livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

aguleciՀայաստանն իր երեքհազարամյա պատմության ընթացքում ստեղծել եւ մարդկային քաղաքակրթության գանձարանին է հանձնել նյութական եւ հոգեւոր մշակույթի բազմաթիվ հարստություններ: Այդ հարստություններից մեկը հայ ժողովրդի շողշողուն տարազն է, իր բազմազանությամբ, գունագեղությամբ ու շքեղ զարդարանքներով, որը, հազարամյակների միջով անցնելով, պահպանել է իր ինքնուրույն ձեւը եւ շարունակում է մեզ ներկայանալ առանձնահատուկ մշակվածությամբ ու ասեղնագործական բարձր արվեստով:

 Իսկ խոսել տարազի մասին եւ չանդրադառնալ մի կնոջ, ով ապրում եւ ստեղծագործում է` առանձնանալով ոչ միայն իր կանացի կերպարով, այլեւ աշխարհայացքով, նկարչությամբ ու հագուստով, հնարավոր չէ:

 «Զարուհի» ամսագրի զրուցակիցը ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻ ՍԱՄՎԵԼՅԱՆՆ է:

-Ձեր հայրենի եզերքի` Ագուլիսի պատվին ընտրեցիք Ագուլեցի կեղծանունը: Շարունակելով հավատարիմ մնալ այս սկզբունքին` նախեւառաջ խոսենք Ագուլիսի տարազի մասին:

- Ագուլիսի տարազն ամենաբարդն է: Այն կրելու համար կանանցից 2-3 ժամ է պահանջվել: Ագուլեցու վերջնական կերպարի մեջ մտնում էր նաեւ վարսահարդարումը, որը պակաս բարդ գործընթաց չէր: Մազերը լվանալուց հետո փաթաթում էին, բանկայի մեջ դնում, հետո հյուսում եւ պտտեցնելով դեպի ականջների վերեւի մասը, հավաքում: Հաճախ ծոծրակի հատվածը սափրում էին, եւ հյուսքերը խմորով այդտեղ ամրացնում` թողնելով 1 շաբաթ: Ինչը հաճախ վերքեր էր առաջացնում ու անհանգստացնում կանանց: Բայց, ինչպես ասում են` գեղեցկությունը զոհեր է պահանջում: Սրանից հետո միայն սկսում էին կապել իրենց 4 գլխաշորերը եւ ճակատանոցը: Ի դեպ, ասեմ, որ ոչ միայն ագուլեցին է ունեցել իր տարազը, այլ մեր բոլոր 50 գավառները: Սա հպարտություն է, որը կորցնելը հանցագործություն կլինի:

- Տիկի՛ն Ագուլեցի, իսկ ինչպե՞ ս կարելի է ազգային ձեռագիրը պահպանել նաեւ այսօրվա հագուստի մեջ:

- Դա պետք է անեն մեր դիզայներները: Գորգերը կտրատելով չէ, որ տարազներ պետք է կարվեն: Տարազը մտածողություն է, կնոջ կերպարի անբաժան մասնիկ:

- Իսկ ինչո՞վ են պայմանավորվում տարածաշրջանին բնորոշ տարազային առանձնահատկություններն ու տարբերությունները:

- Կլիմայով: Եղել են շրջաններ, որտեղ ցրտի պատճառով մի քանի կտորից բաղկացած մորթե հաստ տարազներ են կրել, իսկ տաք վայրերում` մետաքսե, չթե հագուստ: Բայց բոլոր դեպքերում էլ դրանք բնական հումքից են կարված եղել` որդան կարմիր, վուշ, բուրդ:

- Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եք, որ հայ կինն օտարից վերցնելու ոչինչ չունի: Արդյոք այդքան կատարյա՞լ ենք:

- Մենք ոչ թե վերցնելու ոչինչ չունենք, այլ տալու շատ բան ունենք: Եթե տարիներ, դարեր առաջ ջարդի ենք ենթարկվել մեր մշակույթի, ճարտարապետության, գեղեցիկ աղջիկների համար, այսօր էլ միտք, գաղափար եւ ուղեղ ունենք, որը կարող ենք տալ: Իսկ վերցնելիս կրկնօրինակող ենք դառնում, որը մեզ պետք չէ: Վերցնել կարելի է միայն հեշտ ապրելու համար, բայց այդ վերցրածի վրա պետք է սեփականն ավելացնել ու նորը կառուցել:

- Որտե՞ղ եք տեսնում կառուցման այդ ճանապարհի ակունքը:

- Մեր գենի մեջ: Չնայած չարենցյան, փարաջանովյան ժամանակներից սկսած եղել են հալածանքներ, բայց մտավորականությունը շարունակել է արարել: Նման անհատականություններն են մեր ազգի հպարտությունը:

- Կարելի է՞ ասել, որ մշակույթը նույնն է ամբողջ աշխարհի համար, եւ որ գլոբալիզացիա կոչվածն ամենուր է:

aguleci2- Գլոբալիզացիա միշտ եղել է, պարզապես եթե նախկինում դա ուժի, վայրագությունների ձեւով է արվել, այսօր քաղաքակրթությամբ է մատուցվում: Թուրքը, պարսիկը միշտ էլ պարտադրել են իրենց մշակույթը, իրենց չալմաներն ու չադրաները, իսկ ժամանակակից գլոբալիզացիան բարձր մակարդակով է արվում ու ընտրության հնարավորություն տալիս:

Ինքդ կարող ես որոշել քո հագուստը, ծեսերն ու ավանդույթը:

- Ի՞նչ հոմանիշ կտաք «տարազ»  բառին:

- Ո՛չ մի: Այն ինձ համար լուրջ մշակույթ է, որով պետք է զբաղվել:

- Գոյություն ունե՞ն առօրյա եւ տոնական տարազ հասկացություններ:

- Պայմանավորված տվյալ տարածաշրջանով կարող է գոյություն ունենալ, կարող է` ոչ: Եղել են գավառներ, որտեղ կնոջն արգելվել է նոր հագուստ կրել անգամ տոնական օրերին`այլ տղամարդկանց ուշադրությանը չարժանանալու համար:

- Ո՞ր գույներն են գերակշռում հայկական տարազում:

- 7 հիմնական գույներն էլ հանդիպում են, բայց առավել տարածվածները կարմիրն ու կապույտն են: Մենք հիմնականում մուգ գույներ ենք սիրում, իսկ, օրինակ, արտասահմանյան երկրների տարազներում բաց գույներն են գերակշռում:

- Ինչո՞վ է տարբերվում հայկական տարազը այլազգիներից:

- Յուրաքանչյուր տարազ բնորոշում է իր ազգին: Ռուսական տարազն ուրիշ է, թուրքականը` ուրիշ, հայկականը` ուրիշ: Նրանց միավորում է միայն մեկ բան` դարաշրջանը, որը ստեղծում է ընդհանուր նմանություն: Օրինակ, միջնադարում առանց ձեռագործությունների տարազն է տարածված եղել, 16-րդ դարից սկսած` պալատական մտածողությունը ներմուծվեց, իսկ արդեն 18-րդ դարում ոսկյա, արծաթյա թելերով ասեղնագործություններ ի հայտ եկան: Էականն այդ հագուստին հոգի, մտածողություն տալն է. դրանով է զգեստը մշակույթ դառնում:

- Տարազը, չլինելով լոկ ձեւ, արտահայտում եւ՛ ժամանակը, եւ՛ մարդկանց սոցիալ-տնտեսական պատկանելությունը, եւ՛ տվյալ շրջանի ազգային ճաշակը, եւ՛ սեռահասարակական դասակարգումը:  Կարելի՞ է հին հայկական  տարազին նոր շունչ տալով`  ժամանակակից տարազ ստանալ:

- Ժամանակակիցն այն է, ինչ կարող ենք կենցաղում հագնել: Ճիշտ է, կան այնպիսի տարազներ, որոնք միայն երեկոյի, ճաշկերույթի համար են նախատեսված, բայց, միեւնույնն է, յուրաքանչյուր հայուհու զգեստապահարանում պարտադիր պետք է տարազ գտնվի: Ի դեպ, կան շատ տղամարդիկ, որոնք իսկապես սիրում են մեր այս ազգային հագուստը: Հետո դա ընտանիքում յուրատեսակ մթնոլորտ է ստեղծում, արթնացնում հայ միտքը:

- Զարդերի դերը հայկական տարազում:

- Հայկական զարդերի համար` որպես ազնիվ մետաղ, ընդունված է եղել արծաթը, որը կնոջը թարմացնում, գեղեցկացնում եւ մշակութային ու առաքինի է դարձնում: Զարդեր կրելը չպետք է պատահական լինի, դրանք խորհուրդ ու նշանակություն ունեն, նրանց ազգային գաղափարախոսությունը եկել է կենաց ծառից, որը պտղի, սերմի խորհուրդն է իր մեջ ամփոփում` իբրեւ կյանքի սկիզբ: Նշենք, որ զարդեր կրելու հետ կապված նաեւ սահամնափակումներ են եղել: Կոպեկներով ճակատանոցն իբրեւ զարդ թույլատրվում էր կրել միայն ամուսնացած կանանց, իսկ աղջիկների տարազներում դրանք բացակայում էին: Մատանիներ կրելը եւս խորհրանշական է եղել: Տատիկս ասում էր, որ ցուցամատը գեղեցկության մատն է, որի վրա մատանի կրում են կույս աղջիկները, մատնեմատը ամուսնության մատն է` նախատեսված արծաթյա հարսանիքի համար, միջնամատը` ոսկյա հարսանիքի, իսկ ճկույթին մատանի կրում են 40 տարեկանից հետո: Իսկ ահա մամիկները, ովքեր 50-60 ծոռ ունեին, կարող էին բոլոր 10 մատներն էլ զարդարել:

- Միջնադարում իբրեւ զարդ ակտիվ գործածություն ունեցող օծանելիքը եւ օծվելու սովորությունն այսօր շարունակու՞մ է արդիականություն ունենալ:

- Աստծո կողմից կնոջը տրված է արտաքին եւ ներքին գեղեցկություն: Ներքինը աղջկա կուսությունն է, արտաքինը` մաքրությունը: Այս երկուսի ճիշտ համադրությունն է, որ կնոջը դարձնում է բացառիկ: Արտաքին մաքրության մեջ մտնում են հայեցի խոսքը, ազգային հագուկապը եւ այդ օծվելու գեղեցիկ սովորությունը:

- Ինչպես մի անգամ նշել եք, Ձեզ համար հայ կնոջ կերպար համարվում է Հակոբ Հովնաթանյանի կտավներում պատկերված հայուհու կերպարը` մեծ նշաձեւ աչքերով, կամարաձեւ ունքերով: Այս կերպարին կատարյալ ամբողջություն տալու համար արտաքինի ինչպիսի՞ նկարագիր կտաք:

- Կինը նման է եղեւնու. միշտ կանաչ է եւ միշտ ուզում է զարդարվել: Ցանկալի է դա անել հայեցի: Ես ուզում եմ գոնե տոնական օրերին հայուհուն տարազով տեսնել:  Չկա այնպիսի հայուհի, որին տարազ չսազի: Այն նաեւ աչքերի գեղեցկությունն է ընդգծում, ի դեպ, տարազի մասնիկ կազմող ճակատանոցը հենց դրա համար է ստեղծված:

- Հայուհու հասցեին ուղղված Ձեր հպարտ գովքն ու գեղեցիկ վերլուծություններն ի՞նչ ակունքներից են բխում:

- Ես կարծում եմ, որ եթե մեր հայուհիները չլինեին, մենք գոյություն չէինք ունենա: Պատերազմները որքան փոքրացրել են մեր ազգին, հայուհին պահպանել է սերունդն ու տոհմի շարունակությունը: Ամեն ազգի կինը չէ, որ կարող է պատերազմից հաղթող դուրս գալ:

aguleci1- Ի՞նչ է պետք անել, ըստ Ձեզ, հայի դիմագիծը պահելու համար:

- Շատ կարդալ եւ իմանալ` ինչ ես կարդում, եւ հասկանալ` ինչ է քեզ պետք:

- Ո՞ր ավանդույթը կցանկանայիք այսօր վերականգնել:

- Աղջկա կուսության պահպանումը` որպես հոգու օրենք: Եթե յուրաքանչյուր աղջիկ զգա, որ ունի սրբություն, կհասկանա, թե դա ում է տալու: Խոսքս բնավ կարմիր խնձորի արարողության մասին չէ: Կուսությունը` որպես մաքրության խորհրդանիշ:

- Ձեր ներաշխարհի` հայուհուն բնորոշ գիծն իբրեւ նկարչուհի, կտավներում եւ՞ս արտահայտում եք:

- Այո՛, ես նաեւ իմ գույներով, մտածողությամբ ու տեսարաններով եմ ավանդապաշտ հայ  նկարչուհի: Անգամ Ֆրանսիան, Իտալիան ինձ մոտ հայկական են ստացվում. ազգային գենն ինձ մոտ ամուր է նստած: Կտավներում իմ հոգեւորն արտահայտվում է` կապված գունային, ճաշակի, կոլորիտի հետ: Հագուստներիս մեջ կարմիրն է գերակշռում, բայց նկարչության մեջ չեմ սիրում այն: Ինչպես ապրում եմ, այնպես էլ նկարում եմ… Զգացմունք, կիրք, հարուստ միտք է պետք այնտեղ: Երբ ինքդ բավարարված ես, նկարդ եւս իր տեղը գտնում, է:

- Ի՞նչ է ուզում Լուսիկ Ագուլեցին:

- Ուզում եմ հայուհու պարզությունը, անկեղծությունը, միասնությունը, կառուցելու ունակությունը ամենուր լինի, որն էլ կբերի արթմնի վիճակի: Ուզում եմ` մշակույթի հավերժության մեջ պահպանենք ազգայինը եւ հասկանանք մեր թանկության արժեքը, որի մեջ մտնում է ժողովրդական մշակույթը` բրուտագործություն, ատաղձաործություն, գորգագործություն,  թոնրի շուրջ լավաշի թխում, լեզու, բարբառներ…

Հարցազրույցը` ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում