livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

Մայիս ամսին, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ ՏԵՐ ԵՍԱՅԻ ՔԱՀԱՆԱ ԱՐԹԵՆՅԱՆԸ, ոչ մի սրբի տոն չի նշվում, եւ այս շրջանը կոչվում է «Հինաց» շրջան, այսինքն՝ հիսուն օր, մինչեւ հոգեգալստյան օրը: Սա բացատրվում է նրանով, որ Մեծ զատիկից հետո, մինչեւ հոգեգալստյան օրը, մենք նշում ենք հարության տոնը, եւ այս առումով մեր եկեղեցու հայրերը  այնպես են դասակարգել տոնացույցը, որպեսզի այս ընթացքում սրբերի տոներ չլինեն, եւ բոլորը կենտրոնանան սրբոց տոնի վրա: Նույնիսկ մայիսի 26-ը Վարդանանց տոնը, նշվում է մարտ ամսին, Մեծ պահքից առաջ: Այս շրջանում՝ սրբոց տոների բացակայությունը բացատրվում է նրանով, որ ըստ ավետարանական ճշմարտության՝ հարությունից հետո 40 օր Քրիստոսը շրջեց երկրի վրա եւ հանդիպեց մարդկանց հետ ու փորձեց հաստատել իրենց հավատքի մեջ: Եվ այս առումով Քրիստոսի քառասունօրյա հարության հետ կապված յուրաքանչյուր օրը նվիրված է դրան:

 

- Ճի՞շտ է արդյոք այն, որ Մեծ զատիկից հիսուն օր հետո նշվում է Վարդավառի տոնը:

- Ոչ, դա որեւէ կապ չունի: Զատիկից քառասուն օր հետո տեղի է ունենում Քրիստոսի համբարձման տոնը, իսկ դրանից տասն օր հետո, ըստ Ավետարանի, նշում ենք հոգեգալստյան տոնը: Սակայն ուզում եմ նշել, որ մայիս ամիսը մեկ այլ խորհուրդ ունի, որ ինչպես Մեծ պահքի բոլոր կիրակիները, այնպես էլ այս քառասուն օրերի կիրակիները ունեն անուններ, որոնք կոչվում են գունագեղ կիրակիներ: Հարությանը հաջորդող առաջին կիրակին կոչվում է Կրկնազատիկ կամ Նոր կիրակի: Սա, ըստ Ավետարանի, այն է, երբ Քրիստոս հարության օրը հայտնվում է իր աշակերտներին, իսկ այդ օրը Թովմաս առաքյալը այնտեղ չի լինում: Երբ նրան հայտնում են այդ լուրը, նա ասում է մինչեւ չտեսնեմ ձեռքերի վերքերը, չեմ հավատա: Այդ պատճառով առաջին հայտնությունից կամ Զատիկից հետո, հաջորդ կիրակի Քրիստոս կրկին հայտնվում է վերնատանը երկրորդ անգամ, Թովմասին ասելով. «Արի ձեռքերդ դիր իմ վերքերին, տես ու եղիր հավատացյալ, այլ ոչ թե անհավատ»: Սա Թովմասի թերահավատության խորհուրդն է ցույց տալիս: Իսկ Երկրորդ կիրակին կամ Կրկնազատկին Քրիստոս հայտնվեց թերահավատ կամ անհավատ մարդկանց՝ նրանց թերահավատությունը բուժելու եւ շտկելու համար, որով նա ապացուցում էր, որ նա իրոք հարություն է առել: Նա հաց էր ուտում իր աշակերտների հետ, ցույց էր տալիս վերքերը, որով հաստատում էր, որ նա մարմնով է հարություն առել, այլ ոչ թե դա մարդկանց աչքին թվացյալ էր:

- Երբ Դուք նշում եք տարբեր մարդկանց հետ հանդիպելը, նկատի ունեք միայն նրա աշակերտների՞ն:

- Ոչ, բոլոր այն հավատացյալներին, ովքեր այդ ընթացքում մկրտվել էին: Քրիստոս հայտնվում էր միայն հավատացյալներին: Այստեղ կա ազատության խորհուրդը, նա չհայտնվեց Պիղատոսին, որը կարգադրել էր Հիսուսին խաչել: Նա չհայտնվեց նրան, որ ասի՝ տես, ես հարություն եմ առել, դու ինձ խաչեցիր, բայց ես հարություն եմ առել: Իսկ եթե նա հայտնվեր Պիղատոսին, դա արդեն փառասիրություն կլիներ, իսկ Աստված չի ընդունում փառասիրությունը: Մայիսի երրորդ կիրակին կոչվում է Կանաչ կիրակի կամ Աշխարհամատուռ, որը Վերնատունն է: Սա այն Վերնատունն է, որտեղ տեղի ունեցավ Հիսուսի վերջին ընթրիքը, որտեղ Պետրոս առաքյալը մկրտեց Մարիամ Աստվածածնին, կամ որտեղ Քրիստոս հայտնվեց հարությունից հետո իր աշակերտներին: Այսինքն՝ Վերնատունը առաջին եկեղեցին էր, որտեղ հայտնվեց Աստված, որտեղ կատարվեց պաշտամունք, ծես ու քարոզվեց Ավետարանը: Այդ Վերնատունը դարձավ ամբողջ աշխարհի կենտրոնական ու գլխավոր մատուռը, որի օրինակով սկսեցին կառուցել քրիստոնեական եկեղեցիները աշխարհի երեսին: Կիրակին կոչվում է Կանաչ, քանի որ մենք նշում ենք Կանաչ եկեղեցու տոնը: Չէ՞ որ Քրիստոս հարությամբ հայտնվեց իր աշակերտներին իր եկեղեցին հաստատելու համար, եւ Հիսուս իր հարությամբ հաստատեց այն: Այսինքն՝ այդ օրը Քրիստոսի եկեղեցու տոնն է, իսկ նրա եկեղեցին Կանաչ է, քանի որ դա հավիտենականության եւ պտղաբերության խորհուրդն է, ինչպես որ ծառն է կանաչում ու պտուղ տալիս: Մայիսի հաջորդ կիրակին կոչվում է Կարմիր, որտեղ մեր եկեղեցում հիշատակում ենք Քրիստոսի զոհաբերության ու թափված արյան խորհուրդը, որ Հիսուս իր կյանքը տվեց մարդու փրկության համար: Մենք Քրիստոսի արյունով գնված ու փրկված ժողովուրդ ենք: Այս խորհուրդը իր մեջ պարունակում է այն, որ շատ-շատերը կարծում են, թե իրենք չարժեին նրան, որ Հիսուս խաչվեց իրենց համար, որ նրանք Աստծու առաջ ոչնչություն են: Իրականում այս կիրակին ցույց է տալիս ու բացահայտում է մարդու արժեքը, որը Քրիստոսի արյունն է, որը ամենաթանկ բանն է՝ երբեւէ վճարված  այս աշխարհում:  «Հինաց» շրջանի մյուս կիրակին նշվում է «Սուրբ խաչի երերման» տոնը: Սա այն պատմական իրողությունն է, երբ Քրիստոսի լուսավոր խաչը երկնքում, արեւի լույսի նման փայլող, հայտնվեց՝ ձգվելով Ձիթենյաց լեռից մինչ Գողգոթա, եւ երկնքում հայտնվեց Քրիստոսի փրկարար խաչը` 325 թվականին: Ժամանակին ազգությամբ հույն եպիսկոպոս Կյուրեղը այս մասին նամակով դիմում է Հռոմի կայսրին՝ պատմելով, որ երկնքում այսպիսի մի հրաշալի իրողություն է տեղի ունեցել, Քրիստոսի խաչն է երեւացել, որը արեգակի լույսից պայծառ էր երեւում: Այս հրաշքը հազարավոր մարդիկ տեսնելով՝ մկրտվեցին: Վերջին կիրակին ոչ մի հատուկ անուն կամ խորհուրդ չունի, այլ այդ օրը մենք ավելի շատ հիշատակում ենք երկնքի արքայության խորհուրդը, որը յուրաքանչյուր մարդու առաքելությունն է: Այսինքն՝ յուրաքանչյուրս պետք է հասկանանք, որ մեր կյանքը միայն այս աշխարհով չի սահմանափակվում, այլ մարդը ունի նաեւ երկնային առաքելություն, եւ մարդը իրականում երկնային քաղաքացի է: Այս տեսանկյունից կարելի է դիտարկել նաեւ հավիտենականության խորհուրդը, որին շատ դժվարությամբ ենք հավատում, սակայն չենք կարող անտեսել մարդկային ձգտումը դեպի անմահություն:

 

«ԿՐՈՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ ԵՆ»

 

- Տեր Եսայի, կարո՞ղ եք նշել, թե ինչպես է մեր եկեղեցին ընդունում այլազգիների կամ այլ կրոնի ներկայացուցիչների հետ ամուսնությունները:

- Մինչ մեր եկեղեցին, տեսնենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը: Նախ՝ Պողոս առաքյալը չի խրախուսում տարբեր դավանանքների կամ կրոնների պատկանող մարդկանց ամուսնությունը՝ շատ պարզ բացատրությամբ: Նախ՝ պետք է մարդը մեկ լինի, այսինքն՝ եթե դուք ունեք տարբեր հավատալիքներ, տարբեր պատկերացումներ կամ տարբեր աշխարհայացքներ, ինչպե՞ս մարդը կարող է մեկ լինել իր կնոջ կամ ամուսնու հետ: Իսկ կրոնական պատկերացումները մարդկային կյանքում ամենակարեւորն են ցանկացած մարդկային հարաբերություններում: Կլինեն ու կան մարդիկ, ովքեր կարծում են ու նաեւ ասում, որ կրոնական պատկերացումները կապ չունեն, եւ դա չի խանգարում մեզ ընտանիք կազմելու համար, եւ մենք կսկսենք այլ կերպ մտածել: Գիտեք, տեսականորեն միգուցե չի խանգարի, բայց գործնական կյանքում դա խանգարում է` վստահաբար: Սա ես ասում եմ մեր եկեղեցում տեղի ունեցող այն իրողություններից, երբ մարդիկ գալիս են մեզ մոտ այս տեսակ խնդիրներով: Սկզբում մտածում էին՝ դե, ինչ կա որ, ես կաթոլիկ եմ, դու՝ առաքելական, կհարմարվենք ու կապրենք, սակայն համատեղ կյանքի ընթացքում մեկ չեն դառնում: Ճիշտ է, մենք պսակում ենք, ասելով՝ դուք մեկ մարմին եք, եկեղեցին ձեզ միացրեց, բայց այդ միությունը պետք է պահեն այդ զույգերը: Իսկ հետագայում չհասկացված լինելու պատճառով առաջ են գալիս ունեցվածք, երեխա կամ մեկ այլ բան կիսելու խնդիրներ, որի հետեւանքով գլուխ է բարձրացնում ազգային մենթալիտետը:

- Իսկ մի՞թե այդ նույն գժտությունները չեն առաջանում նույն դավանանքին պատկանող զույգերի մեջ: Չե՞ք կարծում,  որ ընտանիքի հիմքում պետք է լինի սերն ու հարգանքը:

- Ոչ ոք այս կյանքում չի ամուսնանում սիրելով, բոլորը ամուսնանում են սիրահարվածության ֆոնի ներքո: Այս դեպքում հարգանքը եւս քիչ է ամուսնության որոշում կայացնելու հարցում: Այսօր ֆիլմերը երբ դիտում ես, զարմանք ես ապրում, այնտեղ ցույց են տալիս, որ զույգերը հանդիպեցին, նայեցին իրար աչքերի մեջ, սիրահարվեցին ու ամուսնացան: Իրականում ամեն ինչ այդքան հեշտ չի, եւ երբ կինն ու տղամարդը հանդիպում են իրար եւ միանգամից ասում՝ սիրում եմ քեզ, դա սուտ է, որովհետեւ սերը հոգեվիճակ է, իսկ սիրահարվածությունը զգացմունք է, որը կարող է մարել ու փոփոխական լինել: Սիրահարվածության մեջ դրսեւորվում է եսասիրությունը, մարդկային էգոիզմը, իսկ սիրո մեջ նման բաներ չկան:

- Ստացվում է, որ գրեթե անհնա՞ր է լինել երջանիկ այլազգի ներկայացուցչի հետ:

- Ես չեմ բացառում, որ կարող են լինել երջանիկ, բայց, ցավոք, դա ավելի շուտ տեսական է, բայց կարող են լինել եզակի դեպքեր, սակայն մի պայմանով, երբ երկու կողմերը գալիս են մեկ ընդհանուր հայտարարի՝ դառնալով կամ մուսուլման, կամ քրիստոնյա:

 

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՑԱՎ Է, ԵՐԲ ՀԱՅԸ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է ՕՏԱՐԻ ՀԵՏ»

 

- Իսկ եթե երկուսն էլ քրիստոնյա՞ են:

- Այս դեպքում էլ կան դոգմատիկ կամ դավանաբանական տարբերություններ՝ ազգային պատկանելության, աշխարհընկալման, տարբեր սովորույթների խնդիր եւ այլն: Եվ հիմա բավականին մեծ տենդենց է նկատվում՝ շահեկան կամ այլ երկրի քաղաքացիություն ունենալու համար ամուսնությունները: Այս դեպքում մարդիկ երջանիկ են լինում, քանի որ հասնում են իրենց նպատակին: Իսկ իրականում Պողոս առաքյալը ասում է, որ մարդիկ պետք է համախոհ լինեն, պետք է նույն հայացքները ունենան, պատկանելության նույն սկզբունքը պետք է ունենան: Բայց, այնուամենայնիվ, եթե մեր եկեղեցին կատարում է նման զույգերի պսակադրությունը, ապա անպայման դավանափոխ կամ կրոնափոխ ենք անում, սակայն միեւնույն է՝ հոգու խորքում նրանք այդչափ չեն ընդունում ամեն ինչ, ինչպես որ հարկավոր է: Կյանքը ցույց է տալիս, որ դա արվում է ուղղակի այդ տղային կամ աղջկան հասնելու համար:

- Իսկ եթե այդքան խորքային է հարցը, ապա ինչո՞ւ է մեր եկեղեցին թույլ տալիս նման պսակները:

- Մարդը ազատ է իր ընտրության ու ամուսնության մեջ, ոչ ոք նրան իրավունք չունի արգելելու՝ ասելով, թե ում հետ ամուսնանա: Իսկ մենք ընդամենը հորդորում ենք ու խորհուրդ տալիս, որ հաշվի առնեն ազգապաշտպանության հարցը, որը բխում է ընտանիքի ամրության շահերից,  իսկ պարտադրել կամ արգելել մենք իրավունք չունենք: Ինձ համար ցավ է, երբ ես տեսնում եմ, որ հայը ամուսնանում է օտարի հետ: Բայց իրենք դիմում են մեզ՝ արդեն ամեն բան որոշած, իսկ մենք չենք ցանկանում նրանց զրկել այդ օրհնությունից:

- Տեր Եսայի, մեր ժողովրդի մեջ կա ամրացած մի սովորույթ, որ մայիս ամսին, զույգերը չեն ամուսնանում, խուսափելով ու ասելով՝ մայիս-վայիս: Ի՞նչ խորհուրդ կտաք այս առումով:

- Մեզ համար հստակ մի իրողություն կա, որ ռուս ազգը սարսափելի սնոտիապաշտ է, եւ հետեւաբար մայիս ամսին պսակ չանելը գալիս է նրանցից` խորհրդային ժամանակներից: Ի դեպ, շատ ու շատ սնոտիապաշտ իրողություններ եկել են ռուսներից: Իսկ քանի որ խորհրդային տարիներին մեր հայկական եկեղեցիները լիարժեք չէին գործում, արդյունքում ստացվեց, որ այդ սովորությունները արմատավորվեցի մեր ժողովրդի մեջ, եւ չկար հոգեւորական, որպեսզի հետ պահեր ժողովրդին նման բաներից: Սակայն ուզում եմ ասել, որ մայիս ամիսը հենց այն ամիսն է տարվա մեջ, որ պսակի համար ոչ մի արգելված օր չկա` հոգեւոր առումով: Իսկ Մեծ պահքին, երբ ասում ենք, որ չի կարելի պսակ անել, սակայն անում են, իսկ եկեղեցին ստիպված ընդունում է ու կատարում: Այս օրենքը մտավ երջանկահիշատակ Վազգեն վեհափառի օրոք, որը օրենք մտցրեց՝ ասելով, որ կարելի է պսակ անել մեծ պահքին՝ բացառությամբ Ավագ շաբաթի:

- Իսկ մեր Առաքելական եկեղեցին նույն մարդուն քանի՞ անգամ կարող է պսակել:

- Սովորաբար պսակում է մեկ անգամ, իսկ երկրորդ անգամ կարելի է պսակվել միայն այն դեպքում, եթե կա արդարացուցիչ պատճառ: Իսկ որո՞նք են դրանք, նախ՝ առաջինը. եթե զույգերից մեկին դավաճանել են: Սակայն նա պետք է ամուսնանա այն  մարդու հետ, որը չի դավաճանել, այլապես եկեղեցին չի պսակի նրանց: Հաջորդ հանգամանքն այն է, երբ կինը կամ ամուսինը մահանում են, այս դեպքում եւս կարող են ամուսնանալ երկրորդ անգամ: Կա նաեւ մեկ պատճառ, երբ զույգերից որեւէ մեկը անհետ կորում է, կոնկրետ կինը՝ հինգ տարով, իսկ տղամարդը՝ յոթ տարով:

- Իսկ եթե կինը կամ ամուսինը ալկոհոլիկ է կամ  թմրամո՞լ:

- Ոչ, այս դեպքում եկեղեցին չի պսակում, քանի որ դրանք հիվանդություններ են, եւ եթե պսակի խորհրդին ուշադիր լինեք, կտեսնեք, որ ասվում է՝ կան կյանքում տարբեր տիպի փորձություններ, հիվանդություններ, դժվարություններ, եւ պարտավոր եք մինչեւ վերջ տեր լինել, որի համար երդում են տալիս:

- Իսկ մի՞թե ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործելը գիտակցված քայլ չէ:

- Դա կարեւոր չէ, կարեւորն այն է, որ դրանք հիվանդություններ են, որոնք կարելի է շտկել ու մարդուն դնել ճիշտ ճանապարհի վրա: Եթե մարդը գնում է այդ քայլին, եւ այս աշխարհի երեսին նա ունի կին կամ ամուսին, որը սիրում է նրան, մի՞թե կարելի է վերջինիս զրկել այդ վերջին հույսից:

- Իսկ եթե այդ Ձեր ասած հիվանդ մարդը  սիրում է իր կողակցին, մի՞թե չի կարող հանուն նրա չգնալ այդ քայլին:

- Այո, իհարկե, սիրում է, պարզապես նա հիվանդ է:

 

Զրույցը` ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում