությունը ուրախությամբ ենք հիշում: Սակայն, գնալով այդ արգանդը փոքրացավ, եւ ուզում էինք ազատվել, ելնել այդ ընտանիքից: Եվ, վերջիվերջո, մենք ենք ստեղծում մեր ընտանիքը՝ ամուսնանում ենք, զավակներ ունենում եւ ուրախանում ենք, որ այլեւս մենք մեր կյանքի տերն ենք: Բայց հետո այդ ընտանիքն  էլ է փոքրանում, այսինքն ՝ կյանքում զանազան դռներ կան, բայց ամեն անգամ այդ դռներից անցնելով՝ կյանքն ավելի է ընդլայնվում: Վերջին դուռը մահն է:

- Երբեմն մարդիկ կարծում են, որ մահը Աստծո անեծքն է:

- Եթե մենք հավատքով ենք ապրում, այլեւս մահը ոչ թե այդպիսի անեծք է, այլ դուռ է, որը կբացվի, ինչպես այն առաջին դուռը, երբ ելանք մեր մոր արգանդից: Բայց, այս անգամ այդ դռնից կանցնենք եւ կլինենք Աստծո ներկայության մեջ: Ուրեմն՝ ամբողջ կյանքը պատրաստություն է մահվան համար: Մենք հավատում ենք, որ մահը ոչ թե վերջն է, այլ ձեւով վերջն է, ինչպես մեր ծնունդը վերջն է մեր սաղմնային կյանքի: Մահը վերջն է երկրային կյանքի, բայց աճումը շարունակվում է: Մենք՝ քրիստոնեաներս, այդպես ենք հավատում, որ այդ աճումը, վերջիվերջո, կտանի մեզ դեպի Աստված: Աստված Հիսուս Քրիստոսով մարդացավ, մեզ նման եղավ, անցավ բոլոր դժվարությունների միջով եւ մեզ հավատք տվեց, որ իրեն հետեւենք:  Մենք իր հետ ապրում ենք, իր հետ կմեռնենք եւ իր հետ էլ հարություն պետք է առնենք:

- Եկեղեցին մահվան ի՞նչ արարողակարգեր ունի:

- Երբ մեկը մահանում է, կատարվում է տան կարգը, որի ժամանակ քահանան տան մեջ օրհնում է ննջեցյալի մարմինը  եւ սգավորներին հույս է տալիս: Հաջորդ կարգը կոչվում է եկեղեցու կարգ, որը եկեղեցու ներսում է կատարվում: Քահանան կարդում է Ավետարանը, որտեղ ասված է. «Կյանքը նման է ցորենի հատիկի, որ հողի մեջ կնետվի եւ արդյունք կտա եւ եթե չնետվի հողի մեջ, արդյունք չի տա»: Հետո գնում ենք  գերեզման, մարմինը հանձնում ենք հողին եւ հիշում ենք Աստծո խոսքը. «Հող էիր եւ հող պիտի դառնաս»: Սա անեծքն էր, զոր Աստված դրեց Ադամի ու Եվայի վրա ասելով՝ դուք հեռացաք ինձանից, ես հողից ստեղծեցի ձեզ ու հող պիտի վերադառնաք: Բայց, քանի որ Հիսուս հարություն է առել, մենք խաչով եւ Ավետարանի խոսքով կնքում ենք գերեզմանը, որպեսզի այն ապահով մնա մինչեւ վերջին դատաստանի եւ Քրիստոսի երկրորդ գալստյան օրը կգա: Գերեզմանում շատ հետաքրքրական աղոթք է ասվում. «Արժանի արա ննջեցյալներին, որ երգեն ու պարեն սրբերի հետ անդենական կյանքում»: Այսինքն՝ մենք ինչ էլ անենք, արժանի չենք այդ հանդերձյալ կյանքին, բայց մեր Տերը ասում է՝ հետեւեք այդ նեղ ճանապարհին: Եվ եթե մենք այդ նեղ ճանապարհին հետեւենք, Աստված մեզ կընդունի: Ու հոգ չէ, որ երբեմն շեղվեցինք, թեքվեցինք, բայց պետք է ջանանք նորից այդ ճանապարհով գնալ: Աստված մեզ ավելի է սիրում, քան թե մայրը իր զավակներին: Ի վերջո,  մենք ննջեցյալին հանձնում ենք Աստծո հավիտենական սիրուն: Եկեղեցին ունի հաջորդ օրը ննջեցյալին այցելության գնալու արարողություն: Գնում ենք ու գերեզմանն օրհնում:

- Իսկ յոթն ու քառասունքն ի՞նչ խորհուրդ ունի:

- Յոթը ամբողջությունն է: Աստվածաշնչում յոթը կատարյալ թիվ է: Աստված աշխարհը ստեղծեց յոթ օրում, իսկ յոթերորդ օրը Աստծո հանգստյան օրն է: Սակայն, Աստված չի հոգնում, սուրբ հայրերն ասում են, որ Աստված յոթերորդ օրը կանգնեց եւ տեսավ ու վայելեց իր ստեղծագործությունը: Մահվան յոթերորդ օրը սուգի շրջանն է, որը ծանր սուգ է: Ընտանիքը մահվան գույժի առջեւ է կանգնած ու մենք ինչքան էլ մխիթարական խոսքեր ասենք, միեւնույն է նրանք զգում են կորուստը: Սակայն, յոթերորդ օրը եկեղեցին իրենց ասում է, որ ժամանակն է քո այդ ծանր սուգը վերջացնես, որովհետեւ մենք այդ սիրելիին հանձնել ենք Աստծուն եւ հիմա լացի փոխարեն պետք է շնորհակալություն հայտնել Աստծուն: Օրինակ, ես կնոջս մահվան ժամանակ առաջին հերթին շնորհակալություն հայտնեցի Աստծուն, բայց ոչ թե մահվան համար, այլ իր կյանքի: Որովհետեւ հիսուն տարի մենք միասին ապրեցինք որպես այր ու կին, եւ այդ հիսուն տարվա համար ես շնորհակալ եմ: Բայց, անշուշտ, յոթից հետո կրկին սուգի մեջ ենք ու էլի մեր ննջեցյալի կարոտը զգում ենք: Իսկ քառասուներորդ օրը հոգեհանգստի արարողություն ենք անում: Քառասուն թիվը Աստվածաշնչի մեջ հաճախ է գործածվում: Օրինակ, Իսրայելի ժողովուրդը քառասուն տարի անցավ անապատի միջով՝  Եգիպտոսից հասավ Ավետյաց երկիր: Մեզ համար այդ քառասուն օրերը հատկանշում են այն ժամանակաշրջանը, երբ մարդիկ ելնում են Եգիպտոսից, այսինքն՝ չարիքի, մեղքի կյանքից ու գնում դեպի Ավետյաց երկիրը, որը երկինքն է: Ընդհանրապես ամեն տարի հիշում ենք մեր ննջեցյալներին եւ կարեւոր է սա, որովհետեւ ինչպես ասում են՝ մարդ չի մեռնում, մենք կմեռցնենք մոռացությամբ: Լավ է, երբ ամեն տարի հիշենք մեր ննջեցյալներին ու հատկապես իրենց տարելիցին: Այդ ժամանակ կարեւոր է, որ ամբողջ ընտանիքը գնա եկեղեցի հոգեհանգստի:

- Երբեմն հոգեհացը կերուխումի է վերածվում, ի՞նչ կերպ պետք է արվի այն:

- Հոգեհացի իմաստը այն չէ, որ մենք նստենք ու ուտենք: Այն ողորմություն է, որ պետք է անենք աղքատների համար: Դրա համար գերեզմաններում մարդիկ կերակուր են թողնում աղքատների համար, որը շատ լավ սովորություն է: Հոգեհացը կերուխումի տեղ չէ, անշուշտ, բնական է, որ թաղումից հետո տանը պետք է հավաքվեն եւ նրանք, ովքեր մասնակից էին արարողությանը, իրենց պետք է կերակրենք, բայց դա պետք է թեթեւ լինի: Նույնիսկ տեսել եմ, որ հոգեհացի ժամանակ մեկը մյուսին խոսք է նետում ու կռիվ է ստացվում: Պետք է զուսպ լինեն, երբեմն տեսնում ենք, որ շատ չափազանց է լինում ու կեղծ է դառնում:

kron- Հարազատի կորստից հետո երկար ժամանակ տղամարդիկ մորուք են պահում, իսկ կանայք սեւավորվում են, նման օրենք կա՞ եկեղեցում:

- Ընդհանրապես դրանք ժովովուրդների մեջ ազգային սովորություններ են: Եկեղեցին այդպիսի պահանջ չի դնում մեզ վրա: Միշտ պետք է հիշենք Հիսուսի խոսքը. «Երբ աղոթում ես, մարդկանց առաջ մի աղոթիր», այսինքն՝ քո սուգը մարդկանց առաջ ցույց մի տուր: Երբ պետք է աղոթես, գնա քո սենյակը, դուռդ փակիր ու աղոթիր: Մենք մեր սուգը ի ցույց չպետք է դնենք, դա կեղծավորություն է:

- Մենք հավատում ենք դրախտին, բայց դրախտի կողքին կա դժոխք, եւ մի՞թե դա էլ է Աստծո ստեղծածը:

- Անշուշտ, մենք հավատում ենք դժոխքին, որովհետեւ հավատամքի մեջ ասում է, որ մենք կհավատանք հավիտենական կյանքին եւ տանջանք հանցապարտներին, այսինքն՝ դժոխքը կա, եւ երկինքը կա: Դժոխքը ուրիշ բան չէ, եթե ոչ լրիվ  երկնքի ընդհակառակն է: Նախ հասկանանք, թե երկինքն ինչ է: Երկինքը հենց Աստծո ներկայությունն է: Ավելի մեծ երջանկություն չկա, քան թե դու երկնքում քո երկնավոր հորդ կողքը լինես: Իսկ դժոխքը Աստծո լրիվ բացակայությունն է, ուրեմն՝ Աստված իր բացակայությունը չէր կարող ստեղծել: Մարդիկ ենք ստեղծում դժոխքը, եւ ոչ թե Աստված ուզում է մեզ պատժել: Այդ մենք ենք, որ մեզ պատժում ենք մեր մեղքերով:

- Այնուամենայնիվ, ինչպե՞ս մխիթարվեն սգավորնները:

- Կյանքը մեզ չի պատկանում, եւ մենք չենք մեզ ստեղծել: Կյանքի վրա մենք իշխանություն չունենք: Աստված է ինձ այս կյանքը տվել եւ երբ ցանկանա այդ կյանքը կարող է առնել ինձանից: Անշուշտ, մենք պարտավոր ենք այդ նվերը  խնամել՝ մեր առողջությանն ու  բարօրությանը հետեւել, որովհետեւ կյանքը նվեր է, իսկ առողջությունը` Աստծո տված պարգեւ: Հիշում եմ, երբ մի տասնչորս տարեկան տղա մահացավ, գնացի իրենց տուն, որպեսզի մխիթարեմ մորը: Ես նոր քահանա էի ու չգիտեի ինչ պետք է ասեմ այդ կնոջը: Տղան մահացել էր քաղցկեղից: Ես գնացի, մոր կողքը նստեցի, նա դարձավ ինձ ու ասաց. «Տեր հայր, գիտե՞ս, եթե ես տասնչորս տարի առաջ իմանայի, որ իմ տղան տասնչորս տարեկանում պետք է մահանար, նորից կծնեի նրան, որովհետեւ արժեր այդ տասնչորս տարին»: Մենք պետք է գոհություն տանք այն կյանքին, որը մեզ տրված է: Մայրս հիվանդ էր, մահվանից առաջ կեսգիշերին արթնացավ, եղբայրս ասաց. «Մամ, ես հիմա շտապօգնություն կկանչեմ»: Մայրս նայեց ու պատասխանեց. «Տղաս, ես ամեն բանից գոհ եմ, կարծում եմ, ժամանակն է գնալու», եւ աչքերը փակեց: Հետաքրքրական է, որ մի քանի օր առաջ մի սրբի կյանք էի կարդում, եւ ինքը նույն բառերն էր ասել, ինչ-որ մայրս ասաց:

Վերջիվերջո, ճիշտ է, մի քանի րոպե պետք է մահվան ժամանակ զգանք սիրելիի բացակայությունը, բայց հետո կամաց-կամաց այն կվերանա, եւ մենք կապրենք լավ հուշերով: Մեր զավակների, թոռների համար այնպիսի գեղեցիկ օրեր պետք է ստեղծենք, որպեսզի եթե պահը գա, որ մենք պետք է գնանք, նրանք մեզ ուրախությամբ հիշեն:  

Պատրաստեց՝

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում