livemarks sitemap
Ուրբաթ, Սեպտեմբերի 20, 2019

AIDA1Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Բաբաջանյան համերգասրահում հյուրախաղերով հանդես եկավ ՌԴ Կալինինգրադ քաղաքի պոեզիայի թատրոնը, որի բեմականացմանը աջակցում էր «Լիանա Զոհրաբյան ասմունքի կենտրոնը»: Գրական հանդիսության անվանումը`«Սերը գոյության հանճարն է միայն» խոսուն էր այն առումով, որ ծրագրում ընդգրկված էր մասամբ դասական, ժամանակակից բանաստեղծների լիրիկան, որն ունկնդրին մատուցվեց բեմական բարձր ճաշակով, վարպետ կատարումների մակարդակով: Ռուսաստանյան հայ համայնքի պոեզիայի թատրոնին այս անգամ բերել էր Հայրենիք` «Արի տուն» հայրենականչը, որը բեմահանդեսում ներկայացրեց Մայր հայրենիքի, պանդխտության, սիրո, մայրության նվիրված թեմաներ: Զրույցը Կալինինգրադի հայ համայնքի պոեզիայի թատրոնի ղեկավար, մշակույթի նվիրյալ, ասմունքող-մանկավարժ ԱԻԴԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ ծավալվեց երեւանյան շրջագայության մասին:

-Մենք այստեղ` Երեւանում զգացինք մի կարեւոր ջերմ ու սրտագին վերաբերմունք, որը չեմ կարող ասել այլ հյուրախաղերի մասին: Մենք մեր տանն ենք, մեզ մեր հարազատներն են ծափահարում, որը իսկական տանտիրոջ, իսկական անկեղծ հարազատի ընդունելության է նման: Այս ջերմագին ընդունումն, իհարկե, երկուստեք կարոտ է, ետկանչ դեպի վերադարձի ճամփա, եւ ընդհանրապես խորհուրդ` սիրո արտահայտում առ ասմունքն ու պոեզիան, առ Հայրենիքը:

- Պատմեք, խնդրեմ, ե՞րբ մեկնեցիք ռուսական հեռավոր ափեր:

- Արդեն 2000թ.-ից եմ այնտեղ բնակվում, այդ քաղաքի մշտական բնակիչներից եմ: Ամուսինս 1993-ից այնտեղ աշխատում էր:

- Հայկական համայնքի գործունեության վերաբերյալ ի՞նչ կասեք:

- Ունենք հայ համայնքի կենտրոն, որը ղեկավարում է Ֆելիքս Գեւորգյանը: Կալինինգրադն ունի մոտ 15 հազար հայ բնակչություն, որոնք մեծ մասամբ ունեն իրենց զբաղմունքը: Մեր համայնքի ստեղծումը այդ գեղեցիկ քաղաքում հիրավի, բոլորի ուշադրությունը գրավում է, այն, արդեն շուրջ10 տարվա պատմություն ունի: Համայնքի ղեկավարությունը ջանադիր աշխատանքներ է կատարել, որոնք զուտ  ազգային, մշակութային շահերից են բխում: Նշեմ, որ մեր հայ համայնքը շատ համախումբ, միասնական է: Ունենք հայկական եկեղեցի, կիրակնօրյա դպրոց, մշակութային,- գեղարվեստական խմբեր` ասմունքի, պարի... Ի դեպ, բազմաթիվ են մեր գրական-երաժշտական միջոցառումները, որոնցով հանդես ենք եկել  Կալինինգրադ, Գդանսկ քաղաքների համերգային սրահներում, այգիների բացօթյա զբոսավայրերում: Եվ, ինչ խոսք, ռուս հանդիսատեսի գովասանքին ենք արժանացել: Թեմատիկ ելույթներով հանդես ենք եկել Կալինինգրադի հայտնի համերգասրահներում:

- Ամեն անգամ նույն ծրագրով եք աշխատում, թե՞ նորն եք ներկայացնում:

- Միջոցառումներն ունեն իրենց խորագրերը. տոնական օրերի, հիշարժան տարեթվերի առիթով անցկացրել ենք զանազան հանդեսներ. «Կին, մայր իմ անուշ», «Հաղթանակի կանչ» միջոցառումները, որոնք այնքան բավականություն պատճառեցին հանդիսատեսին: Մենք այժմ ծրագրում ենք Գրիգոր Նարեկացուն նվիրված գրական-երաժշտական հանդես կազմակերպել, շրջագայության մեկնել ՌԴ-ի եւ սփյուռքի այլ հայկական համայնքներ: Իհարկե, ունենք երկժամյա նոր ծրագրեր, որոնք պիտի մեր գործընկերները`շնորհալի կատարողներ Կարինե Գեւորգյանը, Անի Բեգլարյանը, Անի Հախվերդյանը (որն իմ դուստրն է) բեմական բարձր մակարդակով ներկայացնեն: Գոհ ենք երեւանյան ամառային այս գրական միջոցառումից, իրենց օժանդակությամբ մեզ աջակցեց ճանաչված ասմունքող Լիանա Զոհրաբյանն իր ստուդիայով եւ ասմունքով, ում մեր երախտիքն ենք հայտնում:

- Մինչ Կալինինգրադ տեղափոխվելը ի՞նչ զբաղմունք եք ունեցել:

- Մասնագիտությամբ մանկավարժ բանասեր եմ, ավարտել եմ Երեւանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը: Աշխատել եմ  մայրաքաղաքի Սարյանի անվան թիվ 45 դպրոցում, որտեղ գրական երեկոներ եմ կազմակերպել նվիրված` հայ անվանի գրողների հոբելյաններին: Միաժամանակ  ասմունքել եմ, արտասանության դասեր ուսանել Լաուրա Դավթյանի ստուդիայում: Դեռեւս մանկությունից սիրել եմ արտասանել, պոեզիան իմ սերն է եղել. պաշտել եմ դասական պոեզիան, արտասանել Սայաթ-Նովա, Թումանյան, Իսահակյան, Տերյան, Չարենց, Շիրազ, Սեւակ, Սահյան... Հետագայում արտասանել Լյուդվիգ Դուրյան, Արամայիս Սահակյան, կին պոետներից` Սիլվա Կապուտիկյանի, Մետաքսեի, Ալիսիա Կիրակոսյանի, Լարիսա Մինասյանի եւ մյուսների գործերը, որոնք մինչ օրս ջերմությամբ ենք ներկայացնում գրասեր հասարակությանը: Եվ, երբեմն էլ ասմունքում եմ այն չմոռացվող անունների՝ աշուղ Զաքարեի, Վարանդի գործերը, որոնք չգիտես թե ինչու հաճախ անտեսված են: Ի վերջո, մեր գրականությունը, պոեզիան այնքան հարուստ ու տարատեսակ գանձեր ունի, որոնք այնքան հետաքրքիր են ու իմաստուն, մորմոքուն, միաժամանակ` ցավ ամոքող...

- Պոեզիան, երգը  հոգուց բխող իմաստուն խոսքեր են, որոնք մարդու հոգեխորքն անսահման հուզականությամբ են լցնում, քնարական այդ պարփակումն, անշուշտ, միայն հայ հանդիսատեսինը չէ, այն այլազգի լիրիկապաշտներին եւս գոհացում է հաղորդում:

- Մեր հանդիսասրահներում ունկնդիները միայն հայեր չեն. նրանց մեջ օտարազգիները երբեմն առանց բառերը հասկանալու` ոգեւորվում են, ծափահարում մեզ: Իրենք՝ ռուսները, մեծ սեր ունեն դեպի ասմունքն ու հումորը, պարն ու մեր հայկական երգերը: Օրինակ՝ ռուս կանայք լսելով մեր ասմունքը, անկեղծորեն խոստովանանք են անում. «Մեր բարձի տակ դնում ենք հայոց բանաստեղծուհու՝ Սիլվա Կապուտիկյանի թարգմանված ստեղծագործությունները: Այդ գրքերը  սիրահար օրերի, երազների հետ մեզ ուղեկցելու են մինչ ծերություն: Մենք Կապուտիկյանին սիրում ենք, ինչպես մեր բանաստեղծ դուստրերին` Մարինա Ցվետաեւային, Աննա Ախմադուլինային, Վերա Զվյագինցեւային, Ռիմա Կազակովային...»: Մենք հայերս, դրսում այս խոստովանանքներից ուժ ենք առնում` կարծես թեւավորվում ենք:

- Գեղեցիկ, բեմական արտաքին ունեք, օժտված եք արտիստական շնորհներով. արդյո՞ք սերիալներում նկարահանվելու պատվերներ կամ առաջարկներ չկան:

- Այդ ուղղությամբ հետաքրքրություն ունեմ, բայց այնքան է մղումս, որ նախագծերն ինձ դուր գան. ես ավանդապաշտ եմ, ընտանիքիս հավատարմությունն անխախտ, ամրակուռ պահող: Հայուհին ուր էլ գնա, որ իրավիճակում էլ հայտնվի, պիտի չմոռանա, որ նաեւ ազգիս պատվի համար է ապրում...

- Դուք կողմնակից չե՞ք ազատ բարքերի: Ցավոք, այսօր ոմանք այլ երկրներում շրջանցում են պատվախնդրության վեհագույն գործոնը: Չե՞ք կարծում, որ դրսում հայրենի հողի կարոտի հետ պիտի բարոյականի մասին եւս հոգալ, որպեսզի հայուհու մաքրամաքուր հեղինակությունը չարժեզրկվի:

- Այո՛, հայուհին գլուխը բարձր պիտի պահի ամենուր, որտեղ էլ նա ապրի: Եվ, չէ՞,որ սահմաններ գոյություն ունեն, հայուհին պիտի տարբերվի իր ազգային արժանապատվությամբ:

- Տարերքով եք արտասանում, ի՞նչ է ձեզ համար պոետական խոսքը:aida

- Ինձ համար պոեզիան ամեն ինչ է. սեր է, բնություն, կանչող ձեռք, կարոտ, թախիծ, դաստիարակող ուժ: Պոեզիան սեր է արթնացնում եւ գեղեցիկ զգացողություն ավելացնում:

- Ըստ Ձեզ այսօր արդյո՞ք հայոց լեզուն պահպանվում է ընտանեկան առօրյա խոսքում:

- Հայոց լեզուն դրսում, օտարության մեջ մենք պահպանում ենք` երեխաներին սովորեցնում մեր մայրենին, Տերունական աղոթքը, հայրենասիրական երգերը: Կիրակնօրյա դպրոցում հայ երեխան մայրենիով թոթովում է իր նախնիների լեզվով այբուբենը:

- Բեմից անկրկնելի արտասանեցիք Ավ.Իսահակյանի «Երազ», Սահյանի «Ջաղացպանի աղջիկը», Ա.Սահակյանի «Ինչեր ասես չենք արել սիրահարված ժամանակ» բանաստեղծությունները:

- Այն, ինչ սեր ու նվիրում է, այն ինչ երջանկություն է, ես պատառիկներ եմ բաժանում բեմից, որ լսողի ունկին հասնի այս ապրումները: Եվ, երանի բոլորն ապրեն սիրո գոյությամբ, որ խաղաղվեն ողջ մոլորակի այս կամ այն փոթորկումն ու ալեբախումները:

- Աստված սեր է, հետեւապես սիրո արտահայտումն է չափածո խոսքը:

- Ես ապրում եմ պոեզիայով, ասմունքով. այն միշտ զորեղ լույսի ճառագայթ է ավելացնում բոլորիս հոգուն եւ բալասան է հայ մարդու կարոտակեզ հայացքին:

- Երբեւե մտածում ե՞ք` մշտապես հայրենի եզերք վերադառնալ, որպեսզի ուծացումից զերծ մնան ձեր թոռնիկները:

- Մտահոգություններ ունենք, բայց... սպասում ենք ազատ, անկախ մեր Հայաստան  երկրի շենացմանը:

Հարցազրույցը`

 ԼՈՒՍԻՆԵ ԹՈՓՈՒԶՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում