livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

pahk1«Պահեցողությունը մաքրում է հոգին, բարձրացնում միտքը, չափի եւ հակակշռի ներքեւում պահում կրքերը, ցրում է ցանկության ամպերը, մարում սեռական կրակը, արծարծում է ժուժկալությունը եւ վառում ճշմարտության լույսը»:

ՍՈՒՐԲ ՕԳՈՍՏԻՆՈՍ ԱՓՐԻԿԵՑԻ

Այս տարի մարտի 3-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տեւում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչեւ Սուրբ Հարություն` Զատիկ: Այս տարի Սուրբ Հարության տոնը կնշվի ապրիլի 20-ին: Մեծ Պահքը եկեղեցական հայրերն անվանել են նաեւ «Քառասնորդաց»` քառասուն օրերի պատճառով: Այս պահքն անվանվում է նաեւ «Աղուհաց», քանի որ նախկինում Մեծ Պահքի միակ կերակուրն է եղել աղն ու հացը: Մեծ Պահքի ժամանակ եկեղեցիներում փակվում են վարագույրները` ի հիշատակ այն իրողության, որ մեղսագործությունից հետո Ադամն արտաքսվեց դրախտից եւ նրա առջեւ դռները փակվեցին: Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները եւ մատաղը: Սակայն, Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով, խիստ անհրաժեշտության դեպքում, թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ եւ կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի:

Ի՞ՆՉ Է ՊԱՀՔԸ

Ես այն եմ, ինչով սնվում եմ, եւ ես այնպիսին եմ, ինչպես սնվում եմ, եւ ես այնքան եմ, ինչքան սնվում եմ: Ճանաչողության նպատակով մարդը պետք է ձգտի ինքն իրեն զննելով հասկանալ, թե ինչն է իրեն տալիս հագեցվածության, բավարարվածության զգացողություն: Երբ է զգում, որ կշտացած է, բավարարված է եւ ինչ չափաբաժին է իրապես իրեն կշտացնում: Գուցե կան բաներ, ինչի կարիքը մեր օրգանիզմն իրականում բնավ չունի: Պահքը հատկապես քրիստոնեական կրոնի մեջ է ստացել իր գերագույն կարեւորությունը եւ միջին դարերում իր խստագույն գործադրության գագաթին հասել: Մեր ժամանակակից սերունդը պահեցողություն ասելով, թերեւս, հասկանում է մսեղենից, կաթնեղենից եւ հավկիթեղենից հրաժարում: Ըստ Աստվածաշնչի, պահեցողությունը սգի եւ ցավի մի շրջան է, ինքնազրկանք կամ ինքն իրեն տրված կամավոր պատիժ, որն իրագործվում էր որոշ ժամանակ ուտելուց եւ խմելուց, ինչպես նաեւ ՀԱՃՈՒՅՔԻՑ ամբողջովին հրաժարվելով: Կարեւորը վերջին հանգամանքն է, այսինքն` նաեւ հաճույքի՛ց հրաժարվելը, քանզի պահքը եւ հաճույքն իրար հակադիր երեւույթներ են:

ՊԱՀՔԻՑ ԱՆԲԱԺԱՆ Է ԱՂՈԹՔԸ

Սբ. Գրքում ասված է. «Բարի են աղոթքները` պահեցողություններով» (Տոբիթ 12: 8), մեկ այլ տեղում. «Բայց այս տեսակ դեւը (այսինքն` արմատացած հոգեկան բարդույթները եւ կատաղի մոլությունները, դիվահարությունները) այլ կերպ դուրս չի ելնում, եթե ոչ աղոթքով ու ծոմապահությամբ» (Մատթ. 17:20): Հին Կտակարանում տեսնում ենք Մեծ Պահքի բազում օրինակներ: Հին Ուխտի մեծագույն մարգարեն Սինա լեռան վրա. «Մովսեսը Տիրոջ հետ էր քառասուն օր եւ քառասուն գիշեր: Նա հաց չկերավ, ջուր չխմեց» (Ելք 34:28): Եղիա մարգարեի մասին էլ է հաստատվում, որ քառասուն օր պահեցողություն է արել (ԳԹագ.19:8): Դավիթ թագավորը պահք պահեց` իր ապօրեն զավակի կյանքը փրկելու համար (ԲԹագ. ԺԲ12:16): Նոր Կտակարանում տեսնում ենք, որ պահքը շարունակվում է նաեւ այստեղ: Նոր Ուխտի առաջին պահեցողը նույն ինքը` նրա հիմնադիրը եւ մեր Փրկիչն է: Իր մկրտությունից հետո Հիսուսը «Հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց Սատանայից: Չկերավ եւ չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-2): Հիսուսն իրեն ծոմապահության ենթարկեց ոչ թե որովհետեւ ապաշխարանքի պետք ուներ, այլ դա կատարեց մարդկային ցեղի փրկության համար: Հիսուսի եւ առաքյալների ուսուցումը պահքի մասին, կրոնաբարոյական հարցերի մասին, Հիսուսի հիմնական ուսուցումները համադրված են «Լեռան քարոզում», ուր կարեւոր տեղ է տրված նաեւ ՊԱՀՔԻՆ: Այնտեղ Հիսուսն ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երեւան, թե ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը (այսինքն` մարդկանց երեւալը եւ նրանցից միայն գովք լսելը): Այլ, երբ դու (խոսքն ուղղված է Հիսուսին հավատացողին եւ հետեւողին) ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը եւ լվա՛ քո երեսը, որպեսզի չերեւաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը` գաղտնաբար, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18):

Մեծ պահքի գլխավոր նպատակը հավատացյալին նախապատրաստելն էր, որ Ավագ շաբաթվա ընթացքում արժանապես մոտենա Սուրբ Հաղորդությանը եւ ավելի մեծ ուրախությամբ տոնի Սուրբ Զատիկը:

ՊԱՀՔԻ ՆՊԱՏԱԿԸ

pahkԻնչո՞ւ ենք պահք պահում: Հայտնի է, որ բժիշկները հիվանդին բուժելու համար կա՛մ դեղը, կա՛մ պահեցողությունը, կա՛մ երկուսը միանգամից են հանձնարարում: Որոշ հիվանդություններ էլ առանց պահեցողության չեն բուժվում, օրինակ` խոցը, շաքարախտը եւ նմանները: Նույն հանգամանքն էլ մեղքերի դեպքում է: Մեղքերի կարեւոր տոկոսը ցանկությունների սանձարձակ գործունեության արդյունք է: Սա է Պողոս առաքյալի գաղատացիներին ուղղած խոսքի իմաստը. «Բայց ասում եմ ձեզ.Հոգո՛վ ընթացեք եւ մարմնի ցանկությունը մի՛ կատարեք, քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին` մարմնի հակառակը» (Գաղ. 5:17): Պահքի նպատակը, ուրեմն, հոգու կյանքը զորացնելն է` տկարացնելով զգացական հաճույքների քաշող ուժը: Մեր հոգեւոր եւ բարոյական կենցաղում կամքը կենսական դեր ունի: Ուստի պահքի անուղղակի ուրիշ բարիքներից մեկն է` ԿԱՄՔԻ ԶՈՐԱՑՈՒՄԸ:

Այս ընթացքում տեղին է նաեւ պահել ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՀԵՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: Հրաժարվել մոլեկան սովորություններից, քանզի բացի մեր քսակին վնասելուց, խանգարում են նաեւ մեր հոգու եւ մտքի հավասարակշռությանը: Հրաժարվել մոլի թղթախաղերից, ոգելից ըմպելիքներից, ծխելուց, այլտեսակ «ղումարներ»-ից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից, իսկ մեր օրերում, ինչու չէ, նաեւ ինտերնետից անզուսպ օգտվելու ցանկությունից:

Մեծ Պահքի ավարտից հետո Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: 325 թ. Նիկիայի տիեզերական առաջին ժողովի սահմանած կարգի համաձայն` Քրիստոսի Հարության տոնը նշվում է գարնանային գիշերահավասարից հետո լուսնի լրմանը հաջորդող կիրակի օրը, այսինքն` կարող է նշվել մարտի 22-ից ապրիլի 25-ն ընկած 35-օրյա ժամանակահատվածում: Սուրբ Հարության տոնը կոչվում է նաեւ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը թե՛ Հին եւ թե՛ Նոր կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Զատկի տոնին մարդիկ ձու են ներկում: Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մեր փրկության համար: Ս. Գրիգոր Տաթեւացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է. «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի, եւ ինչպես իմաստուններն են ասում, «դրսի կեղեւը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Ուստի, սիրելի բարեպաշտ քրիստոնյաներ, եկեք աղոթենք ոչ միայն մեր անձերի, այլեւ` մեր ընտանիքի անդամների, հարազատների, ընկերների, մեր ժողովրդի, նրա հոգեւոր ու աշխարհիկ պաշտոնյաների, իշխանությունների, ամբողջ աշխարհի համար, ինչպես պատվիրում է Սուրբ Գիրքը: Խնդրենք, որ Աստվածների մեր մեղքերը եւ, ինչպես շարականներից մեկում է ասվում, «... Արդարությամբ չդատի, այլ իր գթությամբ քավի»` բոլորի սրտում իր հավատքի, սիրո ու արդարության լույսը ծագեցնելով: Եվ մեր այսպիսի ապաշխարությունը տեսնելով` «Աստված կգթա, Իր սաստիկ բարկությունը մեզանից կհեռացնի եւ կործանումից կփրկվենք» (Հովն. 3:9):

ԱՐԱՄ

ՈՒՐԱՐԱԿԻՐ

ԳՅՈՒՐՋՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում