livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

kron1Կարծում ենք, յուրաքանչյուր կին իր կյանքում գոնե մեկ անգամ հետաքրքրված կլինի, թե ի՞նչ է իրենից ներկայացնում մենաստանը, կամ կա՞ արդյոք Հայաստանում այդ հաստատությունը, եւ եթե այո, ապա ինչպիսի՞ն է այն, որտե՞ղ է գտնվում, եւ այլն: Այս կապակցությամբ, մեր հետաքրքրվածությունը մեզ տարավ Սբ. Էջմիածին վանքի հարեւանությամբ գտնվող Սբ. Գայանե վանք, որտեղ մենք հանդիպեցինք երկու միանձնուհիների` քույր Եղիսաբեթին եւ քույր Տաթեւին, ովքեր փակելով աշխարհիկ կյանքի դռները, հավանաբար ուխտ են արել` ցմահ ծառայել Բարձրյալին:

Նրանց հետ զրույցի ժամանակ պարզեցինք, որ այսօրվա դրությամբ, Հայաստանյան Առաքելական եկեղեցին ունի չորս միանձնուհի, որոնցից երկուսը Հառիճավանքում են, եւ շուտով կլրանա 12-րդ տարին, ինչ գոյություն ունի այն հաստատությունը, որտեղ իրենք ծառայում են Աստծուն: Միանձնուհիները այդ հաստատության հաստատման սկզբում եղել են ավելի շատ, գտնվել են Հաղպատում, իսկ հետո, տարբեր հանգամանքների բերումով, շատերը հրաժարվել են միանձնուհու կյանքից կամ վանքին ծառայելուց: Եվ, ինչպես մեզ փոխանցեց քույր Եղիսաբեթը, Հայաստանյան Առաքելական եկեղեցին դարեր ի վեր չի ունեցել մենաստան: Իսկ այս հրաշալի մտահղացման եւ միանձնուհու կյանքի մասին քույր Տաթեւը մեզ պատմեց հետեւյալը.

- Այս հաստատության ստեղծման փափագը հավանաբար եղել է բոլոր կաթողիկոսների մոտ, եւ որքանով մենք ենք տեղյակ, Վազգեն Առաջինը արդեն ունեցել է այս միտքը եւ որոշ քայլեր կատարել էր, բայց անհայտ պատճառներով` այդ ժամանակ ընթացք չի տրվել: Այնուհետ Գարեգին Առաջինն այդ մասին հայտարարություն արեց, որ ցանկանում է վանք հիմնել, եւ ցանկացողներին հրավիրում էր ցուցակագրվելու: Այն ժամանակ Սբ. Հռիփսիմե վանքի վանահայր Հայր Մովսեսն ընդունում էր ցանկացողներին, զրուցելով նրանց հետ` ցուցակագրում էր: Բայց, ցավոք, Գարեգին Առաջինի հիվանդանալուց հետո թվաց, թե այդ գործընթացը կավարտվի, սակայն Գարեգին Երկրորդ վեհափառը, իր գահակալությունից անմիջապես հետո հայտարարություն տարածեց: Այդ ժամանակ մենք ավելի շատ էինք, մոտ 20 հոգի հավաքվեցինք, վճռական ձեւով, չնայած կային կանայք, ովքեր գալիս էին հետաքրքրությունից դրդված, տեղեկանալու, թե ինչ է այն իրենից ներկայացնում, որից հետո նոր քայլ կատարեին: Այնքան անիրական էր թվում այս վանքի ստեղծումը, որի պատճառն էր հանդիսացել նախ` դարերով նմանատիպ վանք չունենալը, ապա` այն 70 տարիները, որ մեր մեջ խլացրել էր հավատքն առ Աստված: Ճիշտ է, մենք նոր չէ, որ հավատքի մեջ ենք, բայց ոչ ապրումով, այսինքն` մեր հայրերի արյան կանչն էր, եւ Տերը մեզ կանչեց, որ եկանք այստեղ:

- Քույր Տաթեւ, մի՞թե Տերը չի կանչում բոլորին, եւ ինչպե՞ս եղավ, որ հենց դուք լսեցիք եւ եկաք այստեղ: Եվ, եթե կարելի է, կպատմե՞ք ձեր ընտանիքի մասին:

- Մինչ այստեղ գալս ես ունեցել եմ ընտանիք, ապրել եմԵրեւանում, ավարտել եմ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, աշխատել Ազգային գրադարանում: Ընտանիքում երկու քույր ենք եղել, հայրս, մայրս: Պարզապես եկավ մի դժվար ժամանակ, երբ ես սկսեցի փնտրել Աստծուն: 1988թ. հայոց շարժման ընթացքում շատ խորը հիասթափություն ապրեցի: Նշեմ, որ այդ տարիներին մասնակցում էի քաղաքական անցուդարձին, բայց հետո, առաջին համագումարի ժամանակ, երբ տեսա ու զգացի, որ սա զուտ կուսակցությունների միջեւ ու շահախնդրության պայքար է, եւ չկա այլեւս ազատագրական ու հայրենասիրական ոգի, տեսա նաեւ դավաճանություն ու հիասթափվեցի:

- Կոնկրետ Դուք ինչի՞ համար էիք պայքարում:

- Ես մի պահ նկատում էի, որ կա մի ազնիվ դատ, որի կողմնակիցն էի եւ մասնակցում էի դրան, թեկուզ քանակի առումով, քանի որ հավատ կար այդ թվացյալ արդար դատի նկատմամբ: Սկզբում այդ համախմբվածության մեջ տեսա արդարություն, մաքրություն, երբ մարդիկ իրար պարզապես հարգում էին, այդ ժամանակ կարծես մեր ազգը զարթոնք էր ապրում, որը, հավանաբար, սկիզբն է ճշմարիտ հոգեւոր զարթոնքի, որովհետեւ որքանով ես գիտեմ, դժբախտաբար, բոլոր հոգեւոր զարթոնքները ծնվում են մեծ փորձությունից: Այսինքն, մինչեւ մարդը չի ընկնում ծայրահեղ կացության մեջ, նա Աստծուն չի փնտրում եւ գտնում:

- Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այդպես լինում է բոլորի հետ, որ նեղ կացության ժամանակ սկսում են Աստծուն փնտրել:

- Ոչ, եւ չի էլ կարող լինել այդպես, որովհետեւ ասվում է, որ «կանչվածները շատ են, իսկ ընտրյալները սակավ», բացի այդ, դա միայն Տերը գիտի, իսկ Աստծո գործերն անքննելի են: Սակայն, երբ ես հիասթափություն ապրեցի, Աստված ինձ ընդառաջ գնաց, եւ իմ այդ խարխափած ու մոլորված վիճակից ցույց տվեց ճիշտ ճանապարհը` շատ որոշակի ու շոշափելի ձեւով: Պատմեմ, թե ինչպես: Այնպես ստացվեց, որ ինձ հանձնարարություն տվեցին Գթությունում, որպեսզի Աստվածաշունչների հասցեները գրեմ, եւ քանի որ աշխատում էի Ազգային գրադարանում եւ ունեի գրամեքենա, օտար լեզվով ստանձնեցի այդ գործը, որ այն ուղարկեն արտասահման` մեզ Աստվածաշունչներ ուղարկելու նպատակով: Այն ժամանակ ես ունեի մի ծանոթ եղբայր, ով եւս աշխատում էր Գթությունում, նա ինձ խնդրեց, որ գամ Սբ. Զորավոր եկեղեցի` ինձ հետ բերելով այդ ցուցակը: Այդ օրը գնացի հանձնեցի գործը, իսկ այդ ընթացքում պատարագ էր: Ես մինչ այդ էլի մասնակցել էի պատարագների, սակայն մենք ընտանիքով միշտ դրան վերաբերվել ենք` որպես ազգապահպան եւ մշակութային մեծ արժեք, եւ ոչ ավելին: Իսկ այդ օրը ներս մտնելով եկեղեցի` այնտեղ տեսա իմ վաղեմի ծանոթներից մեկին, ում հետ ծանոթ էի դեռեւս շարժման օրերից: Նկատեցի, որ իմ ծանոթի ներկայությունը եկեղեցում սովորական չէր: Դուրս եկա եւ սպասեցի նրան, երբ պատարագը վերջացավ, հանդիպեցինք ու խոսեցինք, իսկ այդ ժամանակ երկուսս էլ արդեն դուրս էինք եկել քաղաքական ասպարեզից: Զրույցի բռնվելով` նրան պատմեցի, թե ինչ ծանր ապրումների արդյունքում հայտնվել էի մի ինչ-որ աղանդի մեջ: Այն ժամանակ Ֆիզիկայի ինստիտուտի թաղամասում կար մի հավաքատեղի, որտեղ անցկացվում էին տրանսցենդենտալ մեդիտացիա, որը ներխուժել էր Հայաստան Միացյալ Նահանգներից, որոնք իբրեւ բուժում էին մարդկանց` սթրեսներից: Ես այնտեղ էի հայտնվել իմ ծանոթներից մեկի ուղղորդմամբ, ով նկատելով իմ վիճակը` խորհուրդ տվեց գնալ այնտեղ եւ դուրս գալ սթրեսային վիճակից: Դա իրենից մեդիտացիա էր ներկայացնում, նստած տեղդ` մտքիդ մեջ պետք է կարդայիր այդ «մանթրան», կամ այլ կերպ ասած` խոսքերը: Առաջին հայացքից թվում էր, թե ոչինչ է, բայց ընթացքում զգացի, որ ինչ-որ մեղավոր բան եմ անում, իսկ մեղքի զգացումը մարդու մեջ լրիվ պարզորոշ չէ, մինչեւ դու չտիրապետես Ավետարանին: Ինչեւէ, եկեղեցում հանդիպած իմ ծանոթին պատմեցի, թե ուր եմ գնում եւ ինչի համար, նա ինձ հավաստիացրեց, որ ես ընկել եմ աղանդավորական շարժման մեջ, ու պարզապես ինձ խորհուրդ տվեց այլեւս չկրկնել այդ «մանթրան», որը մեզ հանձնարարում էին ասել օրվա մեջ 30 րոպե, մի քանի անգամ: Փաստորեն, Աստված, այդ տղայի միջոցով, ինձ դուրս հանեց դրա միջից եւ, ինչպես ասվում է Աստվածաշնչում, դու հաստատուն ես միայն եկեղեցով, դա է մեր հայրերի զուլալ հավատը, որի վրա կարող ես հիմնվել: Դրանից հետո անցավ երկար ժամանակ, ես կրկին տարակուսանքների եւ որոնումների մեջ էի, իսկ հավատքի այդպես հեշտ չեն գնում: Բայց, քանի որ Տերը ողորմած է, եւ նա տեսնում է, որ դու ճշմարտապես իրեն եւ սրբության ուղին ես փնտրում, չունես այլ նպատակներ, բայց բարին ես փնտրում, իսկ բարին հենց Աստված է, նա քեզ բերում է դրան:

 

«ՉԱՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼՆ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ Է»

 

- Մի՞թե մենք բոլորս, անկախ սեռից, տարիքից, կրթությունից, բարին չենք փնտրում:

- Այո փնտրում ենք, բայց կա մի բան, որը մեր հասկացությունից վեր է, այսինքն` մենք չգիտենք Տիրոջ իրական ճանապարհները: Հնարավոր է, որ բարին փնտրում են բոլորը, բայց իրենց պատկերացմամբ ու հասկացողությամբ, որը կարող է այդքան էլ բարի չլինել, որի արդյունքում, ի վերջո, չեն հանգում դրան: Աստված մեզ ազատ կամք է տվել, իսկ մենք կատարում ենք մեր ընտրությունը, որում մեզ օգնում է ՏԵՐԸ:

- Ձեր կարծիքով` կա՞ն մարդիկ, ովքեր հատուկ չարն են փնտրում:

- Գիտեք, շատ մարդիկ իրենց նպատակին հասնելու համար ոչ մի բանի առջեւ կանգ չեն առնում, իսկ չարի միջոցով հասնել նպատակին շատ ավելի հեշտ է:

- Առավել հասուն տարիքում ի՞նչ նպատակներ ունեիք:

- Մինչ գիտակից կամ իրական հավատ ունենալը, երբ մարդը նպատակներ է դնում եւ չի հասնում դրան, կարող է իրեն դժբախտ զգալ, եւ կար մի շրջան իմ կյանքում, որ ես ինքս այդ վիճակում էի: Իսկ այն պահից, երբ դու հանգում ես Աստծո գիտակցությանը, ամեն բան իր տեղն է ընկնում:

kron- Որքա՞ն ժամանակ է, ինչ Դուք ընտրել եք այս ուղին:

- Արդեն 20 տարի է, ինչ այս ուղու վրա եմ` իմ մկրտությունից հետո, եւ իմ կնքահայրը եղավ այն տղան, ով ինձ հանեց այդ աղանդավորական ուղուց` Նարեկացու աղոթքներով: Նա ինձ օգնեց, մկրտվեմ, խոստովանվեմ ու ապրեմ Աստծով:

- Երբ այն ժամանակ ընտրեցիք այս ուղին, հստակ պատկերացնո՞ւմ էիք, թե ուր եք գնում, եւ ինչ կյանք է ձեզ սպասվում:

- Մինչ այստեղ գալը ես դեռ ճանապարհ ունեի անցնելու, եւ դա տեւեց 10 տարի: Մկրտվելուց հետո տասը տարի ես համայնքային կյանքով եմ ապրել, իսկ այն ժամանակ դեռ մեր վանքը չկար, չնայած նույնիսկ այդ ժամանակ իմ մտքով չէր անցնում վանք մտնել, այլ` հակառակը, ինձ բավական հեռու էի համարում վանքից: Բայց բավական ջերմեռանդ աղոթում էի վանքի բացման համար, որը հավանաբար իմ արյան կանչն էր:

 

«ՎԱՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՍԵՌԻ ՉԵԶՈՔԱՑՈՒՄ»

 

- Քույր Տաթեւ, կներկայացնե՞ք Ձեր օրակարգը, ինչպե՞ս է անցնում Ձեր օրը:

- Առավոտյան արթնանում ենք 6:30-ին, 7:00-ին սկսվում է մեր ժամերգությունը, այսինքն` սաղմոսերգությունը, որը տեւում է 40 րոպե, որից հետո կարդում ենք առավոտյան աղոթքները, դրանից հետո նախաճաշում ենք, եւ սկսվում են եկեղեցու ժամերգությունները, իսկ դրանից հետո սկսում ենք մեր աշխատանքները: Նախ` մաքրում ենք եկեղեցու տարածքը, այնուհետեւ` կար ու ձեւ ենք անում, եւ այլն:

- Ի՞նչ խորհուրդ կտաք այն աղջիկներին, կանանց, ովքեր, հնարավոր է, որ փնտրում են հենց այս ուղին, սակայն տարակուսում են կամ պատկերացում չունեն:

- Փնտրում են, բայց ի՞նչ են փնտրում, սա է պետք հասկանալ: Կարող է փնտրեն վանք, բայց պատկերացումը դրա մասին այլ լինի: Դրա համար գոյություն ունի փորձնական շրջան, միանգամից հնարավոր չէ մտնել վանք, որովհետեւ շատերի մոտ պատկերացումները հիմնականում լինում են ֆիլմերից, գրքերից: Իսկ մի բան է` պատկերացումներով գալը, գիտելիք ունենալը, եւ մեկ այլ բան է` զգացումով վանք մտնելը եւ ապրելը: Հոգեւոր կյանքի համար պետք է մաքառել, իսկ մարդը երբեք չի իմանա, թե ծայրահեղ վիճակներում ինչպիսի՞ դրսեւորում կցուցաբերի: Ամենասկզբում, երբ մեզ տարան Հաղպատ, մենք այնտեղ մնացինք չորս ամիս` առանձնության մեջ, որտեղ վանական կյանքը ավելի խտացված էր, չէինք շփվում ո՛չ հարազատների, ո՛չ բարեկամների, ո՛չ ծնողների հետ շուրջ 40 օր, անգամ` տեղի գյուղացիների: Այդ փորձաշրջանը ոչ բոլորը անցան, եւ մեզանից շատերը ետ վերադարձան իրենց տուն, նախկին կյանքին` տարբեր պատճառներով:

- Քանի որ մեր ամսագիրը նվիրված է կանանց, իսկ Դուք ապրելով  այս կյանքով, կարո՞ղ եք ասել, թե Ձեր պատկերացմամբ` ո՞րն է կնոջ առաքելությունը:

- Ես մի բանի եմ հանգել իմ այս կյանքով ապրելու ընթացքում: Կցանկանայի, որ չլինի շեշտադրում կնոջ եւ տղամարդու միջեւ, եւ լավ կլինի, որ մեկը մյուսին մոտենան ուղղակի հարգանքով, այլ ոչ` սեռային առումով: Իսկ վանական կյանքը ենթադրում է սեռի չեզոքացում, եւ ինչպես ասվում է` մենք պետք է վեր լինենք ու նմանվենք հրեշտակների: Եվ եթե մարդը հրաժարվում է ամեն բանից, այդ թվում` նաեւ ընտանիք կազմելուց, նա ձգտում է վերսեռային նպատակին: Իմ կարծիքով, եթե  աշխարհիկ մարդիկ իրենց  փոխհարաբերություններում իրար դիտեն որպես մարդ, այլ ոչ` թույլ կամ ուժեղ սեռ, ու ընկալեն իրար հարգանքով, ամեն բան ավելի լավ կլինի:

- Քանի որ Ձեր կապը արտաքին աշխարհի հետ շատ քիչ է, ի՞նչ կհորդորեք մեր ազգին:

- Ես կցանկանայի, որ իրականանար իմ այն երազանքը, որ նախ` իմ ազգն ավելի լուրջ գնար աստվածճանաչության, բռներ ճշմարիտ ուղին: Մենք ունեցել ենք ճշմարիտ հավատք, ճշմարիտ աստվածապաշտություն, որը պետք է վերականգնել, որը պետք է չլինի մի փոքր խմբով, այլ պետք է հոգեւոր զարթոնք լինի:

- Քույր Տաթեւ, Դուք Ձեզ երջանիկ համարո՞ւմ եք:

- Այո, անշուշտ, եւ հենց այդ երջանկության զգացումն է հաստատում այն, որ ես ընթանում եմ Աստծով: Ամեն պահի, երբ մենք տարակուսանք ենք ունենում, Աստված հաստատում է մեզ: Մենք այլեւս այլ կյանք չենք պատկերացնում, անգամ, եթե մտածել ենք, զգացել ենք, որ այլընտրանք չկա, քանի որ, եթե Տերն է տանում, ապա նա էլ տալիս է այդ վստահությունը: Լինում են պահեր, երբ զգում ես, որ անգամ անզոր ես աղոթելու, եւ այդ ժամանակ խնդրում ես, որ որեւէ մեկը աղոթի քեզ համար, եւ անմիջապես զգում ես, թե ինչպես ես զորանում եւ հրաշքով փոխվում: Վանքում այդ ամենը ավելի խտացված ես զգում, այդ երջանկության ու բերկրանքի պահը, այստեղ պատերազմը մի քիչ ավելի խիստ է, բայց մի ասույթ կա, որտեղ նշվում է, որ «եթե մարդիկ իմանային, թե ինչ մեծ բերկրանք կարող է պատճառել վանական կյանքը, բոլորը կգային վանք, եւ եթե բոլորը իմանային, թե ինչ սաստիկ փորձություններ ու պայքար կա վանական կյանքում, ապա ոչ ոք չէր գա»: Ես ինձ ուժեղ մարդ չեմ համարում, ես զորանում եմ Աստծով:

Զրուցեց ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում