terterՀարցեր Ապարան քաղաքի հոգեւոր հովիվ Տեր ՕՇԻՆ քահանա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ

«Զգույշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են»

(Մատթ. 7:15)

- Օրհնեցեք Տեր Հայր:

- Աստված օրհնի:

- Տեր Հայր, այսօր, ցավ ի սիրտ, օրեցօր շատանում է աղանդավորների թիվը: Եվ կա աղանդավորների մի գերակշռող մաս, որոնց ամենուրեք կարելի է հանդիպել` փողոցում, տրանսպորտում, ինչու ոչ, նաեւ անկոչ հյուրի պես կարող են ամիսը մի քանի անգամ թակել տանդ դուռը: Ինչպե՞ս տարբերենք` նրանք աղանդավո՞ր են, թե՞ Հայ առաքելական սուրբ եկեղեցու հավատավոր զավակ:

- Այո, տեղին նշեցիք, ցավոք շատանում են աղանդավորները: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ընկճվենք եւ ընկնենք մտորումների գիրկը, այլ ընդհակառակը` հենց մեր ճիշտ ապրելակերպով պետք է կարողանանք լինել «բարի վիրուս» եւ դիմացինի հոգում սերմանենք սեր դեպի ազգիս` Հայ առաքելական սուրբ եկեղեցին:

Եվ երբ այդ «կեղծ քարոզիչները»` աղանդավորները, մոտենում են Ձեզ, անմիջապես հարց հղեք իրենց, թե վերջին անգամ ե՞րբ են գնացել Մայր Եկեղեցի` Հայ առաքելական եկեղեցի եւ արդյոք քահանայից ստացել են օրհնություն: Այ, այս հարցադրումով արդեն իրենք կհասկանան, որ դուք մեր եկեղեցու զավակն եք եւ ունեք զգուշավորություն:

- Իսկ նվիրում են իրենց գունազարդ եւ գրավիչ գրքերից ու բրոշյուրներից, ի՞նչ անել, հրաժարվե՞լ այդ «նվերից», թե՞ վերցնել եւ ընթերցել:

- Խնդրում եւ պահանջում եմ, որ եթե Ձեր կյանքում գոնե մեկ անգամ չեք կարդացել Աստվածաշունչը, ապա, ըստ իս, ճիշտն այն է, որ հրաժարվեք այդ գայթակղիչ ու գեղեցիկ նվերից: Այս դեպքում` տեղին կլինի, եթե չվերցնեք ու չընթերցեք:

- Տեր Օշին, իսկ եթե ես քիչ թե շատ գիտեմ Սուրբ գիրքը, եւ ինձ հետաքրքիր է, թե այնտեղ ինչ է գրված, արդյո՞ք սխալ է վերցնել այդ «նվերը» եւ ընթերցել:

- Իհարկե, այս դեպքում սխալ չէ, բայց խորհուրդս այն է, որ երբ կվերցնեք եւ կընթերցեք, դրանից հետո իրենց «կեղծ գրքերը» չնվիրեք մեկ այլ ուրիշի: Պարզապես, ընթերցելուց հետո դեն նետեք:

- Տեր Հայր, իրենց գրքերում էլ կա գրված Աստծո մասին: Վերջերս նկատել եմ, որ գրեթե քիչ է տարբերվում իրական Սուրբ գրքից, մենք ինչպե՞ս տարբերենք իրենց կեղծ գիրքն իրականից:

- Տեղին հարց է, բացում եք իրենց Չաստվածաշունչը ու առաջին էջում փնտրում եք Հայ առաքելական սուրբ եկեղեցու որեւէ կաթողիկոսի օրհնության խոսքը: Կամ փնտրում եք, թե որ թեմի եպիսկոպոսի օրհնությամբ է լույս տեսել: Եթե սա էլ չգտնեք, ապա այն կեղծ է, եւ Սուրբ գիրք չէ, որքան էլ որ մեծ-մեծ տառերով գրված լինի` Աստվածաշունչ: Նույնն էլ վերաբերում է իրենց գրքույկներին:

- Իսկ ինչպե՞ս պայքարենք ընդդեմ աղանդավորների, եւ արդյո՞ք հնարավոր է դարձի բերել նրանց դեպի Հայ առաքելական սուրբ եկեղեցին:

- Սա ամենացավոտ եւ բարդ հարցն է: Պետք չէ պայքարել ընդդեմ աղանդավորների, այլ պետք է օգնել, որպեսզի դարձիsekta գան դեպ Մայր եկեղեցի: Չէ՞ որ իրենք էլ են հայ, չէ՞ որ իրենք էլ են մարդ արարած եւ սիրված Աստծո կողմից: Եվ յուրաքանչյուրս ոչ թե մեկը մյուսին պետք է դատափետի, այլ ձեռք մեկնի` օգնի: Այսօր ամենահեշտն է դիմացինին մեղադրելը, իսկ դժվարը` օգնելը: Ուստի, եկեք ոչ թե մեկմեկու մեղադրենք, այլ գթասիրտ ու կարեկից լինենք: Աղոթեք աղանդավորների համար, խնդրեք Աստծուց, որ աղանդավորներին տա իմաստության շնորհ, որպեսզի դարձի գան դեպ Հայ առաքելական սուրբ եկեղեցին:

Թող որ յուրաքանչյուրս յուրովի մոտենանք այս հարցին, այսինքն` ամեն մարդ իր ներաշխարհով ու մասնագիտականով պայքարի այդ չարաբաստիկ հակաեկեղեցական երեւույթի դեմ: Պայքարի ոչ թե մեղադրելու, այլ օգնելու ու սիրելու մղումով. «Սիրեցէք զմիմեանս, չէ որ սերն է մեծագույնը» ( Ա. Կորնթ.13:13):

Հարցազրույցը վարեց

ԱՐԱՄ ուրարակիր ԳՅՈՒՐՋՅԱՆԸ