livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

Մայր Հայաստան, դու Աստծո սեր,

Սուրբ պատվիրան վեհափառ,

Մշակույթով` Սեւակ, Շիրազ,

Սարյանով` նկար վառ,

Նոր սերունդը իրար կապող արեւշող է, լույս պայծառ,

Զարուհին էլ ազգը սիրող աշուղ կին է, երգ ու տաղ:

Նրան Հայ աշուղների միության նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը տվեց աշուղների «մայրապետ» կոչումը: Աշուղ Զարուհին կամ ԶԱՐՈՒՀԻ ԵՓՐԻԿՅԱՆ-ՔՍՊՈՅԱՆԸ այսօր էլ պատվով կրում է իր կոչումը եւ չկորցնելով երբեմնի երիտասարդական խանդավառությունն ու ավյունը` ապրում եւ ստեղծագործում է մեր կողքին:

 

- Որտեղի՞ց սկսվեց աշուղ Զարուհու կենսագրությունը:

- Արմատներով Էրզրումից եմ: Իմ պապերն ու հայրերը 1820-30-ական թթ. տեղափոխվել են Ջավախք: Այնտեղ էլ ծնվեցի. իմ ծննդավայրը Ղաուրմա է կոչվում: Մեծ ու լավ օջախում եմ ծնվել. հայրս գիմնազիան ավարտած գրագետ մարդ էր, Սարդարապատի ճակատամարտում եղել է թարգմանիչ եւ գրագիր: Հայրենական պատերազմի ժամանակ կամավոր գնաց, որ երեք որդիներին գտնի… Ամենամեծ եղբայրս զոհվեց Լեհաստանում, մեկը՝ Լատվիայում, մյուսը՝ Ռուսաստանում: Երբ պատերազմը վերջացավ, քարերի վրայով ոտաբոբիկ վազում ու հորս էի փնտրում, բայց տեսա ու հասկացա, որ նոր է սկսվել պատերազմը: Հայրս ողբում, մազերն էր պոկում. պատերազմի հետեւանքները մեր տան մեջ հոգս ու ցավ, կսկիծ ու մրմուռ բերեցին: Հետո այդ մասին գրեցի՝ «Խաղաղությունը հենց պատերազմ է»: Հայրս կսկիծին չդիմացավ, եկավ, մի երկու ամիս կարոտը մեզնից առավ ու մահացավ: Այդպես էլ նրանք զոհվեցին հայրենիքի համար: Պատերազմում Գերմանիան իբր պարտվեց, բայց նա ավելի քիչ տուժեց, քան մեր երկիրը: Ծանր մանկություն եմ ունեցել: Հիշում եմ, երբ բոբիկ դպրոց էի գնում, սառույցի վրայով էի քայլում, որ ճերմակ, բայց սառը ձյունը չկպչեր ոտքերիս: Մենք 4 եղբայր եւ 6 քույր ենք եղել: Եղբայրներս բանաստեղծներ են եղել, մեկն էլ՝ դուդուկահար, քույրերս էլ բոլորը բարձրագույն կրթություն ունեն, կրթված են ու հայրենասեր՝ պետությանը ծառայող: Ի դեպ, մենք երկու քույր աշուղներ ենք. աշուղ Լեյլին իմ կրտսեր քույրն է: Ամուսնացել եմ Ջիգրաշեն գյուղում ու նույն գյուղում, մինչեւ թոշակի անցնելս, աշխատել եմ որպես մանկապարտեզի վարիչ: Ունեմ մեկ տղա, երեք աղջիկ եւ հինգ թոռ: 1980 թվականից ապրում եմ Երեւանում: 90-ական թվականներին մարդիկ հարստացան` որը` ազնիվ, որն էլ շատ խարդախ ճանապարհով: Ազնիվ մարդիկ, որոնք նեղ օրվա համար հավաքած մի կտոր փող ունեին, այդ փողը փոխելուց հետո կորցրին իրենց ունեցածը: Աստծուն փառք տվեցի ու ասացի` ոչինչ, թող փողը փոխվի, միայն առողջություն լինի, ու մնացի այս ավերակ, քանդված, ճաքած տանը, որն իմ դեմքի նման ակոսված է այժմ, բայց չեմ հուսահատվում ու շարունակում եմ աղոթել Աստծուն:

- Ե՞րբ սկսեցիք ստեղծագործել:

- Դեռ մանկուց շատ եմ կարդացել եւ սիրում էի ասմունքել: Միշտ գեղարվեստական միջոցառումներին մասնակցում էի, բայց մերոնք շատ ավանդապահ ժողովուրդ էին, ու հաճախ ամաչում էի մասնակցել շատ բաների: Դպրոցական տարիներից արդեն ստեղծագործում էի: Ես ազատ գրող եմ, Միքայել Նալբանդյանի նման` ծնված օրից ազատություն սիրեցի: Միշտ ցանկացել եմ ազատ ու անկաշկանդ գրել, բայց ամուսնուս ընտանիքն էլ շատ ավանդապահ էր, գիր ու գրականություն չէին սիրում: Կաշկանդվածություն կար, եւ ստիպված գրում էի, հետո ջնջում կամ վառում, որ իմ գրածները չտեսնեն: Անգամ չէին ուզում, որ որպես ուսուցչուհի աշխատեմ, ասում էին` կինը ի՞նչ գործ ունի, որ աշխատի, կինը պետք է հարսնություն անի: Այժմ երեք գրքի հեղինակ եմ՝ «Աղոթված կարապներ», «Իմ հոգին», «Հույսի արեգակ», շուտով պատրաստվում է նաեւ չորրորդը:

- Ինչո՞ւ են հաճախ Ձեզ անվանում աշուղ Հեզիկ:

- Երբ 2004թ. տեր Կյուրեղ քահանա Տալյանը եւ Հրաչյա Մաթեւոսյանը ինձ աշուղ ձեռնադրեցին, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը ինձ տվեց Հեզիկ անունը, բայց դուրս չեկավ: Ասացի` ուզում եմ Զարուհի մնալ, աշուղ Հեզիկ այդքան էլ չեմ ընդունում, ես աշուղ Զարուհին եմ:

- Հրաշքների հավատո՞ւմ եք:

- Դա մեծ թեմա է, որ նույնիսկ ուզում էի նախքան այս աշխարհից գնալս, հավաքել գիտնականների եւ պատմել ինձ հետ կատարված հրաշքի մասին: Աստված չգիտեի, գիտեի մի Քրիստոս: 1942թ. երբ կործանվեց իմ ընտանիքը, եւ ես ծանր ապրումների մեջ էի, հանկարծ մի բարձր ձայն վերեւից ասաց. «Ես քեզ կտամ 20 տոկոս առողջական»: Սա կրկնվեց մի քանի անգամ: Տարիներ անց, երբ Իրկուտսկ քաղաքում ծանր հիվանդ էի ու արդեն մահամերձ, բժշկին հարցրի, թե ինձ ինչքան է մնացել ապրելու: Պատասխանեց, որ ընդամենը 7-10 րոպե. մեկը լիներ իմ տեղը, կվախենար: Բայց հանկարծ հիշեցի, որ Աստված ինձ շնորհ է տվել, պիտի խնդրեմ, որ այդ 20 տոկոս առողջականը տա: Ասացի` Աստված ջան, թող այստեղ չմահանամ, եթե ճիշտ ես ինձ այդ նշանը տվել, փրկի: Մեկ էլ ասացին` հիվանդը լավանում է, եկա ու ուխտ արեցի: Ու սկսեցի հավատալ Աստծուն ու վստահել այդ 20 տոկոսին, անգամ դեղ չէի խմում: Հետո էլի նշաններ եղան, Աստծո հետ էի խոսում: Երեխաներս չէին հավատում, ժողովուրդը չէր հավատում, նույնիսկ Քրիստոսին չեն հավատացել, ինձ ո՞վ պիտի հավատար: Այդ ուժն է, որ ինձ պահում է:

- Ո՞րն է Ձեր մուսան:

- Բացասական երեւույթի ընկալումը, տեսնելը, զգալը, չտանելը, հակակրելն ու ատելությունը եւ սերը դեպի գեղեցիկը, բնությունը, ծաղիկն ու թռչունները: Մուսան աստվածային շնորհ է:

- Ինչպե՞ս եք վերաբերվում այսօրվա երգ ու երաժշտությանը:

- Եթե հիմա լինեի հեռուստաէկրանի առաջ, կգոռայի՝ զոռով մի՛ դարձեք գրող, զոռով մի՛ դարձեք երգող, մի՛ դարձեք այն, ինչը չունեք: Օրինակ՝ Սայաթ-Նովայի եւ մեր բոլոր աշուղների երգերը անգիր գիտեմ, իսկ նոր երգերը մնայուն չեն: Նոր սերնդի մեջ նոր երգեր կան, որ ընդունում եմ, բայց բառերը համ չունեն: Ամենալավ երգիչները այսօր աչքիցս ընկնում են, որովհետեւ անընդհատ կրկնվում են, բառերի մեջ էլ միտք չկա: Այսօր բառերը հոշոտվում են, աղավաղվում ու կործանվում է հայկականը, այն, ինչը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի ու մյուսների կողմից: Մերը ոչնչացնելով` իրենց բառերն են դնում, երգերի հետ էլ են այդպես վարվում: Մեր երգիչները հեռուստաէկրանից ավելի շատ օտարալեզու երգեր են երգում, իսկ ուրիշ ազգերը միայն իրենց երգերն են երգում: Ինչ վերաբերում է աշուղական երգին, եթե պետությունը կամ ինչ-որ մարդիկ չպահեն, ժողովուրդը հաստատ կպահի: Չէ՞ որ աշուղական երգը ժողովրդի ծոցից է ելած: Ինչպե՞ս կարելի է ծոցից ելածին չընդունել քո երեխայի պես, այլ գնալ` ուրիշին բարեգործություն անել: Ինչպես նկարիչը նկարում է կտավի վրա, աշուղն էլ նկարում է իր հոգին` բառերի միջոցով: Առաջ աղքատիկ էր ժողովուրդը ու այդքան գիտուն չէր: Երգիչը պետք է ամբողջ գյուղով տնետուն գնար, երգեր ու օտարներին հավաքեր իր շուրջը, իսկ հիմա աշուղն էլ է զարգացել, երգն էլ:

- Օրինակ՝ Գրողների միությունում միշտ լարված են փոխհարաբերությունները, իսկ Աշուղների միությունում ի՞նչ մթնոլորտ է տիրում:

- Համերաշխ ենք, ամեն կոլեկտիվում էլ ե՛ւ լավ բան կա, ե՛ւ վատ: Եթե տարաձայնություն է լինում, դրանք ստեղծագործական տարաձայնություններ են, որտեղ դրսեւորվում է անձի բնավորությունը: Մարդ կա դինջ է, դանդաղ է գրում: Մարդ էլ կա արագ-արագ ստեղծագործում է: Ուզում են` այդ արագ գրողին կանգնեցնեն, որ դինջ-դինջ գրելով գան ու հավասարվեն: Բայց ինչքա՞ն սպասեմ, որ հարյուր տարվա մեջ մի բան գրեն, եթե այդ ընթացքում արագ-արագ միլիոնավոր ստեղծագործություններ եմ գրում: Մեր միության նախագահը՝ Թովմաս Պողոսյանը, արժանավոր մարդ է, ու նրան շատ ենք հարգում: Նա է ինձ նկատել, առաջ տարել ու մայրապետ կոչումը տվել, եւ պիտի բարձր պահեմ այն` հանուն իմ վարպետի՝ Թ. Պողոսյանի:

- Ի՞նչ կասեք մայր եւ զավակ փոխհարաբերությունների մասին:

- Մայրն է ծնում, մայրն է ողբում, մայրն է ավելի շատ ծանր տանում որդու կորուստը: Նա զգայուն էակ է ու անքուն գիշերներ է անցկացնում զավակին մեծացնելու համար: Մայրն էլ է ուզում իր պտուղը վայելել: Այդ սուտ է, որ ասում են` թող միայն զավակներս վայելեն կյանքը: Ինչքան վիրավորական է, երբ առոք-փառոք պահում, մեծացնում են իրենց զավակներին, իսկ զավակները մորը` որպես փտած ցորենի թեփուկ, երեսին էլ չեն նայում կամ ասում են՝ քեզ պե՞տք է հարսանիք, քեզ պե՞տք է ուրախություն… Բայց չէ՞ որ մայրը երիտասարդ տարիներին դրանք չի տեսել, իր զավակի հետ պետք է դուրս գա ու ուրախանա: Ճիշտ է, գուցե էլ չունի երիտասարդական ավյունը, բայց նա էլ է ուզում տեսնել: Մայրերը իրենց կյանքը դնում են իրենց զավակների ոտքերի առաջ, բայց կարեւոր է, որ զավակն էլ հասկանա ու հարգի մորը: Մենք առաջին ազգն ենք, որ մայր է սիրել, բայց, ցավոք, նկատում եմ, որ հայերը դառնում են եվրոպական մտածողության տեր ու սկսել են այդքան էլ մայր չսիրել: Չէ՞ որ մայր սիրողը չի հեռանա ու կարոտով թողնի մորը: Ի դեպ, մայրական թեմայով շատ ստեղծագործություններ ունեմ գրած:

- Ո՞րն է իսկական հայուհու կերպարը:

- Հայ կինը, իմ պատկերացմամբ, առաքինի, գեղեցիկ, մարդասեր, կապտականաչ աչքերով մի համեստ աղջիկ է, որը խոնարհ ծառայում է իր ամուսնուն: Հիմա շատ հայուհիների հավանում եմ, շատերին՝ ոչ: Ուղղակի այժմ բարոյականության տեսակետից պրոպագանդան քիչ է, օրինակ՝ հեռուստատեսությամբ ցույց են տալիս եվրոպական վավաշոտ ֆիլմեր եւ կանանց մղում դեպի չարը: Տեսնում եմ, որ հիմա շատ հայուհիներ առաքինի չեն, ոչ տրամաբանություն ունեն, ոչ էլ կամեցողություն, նրանց ավելի շատ փողն է հետաքրքրում, հարուստ տղաներին ավելի են հարգում, քան խելացի ու բարոյական մարդկանց: Եթե նույնիսկ ամենավատը լինես, բայց փող ունենաս, քեզ հրեշտակի պես կհարգեն: Եվրոպական աշխարհի բոլոր փիլիսոփաները գրել են, որ ազնվական է այն կինը, որը չի սիրում հարստություն, իրեն գերադասելի է աղքատությունը: Կուզեմ, որ մեր տղաները լավ աշխատանք ունենան ու ջիգիթների պես կանանց «սանձերը» պահեն ու սանձահարեն: Այո, ուզում եմ, որ հայ կանայք միշտ սանձահարված մնան ու լինեն լավ մայր եւ խոնարհ կին: Չեմ ասում` կինը անմեղ տեղը վիզը դնի զոհասեղանին, պետք է տեղը եկած ժամանակ թեւ թեւի կռվի, տեղը եկած ժամանակ էլ ամուսնուն երեսով չտա, թե` աշխատանք չունես: Եթե ամուսինը քիչ է վաստակում, թող բարի լինի` ինքն էլ աշխատի ու օգնի ամուսնուն: Այժմ հայուհիները անընդհատ ուզում են հագնել-կապել: Ես կին եմ, բայց տղամարդկանց եմ պաշտպանում, պետք չէ վարվել էգ սարդերի նման, որ սիրաբանելու ժամանակ ուտում են որձին: Չեմ ուզում, որ հայ կանայք խժռեն ու հոշոտեն մեր տղամարդկանց, չեմ ուզում տեսնել խեղճացած այրերի:

- Ինչո՞վ է տարբերվում հայուհին օտարազգի կանանցից:

- Մեր տղաները չպետք է այլազգի կնոջ հետ ամուսնանան: Այլազգի կանայք ավելի ուժեղ են, իրենք Մարգրետ Թետչերի նման երկաթյա կամք ունեն, մեզ նման քնքուշ ու փխրուն չեն: Մենք կոտրվող ծիրանի ծառ ենք, շուտ հասնող, ուրիշին համ տվող ու շուտ էլ մարող: Իսկ նրանք ուժեղ կանայք են, դրա համար կոտրվում են մեր երիտասարդ տղաները: Հայուհին իր բարքերն ու սովորույթներն ունի ու ավելի լավն է, քան այլազգի ուրիշ կանայք, նույնիսկ ամենահետամնաց հայուհիներին ավելի բարձր եմ գնահատում:

- Իսկ վերջաբանի փոխարեն…

- Պետությունը մեր կմախքն է, որի կառավարող մարմինները փոխվում են, բայց ազգը մնում է նույնը: Ամբողջ մեր ազգի, հայության ողնաշարն է պետությունը, իսկ թեւերը մենք ենք եւ պիտի պաշտպանենք այն: Եթե կին ես առել, բայց հետո փոշմանել ես, ամեն օր չես կարող կին փոխել: Կամ եթե երեխադ ծնվել է, տգեղ է թե սիրուն, բայց կարեւորը քոնն է: Այս ազգն էլ իմ ազգն է, իմ ժողովուրդն է, իմ աշուղն է, իմ երգիչն է: Բոլորին էլ սիրում եմ, իմ կյանքում ամենքն իր տեղն ունեն, բացի գիշատիչներից, դրանց բոլորովին չեմ սիրում, չեմ խղճում: Չեմ կարողանում տանել պատերազմները, չեմ կարողանում տանել անարդարությունը, կեղեքումը, չարությունը, շողոքորթությունը: Կուզեմ, որ մարդիկ, ինչպես իրենց զավակներին, բոլորին սիրեն հավասար ձեւով: Եթե մեկը տգեղ է, չի կարելի անընդհատ մոխրոտի նման անտեսել, իսկ ով սիրուն է, միշտ մեծարել, որովհետեւ մեկը կդառնա երես առած, իսկ մյուսը՝ չար ու նախանձ, կդառնա Կայեն ու կսպանի Աբելին: Հենց նախանձությունից է ծնվում չարիքը, շատ անգամ անարդարությունից մարդն էլ է ջրի նման նեխում ու հոտում:

Զրուցեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում