livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

alla-tumanyan1-Սունդուկյանի անվան թատրոն եկա Վարդան Աճեմյանի հրավերով, ով վստահեց ինձ Ամալյայի դերը Շիլլերի «Ավազակներ»-ում եւ նույն տարին էլ նկարահանվեցի «Տղամարդիկ» ֆիլմում: Սունդուկյան թատրոնում 19 տարի աշխատելուց հետո մի փոքր վիճաբանություն ունեցա, որից  հետո տեղափոխվեցի «Մետրո» թատրոն:

- Հիշո՞ւմ եք Ձեր առաջին բեմելը:

- Առաջին անգամ բեմ բարձրացա 4-րդ դասարանում՝ խաղում էի Պուշկինի «Ոսկե ձկնիկը» բեմադրության մեջ տատիկի դերը եւ մինչեւ հիմա սպասում եմ իմ ոսկե ձկնիկին: Դպրոցում խաղում էի ամեն տարի, մենք շատ լավ թատերախումբ ունեինք: Իսկ դիպլոմային աշխատանքս ինստիտուտում եղավ Վալյայի դերը՝ Արբուզովի «Իրկուտսկյան պատմութուն» պիեսում: Ես մեծ բավարարվածություն ստացա դերիցս:  Իսկ ավելի ուշ՝ նույն դերը խաղացի նաեւ հեռուստատեսությամբ. այն ժամանակ դեռ կար հեռուստաթատրոնը: Ի դեպ, շատ մարդիկ ինձ հիշում են «Բարդի իմ կարմիր գլխաշորով» հեռուստաներկայացումից: 1973 թվականն էր՝ մոտ 40 տարի առաջ: Այնտեղ հանդես եկա Գուժ Մանուկյանի հետ: Ավաղ, չեն պահպանվել ներկայացման տեսագրությունները: Այն ժամանակ ժապավենները գրվում եւ ջնջվում էին:  Պիտի ասեմ, որ բոլոր դերերս էլ ինձ համար շատ թանկ են: Թատրոնում էլ գլխավոր դերեր շատ եմ խաղացել: Ֆրունզիկ Մկրտչյանի հետ խաղացի Ռոստանի «Սիրանո դե Բերժերակ» պիեսում Ռոքսանի դերը, ափսոս, որ ներկայացումը կարճ կյանք ունեցավ: Ինստիտուտն ավարտելուց հետո ռուսական թատրոնից էլ էի հրավեր ստացել, բայց տատիկս՝ լինելով լեհուհի. ի դեպ, նա է ինձ մեծացրել, միշտ ասում էր. «Դու չգիտես, թե կյանքդ ինչպես կդասավորվի, կարող է գնաս հայկական բեմ եւ լինես հայոց ազգի դերասանուհի»: Նա շատ իմաստուն կին էր... Փաստորեն, ես մնացի Հայաստանում, 19 տարի աշխատեցի Սունդուկյան թատրոնում, ամուսնացա շատ երիտասարդ հասակում՝ 19 տարեկանում, ունեցա երկու զավակ, եւ սկսեցին իմ հոգսերը, թատրոն, կինո, հեռուստատեսություն, տուն, ճաշ, խանութ, լվացք... Կնոջ համար այն ժամանակները հոգսաշատ էին, հիմա ամեն ինչ հեշտացված է: Իհարկե, հայ կանայք, հիմնականում Սովետի ժամանակաշրջանում, շատ տանջված էին:

- Փաստորեն, լեհական արմատնե՞ր ունեք:

- Այո, հորս մայրը լեհուհի էր: Տղաս՝ Արմենը, անընդհատ հետաքրքրվում է իր արմատներով: Նրան շատ հետաքրքիր է ե՛ւ տատիկիս, ե՛ւ իր հորական պապիկի՝ Սերո Խանզադյանի կողմը: Ինձ թվում է, կարեւոր է, թե դու ով ես, ովքեր են քո ծնողները, որտեղից ես գալիս, որ իմանաս, թե ուր ես գնում:

- 19 տարեկան հասակում եք ամուսնացել, դա այն ժամանակ ընդունված էր:alla-tumanyan3

- Այո, աղջիկները Հայաստանում շուտ էին հասունանում, սիրահարվում եւ ամուսնանում ու շատ հաճախ սխալվում: Իսկ հիմա նորմալ մարդիկ ունենում են սիրած տղա՝ բոյֆրենդ, որի հետ հանդիպում են, սովորում են, իրար հետ ապրում եւ դրանով իրենք կամ վերջնականապես միանում են ու դառնում զույգ, կամ էլ բաժանվում են: Բացահայտում չեմ անում, բայց գտնում եմ, որ դա ճիշտ է:

- Տիկին Ալլա, ասում են, որ հայ կանայք մոռանալով իրենց մասին՝ շատ են մտնում կենցաղի մեջ:

- Որովհետեւ հայ տղամարդիկ ամուսնանում են, որ այդ կինը ոչ թե իրենց համար ընկեր լինի, այլ՝ իր շորերը լվացող, ճաշ եփող, տուն մաքրող, երեխաներ բերող... Այո, սովետական կանայք հնարամիտ էին, նույնիսկ կարող էին գազի պլիտայի մեջ իրենց մազերը չորացնել: Իսկ երբ գալիս էր սեպտեմբերը, ես օրերով պահածո էի փակում: Իհարկե, այդ կենցաղը ծերացնում է: Այն կանայք, որոնք մի քիչ ավելի թեթեւ են նայում կենցաղին, կամ ինչ-որ մեկն իրենց փոխարեն կենցաղային գործեր է անում, ավելի լավ են պահպանվում: Տատս կնյազի լեհական ցեղից էր, ասում էր. «Ունեի լվացք անող, որ լվացքն ու արդուկն էր անում, տնային աշխատող, որ ճաշ էր մատուցում, հագուստներն էր կախում, դայակ, որ երեխաներին էր նայում, եւ խոհարար, որ աման էր լվանում, շուկա էր գնում, ճաշ էր եփում: Դու ե՛ւ տնային աշխատող ես,  ե՛ւ լվացք անող, ե՛ւ խոհարար, ե՛ւ դայակ ու նաեւ դերասանուհի ես, կին, մայր, դու վազում ես, վազում ես, բայց մի օր ընկնելու ես»: Իսկապես,  եթե ես չպլանավորեի իմ օրը, ոչինչ չէի հասցնի: Իմ կյանքը վազքի մեջ է անցել: Հիմա, երբ ասում են, որ այն ժամանակ բոլոր տղամարդիկ ցանկանում էին քեզ, հիանում էին քեզանով, դու «աստղ» էիր, զարմանում եմ: Ես դա չէի նկատում, գուցե զգում էի, բայց դրանից հաճույք չէի ստանում: Կյանքս եղել է միշտ պարտականությունների ու հոգսերի մեջ: Երբ ես «Երջանկության մեխանիկա»-ում նկարահանվեցի՝ ընկերներս ասում էին, որ դա քո կյանքն է: Ինձ տեսնում էի այդ կերպարում, որովհետեւ անընդհատ հոգս եմ տեսել եւ փորձել ամեն ինչ հասցնել:

alla-tumanyan2- Ասում են, երբ տղամարդը դավաճանում է՝ կինն է մեղավոր:

- Ընդհանրապես կանայք եւ տղամարդիկ տարբեր ազգեր են: Տղամարդիկ կարող են նույնիսկ ամենագեղեցիկ կնոջը դավաճանել, դա արդեն իրենց էությունն է: Իսկ կանայք շատ ավելի նվիրված են: Դրա համար ամուսնանալիս պիտի ընտրես այնպիսի մեկին, որը առաջին հերթին  կլինի քեզ ընկեր, կկիսի քո հոգսը, մեջք մեջքի կտաք ու կստեղծեք ձեր ընտանիքը: Այդ դեպքում ընտանիքը պինդ կլինի: Իսկ ընդհանրապես, տղամարդկանց հեռու թողնել չի կարելի: Մի՛ թողեք «խոպան» գնան, ասեք՝ արի միասին աշխատենք կամ միասին գնանք: Երբ բաց ես թողնում՝ վերջանում է ամեն ինչ, ու մի օր պարզվում է, որ այնտեղ ուրիշ ընտանիք ունի: Այ, այդ մասին կարելի է ֆիլմ նկարահանել, թե որքան դժբախտություն բերեց այդ «խոպանը» ու քանի ընտանիք քանդեց: Իհարկե, կինը պիտի իրեն հետեւի, գոնե կես ժամ շուտ արթնանա ու իրեն հատկացնի, որովհետեւ ոչ ոքի հետաքրքիր չէ կիսաքուն կամ չլողացած մեկը, որից քրտինքի հոտ է գալիս: Կան շատ մանրուքներ: Ամեն մի ընտանիք տարբեր է, բայց կա մի ընդհանուր ճշմարտություն՝ ամուսինդ պիտի լինի կողքիդ: Աղջկանից շատ բան է կախված: Ընդհանրապես ընտանիքը փակ դուռ է, որտեղ ոչ ոք իրավունք չունի մտնելու: Այն աղջիկները, որոնց թվում է, որ ավելի կերջանկացնեն ամուսնացած տղամարդուն, չարաչար սխալվում են: Նույնիսկ, եթե նրանց հաջողվի գրավել դիմացինի տեղը, վաղը նույն ճակատագրին կարժանանան: Կան ամուսնալուծված կամ չամուսնացած տղամարդիկ, ընտրեք իրենց մեջ, բայց մի՛ պղտորեք ու մի՛ մտեք ուրիշի ընտանիք: Ընտանիքը սրբություն է:

- Ընտանեկան հոգսերը Ձեզ շա՞տ են խանգարել դերի մեջ լիարժեք մտնելու համար:

- Իհարկե, երբ Երեւանից դուրս եմ նկարահանվել, ավելի հանգիստ եմ ստեղծագործել, որովհետեւ կենցաղից դուրս էի, երեխաներին տատիկներն էին նայում: Սա այնպիսի  գործ չէ, որ մեխը վերցրեցիր, մուրճը խփեցիր, ու վերջ: Այն էմոցիաների հետ կապված աշխատանք է:

- Եվ այդպես Ձեզ հաջողվեց մի քանի ֆիլմերում կերտել անկրկնելի կերպարներ:

- Ես 20 ֆիլմ ունեմ, որից 7-ը անընդհատ ցուցադրվում է: Սիրում եմ «Խնձորի այգին», «Երջանկության մեխանիկան», իմ առաջին ֆիլմը՝ «Տղամարդիկ»-ը, նույնիսկ էպիզոդիկ դերերս եմ սիրում: Ես հազվադեպ եմ նայում իմ ֆիլմերը, որովհետեւ չեմ կարոտում: Բայց, եթե, օրինակ, տասը տարի չտեսնեմ, երեւի հաճույքով կնայեմ: Ֆիլմը նայելու ժամանակ հիշողությունների գիրկն եմ ընկնում, թե ինչ էր կատարվում նկարահանման ընթացքում. իմ տունը, հարաբերություններս, երեխաներս:

- Իսկ Ձեր մասնակցությամբ սերիալնե՞րը:

- Սերիալը նայում եմ եւ ուզում եմ նայել: Նույնիսկ որպես դերասան՝ չեմ սիրում, երբ 20-րդ սերիան ենք նկարահանում, բայց դեռ 2-րդն են ցուցադրում, որովհետեւ ես էլ եմ մոռանում: Նայում եմ, որ տեսնեմ, թե ինչպես է զարգանում, ինչպես եմ աշխատել: Հեռուստասերիալն ամենադժվար գործն է, ամենօրվա քննություն է, անշնորհակալ աշխատանք, նույնիսկ չունենք պրեմիերա: Ֆիլմը գրված է սկզբից մինչեւ վերջ, դու ունենում ես պրեմիերա, ծափահարություններ, որը արտիստի հացն ու ջուրն է: Թատրոնում եւ կինոյում դա զգում ես, բայց  հեռուստասերիալը երբ ավարտվում է դատարկություն ես զգում միայն ու վերջ, մեկ շաբաթ հետո մոռացվում ես:

- Լինելով 90-ականների կանացիության խորհրդանիշ՝ ի՞նչ խորհուրդ կտաք այսօրվա երիտասարդ աղջիկներին:

alla-tumanyan- Մի քիչ էլ պիտի Աստծո ու ծնողների կողմից տրված լինի: Եթե չկա, պետք չէ շպարվելով, կարճ հագնելով ուշադրություն գրավել: Երբեք չեմ ցանկացել ուշադրություն գրավել իմ հագուստով: Երբեմն ստիպված եմ լինում ինչ-որ մի տեղ գնալիս շքեղ ու տոնական հագնվել, բայց կյանքում շատ պարզ ու հարմարավետ եմ հագնվում: Իհարկե, այդ արքայազնը կգա, ամեն մի աղջկա համար ինչ-որ մեկը կա: Որքան լինեն պարզ, առանց ձեւերի ու ավելորդ տատուների, այնքան ավելի գրավիչ կլինեն: Ինձ համար դա անհասկանալի է, չէ՞ որ Աստված մեզ մաքուր է ստեղծել: Կարող ես ինչ-որ մի բան կրել, հագնել, որ գեղեցիկ լինես, բայց քո վրա «նկարելը» չեմ ընդունում: Եթե տգեղ ես, դա քեզ ավելի «վուլգար» է դարձնում, «կանչում» է: Պետք չէ կանչել, քեզ կփնտրեն եւ անպայման կգտնվի մեկը, որ քեզ կգնահատի որպես մարդ եւ կին: Եթե նախկինում մենք ոչ փողից էինք խոսում եւ ոչ էլ մտածում էինք այդ մասին, ապա հիմա երիտասարդների համար պարտադիր է, որ մեքենայով տանեն-բերեն, հարուստի հետ ամուսնանան: Ես տեսնում եմ, թե ինչքան տղա է թափառում փողոցում, սրճարաններում: Չէ՞ որ մենք ծնվում ենք, որպեսզի մի բան անենք այս աշխարհում ու գնանք: Հո չե՞նք եկել այստեղ երկար մնալու, որքան շուտ հասկանանք դա, այնքան լավ: Երբեք ժամանակս հենց այնպես չեմ վատնել, նստել, բամբասել: Եթե նույնիսկ հավաքվում էինք աղջիկներով, ես ձեռագործ էի անում, որովհետեւ ափսոսում էի ժամանակս:

- Շատերը կարծում են, որ այդպես վայելում են կյանքը, իսկ դո՞ւք...

- Ես պիտի երեխաներ ծնեի, դաստիարակեի, առնեի, բերեի, եփեի, հյուր կանչեի... Կարծում եմ, դա է ապրելը: Հասկանում եմ, որ մարդուն հանգիստ է պետք, բայց ես հանգստանում էի, երբ մի գործ էի անում ու իրավունք ունեյի մի քիչ շունչ քաշել: Այս տղան, այն տղան, այս գնեցի, այն գնեցի, այս սրճարանից այն սրճարանը... երբեք դա չեմ հասկացել:  Երեւի թե դա պիտի մարդու մեջ լինի մանկուց: Ճիշտ դաստիարակությունը կարեւոր է: Եթե ծնվել ես՝ մի բան պիտի տաս քո ազգին, քո կողքինին:

- Իսկ դրա փոխարեն՝ ոմանք դիմացինին տրորելով վեր են բարձրանում:

- Դե, դա կյանքի օրենքն է. կա՛մ քեզ, կա՛մ դու: Իհարկե, ես չեմ կարող  տրորելով անցնել, միշտ ձեռքս կմեկնեմ ընկած մարդուն: Ես այդ ոհմակ հասկացողությունն ատում եմ: Մարդիկ չար են, չգիտես թե ինչու: Բայց չէ՞ որ դու իմ տեղը չես կարող գրավել, ստեղծիր քո աշխարհը եւ այդ աշխարհում եղիր առաջինը: Եթե իմ մասնագիտությունից ելնելով՝ ինձ սիրում է հարյուր մարդ, թող քեզ տասը սիրի, բայց արժանացի դրան: Երբեք չեմ եղել այնտեղ, որտեղ շատ մարդիկ կան, հավաքվում էին, ցույցեր էին անում, ինչի եկանք... Ես ընտրել եմ բեմը, շատ եմ սիրում իմ հանդիսատեսին, բայց՝ մի մետր հեռավորության վրա եւ մի մետր ներքեւ: Իհարկե, դահլիճ պահելը շատ դժվար բան է, կարծես մենամարտի գնաս, հետո կամաց-կամաց իրեն պիտի դարձնես քոնը:

- Ո՞րն է Ձեր կյանքի նշանաբանը:

- Մի խելացի մարդ ասել է. «Ապրեք այնպես, կարծես ապրում եք դրախտում, սիրեք այնպես, կարծես ձեզ երբեք չեն դավաճանել, պարեք այնպես, կարծես ձեզ ոչ ոք չի տեսնում»: Աշխատում եմ ապրել այսպես:

Զրույցը՝ ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում