livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

Բոլորովին վերջերս մայրացած դերասանուհի ԶԱՌԱ ՍԱՀԱԿՅԱՆԻ` «32»-ի Զառայի եւ նրա երեքուկես ամսական Նոյի հետ հանդիպեցինք Դրամատիկ թատրոնին կից այգում: Զառան խոստովանում է, որ բալիկն իր ծննունդով նոր թարմություն է բերել մայրիկի կյանքում:

 

-Ընդհանուր առմամբ այնպես չէ, որ ինչ-որ բան փոխվել է իմ կյանքում, որովհետեւ ամուսնուս հետ նախօրոք պլանավորել էինք, որ միասին պետք է մեծացնենք երեխային: Չնայած բոլորը թերահավատորեն էին մոտենում դրան, ասում էին` որ ծնվի, կտեսնես, որ դա հոգս է, բարդություն: Բայց, ինչպես տեսնում եք, ամուսինս ինձ հետ է ամենուր թե՛ հղի ժամանակ եւ թե՛ երեխայի ծնվելուց հետո: Երեխայի քառասունքը լրանալուց հետո ես գնացել եմ նկարահանումների եւ` թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ... Տեսնո՞ւմ եք` մինչեւ այսօր այդ բառը չէի օգտագործում, բայց արդեն «մամայությունից» հետո սկսել եմ օգտագործել: Իսկապես` թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ, իմ բալիկը ըմբռնումով է մոտենում, հանգիստ երեխա է, հոգս չի ստեղծել ինձ համար: Ես երբեք նրա օրոք դեռ չեմ զգացել, թե այդ բարդություն ու հոգս ասածն ինչ է: Իհարկե խնամքի պահանջներ կան, դեռ անփորձ մայր եմ, առաջին բալիկն է, բայց, համենայնդեպս, ես ամեն ինչ սիրով եմ անում: Գուցե երեխան հոգս լինի այն ժամանակ, երբ ողջ ծանրությունը, պարտականությունը մոր վրա է, բայց շատ ուրախ եմ, որ իմ կողքին ունեմ հասկացող ամուսին, եւ հավասարաչափ կիսում ենք հոգսը: Մեր տան գործը այնպես չի բաշխված, որ ասենք` սա տղամարդկային գործ է, սա` կանացի: Ո՛չ, մենք ինչ հասցնում ենք, անում ենք հավասար ու գիտակցում ենք, որ եթե հասել ենք այն մակարդակին, որ պիտի երեխա ունենանք, ուրեմն պիտի պատշաճ ձեւով դրա տակից դուրս գանք:

- Այսօր նկարահանվում եք «Երեւան» նախագծում, իսկ «32»-ո՞ւմ:

- «Երեւան»-ում նկարահանվում եմ, որովհետեւ երեխային հասցնում եմ ինձ հետ տանել նկարահանումների: Այնտեղ բնակարան է ու պայմաններ կան երեխայի համար, իսկ «32» ակումբում գիտեք, թե ինչ մասսա է գալիս: Բացի այդ, խմում են, ծխում: Մի խոսքով` պայմանները հարմար չեն, եւ ես ֆիզիկապես էլ չեմ հասցնում: Բայց «32»-ը ներկայացում է բեմադրել, եւ ես էլ ներգրավված եմ այդ ներկայացման մեջ: Կարծում եմ` հետաքրքիր բան կլինի, նոր խոսք, նոր շունչ: Էնպես որ` համատեղում եմ: Այս ընթացքում հասցրել եմ ձայնագրել հղիությանս ընթացքում գրած երգերս: Ի դեպ, գրելու ձիրքն ինձ մոտ իսպառ բացակայում էր, եւ ես զարմանում էի, թե ինչպես են մարդիկ երգեր գրում, սակայն հղիությանս ընթացքում ինչ-որ մղող ուժ, մուսա եկավ, եւ ես էլ երգեր գրեցի:

- Հիմա է՞լ եք գրում:

- Ժամանակ չունեմ: Այդ երգերը մասամբ են ձայնագրված, եւ պիտի դեռ ավարտին հասցնեմ:

- Էլ ո՞ր ասպարեզում Ձեզ կարող ենք տեսնել:

- Չի բացառվում` նաեւ հեռուստահաղորդումներում: Այդ հարցը դեռեւս քննարկվում է: Բայց, իհարկե, հաղորդումների հետ միասին թատերական ժանրն անպայման լինելու է: Ես համագործակցում եմ ամուսնուս` Դավիթ Հարությունյանի հետ, նա իմ պրոդյուսերն է, մենք միասին ենք որոշում, թե որտեղ եմ ես հետաքրքիր, եւ ընդհանրապես` որտեղ իմ ներկայությունը պարտադիր չէ:

- Իսկ ինչպե՞ս են ընթանում կին-պրոդյուսեր եւ կին-ամուսին հարաբերությունները:

- Բնականաբար, երբ հարցը գործին է վերաբերվում, արդեն մոռանում ես կին-ամուսին հարաբերությունները: Եթե, իհարկե, քո իսկ շահերից ելնելով` ուզում ես պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել: Եթե նա ինձ դիտի որպես կին եւ թերությունների վրա աչք փակի, բնականաբար, դա հօգուտ ինձ չի լինի: Ամեն քննադատություն ու խորհուրդ ընդունում եմ, եւ այդպես էլ պիտի լինի: Դրա բացակայության դեպքում ես նեղվում եմ, հարցնում, թե ինչու ինձ չի քննադատում, ինչու չի ասում, թե ինչ կարելի է անել, շտկել:

- Լինո՞ւմ են դեպքեր, երբ նա աչք է փակում թերությունների վրա:

- Մասամբ, որովհետեւ մտածում է, որ եթե միասին ենք ապրում, ուրեմն ես պիտի անընդհատ այդ ամենը զգալով անեմ, այլ ոչ թե նա կողքից ուղղի:

- Բոլորը Ձեզ շիկահեր Զառա գիտեն, բայց այսօր փոխել եք Ձեր մազերի գույնը:

- Առաջին օրվանից, երբ եթերում երեւացել եմ, եղել եմ շեկ մազերով: Այն ժամանակ այդքան շատ չէին շիկահերները, բայց երբ տեսնում ես, որ դաշտում արդեն շատ են շիկահերները, ժամանակ առ ժամանակ փոփոխության կարիք ես զգում: Դա գալիս է հոգեվիճակից: Ես փորձում եմ գույներով հանվել ու հագնվել (ծիծաղում է- Լ.Ե): Հիմա նոր հոգեվիճակ է. մայրացել եմ, բայց չեմ ուզում ինչ-որ բանից հետ մնալ: Ոմանց թվում է, որ մայր ես ու վերջ:

- Մայր զգացողության մասին մի քիչ կկիսվե՞ք:

- Դուք մայր ե՞ք:

- Դեռ ոչ:

- Ինչքան էլ խոսքերով պատմեմ, միեւնույն է, չեք պատկերացնի: Ինձ երկար պատմում էին, բայց ես չէի հասկանում, թե դա ինչ զգացողություն է մինչեւ երեխայիս նախածնունդը: Ամուսնուս հետ ինտերնետով կենդանի ծննադաբերություններ էի դիտում, ուզում էի փոքրիշատե տեղեկացված լինել թե՛ տեխնիկապես, թե՛ զգացական առումներով: Բայց դա անբացատելի է. ինքդ քո մաշկի վրա պիտի զգաս այդ րոպեները: Ցավերը միանգամից մոռանում ես, երբ երեխային դնում են կրծքիդ վրա, ու չեմ կարող բացատրել, թե այդ պահին ինչ ես զգում: Հիմա մեզ մոտ շատ լավ սիստեմ է: Եթե նախկինում երեխան ծնվում էր, ու տանում էին, հիմա միանգամից դնում են մայրիկի կրծքի վրա: Թեպետ հետծննդյան դեպրեսիվ պահերն էլ չեն բացառվում. այն, որ դու արդեն մայր ես, ու այդ գաղափարը քեզ հունից հանում է: Այսինքն` որ ես միանգամից մայր դարձա, վերջ, ես էլ են Զառան չեմ, այն ակտիվը չեմ: Այդ ժամանակ ամուսինս միշտ հումորով ասում էր. «Հաշվի` գյուղից ինչ-որ մեկն է եկել երեխայի հետ, իսկ դու երեխասեր ես»: Ես իսկապես երեխաների նկատմամբ թուլություն ունեմ: Ամուսինս ասում էր. «Հաշվի` ապերիկի ես խնամում, մինչեւ ժամանակի ընթացքում այդ զգացողությունը քեզ մոտ կառաջանա»: Բայց այդ խնդիրն արագ հաղթահարեցի. զգացի, որ մայր եմ եւ արագ անցա իմ մայրական պարտականություններին: Ամուսիններով առավոտյան նայում ենք բալիկին ու ասում` էս որտեղի՞ց հայտնվեց. փոքր-մոքր, բայց նա արդեն պահանջներ է դնում, ուտելու խնդիր... Ի դեպ, որդիս` Նոյը, տուն բերած օրվանից իր մահճակալում` օրորոց ասվածում, չի քնել, ասում են` դա սխալ է, բայց ինչ արեցինք, չփոխվեց: Էնպես որ`  նա է մեզ թելադրում, թե ինչ անենք: Երբեմն երեխայի դաստիարակությունն այդքան էլ քեզանից կախված չէ, նրանք են թելադրում, թե ինչ անես:

- Ասում են, որ մինչ երեխա ունենալը պիտի, օրինակ, տիրապետես տակդիր հագցնելուն կամ թե` քանի ժամը մեկ կերակրել երեխային:

- Մայրս մասնագիտությամբ բժշկուհի է, մանկաբույժ,  եւ ես առիթ ունեցել եմ կողքից տեսնելու: Կարելի է ասել` ես կիսով չափ ինֆորմացված եմ, թե ինչպես կարելի է խնամել երեխային: Բայց, այսպես թե այնպես, չափագրված ու կանոնագրված չես կարող երեխային պահել, որովհետեւ երբ զգում ես, որ երեխան կարիք ունի ուտելու, չես սպասելու, որ ժամը լրանա: Մի հետաքրքիր դեպք պատմեմ: Երբ մայրս  հիվանդանոցում աշխատում էր մանկաբույժ, մի անհանգիստ երեխայի քնաբեր են նշանակել, եւ այդ քույրը պարտաճանաչ եկել, արթնացրել ու քնաբեր է ներարկել երեխային: Երբ ծնողն ասել է, թե քնած է երեխան, էլ մի արթնացրեք, բուժքույրն ասել է. «Ո՛չ, ես պարտաճանաչ աշխատող եմ, պիտի արթնացնեմ ու նորից ներարկեմ»: Այսինքն` միշտ չէ արդարացվում այդ կանոններով պահելը, որովհետեւ բնությունը գիտի, թե ինչ է պետք երեխային:

- Հասցնո՞ւմ եք խոհանոցում լինել:

- Հասցնում եմ, բայց` ոչ առաջվա նման: Հիմա ինչ-որ տեղ գնալիս էլ ուշանում ենք, քանի որ բալիկին չես կարող ասել` բալի՛կ ջան, մենք ուշանում ենք, արագացրո՛ւ, քնից արթնացի՛ր: Թե՛ սկեսուրս եւ թե՛ մայրս հավասարաչափ ուզում են մեզ օգնած լինել, մեր հոգսը կիսել, բայց, քանի որ մենք որոշել ենք երկուսով անել ամեն ինչ, դեռեւս չենք հանձնվել: Թող լինի թերացումներով, բայց մենք երկուսս անենք, որովհետեւ չեմ ընդունում, երբ տատիկներն են ամեն ինչ անում, իսկ բալիկները տատիկներին «մամա» են ասում են, եւ երբ պահ է լինում առանձին ապրելու, նոր զգում են, թե ինչ է սպասվում:

- Իսկ խոհանոցում համեղ ուտելիքներ պատրաստելն ո՞ւմ վրա է:

- (Ժպտում է- Լ.Ե.): Այդ գործը ամուսնուս վրա է, նա է  շատ համեղ ուտելիքներ պատրաստում: Ես էլ եմ պատրաստում, քանի որ մինչեւ ամուսնանալս եղբորս հետ մեկ տարի առանձին ապրել ենք: Ուսանողներ էինք եւ, որպեսզի ամեն օր չգնանք ու գանք Աբովյան, որոշեցինք Երեւանում ապրել: Դրա համար արդեն ուտելիքներ պատրաստելու թեթեւ փորձ ունեի: Բայց, քանի որ ամուսնուս ուտելու պահանջները մեծ են այն առումով, որ ամեն օր նոր բան պիտի պատրաստենք, «էքսպերիմենտներ» անենք, դրա համար  հիմնականում նա է «էքսպերիմենտների» հեղինակը: Ամուսինս սիրում է իմ պատրաստած բորշչը, ոսպով ճաշը, սունկը, որ հատուկ ես եմ պատրաստում. դրանք ինձ են հանձնարարված:

- Ժամանակին նմանակում էիք Անահիտ Մանուկյանին, Նունե Եսայանին, իսկ հիմա՞:

- Հիմա ասպարեզում կարծես հումորն էլ է ուրիշ հանրային լուծումներ գտել: Երբեմն ասում են, որ նմանակումները իրենց սպառել են: Ռուսական շատ ալիքներով դիտում եմ հումորային ծրագրեր, որտեղ միշտ արդի է հումորը: Ինձ թվում է` մեզ մոտ արդեն հավասարվել են հին եւ նոր սերունդները, չես իմանում` «աստղն» ով է: Կներեք, որ վերամբարձ եմ խոսում, բայց ուղղակի դնել եւ նույնացնել այսօրվա «աստղերին» ու նրանց PR-ով զբաղվել, ընդունելի չէ: Նունե Եսայանին, Շուշան Պետրոսյանին, հին արտիստներին միշտ էլ կարելի է նմանակել, իսկ նորերից ես սպասում եմ այնպիսի անհատների, որոնք ձեռագիր ունեն: Իսկ ի՞նչ եք կարծում. այսօր մեր շոու-բիզնեսում ո՞ւմ կարելի է նմանակել, որ ճանաչեն, թե նա ով է: Երբ արտիստը ձեռագիր ու ոճ է ունենում,  պարտադիր էլ չէ, որ հայտարարես, թե ով է: Երկու խոսքից, մի ժեստից, ակնոց հանել-դնելուց արդեն պարզ պիտի լինի, թե ում ես նմանակում: Իսկ այսօրվա մեր շոու-բիզնեսում նույն գույներն են, նույն գործիքավորումը, նույն հեղինակների գրված երգերն են, միշտ նույն տեսահոլովակները: Չեմ ուզում վատաբանել, բայց իրականությունը դա է:

- Զառային կտեսնե՞նք որեւէ թատրոնում որպես դերասանուհի:

- Ուսանողական տարիներին իմ կուրսի ղեկավար,  այժմ ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի շնորհիվ ներգրավված եմ եղել ներկայացումներում: Բալիկի ծնունդից հետո դադարեցի աշխատել թատրոնում, ես միայն զբաղված էի «Գոյ» թատրոնի «Մարատ Սադ» ներկայացման մեջ: Արմեն Մազմանյանն ասաց. «Աղջի՛կ ջան, գնա՛ տուն, չի կարելի այդ վիճակով ու այդպես մատների արանքով նայել»: Ես այդ ժամանակ էլ չէի հանձնվում. կարծում էի, որ կարող եմ խաղալ: Հուսով եմ, որ ժամանակ ունենալու դեպքում անպայման կվերադառնամ թատրոն:

- Այսօր Ձեզ ճանաչում են «Երեւան» նախագծի Ռուզիկի կերպարով, իսկ կա՞ մեկը, որ հենց իրեն եք նմանակում:

- Սկզբում մարդիկ կարծում էին, թե ես տարիքով դերասանուհի եմ: Չէին հավատում, որ դա ես եմ: Հետո արդեն ասում էին, որ ազգությամբ եզդի եմ: Ինձ հաճախ են հարցնում, թե ում եմ նմանակում, բայց ասեմ, որ այն հավաքական կերպար է, որի միջոցով ցույց է տրվում, թե այդ  խավի կինն ինչպես կվարվեր: Նման մարդիկ իրականում կան` թեպետ մի քիչ մառազմի հասնող սցենար է դարձել, որովհետեւ անընդհատ նույն մոնոտոնն էլ սպառում է իրեն, եւ վերջին հանգրվանը կարծես մառազմն է դարձել մեր օրերում: Նկատել եմ` մեր իրականության մեջ կան Ռուզիկներ: Իհարկե, Երեւանում շրջելիս չես գտնի, բայց մարզերում հաստատ կգտնես:

Զրուցեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում