livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

ter ghazar qah petrosyanՔանի որ «Զարուհի» ամսագիրը գտնվում էր մեկամսյա արձակուրդում, այդ պատճառով` «Կրոնական տոնացույց» խորագիրը այս անգամ կներկայացնենք ավելի ծավալուն (օգոստոս եւ սեպտեմբեր ամիսները միասին):
Չնայած այս ամռան տապին, օգոստոս ամիսը եւս լի էր կրոնական տոնացույցերով: Եվ ինչպես մեզ ներկայացրեց Արարատյան Հայրապետական թեմի Բյուրավան գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր սպասավոր Տեր ՂԱԶԱՐ քահանա ՊԵՏՐՈՍՅԱՆԸ. «Այս տարի օգոստոսի մեկին մեռելոց է, եւ քանի որ Զատկի տոնը ուշ եղավ, Վարդավառը այս տարի նշվեց հուլիսի 31-ին, իսկ դրան հաջորդում է Վարդավառի մեռելոցը ( ինչպես գիտենք, Վարդավառը ննջեցելոց հիշատակն է)»:

Քանի որ մեր ժողովրդի մոտ օգոստոս ամիսը ավելի շատ ասոցացվում է խաղողօրհնեքի հետ, այնուամենայնիվ, Տեր Ղազարը մեզ օգոստոս ամսվա մասին փոխանցեց հետեւյալը.

«Մեռելոցից մեկ շաբաթ ընդմիջումից հետո սկսվում է Աստվածածնի պահքը, այսինքն` հաջորդ կիրակին գալիս է Աստվածածնի բարեկենդանը, եւ մեկշաբաթյա պահքից հետո տոնում ենք չորրորդ տաղավար տոնը, որը Աստվածածնի վերափոխման տոնն է: Սա այն հրաշալի դեպքն էր, երբ Քրիստոս իր հարությունից տարիներ հետո, երբ իր սրբազան մայրը` Մարիամ Աստվածածինը, ննջեց երկրի վրա, որին հուղարկավորեցին, երեք օր հետո Աստծո որդին հրեշտակաց բազմությամբ երկնքից երկիր գալով, հարություն տվեց իր սրբազան մորը եւ վերափոխեց երկինք: Այդ պատճառով նրա գերեզմանը մնաց դատարկ եւ ցայսօր էլ ցուցադրվում է եկեղեցում, որը կա, հայտնի է, եւ ամեն օր պատարագում ենք, եւ հուրախություն հայ ազգի` դա Երուսաղեմի այն սրբավայրերից է, որտեղ հիմնական իշխանությունը տրված է հայերին: Այնտեղ հայկական եկեղեցին ամեն օր պատարագ է մատուցում: Երուսաղեմում մենք ունենք երկու գերեզման. մեկը տերունական գերեզմանն է` Քրիստոսի, իսկ մյուսը Աստվածամոր գերեզմանն է: Այդ տոնը կոչվում է վերափոխման, որովհետեւ Քրիստոս իր մորը հարություն տվեց ու վերափոխեց: Ի դեպ, քրիստոնեական ավանդության մեջ աստվածամոր եւ սուրբ Հովհաննես Ավետարանչի նշխարներ չկան եւ չեն եղել, որովհետեւ Քրիստոս նրանց վերափոխել է երկինք: Այս տոնը կատարվել է Երուսաղեմում, 5-րդ դարի սկզբին, այնուհետեւ 6-րդ դարում այն տարածվել է Սիրիայում, իսկ 7-րդ դարի սկզբին տոնը սկսել են նշել նաեւ Արեւմուտքում:

Այս տոնին հաջորդում են սրբոց տոները` մարգարեների, նահատակված սրբերի, որոնց գրքերը կան Աստվածաշնչում: Օգոստոս ամսվա մեջ մենք ունենքkronakan2 «գյուտ գովտո»  եւ «գյուտ տփո» տոները, այսինքն` աստվածամոր գոտու եւ զարդատուփի գտնվելու տոներն են: Քանի որ նրա նշխարները չկան երկրի վրա, այդ պատճառով ավելի կարեւորություն ստացան այն առարկաները, որոնք գործածել է Մարիամ Աստվածածինը: Տոները նշվում են տարբեր օրեր` օգոստոսի վերջին: Արկադիոս կայսեր օրոք` 395-408թթ., Երուսաղեմում գտնում են Ս. Աստվածածնի գոտին: Այն տարվում է Կ. Պոլիս, կառուցվում է նոր եկեղեցի, գոտին զետեղվում է այնտեղ: Մի ցավալի բան եմ ուզում նշել. ժողովուրդը Մարիամ Աստվածածնի տոնը կապում է խաղողօրհնեքի հետ, բայց տոնը կոչվում է Վերափոխում: Սակայն ի դեմս այդ տոնի մենք եկեղեցիներում, օրհնում ենք խաղողը եւ դրա հետ մեկտեղ ամբողջ մրգերը»: Այդ դեպքում ինչո՞ւ պտուղներից ընտրվեց հենց խաղողը այդ օրվա համար, իսկ մինչ այդ` հուլիս ամսին, օրհնվեց ծիրանը: Այս հարցին Տեր Ղազարը պատասխանեց. «Որովհետեւ խաղողից ստանում ենք գինի, որն էլ հաղորդության նյութերից մեկն է, որն էլ Աստծու որդու արյան խորհուրդն է, եւ պատարագի ժամանակ գինին փոխարկվում է Տիրոջ արյան: Հետեւաբար, այս մտածողությամբ էլ ստացվում է, որ խաղողից գինին է, իսկ Աստվածամորից էլ ծնվում է որդին, դրա համար օրհնում ենք խաղողը: Իսկ ծիրանի օրհնությունը ավանդական կարգ չէ, այլ կինոփառատոնի հետ կապված, կարծում եմ, առաջարկ է եղել: Մենք ավանդաբար ծիրանի օրհնություն չունենք, իսկ խաղողի համար ունենք:  Ես, համենայնդեպս, վատ չեմ ընդունում դա, քանի որ Աստծո օրհնությունը կարելի է բաշխել ամենքին. չէ՞ որ մենք ճաշը ուտելուց առաջ այն եւս օրհնում ենք, հետո ուտում»:

«Իսկ մարգարեներից Երեմիան, որի անունը նշանակում է «Աստված կբարձրացնի», Հին Կտակարանի մեծագույն դեմքերից է: Նա 23 տարի շարունակ ապաշխարության կոչ էր անում, կանխատեսում էր Երուսաղեմի եւ տաճարի կործանումը` որպես հետեւանք իր ժամանակի կռապաշտության եւ ընկերային անարդարությունների: Նա իր համարձակ խոսքերի համար բանտարկվում է  ջրհորի մեջ»:

Եվ քանի որ թե՛ օգոստոս եւ թե՛ սեպտեմբեր ամիսներին կա մեռելոցի արարողակարգ, այս առումով Տեր Ղազարից որոշեցինք տեղեկանալ, թե որքանո՞վ ենք մենք ճիշտ վարվում ննջեցյալների թաղման արարողակարգի հետ: Եվ այսպես, պարտադի՞ր, թե՞ հատուկ դեպքերում են հանգուցյալին բերում եկեղեցի. «Ընդհանրապես ավանդական կարգով մենք ննջեցյալների հուղարկավորման ծիսական կարգ ունենք, որը բաժանվում է երեք մասի` տան կարգ, եկեղեցվո կարգ եւ գերեզմանի կարգ: Սա նշանակում է, որ ավանդաբար բոլոր հանգուցյալների համար էլ կատարվել են այդ երեք արարողակարգերը, բայց մերօրյա իրականության մեջ, հաշվի առնելով անաստվածությունը,  գրեթե ամեն տեղ քանդվում  եւ ավերվում էին բոլոր եկեղեցիները, բնականից դադարեց եկեղեցական արարողակարգը, եւ այսօր էլ դժվար կլինի վերականգնել այն` ամբողջ ժողովրդի մակարդակով, քանի որ այդչափ եկեղեցի չկա, որ ննջեցյալներին տանեն ու դնեն այնտեղ: Եվ նրանք, ովքեր շատ են փափագում եկեղեցի բերել, կամ նրանք, ովքեր պարտաճանաչ հավատացյալներ են եղել համայնքի ու մշտապես մասնակցել են պատարագներին, այս բոլորը ազդակներ են, որպեսզի հետագայում, երբ մահանան, բերեն վերջինիս եկեղեցի: Բոլոր քահանաների ձեռքում կա Մաշտոց ծիսարանը, որտեղ կա այդ երեք արարողակարգերի մասին ծիսակարգ: Կոնկրետ Մասիս քաղաքի գերեզմանատանը ունենք մի գեղեցիկ մատուռ, եւ բոլոր հանգուցյալներին նախ դնում են այնտեղ եւ հետո նոր` գերեզմանին»:

«ԼՍԵԼՈՎ ՆՐԱՆՑ ԱՂԱՉԱՆՔՆԵՐԸ` ԱՍՏՎԱԾ ՄԻ ԴՈՒՍՏՐ Է ՊԱՐԳԵՎՈՒՄ»

«Սեպտեմբեր ամիսը մեզ համար եւս լի է կրոնական տոնացույցերով, եւ հենց ամսի մեկին նշվում են Սուրբ

kronakan1

Կարապետի եւ Սուրբ Հոբի տոները: Ս. Կարապետը իր պատանեկությունն ու երիտասարդությունն անց է կացրել մենության մեջ, իսկ 30 տարեկանից սկսել է քարոզել Հորդանանի հովտում: Նրա մեծագույն  գործը համարվում է Հորդանան գետում Հիսուսին մկրտելը եւ նրան Մեսիա հայտնելը: Հետագայում Հերովդես թագավորը ձերբակալել ու բանտարկել է վերջինիս` հանդիմանելով այն բանում, որ ինքը հափշտակել է իր եղբոր կնոջը, եւ գլխատել է տալիս նրան»: «Իսկ Հոբը, որը կատարյալ աստվածապաշտ մարդ էր, ուներ 7 տղա եւ 3 աղջիկ, մեծահարուստ էր, սակայն այդ ամենը չէր այլասերել նրան: Սակայն Հոբը Աստծո կողմից ենթարկվում է մի շարք փորձությունների. զրկվում է հարստությունից, սպանվում են զավակները, ինքը վարակվում է բորոտությամբ, բայց այս ամենով հանդերձ` նա չի մեղանչում Աստծուն եւ չի հայտնում որեւէ դժգոհություն: Իսկ կնոջ դժգոհություններին նա պատասխանում է. «Եթե Տիրոջ ձեռքից բարիքներ ընդունեցինք, չարիքներին ինչո՞ւ չպիտի համբերենք»: Արդարացված դուրս գալով այս փորձություններից` նա արժանանում է ավելի մեծ օրհնությունների` Աստծու կողմից»:

«Սեպտեմբեր ամիսը մեզ համար առանձնանում է Ս. Կույս Մարիամի ծննդյան տոնով, որը նշվում է ամսի 8-ին: Աստվածածնի ծնողները` Հովակիմը եւ Աննան, մինչեւ ծերություն զավակ չէին ունենում եւ միշտ աղոթում ու խնդրում էին Աստծուն, որ իրենց զավակ պարգեւի: Լսելով նրանց աղաչանքները` Աստված մի դուստր է պարգեւում նրանց, ում կոչում են Մարիամ: Աստվածածնի ծննդյան տոնը հաստատվել է 5-րդ դարի վերջին` Երուսաղեմում: Հայկական եկեղեցում Մարիամի ծննդյան տոնը հաստատուն կերպով սկսել են տոնել 13-րդ դարից»:

«Սեպտեմբերի 11-ին նշվում է Խաչվերաց տոնը, որը Հայ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է` Ս. Խաչի վեր բարձրացման եւ փառաբանության տոնը: Երբ Հեղինե թագուհին գտնում է Քրիստոսի Խաչը, Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը  բարձրացնում է այն` հավատացյալների երկրպագության համար»: Խաչվերացի տոնը Հայ եկեղեցին տոնում է սեպտեմբերի 11-ից 17-ի միջեւ ընկած կիրակի օրը:

«Ամսի 20-ին նշվում է Սուրբ Փեփրոնե, Սուրբ Մարիանե եւ Սուրբ Շուշանի տոնը: Այս երեք սրբերն էլ հավատարիմ լինելով իրենց երդմանն ու Քրիստոսին նվիրվելուն` դաժան վախճան են ունենում: Ս. Փեփրոնեն մերժելով ամուսնանալ հեթանոսի հետ` ենթարկվում է տանջանքի ու գլխատվում է: Իսկ Ս. Մարիանեն նահատակվել է Օլիմբիրա կառավարչի կողմից: Նրա հայրը, որը հեթանոս քուրմ էր, աղջկան դատարան է հանձնում Քրիստոսին դավանելու համար: Մերժելով ամուսնությունը դատավորի հետ` Մարիանեն ենթարկվում է դաժան հալածանքների: Տեսնելով նրա քաջությունը` 15 հազար հեթանոսներ խոստովանում են Քրիստոսին եւ գլխատվում: Իսկ Մարիանեն դատապարտվում է սրով գլխատվելու, սակայն գլուխը սրի տակ խոնարհելիս մահանում է իր մահով»:

«Ս. Շուշանը, որը Վարդան Մամիկոնյանի ավագ դուստրն էր եւիսկական անունը Վարդենի էր, իսկ Շուշանը իր փաղաքշական անունն էր, ամուսնանալով վրաց Աշուշա բդեշխի որդի` Վազգենի հետ, ունենում է 3 որդի եւ մեկ դուստր: Հոր մահից հետո նրա ամուսինը դառնում է բդեշխ ու կրոնափոխ է լինում պարսկական իշխանության դրդումով, կրկին ամուսնանում է Պերոզ իշխանի զոքանչի հետ: Շուշանը քաշվում է մի եկեղեցու առընթեր տնակ` ապրում է այնտեղ աղոթքով` արհամարհելով ամուսնու բազմաթիվ առաջարկներն ու սպառնալիքները` հավատափոխ դառնալու: Շուշանն անլուր տանջանքների է ենթարկվում 7 տարի, ամուսնու ձեռքով` ապավինելով միայն Ավետարանին: Ս. Շուշանը իր մարտիրոսական մահով մահանում է 470թ.»:

kronakan«Ամսի 24-ին նշվում է Սուրբ Գեւորգ զորավարի տոնը, որը ծնունդով կապադովկիացի էր ու մեծացել էր քրիստոնեական ընտանիքում: Զորագրվելով հռոմեական բանակում` կարճ ժամանակահատվածում հասնում է զորավարի աստիճանի: Քրիստոնյաների նկատմամբ հալածանքներ սկսվելուց առաջ կայսրը խորհրդակցության է կանչում մեծամեծներին` նրանց հավանությունը ստանալու համար: Բոլորը տալիս են հավանություն, բացի Գեւորգից, ով խստագույնս քննադատում է կայսեր առաջարկը, որից էլ պարզ է դառնում նրա քրիստոնյա լինելը: Կայսրը բանտարկում է Գեւորգին ու ենթարկում անլուր չարչարանքների, որոնց նա տոկում է քաջաբար: Այնուհետեւ ստիպումներից ու հորդորներից հետո նա համաձայնվում է այցելել կուռքերին, սակայն հայտարարում է, որ դրանք սուտ են եւ սին: Այս հանդուգն արարքի համար Դիոկղետիանոս կայսրը գլխատել է տալիս նրան մոտ 303թ.»:

«Սեպտեմբերի 29-ին նշվում է Սուրբ Սահակ եւ Սուրբ Համազասպ Արծրունիների տոնը, որոնք չարչարվել են Հայաստանում արաբ տեղապահ Խազմի կողմից: Նրանք եղբայրներ էին եւ ապրում էին Հայաստանում արաբների տիրապետության օրոք: Համազասպը երկրի գլխավոր իշխանն էր եւ Վասպուրական նահանգի տիրակալը: Երբ երեք եղբայրները` Համազասպը, Սահակը եւ Մերուժանը, ավանդական այցելություն են տալիս տիրակալին, ձերբակալվում են եւ հարկադրվում ընդունելու իսլամը` որպես ապացույց  իրենց հավատարմության: Մերուժանը, վախենալով տանջանքներից, ընդունում է իսլամը, իսկ դեպի տուն ճանապարհին հանդիպում է Դավիթ Մամիկոնյան իշխանին` Համազասպի տեղապահին, նրա կողմից գլխատվում է որպես դավաճան: Իսկ Սահակն ու Համազասպը գլխատվում են` ընդունելով նահատակություն հանուն Քրիստոսի»:

 

Նյութը պատրաստեց

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում