Հարսանիքի հաջորդ օրը...

Հարսանյաց հանդեսից հետո իր կարեւորությամբ երկրորդ արարողությունը նվիրված է «խնձորին»: Չնայած շատ վիճելի է, թե նրանցից որն է առաջինը:

 

Հարեւան-բարեկամ կանայք ներկայանում են տարիներով մշակված այդ արարողությանն այնպիսի տեսքով, կարծես եկել են ՄԱԿ-ի նստաշրջանի: Մեծ կարեւորություն տալով կատարվողին` ոչ ոք չի մտածում, որ մասնակցում է բացահայտ` «օրենքով ընդունված» բամբասանքի: Կարմիր խնձորի կամ, այսպես ասած, հարսանիքից հետո երիտասարդ աղջկա կուսությունից զրկման երեւույթը դարերով եկած մի ահազդու հրեշավոր կուռք է: Կուռքի կավե ոտքերն արդեն փշրվել են, այն վաղուց ընկել ու քարուքանդ է եղել, բայց ստեղծված կարծրատիպը պարունակում է սարսափ ազդել իգական սեռի բոլոր ներկայացուցիչների վրա: Արտահայտություններս արդարապաշտ մեր մեծերին, իհարկե, դուր չեն գա, բայց հույս ունեմ, որ նրանք ասելիքս ճիշտ կընկալեն ու ինձ անարգանքի սյունին չեն գամի:

Իրականում ի՞նչ է նշանակում հարսանիքից հետո բերվող կարմիր խնձորը: Երբ դեռ փոքր էի, դրա մասին ամաչում էի բարձրաձայն խոսել, երբ մեծացա, ասացին`  ջահել աղջիկ ես, ինչո՞ւ ես այդքան հարցեր տալիս, ժամանակը կգա` կիմանաս: Հետո հասկացա, որ ամեն ինչ չէ, որ պետք է տատիկին ու մայրիկին հարցնելով իմանալ, սկսեցի ինքս փնտրել պատասխանը գրքերում եւ ընկերներիս հետ զրույցներում: Թե ինչ ապրեցի առաջին անգամ, երբ ընկերուհիս ծնողներից թաքուն մի քրքրված գիրք բերեց սեռական կյանքի մասին, որտեղ կարդացի նկարագրությունն այն բանի, որ կոչվում է  կուսությունից զրկում, ուղղակի աննկարագրելի էր: Շոկային վիճակը բավական երկար տեւեց այն իմաստով, որ նայում էի շուրջս ու չէի կարողանում հասկանալ: Լավ, եթե այդ երեւույթի մասին խոսելը ամոթ է, ապա ինչպե՞ս են այդ նույն աղջիկները (համեստ, ամոթխած) հետո հղի վիճակում փողոց դուրս գալիս:

Լավ, բայց ի՞նչ ասել է մաքրություն: Բնական է, անարատությունը կարեւոր է, բայց հոգեւոր հայրերն ընդունում են, որ կինը կարող է ոչ կույս լինելով ամուսնանալ եւ վատաբարո լինելով քանդել ամուսնու օջախը` այն շենացնելու փոխարեն: Մյուս կողմից` հնարավոր է, որ կինն ինչ-ինչ պատճառներով կույս չլինելով կարող է այնպիսի ընտանիք կազմել, որն ապրի Աստծո եւ մարդկային հասարակության օրենքներին համապատասխան:

Չամուսնացած աղջկա հղիության չորրորդ ամսում մայրն իմանում է դրա մասին, արագ տեմպով պայմանավորվում ընկերուհու հետ, մեկնում ուրիշ քաղաք, այնտեղ հղիությունն ընդհատում, վերադառնում, մի երկու ամիս հետո փեսացու գտնում, շքեղ հարսանիք անում` կարմիր խնձորի արարողությունն էլ հետը:

Հեքիաթ չէ: Իրականում նման բաներ լինում են: Արդեն տարածված երեւույթ է այն, որ ներկայումս «առաջադեմ» աղջիկներն իրենց բոլոր հաճույքները բավարարում են, իսկ հարսանիքից առաջ գնում ծանոթ գինեկոլոգի մոտ, որոշակի գումարով վերականգնում իրենց «անմեղությունը»: Մի կողմից` կարելի է ասել` ի՞նչ անենք, տղաներին կարելի է, իրենց` ո՞չ: Բայց չէ՞ որ դրանով նրանք խաղում են այն իրոք մաքուր աղջիկների անվան հետ, ովքեր գիտակցաբար մնում են անաղարտ իրենց սիրելիի համար:

Ստացվում է մի յուրահատուկ փակ շրջան, որի ելքը, այո, այժմ չի երեւում: Չնայած դա հնարավոր էլ չէ, եթե հաշվի առնենք, որ խնդիր, որպես այդպիսին, չի լինի, եթե մարդիկ այն չստեղծեն:

Սովորենք հարգել կնոջը, այլ ոչ թե կասկածել, մանավանդ` ապացուցված է, որ կանանց որոշակի տոկոս ի ծնե չունի կուսաթաղանթ: Պետք չէ կնոջը նվաստացնել` գինեկոլոգի մոտ քարշ տալով: Ախր, սիրելիներս, եթե չեք հավատում նրան, ում հետ ուզում եք ընտանիք կազմել, ուրեմն մի՛ արեք այդ քայլը: Ի վերջո, կնոջ ներաշխարհը, մարդկային հատկանիշները, կին ու մայր, հոգատար տնտեսուհի լինելու որակները բոլորովին կապ չունեն կուսաթաղանթի հետ: Այն կորցնելով` կինը չի արժեզրկվում: Երբ սրա հետ կհամաձայնեն բոլորը, մենք շատ ու շատ խնդիրներ լուծելու մասին չենք մտածի, քանի որ դրանք պարզապես չեն լինի:

ՄԱՐԻԱՆՆԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ