livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 09, 2019

Ով իմ մեջք գետին դնի՝

Ես էնոր կառնեմ

 

Հայուհու ավանդական հավաքական կերպարը շատ դիպուկ ներկայացրած է «Սասնա ծռեր» էպոսում, որը մի շարք հետազոտողներ հակված են համարել յուրահատուկ «Հայոց Աստվածաշունչ»: Էպոսում մեր աչքի առաջ հառնող հայուհիները շատ կանացի են, պարկեշտ, առաքինի, բայց միաժամանակ` շատ ուժեղ: Դե, իսկ նրանց ունեցած իրական ազատության աստիճանն այնպիսին է, որ ցանկացած «գերզարգացած» դա նույնիսկ ամենաֆանտաստիկ երազում չի տեսել:

 

ԵՎ այսպես, սկսենք Գագիկ թագավորի դուստր Ծովինարից: Նա անառարկելիորեն պատրաստ է ինքնազոհության, միայն թե Հայոց երկիրը ազատի արհավիրքից.

 

Ծովինար խանում ասաց.

- Որ ես էն կռապաշտ թագավոր չառնեմ,

Զամեն տի սպանի իմ պատճառով,

Աղեկն էն է, ե՛ս էրթամ,

Ուրիշ մարդու թող բան չըլնի:

Ե՛ս մենակ մեռնիմ իմ հոր թերեն.

Ես մեկ ջան եմ, էրթամ, կորսըվիմ,

Զանց մեր Հայաստան էրկիր ավերի,

Էն հազար հազար հոգիք կորուսանին:

Դարձավ ասաց.- Հա՛յրիկ, ինձ տուր էնոր:

 

Բայց միաժամանակ նա ամենայն հնարամտություն է բանեցնում` ժամանակ շահելու, որպեսզի օտարի առագաստում չհայտնվի.

 

Աղջիկ գնաց հոր մոտ, ասաց.

- Հա՛յրիկ, Խալիֆային ասա`

Ջոկ տեղ քոշկ ու սարայ մի շինի,

Ինձ որ տանի, էնտեղ դնի.

Մեկ տարի մոտ ինձ չգա,

Իմ հետ փարդան չմտնի:

Հա՛յրիկ, դու էլ մեկ քահանա դիր հետ ինձ,

Որ առավոտ, իրիկուն ժամ ասի,

Ես իմ աղոթք անեմ, մնամ մեր օրենքով.

Մեկ էլ քեռմե՛ր մի դիր հետ ինձ, ես կ՛էրթամ:

Ես ինչ ասի, Խալիֆային խնդրի,

Որ էն բաներ կատարի:

 

Ծովինարը նաեւ մոգական հնարքի է դիմում, որպեսզի լույս աշխարհ բերի հայ դյուցազուններ.

 

- Աստվա՛ծ, դու մեկ աղբուր էստեղ բուսցես,

Մեկ էլ ինձի մեկ լուս ու ճար անես:

Աստուծու հրամանով, ծովըն բացվավ,

Մի շատ համեղ ջուր դուրս էկավ:

Նայեց, տեսավ` մեկ ջոջ

քար կա ծովու պռուկ,

Սիպտակ աղբուր մի էդ քարից կը թալի.

Ջուրն էլ էդ քարի չորս բոլոր բռներ էր.

Մարդ չէր կարնա առանց հալավ հանելու,

Էդ աղբուր էրթա, որ ջուր խմի:

Ինքն իր շորեր էհան, գնաց էդ աղբուր,

Բուռ էտու էդ անմահական աղբըրի մեջ,

Մի բուռ լիք ջուր խմեց,

Սեկ էլ` մի բուռ կիսատ:

Աղբուրըն ցամաքավ:

Էդ էրկու բուռ ջրից հղացավ:

 

Մոգությունից, հմայությունից հեռու չէր եւ Սանասարի հարսնացուն` Դեղձունը.

 

Դեղձուն աղջիկ կախարդ էր, հմայիչ էր:

Մեջ էրազին զինք տեսավ Սանասար,

Ու շա՛տ սիրու տեր էղավ վեր էնոր:

Աղջիկն իմացավ էս բան, ասաց.

«Էնա մարդու անուն կտրիճ է.

Ես Էնոր թուղթ մի տ’ուղարկեմ,

Էն գա, ես հավանիմ, զէն առնեմ»:

Էս Պղնձե քաղքի թագավորի աղջիկ

Մեկ կուժ լիք ջուր էլից, խնձոր բերան էդիր,

Մեկ կուժ էլ դատարկ` խնձոր բերան էդիր,

Էլավ, մեկ թուղթ գրեց Սանասարին:

Թղթի մեջ գրեց.

«Քաջանց թագավորի աղջիկ Դեղձուն-Ծամից

Շատ բարեւ Սանասարին.

Շատ բարեւ Բաղդասարին, Սանասարին:

Սանասա՛ր տղա,

Ես Պղընձե քաղքի թագավորի աղջիկն եմ:

Իմ սի՛րտ` քանց էսա դատարկ կուժ սար-սո՛ւրբ է,

Իմ գլուխ` քանց էսա լիք կուժ լափ-լիքն է.

Աստըծու շնորհքով լցուկ եմ:

Շատեր էկած իմ վերա, ինձ ուզելու.

Քառսուն տեղե քառսո՛ւն մարդ է էկած,

Ես խոսք չեմ տվե, ես հա չեմ ասե.

Էրազով ըզքեզ տեսեր եմ, արի ինձի ա՛ռ.

Ինձի շա՛տ դուր կը գաս դու:

Սանասա՛ր տղա,

Էս թուղթ կը գրեմ քե՛զ համար.

Չուր ե՞րբ ես տի մնամ էստեղ քո ապով.

Գլուխ թացեր ես, չկնտես,

Արի՛, ինձի տար քեզ համար»:

 

Բայց Դեղձունը չի մոռանում նաեւ իր կողմից հմայած Սանասարի իրական զորությունը ստուգել` կանգնեցնելով մինչեւ Պղնձե քաղաք մտնելը եւ մտնելուց հետո` բազում սխրանքներ գործելու անհրաժեշտության առաջ: Բայց համոզվելով, որ Սանասարը անչափ խիզախ է ու հնարամիտ, արդեն ինքն է պատրաստ փախչել Սանասարի հետ.

 

Դեղձուն ասաց.- Է՜, հոգուդ, արեւուդ մեռնիմ,

Սանասար, ի՞նչ կա, բարի ըլնի:

Սանասար պատասխանեց, ասաց.

- Ես էկեր եմ, քեզ ինձ կնիկ տանեմ:

Դեղձուն ասաց.- Աչքի՛ս վերա,

Ես քեզ պես կտրիճ` մի էլ տի տեսնե՞մ:

Որ էլավ Սանասարի դիմաց,

Տեսավ` Դեղձուն էնպես խորոտ էր.

Որ էրազի մեջ տեսածեն, իր պատկերեն,

Յոթնապատիկ ավելի էր:

Էդտեղ մատանիներ հետ իրարու փոխեցին:

Դեղձուն-Ծամ վերուց, ասաց.- եւ Սանասար,

Հազա՜ր ափսոս քո ջահելութնին,

Որ էլեր, էկեր ես իմ հետեւ:

- Ի՞նչ դիմացով ափսոս կ’ասես:

Դեղձուն պատասխանեց.

- Էն ապով, որ կը վախնամ` զարնեն, քեզ սպանեն.

Էսա էրկիր հմայքի էրկիր է:

Գիշերով էնպես էրթանք, ասաց,

Որ քաղաք չակահի, չիմանա.

Որ քաղաք ակահի, իմանա.

Չեն թո՛ղնի` դու ինձ տանես:

Էն էլ պատասխան էտու, ասաց.

- Ես չեմ վախենա, ես ցերեկո՛վ տ’կրթամ,

Էրկեն խոսք պետք չի,- ասաց.-

Թե որ կը գաս ցերեկով,

Թռի՛ ձիուս վերան` քեզ տանեմ.

Թե չես իգա, վերջի խոսք տուր`

Ես դառնամ, էրթամ Սասուն:

- Ինչպե՛ս չգամ, ասաց Դեղձուն.

Ինձ ջան մի կա` քո սիրուն է:

Քեզ կանչեցի, բերի, որ հետ քեզ գա՛մ:

Ասաց թե չէ` իսկուն թռավ ձիու քամակ,

Սանասար քշեց, ու գնացին:

 

Սանասարի որդի Մեծ Մհերն էլ իր հարսնացու, Թեւաթորոս արքայի դուստր Արմաղանին տիրացավ` ազատելով դեւերի գերությունից: Արմաղանը էպոսում մարմնավորում է հայուհու հրեղեն էությունն ու անսահման տոկունությունը եւ կարողանում է անգամ գերության մեջ իր անձեռնմխելիությունն ապահովել.

 

Փախած դեւի արնի հետքով գնաց,

Հասավ մեկ անվեր-վիրի տեղ, այրի մի մոտ:

Էն այրից բոց կը թալեր դուրս.

Էն այրի դուռ, ծառին կապած`

Հուրի-հրեղեն աղջիկ մի

Նստե վիրավոր Դեւի կուշտ,

Էնոր արունըն կը սրբեր:

Մհեր հասավ, բռնեց էդ Դեւ,

Էնոր ձեռ-ոտ կապեց, դրեց քարի մի տակ,

Ու աղջկա կապեր քանդեց:

Էլավ էդ հրեղեն աղջիկ, կայնավ,

Տեսավ` էնպե՛ս խորոտ, էնպե՜ս կըտրիճ ըմ է Մհեր.

Խելագնաց էլավ վերան.

Էնչա՛փ, որ էնոր սիրտ ճըխաց:

Շուտ մի ասաց.- Հե՛յ, դու, կտրիճ,

Հավքն իր թեւով, օձն իր պորտով

Չեն կա՛րնա գա էստեղ,

Դու ինչպե՞ս էկար:

Մհեր հարցուց. - Հապա ինչպե՞ս էղավ,

Որ դու էկար էսա սարեր:

Աղջիկ խորունկ ախ մի քաշեց,

Ասաց.- Ախ-վա՜խ, մի՛ հարցուցի:

Էս յոթ տարի կ’ըլնի

Սիպտակ Դեւի ձեռ կը տանջվեմ.

Էդ անիրավ Սիպտակ Դեւըն

Էկավ վեր մեր էրկրին կռիվ.

Էդ պահ ես խաս բախչեն սեյր կանեի:

Էկավ անկարծ` ինձ առնել փախնել մե՛կ արավ:

Բերեց էստեղ, ուզեց ինձ կին առնի.

Ամա Աստծու կամքով իմ ուժ պատավ

Ես էնոր հետ չապրա:

Ես կույս եմ չուր էսօր:

Գիտցած ըլնես.- ասաց. - ես էրազ մ’եմ տեսե.

Էն էրազի՛ մեջ ինձ ասին,

Որ շատ գընաց ու քիչ մնաց.

Մհեր անունվոր կտրի՛ճ մի տ’էլնի,

Սիպտակ Դեւ տի սպանի

Ու ինձ ազատ անի էնոր ձեռքեն:

 

Բայց Արմաղանը, դրսեւորելով անսահման հավատարմություն առ Մհեր, նրան չի ներում օտարի կնոջ` Իսմիլ խաթունի հետ իրեն դավաճանելը եւ հայոց ազնիվ սերմը սերմնագող ցեղին պարգեւելը: Նաեւ փորձում է Մհերին ետ պահել սերմնագող թշնամու մոտ գնալուց.

 

Որ իր լաչակ-գոտիկ կուղարկե քեզ:

Գիտի թե` խորո՜տ ես, գե՞շ ես, ինչպե՞ս ես:

Ո՞ւր կը կանչե Մըսըր. էնի քեզ կը խաբե՛.

Մ’էրթա, էնի քո խորոտություն չ’ուզի.

Էնի քո իգիթությո՛ւն, քո կտրիճությո՛ւն է կուզի.

Քո կտրիճություն լսե, հասկացե,

Կը կանչե` քեզնե լա՛ճ ունենա:

Աղեկ բան չէ՛, մարդ, դու մ’էրթա:

Դու զէն կուզես, ինձի կը թողնես:

Ասաց.- Կընիկ, ես որ չ’էրթամ`

Ես էլ էնոր պես կընիկ եմ.

Մըսրա Մելքին ո՛ւխտ եմ արե,

Իմ ճար ի՞նչ է. ես տի գնամ:

Մհերի կնիկ ասաց.- Մ’էրթա:

Մհեր ասաց.- Տ’էրթամ:

Մհերի կնիկ ասաց.- Մ’էրթա:

Մհեր ասաց.- Տ’էրթամ:

Մհերի կնիկ ասաց.- Մհե՛ր,

Իմ զոռ քո վրա չ’անցնի:

Ամա` թ’էրթաս-ես ուխտ կ’անեմ.

Իմ հե՛րն ես դու, իմ աղբե՛րն ես-

Քառսուն տարի դու իմ գողենք չըգաս:

 

Եվ Արմաղանի ազգապահպան զգուշացումը լիովին ճշմարիտ է դուրս գալիս.

 

Յոթ տարի Իսմիլ խաթուն զՄհեր պահեց գինով:

Մհեր մեկ օր դըրսուց տուն կըմտներ`

Էկավ, կայնավ դուռ:

Տնեն ձեն մի էկավ.

Մըսրա խաթուն տըղան կը խաղցըներ,

Կը ծիծաղեր, կ’ասեր.

«Քո մեր քեզի մեռնի, Մելիք,

Մըսրա օջախ կանգնացուցես,

Հայու օջախ փչացուցես»:

Մհեր, որ էդ խոսքեր լսեց,

Ուշքի էկավ, ասաց.

- Օհո՜, էկա էստեղ` հայու ճրագը հանգցուցի,

Մըսրա ճրա՜գ վառի:

 

Ամենից վառ գույներով նկարագրվածը, սակայն, Սասնա Դավթի հարսնացուն է` Խանդութը, որը Դավթին մոտ է թողնում միայն նրա անսահման զորությունը տեսնելուց հետո.

 

Դավիթ էլավ, գնաց Խանդութի սենեկ:

Ինչ աչք ընկավ, Խանդութին տեսավ,

Դե՛, ջահել տղա էր, չդիմացավ,

Ձեռ թալեց, զԽանդութ խանում կիք մի գրկեց,

Թեւ էթալ վիզ, ճակատ պագեց,

Սիրտ չըհովացավ.

Մեկ էլ` էրես պագեց,

Էլի սիրտ չըհովացավ.

Մեկ էլ` ձեռ թալեց, որ սիրտ պագի,

Խանդութ թռունցքի մէզար Դավթի քիթ-բերան:

Ինչ աղբուր ջուր կը թալի,

Էնպես արուն Դավթի բերնեն թալեց:

Ասաց.- Դու քո հոր կտրիճն ես, ես էլ իմ.

Դու էն մեկ անգամ իմ ճակատ պագեցիր,

Քո ճամփու խաթրի համար, ինչ դու էկեր էիր.

Էն մեկէլ անգամ, որ իմ էրես պագեցիր,

Քո ջահելության համար, քեզ հալալ էր.

Դու ինչի՞ վրա իրեք դիր իմ սիրտ տի պագնեիր:

Դավիթ ըռըկավ, դարձավ ետ,

Էկավ Գորգիզին ասաց.

- Գո՛րգիզ, իմ ձին քաշի դուրս:

Գորգիզ գնաց ձին բերեց,

Դավիթ հեծավ, տ’էրթար,

Խանդութ խանում ընկավ էտեւ,

Լացեց, աղաչեց Դավթին:

Դավիթ ետ չըդառավ:

Խանդութ խանում էնպես գնաց,

Չմուշկներ թողեց, թաթացիկ գնաց.

Թաթեր կտըրտվան, ոտքեր ընկան գետին,

Փշուր մի բոբիկ գնաց.

Ոտքեր ճղճըղվան, վիրավոր էլան,

Արուն-արնջուր լցվավ տակ.

Էնտեղ ինչ ոտ կը դներ, լիք արուն կ’էլներ գետին:

 

***

 

Խանդութ ասաց.- Ուխտ ըլնի` քանի հոգի ինձի կա,

Ես քո էտեւեն բոբիկ տի գամ:

Դավիթ խղճացավ, դարձավ:

Ինք, Խանդութ էկան տուն:

 

Բայց, այնուամենայնիվ, Խանդութը այնուհետ Դավթի պատերազմելու հմտությունը տեսնելով հանդերձ` որոշում է փորձել` արդյո՞ք Դավիթն իրենից զորավոր է, եւ ծպտյալ սպառազեն դուրս է գալիս Դավթի դեմ եւ մենամարտում հետը.

 

Էլան, կռվան.

Թոզ ու դուման զդաշտ բռնեց:

Հող ճղվավ ձիերու ոտքերու տակ:

Շատ կռվան, իրարու չ’աղթեցին.

Դավիթ սրտով չէր զարնի,-

Ամա Խանդութ կ’ուզեր սպանի:

Մեկ էլ տեսար` իր գուրզ քաշեց,

Արեց, որ զարնի Դավթին,

Դավիթ վահան դեմ էտու,

Խանդութ դառավ, որ փախնի,

Դավիթ քշեց Քուռկիկ Ջալալին,

Շիտկավ թամքին, դարձավ, ասաց.

«Հացն ու գինին, տեր կենդանին»,

Քաշեց իր գուրզ, որ զարներ,

Խանդութ էտեւանց ծամեր էթող,

Թռավ ձիուց, իջավ գետին:

Էնոր ետեւեն Դավիթ թռավ,

Վերուց, զԽանդութ էտու գետին,

Չոքեր զարկեց էնոր սրտին:

Խանդութ խանում ասաց.

- Ամա՜ն, կտրի՛ճ, ինձ մի՛ սպանի, ես կնիկ եմ:

Դավիթ ասաց. - Ես գիտեմ դու կնիկ ես,

Էսիկ էն ավուր փոխ`

Մի՞տդ է, ինչ դու բռունցքի մ’ զարկիր`

Արուն-արնջուր էկավ բերնես:

Խանդութ ասաց.- Դավիթ, դո՞ւ ես:

Դավիթ ասաց.- Ես եմ, Խանդութ:

- Որ էդպես է, ինձի թող դու.

Տեսա՞ր, Դավիթ, քառսուն փահլեւան,

Յոթ տարի կա էնտեղ նստած.

Զիմ նշան ես տվի քեզի,

Ինչ դու էկար, իջար իմ տուն.

Դավիթ, ինձի թող դու,

Դոր ես քե կնիկ, դու ինձի մարդ:

Դավիթ Խանդութին թող էտու:

Էլան մեկտեղ, էկան դեհ տուն:

Ճամփեն Խանդութ Դավթին ասաց.

- Դավի՛թ, բան մի պատմեմ քեզի,

Էրկու-իրեք տարի կ’ըլնի`

Ինձի տարան մեկ թագավորի տղի,

Դրին մեկ սենեկի մեջ.

Մարդս էլ էկավ, մտավ էնտեղ.

Հետ իրարու հանաք արինք.

Ձեռս թալի որ թեւ բռնեմ, տեղեն պրծավ

Թագավորի տղա է, ասի,

Չ’էրթա վար-ցանք ինձի համար.

Անթեւ էլ ինձ բավական է:

Ձեռս թալի էն մեկէլ թեւ,

Համ մեջք կոտրավ, համ թեւ պրծավ,

Շունչը փչեց, ընկավ, մեռավ:

Ես նոր իմացա իմ ուժի չափ:

Թագավորն էլ դարձավ, ասաց.

«Վա՜խ, էդա հարս մարդասպան է»:

Ինձի նորեն մեր տուն ճամփին:

Էլ մ’էլ էկա իմ հոր տուն.

Ուխտ արեցի, ասի էնտեղ`

«Ով իմ մեջք գետին դնի`

Ես էնոր կ’առնեմ»:

Էսօր ես` դու կռիվ արինք,

Դու դրեցիր իմ մեջք գետին.

Էստուց ետքը` ես քե կնիկ, դու ինձի մարդ,

Ուր կը տանես` ա՛ռ ինձի տար:

 

Ապագա հավակնորդի զորությունը փորձարկելու ավանդույթը շարունակում է նաեւ Փոքր Մհերի հարսնացուն` Գոհարը: Նա էլ ծպտյալ եւ սպառազեն գալիս է Մհերի մոտ` հետը մենամարտելու.

 

Էլավ, հեծավ խարտեշ ձի մի,

Հագավ կարմիր շորեր,

Զենք կապեց վեր իրեն,

Էկավ դեմ ի Մհեր.

Էկավ դռնեն բոռաց, ասաց.

- Մհե՛ր, տե՛ս, արեւ քեզի կը զարնի:

Մհերն ասաց.- Է՜, ես ի՞նչ անեմ, որ վրան պստիկ է:

- Պստիկ չէ,- ասաց Գոհար,- ջոջ է,

Համա դուն ազնահուրի ջան ունիս:

Մհեր ասաց.- Լա՛վ, թող քնեմ:

Ասաց.- Է՛լ, ես թագավորի տղան եմ,

Էկեր եմ, որ քեզի փորձեմ:

Հետ ինձի կռիվ տ’անես.

Թե դու ինձի հաղթեցիր,

Լուսուն զիմ քուր Գոհար կը տամ` կ’առնես կ’էրթաս:

Թե դու ինձի չը հաղթեցիր,

Ես քո գլուխ կը զարնեմ:

Մհեր հեծավ, էլավ մեյդան:

Գոհարն էլ էլավ մեյդան, կայնավ:

Մհեր որ գուրզ թալեց, Գոհար վերուց.

Գոհար որ թալեց, Մհեր վերուց:

Մեկ մեկ ու չը կարցան հաղթեն:

Գոհար ասաց.- Մհե՛ր, հերիք է,

Էդ անասուններ սպանեցինք.

Գնա, իջի քո տեղ, հանգստացի.

Ես քեզի հաց ու ջուր կը ճամփեմ:

Գոհար էլավ գնաց,

Օչխար մի կարմրցուց,

Տիկ մի գինի, հաց էլ հետ,

Էտու իր առջեւի ծառային,

Տարավ Մհերի վրանի դուռ:

Մհեր հաց կերավ, գինին խմեց,

Պառկավ, քնավ չուրի լուս...

Լուս որ բացվավ, Գոհար հագավ սեւ շոր,

Զենքեր կապեց վեր իրեն,

Էլավ, էկավ դեհ Մհեր:

Էկավէ Էնոր վրանի դուռ կտրեց,

Ասաց.-Դավթի տղա Մհեր դո՞ւն ես:

Մհեր ասաց.- Հա՛, ես եմ:

- Իմ քուր Գոհար որ էկեր ես կ’առնես, դո՞ւն ես:

Մհեր ասաց.- Հա՛, ես եմ:

- Դ’էլի, արի քեզի պայման մի կտրեմ:

Թե դու տարար, ասաց,

Իմ քուր Գոհար կը տամ քեզի,

Առավոտուն կ’առնես, կ’էրթաս.

Թե ես տարա քեզի,

Ես զքո գլուխ կը կտրեմ:

Ասաց.- Ի՞նչ է քո պայման:

Ասաց.- Քո մատնիք դնենք, զարկենք,

Նետ-աղեղ միջեն անցունք:

Ով որ չը կարցավ, էն տարված է:

 

Գոհարը նաեւ շատ վառ դրսեւորում է հայուհու` ամուսնուն մինչեւ մահ հավատարիմ լինելը.

 

Մհեր էլավ` զձին հեծավ,

Քշեց, գնաց Պաճիկ թագավորի քաղաք:

Գնաց-տեսավ` գուրզ ինչպես դրեր էր,

Էն էնպես մնացեր էր.

Մարդ չէր գնացե էնտեղ.

Գնաց, մտավ իր տուն,

Տեսավ` կնիկ կո թախտին մեռեր է:

Ձեռ էտու կնկան ձեռ,

Տեսավ` թուղթ մի կա էնտեղ,

Մեջ գրուկ. «Քենե կը խնդրեմ`

Ինչ ժամանակ դու գաս, ինձի տեսնես,

Ինձի տանես Սասուն,

Խանդութ խանումի կուշտ թաղես»:

 

Ամփոփենք «Սասնա ծռեր» էպոսով նկարագրված հայուհու կերպարը:

Հայուհին հրեղեն է եւ լուսավոր: Հայուհին առաքինի է: Հայուհին առյուծածին մայր է եւ իր որդիներին աներկյուղ ճանապարհում է կռվի` նաեւ կռվի հմտության վերաբերյալ օգտակար խորհուրդներ տալով (դրա օրինակները բազում են էպոսում): Հայուհին իր ազատ կամքով է որոշում, թե ով է արժանի իր ամուսինը լինել, եւ հավատարիմ է իր ամուսնուն մինչեւ վերջ: Հայուհին զորավոր է, օժտված է հմայության կամ ռազմի զորությամբ եւ իր ճանաչած առաքինի տղամարդկանցից ամուսնության համաձայնություն է տալիս ուժեղագույնին, որը նաեւ իրենից զորավոր է կամ առնվազն իրենից թույլ չէ: Հայուհին ամենից թանկ գնահատում է իր օջախն ու հայրենիքը եւ իր իմաստնությամբ փորձում է ամուսնուն ետ պահել հայրենիքին եւ հարազատ օջախին վնասող քայլերից, անգամ, եթե ամուսնու քայլը պայմանավորված է պատվախնդրությամբ... Հիմա ասեք` հայուհուց ավելի վեհ ու ազատ կին կգտնե՞ք աշխարհում:

Էպոսում կա նաեւ բացասական հատկություններով օժտված միակ հայուհին: Այդ բացառությունը Ձենով Օհանի կինն է, որը փորձում է դավաճանել իր ամուսնուն եւ գայթակղել Դավթին: Եվ, ի դեպ, նա միակ կանացի կերպարն է, որ պարբերաբար հայհոյանքի եւ ծեծի է արժանանում իր ամուսնուց:

ԱՐՄԱՆ ԱՐԱՄՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում