livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

Zaruhi-XachatryanՀակոբ Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհի ԶԱՐՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ, ով գրեթե 20 տարի աշխատում է եւ նվիրված է թատրոնին, վերջին շրջանում միայն հանդիսատեսի որոշակի զանգվածի հայտնի դարձավ սերիալներից: Սիրված դերասանուհին հպարտ է, որ ունի ամուր ընտանիք: «Զարուհու» հետ զրույցում դերասանուհին անկեղծացավ, որ այդ ամուր ընտանիքը կազմել է հենց թատրոնից.

Ընտանիքս կազմվել է թատրոնից: Ընդունվեցի մեր թատրոն, որտեղ եւ  հանդիպեցի իմ ապագա ամուսնուն: Նա թատրոնում նվագախմբի արտիստ էր` երաժիշտ: Լավ ընկերներ էինք, երբեք չմտածելով, որ ընտանիք կկազմենք իրար հետ, որովհետեւ թատրոնում բոլորս ընկերներ էինք: Բայց շնորհակալ եմ Աստծուն, որ ճիշտ ընտրության վրա  ինձ կանգնեցրեց: Փառք Աստծո, իսկապես հրաշալի ամուսին ունեմ, կազմել եմ շատ ամուր ընտանիք, ունեմ երեք զավակ` երկու տղա, մեկ աղջիկ: Առ այսօր ամուսինս ինձ հետ համաձայն է ամեն ինչում: Նա ամեն ինչ արել է, որ ես լինեմ թատրոնում, ես էլ ամեն ինչ անում եմ, որ նույն հավասարակշռությունը պահեմ ե՛ւ թատրոնում, ե՛ւ ընտանիքում: Երբեմն ասում են` եթե թատրոնի դերասանուհի է, ուրեմն նորմալ ընտանիք չունի: Բայց ես երկուսն էլ դրել եմ հավասար նժարների վրա:

- Բայց դա հազվադեպ է լինում:

- Ոչ, մեր թատրոնում նման ընտանիքներ շատ կան, նույնը կարող եմ ասել Արթուր եւ Սաթենիկ Կարապետյանների, Նարինե եւ Վարուժան Մանուկյանների մասին: Ես հպարտանում եմ, որ մեր թատրոնում շատ ամուր ընտանիքներ կան:

- Ինչպե՞ս ստացվեց Ձեր ամուսնությունը:

Zarra- Ես այնքան նվիրված էի թատրոնին, որ չէի պատկերացնում եւ չէի էլ մտածում ամուսնության մասին: Թատրոնի իմ ընկերուհիներն ասացին. կամ պիտի ամուսնանաս Տիգրանի հետ, կամ էլ` մեզ հետ ընկերություն չես անի: Բայց ուրախ եմ դրա համար, իսկապես իմ ամուսինը յուրահատուկ տղամարդ է ոչ միայն արտաքնապես, այլ նաեւ հոգով, իսկ հոգու գեղեցկությունն ամենակարեւորն է: Իմ կարծիքով` մեր ամուսնությունը ներդաշնակ է, հիմա շատ բաներում մենք իրար նմանվել ենք, համարյա թե նմանատիպ ենք մտածում միեւնույն հարցի շուրջ: Եթե լինում են տարաձայնություններ, կամ ես եմ իրեն համոզում, կամ նա` ինձ:

- Երեխաներն ինչո՞վ են զբաղվում:

- Տղաներիցս մեկը այս տարի կավարտի դպրոցը, կարող էր անցյալ տարի ավարտել, եթե մեկ տարին չավելացնեին: Ասեմ, որ հետաքրքիր բան կատարվեց, ինքս լինելով դերասանուհի, արվեստի մարդ, ամուսինս` նույնպես, չուզեցինք, որ մեր երեխաները արվեստի մեջ լինեն:

- Սովորաբար այդպես է լինում: Ինչո՞ւ:

- Որովհետեւ մենք անցանք շատ դժվարին տարիներ: Գուցե հիմա ժամանակները փոխվել են, վերաբերմունք կա արվեստի հանդեպ: Սակայն այն վարձատրությունը չկա, որ հետագայում տղամարդ լինելով` տղաներս ընտանիք կազմեն եւ կարողանան իրենց ընտանիքն ամուր պահել` նորմալ վաստակելով: Ի՞նչ են մեր դերասանները,15 տեղ աշխատում են, որպեսզի ընտանիք պահեն, էլ այդ տղամարդու վրա ի՞նչ ուժ եւ վիճակ պիտի մնա, որ նա կարողանա երեխաների դաստիարակությամբ զբաղվել: Դրա համար ուզում եմ, որ տղաներս այնպիսի մասնագիտություն ընտրեն, որ առավոտյան գնան աշխատանքի, տուն գան ժամը 7-ին ու մնացած ժամանակը նվիրեն իրենց ընտանիքին: Իրենք ֆիզիկա-մաթեմատիկա լավ են հասկանում եւ այդ ուղղությամբ կշարունակեն: Ասեմ, որ երկուսն էլ երաժշտական կրթություն ունեն, ե՛ւ թատրոնն են սիրում, ե՛ւ արվեստ հասկացությունը, հրաշալի նկարում են, նվագում, բայց դա չի խանգարում, որ իրենք ունենան ուրիշ մասնագիտություն: Աղջիկս չորս տարեկանից պարում է «Նանե» պարային համույթում, բազմաթիվ անգամ համերգներով տարբեր երկրներում մասնակցել է փառատոների, բերել մրցանակներ, սակայն  իրեն էլ եմ ասում` պիտի ընտրես ուրիշ մասնագիտություն: Ինչքան կարող ես` պարիր, բայց պիտի ունենաս հիմնական մասնագիտություն: Արդեն նա պարուհի է, ես չեմ կարծում, որ դրա համար էլ պիտի գնա ինստիտուտ ավարտի:

Ասեմ, որ պարային համույթը վերջերս մասնակցեց մանկական «Եվրատեսիլի» բացմանը` հանդես գալով դոփապարով, որի հենց կենտրոնում իմ աղջիկն էր պարում: Նա բազմաթիվ հաջողություններ ունի, բայց չեմ ուզում, որ շարունակի, քանի որ այսօր ո՛չ պարն է նորմալ գնահատվում, ո՛չ թատրոնը: Դրսում դերասաններն ի՞նչ գումարներ են վաստակում, ծիծաղելի է, երբ պրոֆեսիոնալ դերասանին կանչում են ու ասում. «Տասը հազարով կգա՞ս նկարվես», վիրավորական է, ավելի լավ է` ապտակեն, քան թե նման բան ասեն: Մի խոսքով, ես չեմ ուզում, որ իմ երեխան անցնի այն ամենի միջով, ինչ որ մենք ենք անցել:

zaruhi-xhachatryan1- Իսկ Ձեր աղջկան պարի ինքնե՞րդ եք տարել:

- Ես պարը զգում եմ ամբողջ մարմնով ու հոգով, դրա համար, երբ աղջիկս դեռ փոքր էր, երաժշտություն լսելիս սկսում էր պարել, այնպես, ինչպես ես էի զգում: Ես շատ եմ ուզել պարուհի լինել, սակայն, հանգամանքների բերումով` չստացվեց, եւ շատ ուրախ եմ, որ դերասանուհի դարձա, ինչը նույնպես երազել եմ նորից մանկուց: Մի խոսքով, երբ տեսա, որ 2-3 տարեկան երեխաս տարբեր ոճի երաժշտություն լսելիս ինչպես է փոխվում երաժշտության հետ, որոշեցի տանել պարի: Երկար եմ համոզել ամուսնուս, նա սկզբում դեմ էր, բայց, երբ ընկերները տեսան, թե երեխան ինչպես է պարում, համոզեցին: Կանգ առա «Նանե» պարային համույթի վրա, որովհետեւ այստեղ կա այնպիսի դաստիարակություն, որը կա ոչ բոլոր պարային խմբերում: Այստեղ ոչ միայն մարմինն են կրթում, այլեւ հոգին:

- Լավ, իսկ ինչպե՞ս եք հասցնում լինել ե՛ւ թատրոնում, ե՛ւ ընտանիքում:

- Ինքս շատ արագաշարժ եմ, եւ երեւի դրա հետեւանքով իմ կյանքի ռիթմը շատ արագ է: Շատ վաղ եմ արթնանում եւ շատ ուշ եմ քնում: Քանի որ սիրում եմ թատրոնը եւ ընտանիքս, ամեն ինչ ուզում եմ լինի նորմալ վիճակում: Դրա համար էլ, երեւի, հասցնում եմ: Հետո արդեն, այն դժվարությունները, որ ունեի սկզբում, երբ նոր էին երեխաներս ծնվել, հետս բերում էի թատրոն, մինչեւ նրանց մանկապարտեզ գնալը հաղթահարեցի: Դե, երեխաներս ծնված` մեկ ամիս հետո ես արդեն բեմի վրա եմ եղել: Բայց այդ դժվարություններն արդեն անցյալում են, շատ բաներ իրենք ինքնուրույն կարողանում են անել, բայց ես առ այսօր հետեւում եմ իմ երեխաներին չափից դուրս, անընդհատ պիտի իմանամ` որը որտեղ է, եթե  հնարավոր է, պիտի գնամ, տանեմ տուն, կապ չունի, թե տղա է: Աղջկաս մենակ ընդհանրապես չեմ թողնում: Թեպետ 12 տարեկան է, իսկ ինքը հաճախ գնում է պարի, պարից տուն, եթե ինքս չեմ հասցնում, մայրիկիս եմ խնդրում կամ ամուսնուս:

- Ասում են` երեխաների հետ հոգսերն էլ են մեծանում:

- Այո, ամեն հոգսն` իր հերթին, բայց Աստված գիտի` ում ինչ է տալիս: Այսպիսի մի բան կա, մի մարդ գալիս է Աստծո մոտ, ասում. տեր Աստված, այս խաչը, որ ինձ տվել ես, շատ ծանր է, խնդրում եմ, վերցրու, ուրիշը տուր: Աստված ասում է` լավ, եւ վերեւից խաչեր է թափում ու ասում` ընտրիր որն ուզում ես: Մարդը սկսում է ծանր ու թեթեւ անել եւ վերջում կանգ է առնում մի խաչի վրա ու ասում. այ, սա եմ ուզում: Աստված ասում է` ետ դառ նայիր, թե ինչ խաչ է, ու շրջվում տեսնում է, որ իր խաչն է: Ուրեմն Աստված գիտի, թե ում ինչ է տալիս:

- Ձեր ամուսինն այսօր նո՞ւյնպես թատրոնում է աշխատում:zaruhi-xhachatryan

- Ոչ, ամուսինս` Տիգրան Գրիգորյանը, հիմա «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնի տեխնիկական տնօրենն է: Նա հիմա ավելի շատ շոու-բիզնեսում է:

-  Ի՞նչ խորհուրդ կտաք հայ կանանց, որպեսզի ընտանիքն ամուր պահեն:

- Յուրաքանչյուր կին` ընտանիք կազմելիս, պիտի մի կողմ դնի սուր ամբիցիաները եւ ուղղակի շատ հարգի իր տղամարդուն: Ասում են` երբ որ սիրում ես, ամեն ինչ մոռանում ես: Ոչ, երբ հարգում ես, այդ դեպքում ես ամեն ինչ ներում: Աստված ինքն է ներում մեզ: Ո՞վ ենք մենք, որ չկարողանանք ներել դիմացինին: Հաճախ ասում են` Աստված արդար է, ո՛չ, Աստված սեր է, մենք էլ պիտի սիրենք մեր դիմացինին: Պիտի քրիստոնյա կյանքով ապրենք, իսկ քրիստոնյա ընտանիքը երբեք չի քանդվի: Ես խորհուրդ եմ տալիս իսկապես քրիստոնյա լինել, ոչ ձեւական: Երբ իսկապես քրիստոնյա ես լինում, ընտանիքդ ամուր է լինում: Այսինքն` ներելու զգացողությունը Աստծո կողմից մեծ շնորհ է մարդուն տրված: Երբ դիմացինին կարողանում ես ներել, դրանից երբեք չի քանդվում ընտանիքդ:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում