livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 09, 2019

kronՁեր ուշադրությանն ենք ներկայացնում Մեծ պահքի ավարտի եւ մի քանի այլ կրոնահոգեբանական դրույթների մասին, Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ ՏԵՐ ԵՍԱՅԻ ՔԱՀԱՆԱ ԱՐԹԵՆՅԱՆԻ հետ զրույցը:



- Ապրիլ ամիսը Մեծ պահքի ընթացքի ու ավարտի ամիս է:

Ավագ շաբաթը խորհրդանշում է Քրիստոսի կյանքի վերջին մեկ շաբաթվա օրերը: Ապրիլի 1-ը Ծաղկազարդն էր, որը Քրիստոսի Երուսաղեմ մտնելու հաղթական մուտքն է, երբ մարդիկ նրան դիմավորեցին օվսաննաներով ու փառաբանություններով: Եվ հենց այդ մարդիկ մեկ շաբաթ հետո պետք է ասեին` «խաչեք Քրիստոսին»:

Եվ այս առումով ավագ շաբաթվա բոլոր օրերը ունեն անվանումներ` Ավագ երկուշաբթի, Ավագ երեքշաբթի, Ավագ չորեքշաբթի եւ այլն: Ավագ երկուշաբթին այն է, երբ Քրիստոս մոտենում է թզենուն, որպեսզի պտուղ քաղի, իսկ թզենու վրա նա չի տեսնում պտուղը ու նզովում է, իսկ թզենին չորանում է: Սա խորհրդանշում է աստվածային այն իրողությունը, որ Աստված մեզանից միշտ պտուղ է պահանջում, այսինքն` քրիստոնյայի կյանքը ոչ թե շքեղ պարերի ու արտաքին դրսեւորումների մեջ է, այլ հոգեւոր կյանքի ու պտուղների մեջ է, ինչը մեզանից ակնկալում է Աստված, այլապես մեր կյանքը նմանվում է այդ չորացած թզենու ծառին: Ավագ երեքշաբթին տասը կույսերի առակն է նշմարում, երբ տասը կույսերը դուրս են գալիս փեսային դիմավորելու եւ հարսանեկան խրախճանքին մասնակցելու: Այդ կույսերից հինգը իմաստուն գտնվեցին ու ավելի ձեթ վերցրեցին իրենց հետ, իսկ մյուս հինգը ավելի անհոգ գտնվեցին ու պահեստային ձեթ չվերցրեցին, ու նրանք այդ պատճառով չկարողացան իրենց կանթեղները վառած պահել ու փեսային դիմավորել: Երբ գալիս է փեսան, նրանք խնդրում են մյուս հինգին, որպեսզի իրենց ձեթից տան, սակայն իմաստուն կույսերը  ասում են, որ եթե մենք դա տանք, ապա մերը չի բավականացնի մեզ, եւ գնացեք` խանութից գնեք: Մինչ նրանք գնում են խանութ, փեսան գալիս է ու ձեթով պահեստավորված կույսերի հետ մտնում է խրախճանքի մեջ, իսկ մնացածները մնում են դուրսը: Այստեղ կանթեղը, ըստ Ավետարանի, մեր կյանքն է ու մեր հավատքը, որը առանց գործերի լուսավոր չէ: Ձեթը մեր հավատքի գործն է, ինչպես որ կանթեղը առանց ձեթի չի կարող վառվել:

Ավագ չորեքշաբթին Քրիստոսի մատնության օրն է, երբ Հուդան 30 արծաթով մատնեց Քրիստոսին: Ավագ հինգշաբթին Հիսուսի վերջին ընթրիքի օրն է, իսկ Ավագ ուրբաթը նրա խաչելության օրն է: Ավագ շաբաթը ճրագալույցն է, իսկ հաջորդ օրը, այսինքն` այս տարվա օրացույցով ապրիլի 8-ը զատիկի օրն է:

ԿՆՈՋ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍՕՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐ Է

 

lusavorich- Մի փոքր լուսաբանեք մեզ համար Ապրիլի 7-ի նշանակության իմաստը, որը կապում են սուրբ կույս Մարիամի հետ:

- Աստվածածինը սրբերից մեծագույնն է, եւ Ապրիլի 7-ը նրա ավետման, այսինքն` հղիանալու տոնն է, որը համարվում է ավելի շատ ոչ թե սրբոց տոն, այլ տերունական կամ աստվածային տոն:

- Անցում կատարելով այս գեղեցիկ թեմային` ցանկանում ենք իմանալ, թե ինչպե՞ս է ընդունում եկեղեցին գենդերային շարժումը, էմանսիպացիան եւ այլն:

- Նախ նշեմ, որ եթե կանայք այսօր ակտիվ են, սա ոչ մի հակաքրիստոնեական երեւույթ չէ: Իսկ քրիստոնեությունը կնոջ դերը մեծացրեց ու հավասարեցրեց տղամարդուն: Քրիստոնեության մեջ կարեւորն այն է, որ դիմացինդ մարդ է, եւ կարեւոր չէ` ինքը կի՞ն է, թե՞ տղամարդ: Այն, որ կնոջը ճնշում են, նսեմացնում են, սպառնում են, արհամարհում են, ոտնահարում են իրավունքները, սա մինչ գենդերային հարց դառնալը  հակաքրիստոնեական ու հակամարդկային խնդիր է: Կինը այսօր ստիպված է ակտիվանում, որը ավելի սոցիալական խնդիր է, բայց մեր խնդիրը կայանում է նրանում, որ ոչ թե մենք փորձենք այսօր կնոջ դերը արհեստականորեն իջեցնել, այլ պետք է  դրանց տալ ճիշտ ձեւակերպումներ ու փորձել օգնել, ոչ թե խանգարել:

- Դուք չե՞ք կարծում, որ կնոջ շատ ակտիվությունը կարող է ոչ այդքան ցանկալի բաների բերել: Կարո՞ղ եք ասել` ինչո՞ւ եկեղեցում չեն աշխատում կանայք:

- Մի առիթով Գարեգին 1-ին վեհափառին հարցնում են, թե ինչու հայ կինը չի կարող լինել հոգեւորական: Վեհափառը պատասխանում է հետեւյալը. «Հայ կինը իր ընտանիքի քահանան է` օծված մայրական սիրով»: Կարծում եմ` սրանից ավելի մեծ շնորհ որեւէ մարդ ակնկալել չի կարող: Այսինքն` Աստվածամայրը, իր պատկերը ու խորհուրդը խոսում են այն մասին, թե կնոջ դերը ինչքան բարձր է: Եթե հիշում եք Ավետարանից, առաջինը կանայք տեսան Հիսուսի հարությունը, Աստվածամայր կինը արժանացավ Աստծուն իր մեջ կրելու: Մեզ համար կարեւոր է կնոջ դերը նաեւ հոգեւոր մարդկային կյանքում, այսինքն` Աստվածածինը կարիք չուներ հոգեւորական լինելու, քարոզելու, չնայած որ նա կարող էր լինել ամենամեծ քարոզիչը, բայց ինքը մնաց ավետարանական ճշմարտության համաձայն ու մնաց Երուսաղեմում իր միածին որդու ոտքերին փարված ու չգնաց որեւէ տեղ քարոզելու, այլ Քրիստոսի առաքյալները գնացին աշխարհով մեկ քարոզելու: Եվ եթե առաքյալները երբեւէ մխիթարություն կամ  հարցերի պատասխան էին ուզում ստանալ, դիմում էին Աստվածամորը` նրանից ոգեւորվելու, ներշնչվելու: Այս առումով մենք պետք է ավելի շատ մտածենք ոչ թե այն մասին, որ կինը պետք է հոգեւորական լինի, այլ մտածենք, թե ինչպես կարող ենք հայ կնոջը վերադարձնել այն մայրական սերը, նվիրումը, առաքինությունները, որով մեր ազգը միշտ պարծեցել է:

ԱՍՏՎԱԾ ՄԱՐԴԱՑԱՎ, ՈՐ ՄԱՐԴԸ ՓՐԿՎԻ

 

hisus- Լինելով քրիստոնյա այսօր շատերին անհասկանալի ու առեղծվածային է թվում այն, թե ինչպե՞ս կարող էր Մարիամ Աստվածածինը հղիանալ` առանց տղամարդու միջնորդության:

- Ես հիմա ինչ էլ որ ասեմ` անհավատի համար երբեք համոզիչ չի լինի: Եվ որքան գիտնականները փորձել են ապացուցել կամ հասկանալ, թե դա ինչպես կարող է հնարավոր լինել կամ չլինել, ու մինչ մարդիկ զբաղված են դրանով, ինձ  եւ հավատացյալների համար դա հրաշք է, որին մենք հավատում ենք: Գիտական բացատրություն չեմ կարող տալ, քանի որ դրա մասնագետը չեմ: Ես գիտեմ մի բան, որ աստվածային խորհրդին պետք է հավատալ, իսկ եթե մարդը չունի հավատ, ինչ էլ ասենք, միեւնույն է, չի ընդունվելու, եւ չեն հասկանալու: Սա այն հարցն է, որը զուտ հավատքին է վերաբերվում, չկա որեւէ բացատրություն: Հոգեւոր կյանքում եւ Աստվածաշնչում կան բաներ, որոնք ուղղակի բացատրել հնարավոր չէ:  Երբ  ինքս շատ ժամանակ մտածել եմ այդ մասին, եկել եմ այն եզրակացության, որ եթե Աստված կարող էր նմանատիպ աշխարհ ստեղծել, որը ունի բացատրություն, ուրեմն կարող էր նաեւ մյուս հրաշքը գործել: Եվ ելնելով աստվածաշնչյան իրողությունից, ճշմարտությունից ու մարդկության փրկության անհրաժեշտությունից` փրկիչը  չպետք է մարդկային մեղքին մասնակից լիներ: Այսինքն` եթե Աստվածամայրը տղամարդ ճանաչեր եւ բնական ճանապարհով հղիանար, Հիսուսը կլիներ սովորական մարդ, այլ ոչ թե փրկիչ, ու փրկեր: Իսկ սովորական մարդը չէր կարող փրկել, ու նույնիսկ դրա կարիքը պետք չէր, որ լիներ, դրա համար պետք էր, որ Աստված մարդանար: Այստեղ պետք է վերցնել մեկ սկզբունք ու հասկանալ մի բան, ասելով, որ «ես չեմ կարող հերքել Աստծո գոյությունը»: Եվ իրապես, դա հնարավոր չէ, քանի որ ամբողջ մարդկության պատմության մեջ դա ոչ ոք չի կարող հերքել: Այս առումով մենք կարող ենք հիշել Աբրահամի  պատմությունը, որը  բավականին հարուստ էր ու մեզ նման սովորական  մարդ, որը չուներ նույնիսկ գիտություն Աստծու մասին: Մի օր Աստված նրան ասաց, որ պետք է քո ունեցվածքներն ու տարածքները թողնես, ընտանիքդ թողնես ու գնաս այնտեղ, որտեղ կասեմ: Աբրահամը որեւէ հարց չտվեց ու արեց այն, ինչ ասաց նրան Աստված: Հիմա նման բան եթե ասեն, մարդիկ ուղղակի չեն հավատա ու նույնիսկ կծիծաղեն, իսկ Աբրահամը արեց, քանի որ հավատաց, որից հետո նա կամաց-կամաց սկսեց ճանաչել Աստծուն: Հետո Աբրահամին Աստված հանձնարարեց, որ իր միածին որդուն` Իսահակին պետք է զոհաբերի: Այս ժամանակ եւս նա հարց չտվեց: Նա ուղղակի գիտեր մի բան, որ Աստված նրան ասել էր, քո սերունդը պետք է ծովի ավազի չափ բազմանա, ուրեմն կանի, եւ դա եղավ: Իհարկե, Աբրահամի համար հեշտ չէր տանել, որդուն զոհաբերել, նույնիսկ նա ձգձգում էր այդ պրոցեսը, բայց նա գնաց դրան, քանի որ հավատում էր:  Հավատից հետո սկսվեց ձեւավորվել գիտելիքը, նա սկսեց կամաց-կամաց ճանաչել Աստծուն: Այսինքն` նախ կա հավատք, որ գոյություն ունի Աստված, իսկ թե ինչպիսին է նա, ինչպես է դրսեւորվում մեր կյանքում կամ իր ներկայությունը մեր կյանքում իրական դարձնում, դա բացահայտվում է հավատքը ընդունելուց հետո: Աստված բարդ իրականություն չէ, Աստված պարզ իրականություն է: Ավելի բարդացնելով` մենք Աստծուն չենք հասկանա, ամեն ինչ պետք է երեխայի պես պարզ ու շիտակ ընկալել: Այս տեսակ օրինակ կարելի է բերել նաեւ Աստվածամոր համար, երբ նրան Գաբրիել հրեշտակը  ավետեց իր հղիության մասին, Մարիամը հարցեր չտվեց ու ասաց` թող քո կամքը լինի, ես քո աղախինն եմ: Սա չի նշանակում, որ Աստվածամայրը քիչ հետաքրքրասեր է, այլ ուղղակի նա մեզանից շատ հավատք ուներ: Նա եւս կարող էր մտածել ու տխրել, թե ինչպե՞ս կարելի է առանց տղամարդու երեխա ունենալ, իսկ նրան առաջնորդեց հավատքը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում