Գուցե դժվար է պատկերացնել, որ կինը կարող է ղեկավարել մեծածավալ շինարարություններ, կառուցել եկեղեցիներ ու կամուրջներ, սակայն դա է ապացուցում ընթերցողների դատին հանձնված «Կառուցել են կանայք գիրքը»: Գրքի հեղինակ Օվսաննա Մադաթյանը բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում ամբողջացրել է թեման:

Գիրքը հրատարակվել է Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, որն իր «Գիրք օրհնության» մեջ մասնավորապես նշում է. «Բերկրյալ Տիրամայրն իր անբասիր վարքով հայ կնոջ համար մշտապես եղել է կենդանի օրինակ` ազգային օջախը սուրբ պահելու, աստվածային սերը որպես ընտանիքի ու հասարակության մերան դարձնելու: Աստվածամոր պաշտամունք ունեցող մեր ազգի կանայք` իրենց եղբայրներին, ամուսիններին ու որդիներին աջակից ու հոգեկից, բազմաթիվ սրբատեղիներ են կառուցել, որոնց կամարների ներքո միշտ բորբոք են պահել Բարձրյալի սերն ու քրիստոնեական հավատարմությունը: Հայ կինը, որպես Աստվածամոր հոգեդուստր, իր նվիրատվություններով ու երկնառաք աղոթքներով ակնկալել է Տիրամոր ու նրա պահապան հրեշտակների հովանին Մայր հայրենիքի ու իր զավակների համար»:

Եվ այսպես, այս հետաքրքիր մտահղացումը նախ դարձել է ռադիոծրագիր, ապա նաեւ`գիրք: Այժմ գրքում ներառված է շուրջ քառասուն հոդված. «Ընտրությունը շատ դժվար է եղել, որովհետեւ բազմաթիվ փնտրտուքներ ու արձանագրություններ ուսումնասիրելուց հետո եմ միայն կարողացել եմ հայտնաբերել արժանահիշատակ կանանց, որոնք  ազգանվեր գործ են կատարել` կառուցել են եկեղեցիներ, վանքեր, ձեռագրեր են գրել տվել»,- ասում է հեղինակը: Կանայք, ովքեր հավատացել են նախ` իրենց, ապա` մի ողջ ժողովրդի, ամենածանր ժամանակներում անգամ ի վիճակի են եղել պայքարելու, մաքառելու եւ իրենց կյանքի օրհասական պահերին իրենց մեջ ուժ գտել պայքարելու հանուն ոչ միայն ես-ի, այլեւ մենք-ի. «Առաջինը պետք է նշեմ Անիի մայր տաճարը կառուցած Կատրանիդե թագուհուն: Երբ մահանում է թագավորը, Կատրանիդե թագուհին ինքն իր սեփական օժիտը, զարդեղենը վաճառում եւ ավարտին է հասցնում այդ շատ գեղեցիկ կառույցը, որն այսօր համարվում է աշխարհի բացառիկ հրաշալիքներից մեկը: Այդպիսի հետաքրքիր կառույց է նաեւ Գնդեվանքը, որը Սոփի իշխանուհու կառուցածն է: Հետաքրքիր է նաեւ այս իշխանուհու պատմությունը. նա, լինելով դեռ նորահարս, աքսորվել է: Հայտնի է, որ Հայաստանը բազմաթիվ ասպատակությունների զոհ էր դառնում, եւ մեր բոլոր հոգեւոր կառույցներն ավերվում էին, միեւնույն ժամանակ` այլեւս հնարավոր չէր լինում վերականգնել: Բայց երբ մարդը հավատում է իրեն ու հավատքով է առաջնորդվում, ամենաանհնարինն անգամ դառնում է հնարավոր: Սրա լավագույն օրինակը Գնդեվանքի ու Սոփի իշխանուհու պատմությունն է, երբ Սոփի իշխանուհին վերադառնում է աքսորից, վերականգնում է Գնդեվանքը»:

Կանանց կողմից վեր խոյացած հուշարձանները կապացուցեն, որ ուժեղ ու նախաձեռնող, պատասխանատու ու սրտացավ վերաբերմունքը երբեք էլ կապված չի եղել ոչ կանացիության ու ոչ էլ այս կամ այն արժանիքների հետ: Այո, կինը վաղվա սերնդի առաջ պատասխանատու է այս կամ այն վիճակի համար ճիշտ այնքան, որքան եւ տղամարդը: Ահավասիկ, գրքում տեղ գտած կանայք ու նրանց ճակատագրերը. «Հայ կանայք չեն հուսահատվել, կարողացել են դժվար վիճակներում, անգամ կորուստների գնով պայքարել ու ստեղծել արժեքներ: Մարիամ իշխանուհին, օրինակ, երեսուն տարեկանում կորցրել է Վասակ Գաբուռին, որին արաբները սպանել են հերոսամարտի ժամանակ: Իշխանուհին որոշում է Սեւանա վանքը կառուցել ի հիշատակ իր ամուսնու եւ այն բոլոր զոհվածների, որոնք զոհ են գնացել հանուն հայրենիքի: Զաբել թագուհին նույնպես ներկայացված է, որովհետեւ առաջինն է մեր թագուհիներից, որ ստեղծել է անվճար հիվանդանոց: Մի փաստ, որը հավանաբար Եվրոպայում էլ չի եղել, բայց մենք Կիլիկյան Հայաստանում ունեցել ենք անվճար հիվանդանոց: Զաբել թագուհին ոչ միայն հիվանդանոցի դեղերի ու բժիշկների մասին է հոգացել, այլեւ ինքը իր աղջիկների հետ օգնել եւ բժշկել է  հիվանդներին: Գթասեր, ողորմասեր, բարեգործ ու նման շատ ու շատ բառեր կարելի է տալ այս կանանց»:

Գրքի հեղինակ Օվսաննա Մադաթյանը նշում է նաեւ, որ երկար ժամանակ ուսումնասիրելով այս կանանց կյանքն ու գործունեությունը` նկատել է, որ. «Հետաքրքիր պատահականությամբ գուցե այս կանանցից շատերը ծնվել են Սիսիանի` Շաղատ գյուղում. Մարիամ իշխանուհին, Սոփի իշխանուհին, Սանահինի եւ Հաղպատի եկեղեցիները կառուցած Խոսրովանուշ թագուհին,  Փառանձեմ թագուհին: Սահականուշը առաջին մեր շարականագիրն է: Պետք է նշել նաեւ, որ առաջին անգամ մեր աղոթքները հայերեն հնչել են հենց այս գյուղի եկեղեցում: Մի գյուղ, որտեղ կառուցվել է նաեւ առաջին եկեղեցին»:

Բացի թագուհիներից ու իշխանուհիներից` հեղինակը կամրջել է պատմության տարբեր ժամանակաշրջանները, անցյալն ու ներկան: Այդպիսի փորձի արդյունքում նա ներկայացրել է նաեւ Լուսինե Զաքարյանին, ով իր բյուրեղյա ձայնով ու հոգեւոր երգով յուրաքանչյուր ունկնդրի հոգում կառուցում էր մի շինություն ու եկեղեցի. «Անդրադարձել եմ նաեւ հայ հոգեւոր երգի տարածմանը, քանի որ դա շատ կարեւոր խնդիր է: Անդրադարձել եմ մեր մշակութային կարեւոր օղակներից մեկին` Լուսինե Զաքարյանին: Անհավատության, անաստվածության ու հավատքի սովի տարիներին նա առաջինն էր, որ կարողացավ հավատքի դերը մարդկանց մոտ բարձրացնել: Մարդիկ գնում էին Էջմիածին միայն նրան լսելու:  Նա հայ հոգեւոր երգն ամբողջ աշխարհին ներկայացրեց բարձր մակարդակով»:

Հեղինակը համոզված նշում է, որ այսօր էլ կանայք գործունյա են, նախաձեռնող ու կառուցող, գուցե մի քիչ ավելի քիչ, բայց հենց այդ կանայք են հոգեւորի տարածողները` որպես օրինակ նշելով Մերի Դանիելյանին ու Անահիտ Թարխանյանին. «Այսօր էլ մեր հայ կանայք շարունակում են այդ ազգանվեր գործունեությունը: Դա է պատճառը, որ անդրադարձել եմ նաեւ ժամանակակից կանանց, հատկապես Մերի Դանիելյանին: Նա աշխատում է Մայր աթոռ սբ. Էջմիածնում, 35 տարի շարունակ վերականգնել է մեր բոլոր հայտնի հուշարձանները: Կին, ում հաջողվել է  իրականություն դարձնել անհնարինը:

Այդպիսին է նաեւ Անահիտ Թարխանյանը: Նա էլ բազմաթիվ եկեղեցիներ է կառուցել: Այժմ ավարտին է հասցրել Մասիսի Սուրբ Թադեւոս եւ Բարդուղիմեոս եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է  ըստ երանգների: Դա թարխանյանական ոճ  է»:

Երկար աշխատելով ու ուսումնասիրելով թեման` Օվսաննա Մադաթյանը նշում է, որ այսպիսի անցյալ ունեցող, անցյալում կանանց այսպիսի օրինակները տեսնելով` այսօրվա կինը պետք է կարողանա ավելի ուժեղ ու կամային լինել. «Կցանկանայի, որ կանայք մեր օրերում էլ այնքան համարձակ ու նախաձեռնող լինեն, որքան դարեր առաջ էին: Ուզում եմ, որ այս եւ նման ավանդույթները շարունակվեն: Կարողանանք մեր ունեցածը պահել, պաշտպանել սրբությամբ ու աշխարհին ներկայանանք նույն մաքրությամբ ու անաղարտությամբ»:

Միայն այսպիսի կանայք կարող են դաստիարակել սերունդ, որը կդառնա ազգի վաղվա ապագան: Այդպիսին է եղել հայ կինը, գուցե այդպիսին է նաեւ հիմա, վկան` Օվսաննա Մադաթյանի «Կառուցել են կանայք» գիրքը, որն այսուհետ պիտի համարվի հայ կնոջ լավագույն դիմանկարը, իսկ հեղինակը` այն նկարչուհին, որը յուրահատուկ զգուշությամբ միմյանց խառնելով անցյալն ու ներկան, հավատքն ու կամքը, հոգեւորն ու աշխարհիկը` ստացել է յուրահատուկ երանգ:

ԱՐՓԻՆԵ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ