livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 05, 2019

zaraՄեր զրուցակիցն այս անգամ հետաքրքիր անձնավորություն է , ով, ունենալով տեղաշարժվելու խնդիր, նույնիսկ դպրոց չի հաճախել, եւ անմատչելի միջավայրի պատճառով կրթությունը ստացել է տանը: Բայց մեր հյուրն ունեցել է բավականին կամք` բազում ձեռքբերումների հասնելու համար: Մեր զրուցակիցը «Հույսի կամուրջ» հ/կ-ի շահերի պաշտպանության պատասխանատու, «Արեւածաղիկ» ամսագրի գլխավոր խմբագիր ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆՆ է` լուսավոր անձնավորություն, ով կարող է շատերի համար լավ օրինակ լինել` կյանքում ոչնչի առջեւ կանգ չառնելու եւ ձեռբերումների հասնելու` անկախ դժվարություններից:

-Զարուհի, ու՞մ անունն եք կրում եւ արդյո՞ք սիրում եք Ձեր անունը:

- Անունս, բացի այն, որ հայկական է, մեկ այլ պատմություն էլ ունի. մայրիկս մինչ ամուսնանալը  մի ընկերուհի է ունեցել Զարուհի անունով եւ երազել է աղջիկ երեխա ունենալ ու անունն էլ Զարուհի դնել: Հայրական տատիկիս անունն էլ է Զարուհի, եւ փաստորեն, ամուսնանալուց հետո մայրիկիս երազանքն իրականացել է: Բայց, անվանս հետ կապված մի հետաքրքիր բան էլ կասեմ: Երբ ինձ 19 տարեկանից սկսեցին նաեւ  Զառա դիմել, իմ կյանքում շրջադարձ եղավ: Այն կտրուկ փոխվեց, եւ ես դա կապում եմ նաեւ «Զառայի» հետ: Ըստ իս, Զարուհի ավելի մեղմ ու քնքուշ է հնչում, Զառան իր մեջ ավելի շատ ակտիվություն, եռանդ ու կիրք է պարունակում: Ես  հավատում եմ, որ անունները շատ կարեւոր նշանակություն ունեն եւ կարող են անդրադառնալ մարդու ճակատագրի վրա:

- Ինչպե՞ս հայտնվեցիք «Հույսի կամուրջում», եւ ինչպե՞ս եղավ Ձեր մուտքը լրագրության ասպարեզ:

- Միշտ ասում եմ, որ լրագրությունն է ինձ ընտրել եւ ոչ թե` ես նրան: 7 տարեկանում եկա «Հույսի կամուրջ»` շփվելու իմ հասակակիցների հետ, եւ այստեղ իմ հասակակիցներն ինձ ընտրեցին ամսագրի խմբագիր: 1999թ-ից սկսեցի աշխատել` առանց գաղափար ունենալու, թե ինչ է լրագրությունն ու ամսագրի աշխատանքը: Շատ պրոֆեսիոնալ եւ սրտացավ մարդկանց շնորհիվ սովորեցի ոչ միայն լրագրության գաղտնիքները, այլեւ, թե ինչ է նշանակում խմբագիր լինել, պատասխանատվություն կրել եւ այլն: Լավ հիշում եմ իմ առաջին կոնֆլիկտը, երբ հատուկ դպրոցներից մեկի տնօրենը զանգել եւ բղավում էր ինձ վրա այն բանի համար, որ երեխաներից մեկի անկեղծ կարծիքն էինք տպագրել, կամ, երբ առաջին նամակներն էին գալիս խմբագրություն` տիկին Բաթոյան դիմելաձեւով. այս ամենը շատ անսովոր էր ինձ համար: Իմ առաջին ուսուցիչը լրագրության ասպարեզում Նունե Ալեքսանյանն էր, ով իմ մեջ մեծ պոտենցիալ տեսավ եւ առաջինն ինձ խրախուսեց, որ բարձրագույն կրթություն ստանամ: Մինչ այդ ես նույնիսկ դպրոց չէի հաճախել, եւ անմատչելի միջավայրի պատճառով կրթությունս տանն էի ստացել: Առաջին տարին ես չընդունվեցի, իսկ երկրորդ տարին ուժերս կրկին փորձեցի եւ ընդունվեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ:

- Ինչպիսի՞ն է մեր երկրում վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ:

- Այսօր, կարելի է ասել, մարդիկ ավելի իրազեկված են, այդ պատճառով էլ ավելի լավ են վերաբերվում իրենցից տարբերվող մարդկանց: Եթե կան մարդիկ, որ չգիտեն ինչպես վերաբերվեն, կամ ինչ անեն, դա ավելի շատ անտեղյակության արդյունքն է: Իսկ մարդիկ մեղավոր չեն, որ ինչ-որ բան չգիտեն: Եթե նրանք չունեն հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ սովորելու, աշխատելու, հասարակական վայրերում լինելու փորձ, իրենք չեն կարող նաեւ իրազեկված լինել: Ամենամեծ խնդիրը դա է. մարդիկ այսօր չունեն մեկ հասարակությունում հավասարը հավասարի հետ ապրելու հնարավորություն:

- Զարուհի, իսկ թատրոններ կամ կինոթատրոններ գնալիս անհարմարությունների շա՞տ եք հանդիպում:

- Թատրոնում շատ քիչ եմ լինում, հատուկ պայմաններ չկան ինձ նման խնդիրներ ունեցող մարդկանց համար: Միայն Տիկնիկային թատրոնն է մատչելի: Ավելի շատ «Մոսկվա» կինոթատրոն եմ հաճախում, քանի որ գտել եմ զարտուղի ճանապարհ: Իմ եւ քույրիկիս գտած այդ ճանապարհով կարողանում եմ կինո դիտել: Վերջերս մոտորասայլակ եմ նվեր ստացել, որի օգնությամբ կարողանում եմ հեշտությամբ զբոսնել քաղաքում: Ծանոթներս, իհարկե, զարմանում են` ինձ տեսնելով, բայց դա նորից նրանից, է, որ մարդիկ սայլակը ոչ թե որպես հնարավորություն, այլ սահմանափակում են տեսնում, այնինչ, դա այդպես չէ: Դրա շնորհիվ ես ինձ համար մեկ հաճելի բացահայտում եմ արել. մեր համաքաղաքացիները միշտ պատրաստ են օգնելու, եւ ես կարող եմ դուրս գալ քաղաք զբոսնելու` միայն նրանց օգնության հույսով: Որովհետեւ, երբ մարդիկ տեսնում են, որ չեմ կարողանում որեւէ բարձրությունից անցնել, առանց խնդրելու միշտ գալիս են օգնության:

- Փաստորեն, թատրոնում չեք կարողանում հաճախ լինել, բայց ինքներդ խաղում էիք ներկայացումներում:

zara2- Այո՛: Դրանք իմ կյանքի ամենալավ տարիներն էին: «Հույսի կամուրջն» ունի թատերախումբ, որտեղ խաղում են հաշմանդամություն ունեցող եւ ոչ հաշմանդամ պատանիներ: Ես նույնպես այդ խմբի կազմում էի: Խաղացել եմ Բեռնարդ Շոույի «Պիգմալիոնե», Գոգոլի «Ռեվիզորը», Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» ներկայացումներում, որոնք բեմադրում էինք հրաշալի ռեժիսոր Լեւոն Իվանյանի հետ: Բեմն ինձ հնարավորություն տվեց ազատվել բարդույթներից եւ ավելի ճիշտ գնահատել իմ ներքին աշխարհը, որն անմիջական ազդեցություն ունի նաեւ արտաքին աշխարհի վրա: Այսօր արդեն ժամանակ չունեմ, որ խաղամ ներկայացումներում: Բայց, միգուցե, օրերից մի օր նորից խաղամ, որովհետեւ թատրոնը, բեմը շատ եմ սիրում:

-Ինչպիսի՞ն են հայ կանայք Ձեր աչքերով:

- Հայ կանայք գեղեցիկ են, զուսպ եւ նվիրված: Բայց, ինձ մի բան դուր չի գալիս, որ հայ կանայք հիմնականում մեծ կախվածություն ունեն տղամարդկանցից: Ես կարծում եմ, որ հայ կանայք շատ ուժեղ են եւ նրանք պետք է վստահ լինեն իրենց ուժերի վրա:

- Որո՞նք են Ձեր կանացի թուլությունները:

- Հիմա մի քիչ տարօրինակ մարդու տպավորություն կթողնեմ, երբ ասեմ, որ կանացի թուլություններ չունեմ. չեմ սիրում շոկոլադ, պաղպաղակ, խանութներով երկար շրջել եւ այլն: Շատ եմ սիրում կատուներ եւ երեխաներին: Իմ ամենամեծ թուլությունը քույրիկներիս բալիկներն են, ովքեր ինձ կարող են կտրել ամեն ինչից: (Շատ համոզելուց հետո անկեղծացավ եվ խոստովանեց), իմ կանացի թուլությունն է նաեւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը(ծիծաղում է,-հեղ.):

- Ի՞նչ նախասիրություններ ունեք:

- Իմ նախասիրությունն աշխատանքն է: Այնքան շատ եմ սիրում աշխատանքս, որ դա ինձ համար նախասիրություն կարող եմ համարել: Եվ, բնականաբար, ընկերներիս հետ փոքրիկ հավաքույթներ անել եւ շփվել եմ շատ սիրում:

- Ի՞նչ նվերներ Է սիրում ստանալ Զարուհին: Ո՞րն է եղել ամենահիշվող նվերը:

- Պետք է ասեմ, որ ավելի շատ սիրում եմ նվերներ մատուցել, քան` ստանալ: Այն մարդկանցից չեմ, ովքեր անհամբերությամբ բացում են նվերը եւ սպասում, թե ինչ է լինելու: Իսկ ամենահիշվող նվերը արտերկրից ստացած մի բացիկ էր` բարեմաղթանքներով եւ շնորհավորանքներով: Դա ինձ համար իսկապես անակնկալ էր, քանի որ այս ինտերնետային դարում գեղեցիկ թղթե բացիկ ստանալը, համաձայնեք, իրոք, զարմանալի է, բայց եւ շատ հաճելի:

- Գիտեմ, որ ունեք նոր նախագծեր, կխոսե՞ք դրանց մասին:

- Մի երազանք ունեի` լրացնել այն բացը, որը կա տեղեկատվական դաշտում` կապված հաշմանդամության խնդրի հետ: Շատ էի ցանկանում մի հարթակ ստեղծել, որը կօգներ թե՛ հաշմանդամություն ունեցող անձանց, թե՛ լրագրողներին եւ թե՛, ընդհանրապես, նրանց, ովքեր որեւէ կերպ առնչվում են խնդրին: Եվ, 2012-ի վերջին մասնակցեցի Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթին եւ շահեցի իմ առաջին ծրագիրը: Շուտով «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում կստեղծվի այն կայքը, որի մասին վաղուց մտածում էի: Բացի այդ, իմ ընկեր Արտակ Համբարձումյանի հետ նախաձեռնել ենք տպագրական բիզնես: Նրա հետ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում մեր առաջին քայլերն ենք արել տպագրության եւ հրատարակչության ոլորտում: Մեր աշխատանքային փորձի եւ ներուժի վրա հիմնվելով` ստեղծել ենք «Զարտպրինտը», որպեսզի շարունակենք մեր սիրած գործը: Մեր նպատակը ոչ միայն հաջող բիզնես վարելն է, այլ նաեւ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար աշխատանքի հնարավորություն ստեղծելը: Բացի այդ, նախատեսում ենք մի շարք բարեգործական ակցիաներ իրականացնել` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուծմանը:

- Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք ընթերցողներին:

- Գիտակցեք, որ դուք այսօր ավելի մեծ հնարավորություններ ունեք բոլոր ասպարեզներում եւ ավելի երջանիկ կյանքի եք արժանի: Ամեն օր արթնանալիս հիշեք, որ դուք ամենալավն եք, ամենագեղեցիկը եւ ամենահաջողակը:

ՄԱՐԻԱՄ ԼԱԶՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում