livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

zara1983 թվականին գյումրիաբնակ ազգությամբ քուրդ-եզդի Պաշա եւ Նադի Մգոյանների ընտանիքում ծնվեց Զարիֆա Մգոյանը: Ճիշտ է, Մգոյաններն այդ ժամանակ արդեն ապրում էին Սանկտ-Պետերբուրգում, սակայն շարունակում էին կապ պահել եւ հաճախ լինել հայրենիքում` հայրաքաղաք Գյումրիում: Սակայն Սպիտակի երկրաշարժի ողբերգությունից հետո նրանք հազվադեպ էին վերադառնում հայրենիք, քանի որ մինչ այսօր նրանք չեն համակերպվում երկրաշարժի ժամանակ Զարիֆայի մորաքրոջ ընտանիքի անդառնալի կորստի հետ, թեպետ մխիթարվում են մորաքրոջ դստերը` Լիանային, հարազատ քրոջ պես իրենց տուն ընդունելով:

 

Ի դեպ, գյումրեցիներից շատերը երբեւէ չէին մտածում, որ իրենց աչքի առաջ մեծացած փոքրիկ Զարիֆան, վաղը կդառնա ռուսական էստրադայի ամենավառ ներկայացուցիչներից մեկը, ով ողջ աշխարհում ճանաչված ու սիրված է ԶԱՌԱ անունով:

Այսօր կայացած երգչուհին, ում մեծ ճանաչում բերեց իր հաղթանակը ռուսական «Ֆաբրիկա զվյոզդ» երաժշտական նախագծում, նշում է իր ծննդյան 30-ամյակը: «Զարուհի» ամսագիրը նույնպես հնարավորություն ունեցավ շնորհավորել ԶԱՌԱՅԻՆ ծննդյան առթիվ եւ խոսել նրա հետ հայրենիքից, ինչպես նաեւ ստեղծագործական ու անձնական կյանքից:

- Ինչպես նկատեցիք, մեր ամսագիրն ու Դուք գրեթե նույն անունն ունեք, ինչո՞ւ ոչ Զարիֆա Մգոյան, այլ ուղղակի Զառա:

- Ինձ մանկուց բոլորն ասում էին Զառա, էլ ինչո՞ւ որեւէ բան փոխել:

zara1- Զառա՛, շարունակո՞ւմ եք այսօր կապ պաշտպանել գյումրեցիների հետ:

- Մինչեւ այսօր Հայաստանում ունենք բարեկամներ եւ ընկերներ: Օրինակ, վերջերս իմ ծննդյան 30-ամյակի կապակցությամբ «Պուստ գովարյատ» հաղորդաշարը պատրաստել էր հրաշալի ծրագիր իմ ստեղծագործական կյանքի ու ընտանիքիս մասին: Եվ այնտեղ կար տեսանյութ Հայաստանից, որտեղ շատ ջերմ խոսքեր էին ասվում Գյումրիից, այնքան հաճելի էր…

- Շատերն են Ձեզ հայուհի համարում, իսկ Դո՞ւք:

- Իմ մեջ քրդական արյուն է հոսում, բայց ես ողջ կյանքս ապրել եմ Սանկտ-Պետերբուրգում եւ, կարծում եմ, որ արտիստը չունի ազգություն: Արտիստը շատ հյուրախաղերի է մեկնում եւ երգում է տարբեր լեզուներով` տարբեր ազգերի ու կրոնի պատկանելիության մարդկանց համար: Կարեւորը, որ լավ մարդ լինես եւ հիշես քո արմատներն ու հարգես ուրիշներինը:

- Քաջատեղյակ լինելով հայերիցս` բնավորության ի՞նչ դրական ու բացասական կողմեր կառանձնացնեք:

- Դրական ու բացասական կողմեր բոլոր ազգերն էլ ունեն: Շատ եմ մեկնում հյուրախաղերի եւ բազմաթիվ երկրներում եմ եղել, յուրաքանչյուր երկիր յուրովի հիասքանչ է: Եվ ես ձգտում եմ մարդկանց մեջ տեսնել միայն դրականը, այլապես ինչպե՞ս կարելի է ապրել մարդկանց մեջ` վատը փնտրելով:

- Քիչ աստղերի է հաջողվում ամուր ընտանիք ստեղծել, ո՞րն է Ձեր երջանիկ ընտանիք ունենալու գաղտնիքը:

- Ես ստեղծեցի իմ ընտանիքն ամուսնուս` Սերգեյի հետ: Մենք մեծացնում ենք մեր հրաշք երեխաներին` Դանիիլին ու Մաքսիմին: Կարծում եմ` հարգանքն ու փոխըմբռնումն է երջանիկ ընտանիք ունենալու գրավականը: Ամուսնությունից հետո ինքդ քեզ չես պատկանում, այլ պատկանում ես ընտանիքին, որը ստեղծել ես սիրած էակիդ հետ: Եվ երկուսիցս է կախված մեր ընտանիքի բարեկեցությունը:

zara2- Ձեզ լավ տնային տնտեսուհի համարո՞ւմ եք, թե՞ խիտ ստեղծագործական գրաֆիկը թույլ չի տալիս անգամ խոհանոցում լինել:

- Խոհանոցում փորձում եմ հաճախ լինել: Մեծամասամբ առավոտյան երեխաների համար շիլա եմ պատրաստում: Երբ աշխատանքից ազատ ժամանակ եմ գտնում, անպայման պատրաստում եմ տոլմա կամ աղցաններ: Ընդհանրապես, մեր ընտանիքում բոլորն էլ լավ են պատրաստում: Ամուսինս շատ լավ ուտեստներ է պատրաստում մսով, հայրս էլ մեզ «երես է տալիս» ինչ-որ արեւելյան խորտիկներ հյուրասիրելով: Դե, իսկ մայրիկս հրաշալի է պատրաստում ու միշտ սեղանը լի է լինում տարբեր կերակուրներով: Նա շատ հյուրընկալ է:

- Դանիիլի եւ Մաքսիմի համար ինչպե՞ս եք հասցնում մնալ հոգատար մայրիկ ու միեւնույն ժամանակ անընդհատ համերգային ծրագրերի ու ստեղծագործական բուռն գործընթացի մեջ լինել:

- Այստեղ որեւէ գաղտնիք չկա: Ամեն ինչ շատ պարզ է: Ես երջանիկ եմ ե՛ւ աշխատանքի վայրում, ե՛ւ տանը: Աշխատանքի վայրում կարոտում եմ ընտանիքս, իսկ տանը` հանդիսատեսիս ու իմ ստեղծագործական գործընթացին: Անչափ շնորհակալ եմ հարազատներիցս, որ ինձ հնարավորություն են տալիս համատեղել սիրված աշխատանքս սիրելի ընտանիքի հետ:

- Ի՞նչ կցանկանայիք փոխել Ձեր կյանքում:

- Ոչինչ, ամեն ինչ իր հունով է ընթանում: Կարեւորը, որ բոլորն առողջ լինեն, մնացածը կլինի այնպես, ինչպես ինքդ ես կամենում:

- Դուք մի շարք մրցանակներ ունեք, ո՞րն է Ձեզ համար ամենաթանկը:

- Մի անգամ իմ գործընկեր, ընկեր եւ ուղղակի տաղանդավոր մարդ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դմիտրի Պեւցովը ասաց. «Զառունյա, ժողովրդի սերը ոչինչով չես գնի»: Սա է իմ ամենակարեւոր ու թանկ մրցանակը, երբ հանդիսատեսը գալիս է համերգի` նայում է, լսում, հուզվում ու գնահատում ծափահարություններով:

zara3- Քանի որ մասնագիտությամբ դերասանուհի եք ու ֆիլմերում բազմաթիվ կերպարներ եք կերտել, այսօր ո՞րն է Ձեզ համար գլխավորը` դերասանուհո՞ւ, թե՞ երգչուհու կարիերան:

- Իհարկե, երգչուհու: Ցավոք, ֆիլմում նկարահանվելու հաճախ չեն հրավիրում,  եւ ես էլ դերի հարցում շատ բծախնդիր եմ: Ուզում եմ խաղալ խորը, հուզառատ կնոջ դեր, ով դժվար ճակատագիր է ունեցել կամ նկարահանվել զինվորական հայրենասիրական ֆիլմում: Իսկ այսպես, իհարկե, երգչուհի լինելն ինձ համար առաջին տեղում է, չէ՞ որ 12 տարեկանից պրոֆեսիոնալ բեմում եմ:

- Դուք ունեք զուգերգեր միջազգային հռչակ ունեցող աստղերի հետ, բայց կա՞ մեկը, ում հետ երազում եք զուգերգ կատարել:

- Անկեղծ ասած, երազում էի երգել Շերի եւ Շառլ Ազնավուրի հետ: Եվ երազանքիս մի մասը կատարվել է, երբ երկու տարի առաջ Կաննում` Ռուսաստանի մշակույթին նվիրված երեկոյին, երգեցի «Հավերժական սեր» երգը ու բեմահարթակի անկյունից մոտեցավ Շառլ Ազնավուրը եւ հոտնկայս ծափահարեց:

- Իսկ ո՞ւմ կառանձնացնեք հայկական էստրադայից:

- Շատերին եմ հավանում: Հատկապես կցանկանայի առանձնացնել Թաթա Սիմոնյանին, ու անպայման ուզում եմ նշել Անատոլի Դնեպրովի հետ նրանց համատեղ աշխատանքը` «Հայաստան իմ» երգը: Կցանկանայի նշել նաեւ Էդվարդ Խաչատրյանի անունը, ում հետ միասին մենք մի մրցույթի էինք մասնակցում եւ առաջին տեղը երկուսիս մեջ կիսվեց: Ի դեպ, շատ հաճելի էր նրան տեսնել Ռուսաստանի առաջին ալիքի եթերում` «Ձայն» երաժշտական նախագծում:

zara4- Հետաքրքիր է, որ Ձեր կատարմամբ «Դլե յամանը» տարբեր ազգերի, մեծ դահլիճների ու հանրահայտ մարդկանց է լացացրել:

- Դա իմ շնորքը չէ, այլ հենց ժողովրդի կողմից ստեղծված երգինը, իսկ ես զուտ վերապրում եմ այդ զգացումները, որոնք ունենում է հանդիսատեսը իմ կատարման ընթացքում: Այստեղ կարեւոր է, որ արտիստն ու հանդիսատեսը նույն զգտացողությունն ունենան: Չպետք է լինի ոչ մի կեղծիք եւ սուտ: Ահա եւ ողջ գաղտնիքը: Ինձ համար հեշտ չէր հասնել նրան, որ այս երգը հնչեր ռուսաստանյան «Երկու աստղ» նախագծում: Ինձ մոտ գաղափար ծնվեց այն մեկտեղել ռուսական ժողովրդական երգի` «Էխ, տի ստեպ»-ի հետ եւ իմ գործընկեր եւ ընկեր Դմիտրի Պեւցովը աջակցեց ինձ: Եվ մենք հասանք նրան, որ ռուսական առաջին ալիքի միջոցով այն հնչեց ողջ աշխարհում: Նշեմ, որ մեկ ամիս առաջ լույս տեսավ իմ նոր ալբոմը` «Քո սեւ աչքերում» վերնագրով, որտեղ այդ երգը նույնպես ընդգրկված է:  

- Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք հայուհիներին:

- Թող միշտ լինեն հյուրընկալ, պատրաստակամ եւ հանելուկային, ինչպիսին որ կան:

Զրույցը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում