livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

zara3Երբ հանդիպում ես գեղեցիկ, համարձակ եւ կամքով ուժեղ հայուհու, սկսում ես հավատալ տարիներ առաջ տատիդ պատմած հեքիաթներին, թե «գեղեցիկը կփրկի աշխարհը»: Այս անգամ «Զարուհին» հանդիպեց հենց այսպիսի հատկանիշներով օժտված իր անվանակցին՝ մոդել, վերջերս նաեւ դերասանուհի ԶԱՌԱ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ:

-Զառա, լինելով մասնագիտությամբ լեզվաբան՝ ինչո՞ւ որոշեցիք դառնալ մոդել:

- Առաջին դասարանից մինչեւ 10-րդ դասարան բոլորից բարձրահասակ էի, մի քիչ ամաչում ու բարդույթավորվում էի եւ այդ պատճառով «կուզիկ» էի քայլում: Մայրս որոշեց ինձ ուղարկել մոդելների դպրոց՝ դեֆիլեների կուրսերի, որ մեջքս ուղղվի: Այնուհետեւ գնացի «Ատեքս», որտեղ առաջարկեցին մասնակցել «Ռուսկի սիլուետ» միջազգային նորաձեւության մրցույթին, որովհետեւ ունեմ համապատասխան տվյալներ եւ դեֆիլես էլ նորմալ է: Մրցույթից հետո սիրեցի այս գործն ու կամաց-կամաց սկսեցի զբաղվել մոդելինգով, արդեն տասը տարի է:

- Հայ աղջիկների համար բավական դժվար է անցնել մոդելինգի «քարքարոտ» ճանապարհը՝ հաշվի առնելով ազգային կաղապարները, խիստ հայրիկ կամ եղբայր ունենալը, ինչպե՞ս կարողացաք հաղթահարել այդ ամենը:

- Ճիշտն ասած, ինձ մոտ էլ այդ խնդիրը կար: Հայրս դեմ էր, սկզբում չէր թողում, բայց հետո մի երկու ցուցադրության ինքն էլ եկավ ու իր աչքով տեսավ, որ այդտեղ ինչ-որ վատ բան չկա: Այժմ իրեն էլ է դուր գալիս եւ նա ինձնով հպարտանում է: Իսկ եղբայրս մեկումեջ դեմ է լինում, բայց հիմնականում արդեն բոլորն էլ սովորել են: Նույնիսկ բարեկամներս էին դեմ, բայց բոլորին ասացի, որ միեւնույնն է՜ ես սիրում եմ դա եւ պետք է անեմ: Ոմանք ասում էին՝ դու քեզ բեմի վրա ցույց ես տալիս, ես էլ պատասխանում էի՝ միեւնույնն է սիրում եմ եւ ձգում է ինձ բեմը, ինչքան կարող եմ կլինեմ բեմում:

- Դուք  զբաղվել եք նաեւ պորտապարով: Ինչո՞ւ հատկապես այդ պարն ընտրեցիք եւ չէի՞ք վախենում, որ պարզապես Ձեզ ճիշտ չեն հասկանա:

- Ես ուղղակի պորտապար պարել եմ զուտ ինձ համար: Ժամանակին մինչեւ համալսարան ընդունվելու համար պարապելը, ես պարել եմ, իսկ հետո մոտ երկու-երեք տարի թողել եմ եւ այժմ էլ պարում եմ սիրողական մակարդակով: Իմ սիրած պարը պորտապարն է:

zara2- Ինչպե՞ս հաջողվեց մասնակցել Martini Royan Casting 2012 մրցույթին:

- Սկզբում մոտ երկու հարյուր աղջիկ էինք եւ մասնակցեցինք  վիդեոքաստինգի: Անկեղծ ասած, հենց սկզբից էլ չհավատացի, որ կարող էի անցնել հաջորդ փուլ, բայց ինձ «Մարտինիի» աշխատակիցներից մեկն ասաց, որ հաստատ ես եմ լինելու: Ասացի, որ չեմ հավատում, նա էլ պնդեց՝ նշելով, որ շանսեր ունեմ: Դրանից հետո ընտրվեց 20 հոգի: Այնուհետեւ, անգլերենով հարցազրույց եղավ, թե շահած գումարն ինչ ենք անելու:  20 հոգուց ընտրվեց  երեք հոգի, իսկ երեքից հաղթողին էլ ընտրեց «Մարտինիի» անձնակազմից կազմված ժյուրին: Իրենք ինձ ընտրեցին, եւ ես շատ անսպասելի գնացի Իբիցիա:

- Իսկ այնտեղ ի՞նչ հետաքրքիր դեպքեր կամ միջադեպեր են եղել:

- Ամեն ինչն էլ հետաքրքիր էր. առավոտյան ժամը 07:00-ից մինչեւ գիշերվա 23:00 մենք աշխատում էինք ՝ ֆոտոշարքեր, տեսանյութեր: Շատ գեղեցիկ ֆոտոշարքեր ենք ունեցել: Հիմնականում արթնանալուց հետո մինչեւ ժամը 12-ը Իբիցիա մեկնած 28 աղջիկներիս դիմահարդարում էին, մեր մազերն  էին հարդարում ու սկսվում էր լուսանկարահանումը: Իսկ գիշերները գնում էինք ակումբում պարելու: Միակ արտառոց դեպքն այն էր, որ լողալուց ինձ այնտեղ մեդուզան էր կծել, մնացածը նորմալ էր:

- Հետո բժշկական միջամտության կարիք եղա՞վ:

- Ոչ, մենք ողջ օրն իրենց հսկողության տակ էինք: Միանգամից ինձ բժիշկի տարան, ինչ-որ սրսկումներ արեցին, անցավ: Բայց շատ վախենալու էր, ինձ թվում էր կմեռնեմ:

 - Իբիցիայում Ձեզ լուսանկարել է հայտնի ռոք երաժիշտ Բրայան Ադամսը, ինչպիսի՞ն են համաշխարհային աստղերն իրականում:

- Իր մասին չէի լսել, բոլորն ասում էին Բրայան Ադամսը, Բրայան Ադամսը…, բայց չգիտեի ով է նա: Երբ պատկերացնում էի, որ նա համաշխարհային աստղ է, մտածում էի մի քիչ գոռոզ կլինի: Բայց, ֆոտոսեսիայի օրը նա շատ ընկերական էր ու 28 աղջիկների հետ էլ շփվում էր, կատակներ անում, հարցնում էր բոլորից, թե ով ինչով է զբաղվում, իսկ երեկոյան ընդհանուր ընթրիք ենք ունեցել իր հետ: Նա շատ հասարակ էր, ես իրեն չճանաչելով՝ զարմանում էի, որ նա հենց Բրայան Ադամսն է: Մտածում էի՝ մի՞թե նա կարող է իրեն այդքան հասարակ պահել:

- Մրցույթի արդյունքում մի գեղեցկուհի պետք է դառնար «Martini»-ի շապիկի դեմքը, բայց...

- Բայց, ցավոք սրտի, մեր հայերը շատ ակտիվ չեղան: Դա արդեն ինձանից կախված չէր, որովհետեւ ընտրությունն ընթանում էր ֆեյսբուք սոցիալական ցանցով: Առաջին տեղում վրացուհին էր: Դժվար էր, ես չկարողացա, որովհետեւ ինչքան ընկեր ունեի ֆեյսբուքում գրեցի, ինձ ինչքան կարողացան օգնեցին, բայց որոշ մարդիկ «ալարում» էին մի քանի հոգու ուղարկել քվեարկության համար բացված էջն ու ասել, որ իմ օգտին քվեարկեն: Դա ես ինքս եմ տեսել, օրինակ, 200 հոգու ուղարկել եմ այն հասցեն, որով պետք էր քվեարկել, որից միայն հիսունն են քվեարկել: Մեզ ասացին, որ քվեարկությամբ կանցնեն չորս հոգի եւ երեք հոգու էլ ժյուրին է ընտրում, ես իմ հույսը դրա վրա եմ դրել: Այդ յոթ աղջիկներից  որոշվելու է, թե ով է դառնալու «Մարտինիի» դեմքը ու որին որպես հաղթող կտրվի նաեւ 150 հազար եվրո:

zara1- Ո՞րն եք համարում ամենամեծ հաղթանակն այս ասպարեզում:

- Իմ ամենամեծ հաղթանակը եղել է «Մարտինիի» մրցույթի շրջանակներում Իբիցիա մեկնելս, որովհետեւ ե՛ւ անսպասելի էր, ե՛ւ գեղեցիկ ֆոտոշարքեր ունեցա, ե՛ւ, ընդհանրապես այդ մրցույթին մասնակցելս բարձրացրեց իմ վարկանիշը: Չնայած, ես էլի մրցույթների եմ մասնակցել՝ «Elite Model Look», «Միսս ամառ», որտեղ հաղթել եմ: «Elite Model Look»-ի ժամանակ ես նույնիսկ լավագույն տասնյակում չեմ անցել ու դրանից հետո ասել էի, որ երբեք մրցույթների չեմ մասնակցի, միայն արտասահմանում եմ մասնակցել տարբեր մրցույթների:

- Ընդհանրապես Հայաստանում կա՞ն նախադրյալներ մոդելինգի ասպարեզում լուրջ գործունեություն ծավալելու համար:

- Հայաստանում մոդելինգով զբաղվում եմ զուտ որպես հոբբի, ուղղակի սիրում եմ: Երեւանում չի գնահատվում ու երբեք չեն գնահատի, պարզապես արժեք չունի: Սկզբում մի քիչ դժվար էր, ցուցադրությունների համար ավելի քիչ էին վճարում, բայց հիմա գումարները, կարծես թե բարձրացրել են: Հայերը, գիտեք ինչպես են դրան նայում, բայց ես ուշադրություն չեմ դարձնում նման երեւույթներին: Ինչքան կարողացել եմ, ինքս ինձնով հասել եմ սրան:

-  Մոդելինգից բացի, էլ ի՞նչ հետաքրքրություններ ունի Զառա Մինասյանը եւ էլ ո՞ր ասպարեզում կցանկանար իր «խոսքն» ասել:

- Հիմա մոտ երկու տարի է «Լեզուների տանը» անգլերեն եմ դասավանդում: Իսկ ազատ ժամանակ ինձ  եմ հետեւում՝ մարզասրահներ, լողավազաններ, որպեսզի պահպանեմ կառուցվածքս:

- Շատ տղամարդիկ կերազեին իրենց կողքին տեսնել Ձեզ պես գեղեցկուհի հարսնացուի, իսկ ինչպիսի՞ փեսացու եք Դուք երազում տեսնել Ձեր կողքին:

- Ես մինչեւ հիմա այդպիսի տղամարդու չեմ գտել, բայց կցանկանայի այնպիսի փեսացու, որ լիներ շատ-շատ պինդ տղամարդ, չափից դուրս ուժեղ, որովհետեւ իմ կողքին չի կարող թույլ տղամարդ լինել: Ու դրա հետ մեկտեղ այնպիսին լիներ, որ կարողանար իմ «կապրիզները» տանել: Այդպիսի համադրությամբ տղամարդ չկա, համենայնդեպս, ես դեռ չեմ հանդիպել, դիֆիցիտ է:

zara- Ինչպե՞ս եք վերաբերում, երբ աղջիկն է առաջինը սիրո խոստովանություն անում:

- Ես երբեք չեմ արել նման բան: Չգիտեմ, ես չէի անի, չեմ ընդունում, որովհետեւ աղջիկն ինչ-որ տեղ պետք է իրեն գոռոզ պահի, պետք է տղամարդը սիրապնդի, ինչ-որ քայլեր անի: Հիմա դարը մի քիչ փոխվել է, մեր տղաները ինչ-որ նրբիկ են դարձել, դա նրանից է, որ աղջիկները շատ են սկսել սեր խոստովանել: Պետք չէ անել, խորհուրդ չեմ տալիս, իրենք իրենց տղամարդկային հատկությունները զուտ կորցնում են դրանով: Իսկական տղամարդ քիչ է մնացել:

- Եթե մի կողմ թողնենք, մոդել, դերասանուհի, լեզվաբան Զառային,  ինչպիսի՞ն է տանը  Զառան:

- Առավոտյան շատ ագրեսիվ, քանի որ քնից շուտ են արթնացնում: Տանն ունեմ երկու շնիկ, մի փիսիկ ու ապրում եմ ընտանիքիս հետ, որոնց շատ եմ սիրում: Շնորհակալ եմ մայրիկիս, նա է ինձ ամեն ինչում օգնել ու իմ կողքին եղել: Ընդհանրապես շատ բարի եմ, բայց  դրսում մի քիչ, շատ քիչ գոռոզ, բայց ոչ ընկերներիս հանդեպ:

- Ի՞նչ կմաղթի Զառան «Զարուհուն»:

- Ցանկանում եմ, որ «Զարուհի» կանանց հանդեսը նորանոր նյութերով ավելի ու ավելի հետաքրքիր դառնա ընթերցողներին:

Զրույցը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում