livemarks sitemap
Կիրակի, Սեպտեմբերի 22, 2019

(Ըստ սասունցիների ազգագրական սովորույթների)

hayuhi3Մինչդեռ, որքան շատ արու զավակ ունենար կինը, այնքան կշիռ եւ իրավասություն էր ստանում ընտանիքում ու հասարակության մեջ: «Ես տասը տղամարդու մայր եմ»,- լսվում էր շատ անգամ նրանից: Բազմազավակ կանանց գլխաշորը դիտվում էր որպես սրբություն եւ տվյալ ընտանիքի պատիվը: Դրա միջոցով հաճախ հաշտեցնում էին կռվող կողմերին:

Ընտանեկան վարվելակարգի մեջ առանձնանում են նաեւ ծնողների ու երեխաների եւ ամուսնական զույգերի միջեւ գոյություն ունեցած որոշակի սահմանափակումները: Ըստ այդ նորմերի` ծնողները, փաստորեն, քողարկում էին իրենց զավակներին սիրելն ու գուրգուրելը: Մեծ վիրավորանք ու անարգանք էր համարվում մեծերի կամ օտար մարդկանց ներկայությամբ երեխային գուրգուրելը: Երբ հայրը երեխային գիրկն առած նստած էր, եւ այդ պահին ներս էր մտնում տան մեծը, նա իրեն զգում էր հանցանքի մեջ բռնվածի դերում: Բարոյադաստիարակչական տեսակետից գերդաստանի տղամարդիկ խուսափում էին իրենց կանանց հետ ցերեկը տան մեջ առանձնանալուց, օտարների եւ տնեցիների ներկայությամբ կնոջ հետ նուրբ վարվելուց. առանձին խոսակցություն նրանց միջեւ չէր լինում: Գերդաստանում տիրում էին տղամարդու` դեպի իր կինը եւ երեխաները սառը, արտաքուստ անտարբեր հարաբերություններ:

hayuhi1Խուսափման սովորույթի դրսեւորումներն ամուսինների հարաբերություններում հասնում էր այն աստիճանի, որ նրանք ուրիշների ներկայությամբ ոչ միայն չէին խոսում իրար հետ, այլեւ չէին տալիս միմյանց անունները: Յուրաքանչյուր կոնկրետ միջավայրում ձեւավորվել էր արտահայտման որոշակի ձեւ:

Հարգի էր կնոջը ոչ թե անձնանվամբ, այլ նրա ծննդավայրի կամ ծնողների անունով դիմելը: Սովորույթի համաձայն` ամուսինը իր կնոջ հանդեպ ուրիշների ներկայությամբ ավելի քիչ հարգանք պետք է ցույց տար, քան մյուս հարսների:

Կինն էլ ավելի մեծ հարգանք էր ցուցաբերում տեգրերի հանդեպ, քան ամուսնու: Նույնիսկ ամուսնու` պանդխտության գնալու ժամանակ կամ մահվան դեպքում կինը չպետք է բարձր ձայնով լաց լիներ, դա մեծ ամոթ էր համարվում:

Գերդաստանում իրար դիմելիս գրեթե բոլորն էլ խուսափում էին արտասանել անունները` նրանց չարքերից զերծ պահելու նպատակով: Անգամ տարեց կինն իր ամուսնու մասին ասում է «տղուս» (մեծ տղայի անունը տալով) հերը կամ այսինչի (սկեսրայրի անունը տալով) տղեն, կամ էլ շատ մեծ տարիքի լինելու դեպքում` «մարդս»:

hayuhiՉնայած կնոջ արտաքուստ պարփակված վիճակին, հասարակական կյանքին ոչ ակտիվ մասնակցությանը, այնուամենայնիվ, պարկեշտության ու աշխատասիրության շնորհիվ նա հարգված էր ընտանիքում: Ավանդույթի խորքային դրսեւորմամբ հայկական ընտանիքում ներընտանեկան հարաբերություններում ընդունված է եղել տան մեծ տղամարդու գլխավորությունը` մեծ տիկնոջ խորհրդատվական դերով: Ընտանիքում նրանց հարգում ու ենթարկվում էին բոլորը: Հայերը կնոջ նկատմամբ վերաբերմունքը համարում էին «պատվի հարց»:

Ընտանիքում եւ հասարակության մեջ կնոջ դերի ու պահվածքի մասին բանահյուսական բազմազան նյութեր են պահպանվել` առածներ, դարձվածքներ, թեւավոր խոսքեր եւ այլն: Օրինակներ` «Կնիկդ որ լավ ըլնի, մի էթա հարսանիք, տանըդ ամեն օր հարսանիք ա ու հարսանիք. թե կնիկդ փիս ըլնի, մի էթա մեռլատուն, տունդ ամեն օր մեռլատուն ա ու մեռլատուն», «Լավ կնիկը տուն ու տեղ է, վատ կնիկը` ցավ», «Մեռնի քո կնիկ, ավրի քո տնիկ», «Տուն թող կնիկ էլնի, թող գեշ էլնի», «Կնիկը թանկ ի ուր գլխավորով, տղեն` իր խեր ու մերով», «Կնիկը տղամարդու հոգին ա», «Կնիկ մարդ որ կա` մարդու կյանքն ա» եւ այլն:

Դիպուկ են նկատել օտար ճանապարհորդները, որ հայ կնոջ դիրքը չի կարելի համեմատել Արեւելքի կնոջ հետ, որովհետեւ նա օգտվում է մեծ հարգանքից, որպիսին, թերեւս չունի նույնիսկ եվրոպացի կինը: Ժողովրդական սովորույթներն ուսումնասիրելու նպատակով 1843 թ. Հայաստան այցելած Օ. Հակստհաուզենը նշում է, որ հայկական գերդաստանի ներսում կանանց վիճակը միանգամայն տարբեր է Ասիայի այլ ժողովուրդների հետ համեմատած. հայուհիներն ունեն. «հաւասարութիւն իրաւանց եւ արժանաւորութիւն… առ մահմեդականս կանայք ի ծառայ արանց լինել ծնեալք են քան թէ հաւասար նոցին … Եթէ այրն մեռաւ յառաջ քան զնա, կինն ունի զտեղի նորա եւ յիրաւունս ի մէջ գերդաստանին. ամենեքին հնազանդին նմա եւ յարգեն որպէս զնոյն ինքն զհայրն գլխաւորն տան (որպէս էր մայրն Աբովեանի), ուստի եւ չէ մարթ հաւասարել զնա ընդ արեւելեան կանայս. զի նա այսչափ յարգ եւ վարկ ունի` որչափ եւ ոչ կանայք Եւրոպիոյ»: Ռուս նշանավոր ճանապարհորդ ազգագրագետ Ն. Ալեքսանդրովը գրում է. «Կանանց դաստիարակումը զերծ չէր որոշ խստություններից, բայց այն չի կարելի անվանել ոչ ստրկություն, ինչպես մահմեդականների մոտ, ոչ ճնշում»: Ահա թե ինչ է գրում Ա. Ելիսեեւը. «Եվ, հիրավի, շատ տեղ այդ երկրում (խոսքը Թուրքիայի մասին է.- Ռ. Ն.) չկա մեկ տուն, որ կառուցած չլինի հայը, չկա մի տեղական կտոր, որ գործված չլինի հայի ձեռքով, չկա պտուղ, որ հայի այգուց դուրս եկած չլինի: Այդ բոլորի համար, անկասկած, աշխատասեր եւ եռանդուն հայը շատ բանում պարտական է յուր գլխավոր օգնական կնոջը: Միշտ գործունյա հայուհին ճշմարտապես կարող է համարվել հայ ազգության գլխավոր հենարանը: hayuhi2Հայ կինը այն շաղախն է, որ միացնում եւ ամրապնդում է հայ գերդաստանը, ընդ սմին եւ հայ ազգությունը գլխովին... անկասկած, Արեւելքում այդ արժանավորագույն կանանցից մեկն է հայ կինը... Հայուհին ամուր պահպանելով գերդաստանի միությունը, ամուսնական անկողնու մաքրությունն եւ ընտանեկան օջախի սրբությունը, դորանով պահպանել է քայքայման հաճախ մերձ եղած յուր ազգի ամբողջությունը... Անխոնջ աշխատասիրությունը հայուհու կյանքի անբաժան հատկանիշն է` գլխավոր առաքինություններից մեկը»:

Հայ կնոջ տնտեսվար ու գնահատված դերի մասին է բանագետ Ս. Հարությունյանի հետեւյալ բնորոշումը` «Հա անկնիկ տուն, հա անալյուր ջաղաց»: Տղամարդու պատիվը բարձրացնողն էլ է կինը, պատվազուրկ անողն էլ:

Ամփոփելով ասենք, որ հայկական ավանդական ընտանիքում կինը հարգանք է վայելել: Իսկ կանանց նկատմամբ կիրառվող խուսափման ու սահմանափակումների տարաբնույթ ձեւերն ու սովորույթները հիմնականում ձեւավորված հասարակական-քաղաքական անբարենպաստ իրավիճակներում ու պետականության բացակայության ժամանակաշրջաններում հայ ընտանիքի բարոյական հիմքերն ամուր պահելու նպատակ էին հետապնդում եւ սերունդների համար դաստիարակչական նշանակություն ունեին:

 ՌԱՖԻԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում