livemarks sitemap
Կիրակի, Սեպտեմբերի 22, 2019

kronԻնչպես գիտենք, ապրիլ ամսին, Հայաստանյան Առաքելական եկեղեցիները լեցուն են հարսանեկան արարողություններով, եւ դեռեւս շատերի մոտ շարունակվում է  մայիս ամսին չամուսնանալու մտավախությունը, որը, բնականաբար, սխալ է` ըստ մեր եկեղեցու: www.zaruhi.com կայքի այցելուները մի շարք հարցեր են ուղղել քահանային. նրանց մասնավորապես հետաքրքրում է այն, թե արդյոք իսկապե՞ս սխալ է, երբ եկեղեցու առջեւ հարսը հարսի առաջ է դուրս գալիս: Ընթերցողների կողմից ուղարկված այս եւ այլ հարցերին պատասխանում է Ս. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցում հոգեւոր սպասավոր ՏԵՐ ՇՄԱՎՈՆ քահանա ՂԵՎՈՆԴՅԱՆԸ:

- Այդ ամենը պայմանավորված է միայն ու միայն մարդկանց սնոտիապաշտ լինելով, որովհետեւ շատերին թվում է, որ եթե հարսը հարսի դիմաց դուրս եկավ եկեղեցու առջեւ, ուրեմն պարտադիր երջանիկ չեն լինի, որի համար մեկը մյուսին պետք է թաշկինակ փոխանցի, որպեսզի չդժբախտանան:

Ասեմ միանգամից, որ նման բան չկա, եւ եթե վերցնենք, որ այսօր շատերը երջանիկ չեն ինչ-ինչ պատճառներով, ուրեմն հարսը հարսի՞ն է հանդիպել եկեղեցում:

Սրա փոխարեն` լավ կլինի, որ մարդիկ իրենց ամբողջ ուժն ու եռանդը ներդնեն, ուղղեն,  հավատան ու վստահեն Աստծուն, իսկ եթե մենք հավատում ենք Աստծուն, որեւէ բան չի կարող մեզ վնասել: Սաղմոսներում մի հրաշալի խոսք կա, որտեղ ասվում է «Տերն է իմ հովիվը, եւ մնացած ամեն մի բան մեզ համար դատարկ է»: Տասը հարս դուրս գա մեկի դիմաց, ոչինչ էլ չի պատահի:

- Տեր Շմավոն, կան գիտություններ, աշխարհիկ կյանքում, որոնք չեն ընդունվում եկեղեցու կողմից, դրանց թվում են խիրոմանտիան, աստղագիտությունը, եւ այլն:

- Դրանք պսեւդոգիտություններ են, որոնք իրապես չեն կարող ընդունվել եկեղեցու կողմից: Աստրոնոմիան այն գիտությունն է, որով զբաղվում եւ զբաղվել է մեր հայ ժողովուրդը դեռեւս հնուց ի վեր, որը ուսումնասիրում է աստղերը, նրանց դիրքերը, որի համար մենք ունեցել ենք հզոր ակադեմիկոսներ: Իսկ աստրոլոգիան, դա գուշակության հետ կապված մի բան է, որը որեւէ կապ չունի իրական աստղագիտության հետ: Հնարավոր չէ որեւիցե մի աստղի միջոցով գուշակել մարդու ինչ եւ ոնց լինելը, կամ ինչի հասնելը: Այս ամենը պարզապես շատ հմուտ, հոգեբանորեն մատուցված հնարքներ են եւ, ինչո՞ւ չէ, նաեւ ծրագրեր, որը հասցվում է մարդու ենթագիտակցությանը, որպեսզի նա այդ ծրագրի համաձայն` հասնի այն կետին, որը նախորդիվ մատնանշել էր աստղագուշակը:

«ԲԱՐԻՆ ԲԽԵՑՆՈՂԸ ԱՍՏՎԱԾ Է»

- Արդյոք ճի՞շտ է այն պատմությունը, որ Հիսուս մանուկի ծննդյան օրը հաշվել էին աստղերի միջոցով:

- Ոչ, դա այդպես չէ, պարզապես աստղերը ցույց տվեցին մարդկանց այն ճանապարհը, որտեղ ծնվեց Հիսուս մանուկը, իրենք շարժվեցին աստղերի ցույց տված ճանապարհով եւ գտան այն տեղը, որտեղ ծնվեց մեր փրկիչը: Սա եղել է դեռեւս հնուց, որ մարդիկ աստղերով ճանապարհ էին գտնում: Նույնը կարելի է ասել խիրոմանտիայի մասին, ինչպե՞ս կարելի է մարդու ապագան գուշակել ձեռքի ծալքերով: Եթե մի օր մարդու ձեռքը այրվեց, սա կնշանակի, որ իրենց ճակատագիրն է՞լ կփոխվի: Նման բան լինել չի կարող, եւ հետո, ճակատագիր հասկացողություն չկա, գոյություն չունի, մարդու կյանքը իր ձեռքերում է, եւ ինքն է ապրում այն կյանքը, որը կամենում է, եւ ըստ այդմ էլ նա իր կյանքը դասավորում է:

- Բնության մեջ գոյություն ունեն թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր, որոնք լեցուն են էներգետիկ դաշտով, եւ որոշ փորձագետներ գտնում են, որ եթե մենք մեզ վրա կրենք այդ քարերը, ապա զերծ կմնանք շատ անհաջողություններից, սա ե՞ւս ընդունելի չէ:

- Իհարկե ընդունելի չէ, սա եւս սնահավատության հետ է գալիս, եւ նման բան գոյություն չունի: Քարի մեջ ինքնին բարի էներգիա չի կարող կուտակվել, քանի որ բարին բխեցնողը Աստված է, եւ հազար քար վզիցդ էլ կախես, եթե դու մոտ չլինես Աստծուն, այդ բարիքից դու չես օգտվի: Բացի այդ, մենք չենք կարող ասել` տվյալ հողի էներգետիկան բարի՞ է, թե՞ ոչ, այդտեղ կա մագնիսական դաշտ, եւ վստահ չենք կարող ասել, որ այն մեզ կօգնի: Այս ամենը հմուտ հնարքներ են, որպեսզի գումար աշխատեն, ինչ-որ մի բան վերցնել, ինչ-որ բան դրա դիմաց տալ: Մարդիկ այս ամենը ընդունում են որպես գիտություն, այնինչ դրանք պսեւդոգիտություններ են, իսկ իրական գիտություններն իրենց մեջ բիզնես վիճակներ չեն ներառում:

- Տեր հայր, իսկ եթե դա արվեր անվճա՞ր:

kron2- Այստեղ անվճարի խնդիրը չէ, այստեղ նպատակն է այլ: Բոլոր այն ճշմարիտ գիտությունները, որոնք կան, բացահայտվում են մարդու համար` իր ամբողջ գաղտնիքներով հանդերձ, եւ վերջիվերջո այդ ամենը վերջում բերում է աստվածճանաչության, որովհետեւ ցանկացած գիտություն չի կարող համարվել լիարժեք, եթե այն մերժում է Աստծո գոյությունը: Անգամ Դարվինի տեսությունը, որը իր արժեքով աստվածմերժության էր բերում, այդ թեորիան, հիպոթեզը համարվեց ոչ ճիշտ: Իսկ վերջում այդ ամենը նա հասկացավ եւ իր մահվանից առաջ ասել է, որ դա իքը ուղղակի ենթադրել է, եւ այն ապացուցված չեղավ մինչ օրս: Այն գիտությունները, որոնք չեն տանում աստվածճանաչության, իրական համարվել չեն կարող: Բոլոր այն մարդիկ, ովքեր կարողանում են տեսնել աստղերը, հաշվարկներ անել կամ ձեռք նայել, վերջում գալիս են այն հանգուցալուծման, որ այս ամենի հեղինակը մեկն է, մի հզոր էություն, բանականություն, որը կարողացել է այդ չափ համաչափ եւ սիստեմավորված տարբերակով կարգել ու դասավորել այս երկրի վրա, իսկ ինքնին ոչինչ չի կարող առաջանալ կամ գոյություն ունենալ:

- Ձեր կողմից նշված պսեւդոգիտություններով զբաղվողները չեն հերքում Աստծո գոյությունը, այլ հակառակը, ասում են, որ ամեն բան Աստծուց է գալիս, սա ե՞ւս շփոթեցնելու մի տարբերակ է:

- Այո, ոմանք չեն հերքում, բայց միեւնույն է, նրանց գիտությունը չի տանում աստվածճանաչության, տարբերությունը սա է: Իրենք այդ գիտություններով փորձում են մարդուն ենթարկեցնել այդ գիտությանը, ասենք, օրինակ, պահել աստղերի ենթակայության տակ` ասելով` ձեր կյանքը կախված է աստղերից, թալիսմաններից, թանկարժեք քարերից, եւ համոզելով, որ եթե կրեք` լավ կլինի, եթե չկրեք` վատ կլինի: Իսկ Քրիստոս եկավ ազատելու մեզ մեղքի գերությունից, իսկ այսօր նման պսեւդոգիտությունները փորձում են մարդուն վերստին գերել ինչ-ինչ բաներով, որպեսզի նա հեռանա Աստծուց եւ կրկին գերի դառնա:

- Մենք հաճախ լսում ենք` ապաշխարել խոսքը, սակայն ամենայն խորությամբ չենք պատկերացնում այն, ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Ապաշխարել, ըստ ստուգաբանության, նշանակում է` աշխարհից հեռանալ, այսինքն` հեռանալ այն ամենից, ինչը մեղքով լի է: Մենք այսօր տարբերակում ենք հոգեւոր եւ աշխարհիկ միջավայրեր: Հոգեւորի մեջ ձգտում կա դեպի մաքրություն, սրբություն, իսկ աշխարհիկի մեջ դոմինանտ է մարդկային գովքը, գայթակղիչ վիճակները եւ այլն: Ապաշխարել հոգեւոր իմաստով նշանակում է` նաեւ ապրել զղջման մի ընթացք, որով դու կարողանում ես քո գործած մեղքերից ետ կանգնել եւ դառնալ դեպի Աստված, ընդունել Աստծուն, զղջալ կատարած մեղքերի համար եւ ապաշխարելով` զղջալ ու դառնալ Աստծո հավատարիմը:

- Մեր ընթերցողներին հետաքրքրում է, թե արդյոք պարտադիր պետք է գնալ հոգեւորականի մո՞տ ապաշխարելու, թե՞ կարող ես մի գեղեցիկ օր արթնանալ եւ ասել, որ այլեւս մեղք չեմ գործելու:

- Այդպես էլ է հնարավոր, բայց այստեղ պետք է նախ` գործած մեղքերի համար զղջալ եւ հետո` մտածել մնացածի մասին: Կարող է որոշում կայացնել մարդը, բայց, այնուամենայնիվ, մենք քանի դեռ ապրում ենք այս աշխարհի երեսին, չենք կարող մեղք չգործել, բայց մեղք գործելու գրեթե կեսից ավելին մարդու սեփական կամքից ու ցանկությունից է կախված: Երբ մենք դրսեւորում ենք այդ կամքն ու ցանկությունը մեղք չգործելու եւ զղջում կատարած մեղքի համար` դա արդեն ապաշխարություն է, նշանակում է` ինքը հասկանում է ու ետ դառնում այդ ճանապարհից, որը տանում էր դեպի կործանում: Ինչ վերաբերում է քահանայի մոտ գնալ-ապաշխարելուն, ապա նշեմ, որ քրիստոնեական բոլոր եկեղեցիները ունեն խոստովանության եւ մեղքերի թողության այդ ընթացքը: Ավելին, այդ ամենը խիստ կարեւոր ու պարտադիր է յուրաքանչյուր քրիստոնյայի համար: Ճիշտ է, մեզ մոտ այնպես չէ, ինչպես նկարահանված է ֆիլմերում, որ մարդիկ դեմքները թաքցրած` քահանայի մոտ խոստովանում են մեղքերը, մեզ մոտ այլ կերպ է եւ ավելի լիբերալ ու խիստ է: Մարդը գալիս նստում է քահանայի առջեւ, նայում նրա աչքերին եւ պատմում մեղքերի մասին: Սա պահանջում է մարդուց քաջություն, վճռականություն, քանզի, եթե եկել ես խոստովանության, ապա պետք է ամեն ինչ ասես, չպետք է լինի մի բան, որը թաքցնես, ամաչես ու չասես: Այս դեպքում, ինչպես մեր հայրերն են ասում` «Այն, ինչ թաքցրեցիր խոստովանության ժամանակ եւ որը կարող էր իմանալ միայն քահանան, իսկ դու չասացիր նրան, հետագայում, դատաստանի ժամանակ կիմանա ողջ մարդկությունը, եւ խայտառակությունը ավելի մեծ կլինի»: Եթե բոլոր մեղքերը խոստովանեն քահանայի առաջ, դա կներվի, եւ դատաստանի ժամանակ դրանք որպես մեղադրանք` մեր առջեւ չեն դրվի: Բայց ընդհանուր առմամբ էական չէ, թե ինչպես մարդը կգա ապաշխարելու գիտակցությանը, կարեւորը, որ սրտանց զղջա եւ խոստովանի այն եւ ստանա մեղքերի թողություն:

kron1- Ապաշխարելուց հետո մարդու ուսերին էլ ավելի մեծ պատասխանատվություն է ընկնում: Իսկ եթե, լինելով, այնուամենայնիվ, մեղսագործ` կրկին մեղք գործենք, ապա այս դեպքում ի՞նչ է սպասվում մեզ:

- Ցանկացած պարագայում, մարդու ուսերին մեծ պատասխանատվություն կա, բայց եթե մինչ այդ չգիտեինք դրա մասին, իսկ իմանալուց հետո նորից գործում ենք, բնականաբար, կրկնակի սխալ ենք գործում: Ինքնին մեղքը էլի ներվելու է, եթե զղջաս, պարզապես արդեն քահանայի կողմից դրված ապաշխարանքի շրջանն ավելի դժվար կլինի: Մի բան է այն, եթե մարդը Աստծուն չէր ճանաչել ու մեղք էր գործել, եւ այլ է, երբ դու արդեն ճանաչում ես եւ համարվում ես գիտակից քրիստոնյա: Մինչ մարդուն թողություն տալը քահանան նրան ապաշխարանք է նշանակում, որն անցնելուց հետո նոր ստանում է մեղքերի թողություն: Դիցուք, եթե գողություն է արել, մինչեւ չհատուցի` ինքը չի կարող ներում ստանալ, իսկ եթե այդպես չլինի, մեղք կգործեն, կգան թողության, չեն պատժվի, հետո էլի մեղք կգործեն:

- Կարծում եմ, որ Մեծ պահքը բավական լավ ընթացք է նման սովորույթներին վերջ դնելու համար:

- Այո, պահքի շրջանը օգնում է մարդկանց, որ անդրադառնան սեփական անձին, զանազանեն լավն ու վատը իրենց մեջ, եւ զանազանելով դրանք` որոշումներ է ընդունեն եւ փոխվեն:

- Հետաքրքիր է իմանալ, հոգեւոր դասի ներկայացուցիչների մոտ պարտադի՞ր է պահք պահելը, թե՞ ոչ:

- Պահքը ոչ մեկի համար պարտադիր չէ, այդ թվում` նաեւ մեզ համար, բացի վանքերում ծառայողներից, որոնք շուրջ տարին են գտնվում պահքի մեջ: Նրանք ամբողջապես են հրաժարվում աշխարհից, իսկ ամուսնացած հոգեւորականները համարվում են կիսաաշխարհիկ:

- Տեր Շմավոն, ինչո՞վ կբացատրեք այն, որ Գորիսի տարածաշրջանի ժողովուրդը նույնիսկ մինչ քրիստոնեությունը, եկեղեցի գնալուն ասել է` գնում ենք խաչի, եւ մինչ օրս նրանք այդպես են արտահայտվում, երբ պետք է գնան եկեղեցի:

- Ոչ, ես նման բան չեմ լսել, սակայն չեմ կարծում, որ այդ ամենը լիներ մինչ քրիստոնեությունը, այլ դրանից հետո միայն: Իսկ եթե ասում են` գնում ենք խաչի, ապա ասեմ, որ քրիստոնեության մեջ միշտ դոմինանտ է եղել խաչը, մի միջոց, որը մեզ համար պարծանքի նշան է: Ու, բնականաբար, այդ խաչին մոտենալու, երկրպագելու, կամ հպվելու պահը քրիստոնյայի համար եղել է մեծ ոգեւորություն: Հնարավոր է, որ դա գորիսեցիների համար տեղային սովորույթ է, ուստի կարեւորն այն է, որ մարդիկ հասկանան, թե ինչի համար ուր են գնում: Գուցե շատերն էլ ասում են` գնում ենք եկեղեցի, բայց արտաքուստ պատրաստ չլինեն եկեղեցի գնալուն, որը շատ կարեւոր է, իսկ ներքինի մասին դատելու իրավունք չունենք: Եկեղեցի պետք է հաճախել պատշաճ հագուստով. թե՛ կին, թե՛ տղամարդ: Եթե, ասենք, տղամարդը հարբած վիճակում գա եկեղեցի եւ անհամություններ անի, ասելով` պետք է գնամ մոմ վառեմ, Աստծուն խնդրեմ, սա ընդունելի չէ:

- Մարդկանց մեջ տարակուսանք կա խաչ կրելու, դա պարտադի՞ր, թե՞ ցանկալի պայման է քրիստոնյայի համար:

- Դա քրիստոնյաների նշանն է, պարծանքը, որը օծված է սրբազան մեռոնով մեր աչքերին, ճակատին, քթին, բերանին, սրտին, թիկունքին, ծնկներին եւ այլն: Խաչաձեւ այդ ամենը դրոշմված է մեզ վրա, եւ մկրտության ժամանակ քահանան սուրբ մեռոնով օծում է այդ զգայարանները եւ խաչաձեւ է օծում: Իսկ խաչ կրելն ուղղակի կրկնում կամ երկրորդում է հիմնական խաչին, եւ այն կրում ենք մեր մարմնի վրա, որը մեր փրկության միջոցը դարձավ:

- Ավելի լավ է չկրե՞լ, եթե չես հասկանում դրա զորությունն ու կարեւորությունը:

- Այո, ավելի լավ է չկրես, եթե չես հասկանում, բայց եթե հասկանում ես, ավելի լավ է կրես, որովհետեւ դա նաեւ պարծանքի, հպարտության  նշան է: Եվ այս առումով Պողոս առաքյալն ասում է. «Քավլիցի ինձ պարծենալ մեկ այլ բանով, եթե ոչ տիրոջ խաչով»: Այսինքն` դա մեզ համար պետք է լինի զորություն, որտեղ չարը ընկնում է խաչի զորությունից, իսկ եթե մենք էլ հավատում ենք, այդ զորությունը եռապատկվում է: Խաչը միշտ պաշտպանել է քրիստոնյաներին, այդ իսկ պատճառով, բոլոր պատերազմներում իրենց թիկունքին խաչ են գծագրել: Անգամ Արցախյան պատերազմի ժամանակ, մենք գիտենք շատ փաստեր, երբ մարդիկ ավելի զորեղ ու պաշտպանված են իրենց զգացել` զգեստի կամ մարմնի վրա խաչ ունենալով:

Զրույցը` ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում