livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 05, 2019

(Ըստ սասունցիների ազգագրական սովորույթների)

taraz-3Ամուսնական անհավատարմությունը խիստ հազվադեպ էր, եւ եթե լինում էին դեպքեր, պատժվում էին նույնիսկ մահով: Եթե անհավատարիմ կնոջ եղբայրը կամ ամուսինը սպանում էր նրան, հասարակական կարծիքը միշտ արդարացնում էր այդ գործողությունը: Եթե ամուսինը կուլ էր տալիս կնոջ անառակությունը, տվյալ ընտանիքը, ամբողջ ազգատոհմը արատավորվում էր, եւ համայնքում, որպես պարսավանք, նրանց կոչում էին այդ կնոջ անունով, ասենք` «Սոնենց տներ»: Հաճախ նման պախարակված ընտանիքը հեռանում էր համայնքից:

Ավանդաբար ձեւավորվել են տարբեր կենցաղային սովորույթներ, որոնք, ըստ ամենայնի, կնոջ նկատմամբ սոցիալական վերահսկողության միջոցներ են: Դրանցից են նաեւ հագուստի մեջ կիրառվող սահմանափակումները: Կնոջ հագուստում ամրագրված արգելքները միտված էին ընդգծելու նրա հնազանդությունը, քողարկել-ծածկելու կանացիությունը, բարեմասնությունները, մարմնի աչքի ընկնող հատվածները, նրան դարձնելով նվազ գրավիչ: Սասունցի կնոջ հագուստի եւ արտաքին հարդարանքի հանդեպ այնպիսի սահմանափակումներ էին կիրառվում, որոնք կապված էին տարիքային տարբերությունների եւ սոցիալական մի խմբից ու կարգավիճակից մյուսին անցնելու հետ: Հագուստի եւ արտաքին հարդարանքի մեջ արգելքներ կիրառվում էին նորահարսի, մասամբ նաեւ տարեց կանանց նկատմամբ: Տարիքային բոլոր խմբերին բնորոշ էր այն, որ նրանք հագնում էին երկար թեւքերով, կրծքամասը փակ, մինչեւ կրունկները հասնող զգեստ: Կնոջ մերկ թեւերը, ոտքերը, չպետք է երեւային: Հագուստի մեջ կարելի է առանձնացնել նաեւ այրի կնոջ հագուկապը, որն աչքի էր ընկնում մուգ գույներով եւ զարդերից զուրկ լինելով:

taraz-1Տարազի մեջ կնոջ նկատմամբ կիրառվող սահմանափակումներն ավելի ցայտուն են արտահայտված գլխի հարդարանքում: Հարսնացուն, մտնելով ամուսնական տարիքային խմբի մեջ, կրում էր գլխի բարդ հարդարանք: Ամուսնացած բոլոր կանայք, տարիքից անկախ, իրավունք չունեին բաց գլխով ման գալու: Կնոջ գլուխը բաց տեսնելն ամոթ էր համարվում եւ դատապարտվում հասարակության կողմից: Գլխաշորը, աղջկա տարիքային հասունացման վկայական լինելուց բացի, համարվել է նաեւ նրա խորհրդանիշը: Ահա թե ինչու Սասունում նշանդրեքին խնամախոսներն ասում էին. «Եկել ենք մի լաչակ խնդրելու»: Բանասացները վկայում էին, որ երբ անգամ 8-9 տարեկան տղա էր տուն մտնում, առանձնացած տարեց կինը մազերը սանրելիս ընդհատում էր հարդարումը եւ շալը գցում գլխին:

Ամոթալի ու անպատվաբեր էր համարվում հարսին հերարձակ, ինչպես նաեւ ոտնաթաթն ու կրունկը բաց տեսնելը: Հարսի դեմքը բացելու արարողությունը հայտնի էր որպես «երեստեսնուկ»: Երիտասարդ աղջիկներին եւ կանանց ընդհանրապես արգելվում էր կտրել մազերը, ներկել աչքերը, միայն ձեռքերն էին հինա դնում, որը կանանց մարմնի խնամքի միակ թույլատրելի եւ ընդունելի ձեւն էր: Երիտասարդ հարսներն իրավունք չունեին մազերը սանրել ավագ տարիքի մարդկանց ներկայությամբ: Եթե հարսը սանրվելիս լիներ եւ սկեսուրը ներս մտներ, ապա պարտավոր էր անմիջապես ծածկել գլուխը: Մազերը թաքցնելու սովորույթի հիմքում ընկած է այն մտայնությունը, թե հերարձակ, գլխաբաց կինը կարող է նաեւ դժբախտության պատճառ դառնալ: Փաստորեն, հայոց մեջ ընդունված բարոյաիրավական օրենքները դրոշմ են թողել ոչ միայն ընտանեկան-հասարակական հարաբերություններում, կնոջ վարվեցողության կանոններում, այլեւ ազդել են հագուկապի, արդուզարդի վրա:

Քողի կիրառությունը կապված է կնոջ ներփակ կյանքի ու չխոսկանության հետ: Թերեւս դա կապված է նաեւ սեռական արգելքի հետ: Գ. Սրվանձտյանցի հավաստմամբ, Տիգրանակերտում հայ կանայք եւ աղջիկները փողոց դուրս գալիս ծածկվում էին սպիտակ կամ կապույտ ծածկոցներով` սավաններով, մինչդեռ գյուղերում դրա կարիքը չէր զգացվում, քանի որ այնտեղ միայն հայերով են շրջապատված եղել: Քրդերի եւ թուրքերի բռնություններից խույս տալու նպատակով քաղաքում հայ կինը չէր կարող դուրս գալ առանց ուղեկցության կամ առանց ծածկվելու: Հայերը թուրքական թաղամասերով ազատ, համարձակ անցնել չէին կարող: Հայ կանայք եկեղեցի, շուկա գնալիս կամ, առհասարակ, փողոցով քայլելիս ստիպված էին մինչեւ աչքերը շալերով ծածկվել, որպեսզի չնկատվեր նրանց գեղեցկությունը: 1918-1920 թթ. Հայաստանի Հանրապետություն թուրքական ներխուժումների ժամանակ արեւմտահայ փախստական երիտասարդ կանայք օտարների ձեռքը չընկնելու նպատակով դեմքներին ծեծած սխտոր էին կապում` վերքոտ ու անհրապույր տեսք ունենալու համար: Ինչպես մահմեդականների շրջապատում, հայոց մեջ էլ ամուսնու հետ կնոջ հասարակության մեջ դուրս գալը չէր խրախուսվում: Գերդաստանում խստորեն արգելվում էր աղջկան տղայի զգեստներ հագցնել. Բաղեշում նման դեպքերում աղջկան կզօղլան էին անվանում, իսկ տղան աղջկա գլխաշոր կրելիս ստանում էր ստորացուցիչ կզիկ (ղզիկ) բնորոշումը: Ըստ տեղական հայ բնակչության պատկերացումների, եթե տղան հագներ աղջկա շորեր, ապա կկարծվեր, որ «խերը կփախնի տնից», որդեղենը (արական սեռը) տնից կպակասի, տղա երեխայի քոքը (արմատը) կկտրվի: Ըստ սասունցիների պատկերացումների` դրանով տղան նաեւ կհավասարվեր աղջկան, մինչդեռ նա ավելի «թանգ է»:

tarza 2Մինչեւ բազմազավակ մայր դառնալը հայ կինը կաշկանդված էր, որից հետո միայն վայելում էր գերդաստանի ազատ հարաբերություններն ու հարգանքը:

Երիտասարդ կանանց մասին սովորաբար ասվում էր. «Կնիկմարթ ձեռաշոր է», «Կնիկմարդ պետք է փակ լինի, իրավունք չունի օտար կամ դրացի մարդու թեւ ընկնի», «Ամուսինը կնոջ թագավորն է», «Տղամարդ որ կա` գլուխ է, կնիկ որ կա` ոտ է» եւ այլն: Կինը պարտավոր էր լինել ամուսնուն հավատարիմ, ենթակա նրա ծնողներին ու մերձավորներին, անտրտունջ կատարել իր վրա դրված պարտականությունները:

Ընտանիքում եւ հասարակության մեջ առանձնապես պատիվ չուներ ամուլ կինը: Նրան վերաբերվում էին իբրեւ անպտուղ ծառի, «չոր կոճի»: Տղամարդկանց հավասար ծանր ու դժվարին աշխատանքներ կատարելու համար այդպիսինն ընտանիքում նաեւ արժանանում էր կարեկցանքի ու խղճահարության:

ՌԱՖԻԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

(Շարունակելի)

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում