livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

zara1Համարի Զարուհի խորագրի ներքո այս անգամ ընթերցողին ենք ներկայացնում երիտասարդ, գեղեցկուհի, կայացած մարդ եւ բավական բարեհամբույր, հանրային հեռուստաընկերության 1-ին լրատվական հաղորդաշարի մեկնաբան ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆՈՒՆ: Ի դեպ, Զարուհին ընդամենը 23 տարեկան է, բայց ամենայն պատրաստվածությամբ մեկնաբանում եւ հանրությանն է ներկայացնում մեր երկրում տեղի ունեցող ամենահրատապ ու ամենակարեւոր ինֆորմացիան հեռուստաէկրանից այն կողմ: Իսկ թե ինչպես է այդ հմտությունը ձեւավորվել գեղեցկուհի Զարուհու մոտ, լսենք նրանից:

-Զարուհի, քանի որ ամսագիրը կրում է Ձեր անունը, հետաքրքիր է իմանալ, թե ինչպես կնքվեց այդ անունը Ձեզ:

- Իմ անունը որոշել են ծնողներս` ի պատիվ հայրիկիս տատիկի մորաքրոջ, ով շատ հետաքրքիր կին է եղել, գաղթել է Վանից` Ռշտունիք նահանգից, ինչպես գիտեք, բոլոր

Ռշտունիները Վանից են: Նրա ամուսինը Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աշխատակից է եղել եւ եղեռնի փախեփախի ժամանակ կորցնելով աղջիկներին՝ գաղթում է Արեւելյան Հայաստան, կոնկրետ Կոնդ թաղամաս եւ ապրում այնտեղ երկար տարիներ: Նշեմ, որ այդ կինը փոքր-ինչ զբաղվել է հորս դաստիարակությամբ, ում հուշերում այդ կինը, բավականին վառ մնալով, իմ ծնվելու ժամանակ մայրիկիս հետ խորհրդակցելով, միասին որոշում են իմ անունը Զարուհի դնել:

- Ունե՞ք արդյոք արտաքին նմանություն այդ կնոջը:

- Ասում են, որ այո, ունեմ նմանություն, ես տեսել եմ նրա նկարներից մի քանիսը եւ բավական հիացած եմ, նա շատ արիստոկրատ տեսքով կին է եղել:

- Շատ մարդիկ, հատկապես դեռահասության տարիքում, որը համարվում է ամենաէմոցիոնալ շրջանը մարդու, սկսում են այլ կերպ վերաբերել իրենց անվանը, կամ շատ են սիրում, կամ կտրականապես դեմ են լինում իրենց անվանը` չսիրելով ու չընդունելով այն: Դուք ինչպե՞ս եք վերաբերել ձեր անվանը:

- Ասեմ միանգամից, որ նման բարդությունների առաջ ես չեմ կանգնել, միշտ սիրել եմ իմ անունը, չեմ բարդութավորվել: Ինձ մոտ մարդիկ ինձ Զառա են ասում, իսկ ավելի պաշտոնական շփման ժամանակ դիմում են Զարուհի կամ Զարուհի Ռշտունի՝ արդեն եթերում:

zara2- Զարուհի, մի փոքր ներկայացրու ընտանիքդ, ովքեր են ծնողներդ եւ այլն:

- Հայրս` Սուրեն Ռշտունին, աշխատում է հանրային հեռուստաընկերությունում գլխավոր ռեժիսոր, մայրս` Ջեմա Ղազարյանը, աշխատում է Խնկո Ապոր անվան գրադարանում որպես գրադարանավարուհի եւ ունեմ մեկ եղբայր` Հայկը, ով նոր է զորացրվել ազգային բանակից եւ շարունակելու է ուսումը մանկավարժական համալսարանում: Ինչ վերաբերվում է ինձ, ապա նոր եմ ավարտել մագիստրատուրան:

- Ի՞նչ ես մասնագիտությամբ եւ ինչպե՞ս կատարեցիր ընտրությունը:

- Ավարտել եմ Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի լեզվաբանություն եւ միջմշակութային հաղորդակցություն բաժինը: Մինչ այդտեղ ընդունվելը շատ էի մտածում մասնագիտության ընտրության հարցում, շատ սիրում էի անգլերեն լեզուն եւ ի դեպ, 10 տարի մասնավոր պարապել եմ: Առաջին դասարանից մայրս իր հետեւողականությամբ ինձ մոտ սեր առաջացրեց անգլերեն լեզվի նկատմամբ եւ տվեց ինձ պարապելու, որի համար շատ գոհ եմ: Այնուհետ տասներորդ դասարանում ցանկանում էի ընդունվել ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետը, սակայն իմ դասախոսը` Սեյրանը Գրիգորյանը, ինձ խորհուրդ տվեց ընդունվել Բրյուսովի անվան համալսարանը, որի համար չեմ փոշմանել: Սովորելու տարիներին ունեցա հնարավորություն ընտրելու երկրորդ մասնագիտություն. դա լրագրությունն էր, որն ի դեպ, ընտրեցի ծնողներիս խորհրդով եւ որն էլ դարձավ ինձ համար ճակատագրական:

- Ի՞նչ երազանքներ է ունեցել առհասարակ Զարուհին, եւ կարելի՞ է ասել, որ դուք այսօր գտնվում եք ձեր տեղում, չնայած որ բավական երիտասարդ եք:

- Հետաքրքիրն այն է, որ երբ դպրոցն ավարտում էի, երբեք չէի մտածում, որ լրագրող եմ դառնալու, կամ մի գեղեցիկ օր հայտնվելու եմ հեռուստաընկերությունում, չնայած շատ փոքրուց հայրիկիս հետ երբեմն հաճախում էի նրա աշխատանքի վայր եւ ականատեսն էի լինում նկարահանումների, ծանոթանում տեսախցիկների հետ եւ այլն: Բայց մի դրվագ եմ ուզում հիշել մանկությունիցս, որ կրկին մանուկ հասակում ունեի խաղալիք միկրոֆոն եւ անընդհատ մեր տանեցիներից հարցազույցներ էի վերցնում: Իսկ հետո չգիտեմ, հավանաբար նախասիրություն էր, թե մանկական երազանքի իրականացում, դարձա այն, ինչ հիմա կամ: Դժվար աշխատանք է, բայց այն պահին երբ եթերում եմ, ես ինձ իմ ափսեում եմ զգում:

- Բոլորի մոտ բավական վառ տպավորվում է հատկապես առաջին եթերը, կկիսվե՞ս մեզ հետ այդ օրվա մասին:

- Շուտով կլրանա մեկ տարին, ինչ ես լուրեր եմ մեկնաբանում եւ առաջին անգամ եթեր եմ մտել սեպտեմբերի 21-ին` հայտնի հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանի հետ:

Շատ հուզված էի, ահավոր, թեեւ այն մարդիկ, ովքեր տեսել էին իմ առաջին եթերը, հիացած էին եւ անգամ չէին էլ զգացել, որ ես բավական լարված եմ եղել: Այնուհետ ժամանակի ընթացքում այդ հուզմունքը փոքր-ինչ քչացել է, չնայած արդեն նկատել եմ, որ եթեր մտնելուց առաջին մեկ-երկու րոպեներն են, որ հուզմունք կա, իսկ հետո ամեն բան իր հունով ընթանում է:

- Զարուհի, ո՞ւմ ես ուսուցիչ համարում քո այսօրվա ձեռքբերման համար:

- Առաջին հերթին ծնողներիս, հայրս իմ աշխատանքին նայում է ավելի պրոֆեսիոնալ աչքերով, իսկ մայրս հեռուստադիտողի աչքերով: Բայց երբ ընդունվեցի «Հայլուր», իսկ հիմա արդեն 1-ին լրատվական, այստեղ եւս շատ մեծ ու հրաշալի ուսուցիչներ եմ ունեցել` սկսած մեր ռեժիսոր Հակոբ Փափազյանից, գլխավոր խմբագիր Արմեն Ամիրխանյանից, ովքեր ինձ շատ-շատ են օգնել: Պարապել եմ հիանալի խոսքի վարպետություն ունեցող  հեռուսահաղորդավարուհի Սուսաննա Շահինյանի մոտ: Այս ամենը վերցնելով, ուսանելով` դու ինքդ պետք է շատ մեծ աշխատանք տանես քեզ վրա, որովհետեւ տեսություն կարդալը, լսելը կամ նայելը մեծ նշանակություն ունի, սակայն տեսախցիկը զգալը եւ նրա հետ վերաբերելը պետք է դու ինքդ սերմանես քո մեջ:

- Շատ հետաքրիր է տեղեկանալ նաեւ, թե ինչպես հայտնվեցիր այնտեղ, որտեղ դուք հիմա կաք, առաջա՞րկ եղավ, թե պատահական ստացվեց:

- Երբ բակալավրատի վերջին կուրսում էի, գործնական աշխատանքս անցկացրեցի այնտեղ: Չորս ամիս «Հայլուր» լրատվականում էի գտնվում եւ ցանկանում էի լրագրող դառնալ, քանի որ բավականին հետաքրքրված էի քաղաքականությամբ, բայց մեկ տարի անց վերը նշված լրատվականում հայտարարվեց մրցույթ` մեկնաբանների համար: Ես դիմեցի ու ասեմ, որ այն հինգ երջանիկներից մեկն էի, ով անցավ այդ մրցույթը եւ հայտնվեցի այնտեղ:

- Ի՞նչը պետք է դրդի գեղեցիկ աղջկան, ով պետք է հետաքրքրված լինի քաղաքականությամբ:

- Ես կարծում եմ, որ դա կապ չունի եւ այո, մի պահ կար իմ կյանքում, որ ցանկանում էի դառնալ քաղաքական գործիչ եւ փոխել որոշ բաներ, սակայն հետո հանգամանքները այլ կերպ դասավորվեցին, եւ ես գոհ եմ, որ այսօր 1-ին լրատվականի մեկնաբանն եմ:

- Զարուհի, լրագրողը եւ հեռուստամեկնաբանը տարբեր մասնագիտություններ են, որտե՞ղ ես դու քեզ ավելի լավ զգում, հարցազրույց վերցնելուց, թե՞ այդ ամենը մեկնաբանելուց:

- Երբ ընդունվեցի աշխատանքի, պայմանն այնպիսին էր, որ մենք պետք է անպայման հարցազրույցներ եւս վերցնենք, քանի որ պետք է դու առաջին հերթին հասկանաս, թե ինչ է հարցազրույց վերցնելը կամ ունենալը, որպեսզի դու այն ավելի լավ եւ որակյալ մատուցես, իմանաս այն համր սինխրոն կոչվածը ինչ է, ինչից է բաղկացած ռեպորտաժը եւ այլն:

Այսինքն` պետք է լիարժեք ընդգրկված լինես այդ գործում, զգաս այն ամբողջովին, այլ ոչ միայն ընթերցես այն, ինչ քեզ տրամադրում են: Ես երկուսն էլ սիրում եմ, երկուսն էլ հոգեհարազատ են, չնայած որ շատ տարբերություններ էլ ունեն:

- Այսօր հեռուստաեթերներ են մտնում հաղորդավարներ, որոնք չունեն հղկված խոսք, ինչը գրեթե չի նկատվում Ձեր պարագայում: Ինչպես եք վերաբերում դրան:

- Անկեղծ ասած ես դեռ նոր եմ այս ոլորտում, չէի ցանկանա իմ կոլեգաներին ինչ որ բան ասել, քանի որ ինքս գիտակցում եմ, որ դեռ հղկվելու շատ տեղ ունեմ:

zara3- Ինչպիսի՞ն է Զարուհին տեսախցիկներից այն կողմ:

- Շատ սիրում եմ ընթերցանությամբ զբաղվել, երաժշտություն լսել, ընկերներիս հետ շփվել եւ ամենակարեւորը հանգստանալ, որովհետեւ բավականաչափ մեծ էներգիա է խլում ինձանից իմ աշխատանքը, քանի որ պետք է աշխատես օպերատիվ եւ անթերի: Մեկնաբանի առաջին հմտություններից մեկն  այն է, որ պետք է ստեղծված իրավիճակում շատ շուտ կողմնորոշվես եւ կարողանաս շտկել իրավիճակն այնպես, որպեսզի հեռուստադիտողը գլխի չընկնի, որ պահի տակ ինչ-որ բան տեղի ունեցավ:

- Ի՞նչ պլաններ ունի ապագայի համար Զարուհի Ռշտունին, եւ քանի որ նախասիրություններ ունես քաղաքականությամբ զբաղվելու, հնարավո՞ր է նախարար կամ պատգամավոր դառնաս ապագայում:

- Գիտեք, եթե այդ հարցը ինձ տայիք մեկ տարի առաջ, միգուցե կպատասխանեի այո` ելնելով իմ պատանեկան երազանքներից, բայց հիմա ցանկանում եմ կատարելագործվել իմ այս աշխատանքում, իսկ ապագայի հետ կապված դեռ ոչ մի կոնկրետ պլաններ չունեմ, կստացվի այնպես, ինչպես որ կստացվի:

Եվ քանի որ մեր զրուցակիցը մեծ նախասիրություն ունի ընթերցանության նկատմամբ, հարցազրույցի վերջում տեղեկացանք, որ նրա սեղանի գիրքն է Աստվածաշունչը, իսկ այս պահին ընթերցում է ժամանակակից գրականության հեղինակներից Նիկլս Փարթսի «Օրագիրը» գիրքը, լսում է բազմաժանր երաժշտություն, բացի ռոքից եւ այլն:

 

Արմենուհի Հակոբյան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում